Թոթովենց Վահան - Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր стр 4.

Шрифт
Фон

– Շատ աղե՜կ, – ասում էր Ուստա Օվանեսը, – էս ինտո՞ր եղավ, որ քեզ թողուց մոտը։

– Հենց առաջին օրը ինձ շատ սիրեց, – պատասխանում էր Արմենակը։

– Անասունները մարդու կաթը կը ճանչնան, – եզրակացնում էր Աննա Քորոն։

Է

Ամիսներ անցան։

Եղավ մի տարի։

Եղավ երկու տարի։

Ցըլդըզի համբավը գնալով աճեց, նրա շուրջ ստեղծված զրույցները ավելի գունավորվեցին և բազմացան։

Քաղաքում լույս ընկավ սրիկաների մի խումբ, որ սկսեց Յըլդըզը գողանալու միջոցներ որոնել։ Այդ խումբը կազմված էր ուրիշ քաղաքից եկած ձիու մի սիրահարի ջանքերով։ Լսել էր նա Յըլդըզի համբավը, գոտին ամբողջ լցրել էր փողով և եկել էր Արմենակի ձին հափշտակելու։

– Ծո՛, էդ փուշտը16, ո՞վ է, որ իմ ձիես աղեկը պիտի ունենա, – հայտարարել էր այդ սրիկան։

Տեղացիներից միացել էին նրան այն մի քանի երիտասարդները, որոնց նշանածները, Արմենակին սիրահարված լինելով՝ լքել էին նրանց։

Արմենակը, կռահելով այս խմբի գոյությունը, իր անկողինը փոխադրել էր ախոռը և գիշերները այնտեղ էր քնում։ Ախոռի մի կողմում՝ ձի և թրիք, մյուս կողմում՝ մաքուր սպիտակեղենով մի անկողին, Արմենակի քույրերի սքանչելի ձեռագործներով պատած։

Արմենակի ախոռ փոխադրվելուց հետո Ուստա Օվանեսը ինքը անձամբ ախոռի համար կրկնակ լուսամուտներ շինեց և երկաթյա ճաղերով պատեց, դռան ետևն էլ երկաթներով ամրացրեց, մինչև անգամ առաստաղը քանդեց, կրկնակ սյուներ դրավ և նորից ծածկեց։

– Դե՛ հիմա ճիվերս17 կը փախցնեն, – ասաց Ուստա Օվանեսը աշխատանքը վերջացնելուց հետո։

Արդեն եկել հասել էր այն ժամը, երբ Ուստա Օվանեսը և Աննա Քորոն համոզել էին իրենց մեկ հատիկ որդուն ամուսնանալ, բայց ահա այս ախոռ փոխադրվելն ամեն ծրագիր տակնուվրա էր անում։

– Աղջիկը բերիմ, տանիմ ախո՞ռը պառկեցնեմ, – առարկում էր Արմենակը։

Ուստա Օվանեսը չէր կարող ուրիշ առարկություն բերել, որովհետև հաստատ համոզված էր, որ եթե Արմենակը ախոռում չքներ՝ ատրճանակը բարձի տակ և դանակը պատյանից հանած և դրած անկողնի կողքին, սրիկաներն անպայման կը հափշտակեին ձին և դա Արմենակի համար մահ կլիներ։

– Կնի՛կ, – համոզում էր Ուստա Օվանեսն իր կնոջը, – ավելի աղեկ է տղաս ողջ մնա, ախոռը քնանա, քան թե հարս բերի ու մեռնի։

– Հարսն ըլ թող ախոռը պառկի, – ասում էր Աննա Քորոն։

– Կնի՛կ, էնպես բան ըսե, քի եփած հավը չխնդա։

Մայրը միամտորեն փորձեց մի օր համոզել Արմենակին, որ ձին ծախի ու շեն ու շնորհքով ապրի։

– Զաթե18 ձիեն հավսդ առիր, – ասաց Աննա Քորոն։

Արմենակը պատասխանեց նրան.

– Քառասուն աղջիկ ձիուս դռնաղին19 հետ չեմ փոխեր։

Քույրերը նպաստում էին Արմենակի ամուրի մնալուն, նրանք նախանձում էին, որ տունը մի աղջիկ գար և ամբողջովին գրավեր իրենց եղբորը։

Ինչքան ծնողները ամուսնության խոսքն էին անում, Արմենակն այնքան խոր սիրահարվում էր իր ձիուն և ամեն մի խոսակցությունից հետո դուրս բերում ձին ու թնդացնում փողոցը։

Աննա Քորոն, հակառակ խոնավացած աչքերին, երբ լսում էր Յըլդըզի խրխնջոցը, բացականչում էր.

– Ձա՜նըդ սիրեմ…

Յըլդըզը գնալով ավելի փարթամացավ և ավելի կատաղեց։

Արմենակն ապրում էր գերագույն երջանկության մեջ, ախոռի թրիքի հոտը նրան թվում էր խոր բուրումնավետ։ Երբեմն գիշերները վեր էր կենում, մոտենում Յըլդըզին, շոյում, համբուրում նրա աչքերը, որ լամպի լույսին հառելիս՝ անսահման փայլ ու խորություն էին ստանում, հետո գալիս էր անկողին, մի սիգարեթ քաշում և քնում։ Պատահում էր, որ Արմենակն ուշանար գալ քնելու, Յըլդըզն անհանգիստ էր լինում, և երբ ներս էր մտնում Արմենակը, ձին այնպես էր խրխնջում, որ ախոռի լուսամուտի ապակիները թրթռում էին։

Ը

Բայց խոր երջանկությունը, այսպես է կարծես բնության անիմանալի օրենքը, երկար չի տևում, հորդուն տեղատարափը կարճ է լինում, երբ ծառի վրա պտուղները մեծ և փարթամ են աճում՝ թվով քիչ են լինում, այդպես է և լույսով վարարուն առավոտը, հանկարծ ամպեր են հասնում, գորշ, մթին և ծանր ամպեր, և ծածկում են երկնքի անսահման կապույտը։

Արմենակը հանկարծ հիվանդացավ, մեկ ձայնի վրա սկսեց բղավել.

– Փո՜րս… փո՜րս…

Անմիջապես փոխադրեցին նրան ախոռից տուն, իր նախկին սենյակը։ Տաք ջուր, տաքացրած կղմինդր։ Կեսգիշերին բժիշկ եկավ, դեղ, կոմպրես՝ ոչինչ չօգնեց։

– Բաղարսըղ դեոմմեսի20 է, – հայտարարեց բժիշկը։

Գավառական փոքրիկ քաղաքի բժիշկը հայտարարելով նրա հիվանդությունը, ձեռքերը ծալեց և քաշվեց մի կողմ։ Անզոր էր նրա գիտությունը։

Արմենակը ձայնը չկտրեց։

Հաջորդ գիշերը նա հազիվ կարողացավ խնդրել հորը, որպեսզի ինքը գնա և ախոռում գիշերի։

– Շուն շանորդիները բան մը չընե՞ն ձիուս, – ասաց նա։

Ուստա Օվանեսն այդ գիշերն անցկացրեց ախոռում։

Առավոտյան Արմենակի դրությունն ավելի վատացավ, երեսի գույնն ամբողջովին փոխվեց, սիրտն անընդհատ թափում էր, մինչև անգամ արտաթորումն սկսեց բերանից գալ։ Հանգուցվել էր նրա աղիքը և բոլոր բնական ճանապարհները փակել։

Մահամերձ այդ րոպեին Արմենակը չմոռացավ իր ձին և մյուս գիշերն էլ մի կերպ հասկացրեց հորը՝ գնալ և ախոռում գիշերել։

Ուստա Օվանեսը նորից գնաց ախոռ, նորից ստուգեց բարձի տակը. ատրճանակն այնտեղ էր։ Պառկեց քնելու, բայց Յըլդըզը չթողեց, որ քնի. անընդհատ դոփում էր գետինը միօրինակ ռիթմով։

Ուստա Օվանեսը վեր կացավ, մոտեցավ ձիուն։ Յըլդըզն ոչ մի կատաղություն ցույց չտվեց այդ գիշեր, միայն անընդհատ և համառորեն դոփում էր գետինը։ Ուստա Օվանեսը ափով շաքար տվեց, ձին չկերավ և շարունակեց դոփել։

Ուստա Օվանեսը չքնեց, անկողնի վրա նստած՝ ծխում էր և մտածում։ Տխուր էին նրա մտքերը, երբեմն՝ այլանդակ։ Գիշերը նրան բերում էր չարագուշակ տեսիլներ։

Առավոտյան դեմ, երբ դեռ ախոռի փոքրիկ լուսամուտները հազիվ էին կապույտ ներկվել, ձին դոփումն արագացրեց, որը հազիվ մի քանի րոպե տևեց, հանկարծ կանգ առավ, այլևս ոչ մի շարժում, միայն մի տնքոց հանեց և գլուխը կախեց տխուր և մռայլ։ Ուստա Օվանեսը մոտեցավ նրան, նայեց նրա աչքերի մեջ, ինչ֊որ մարդկային բան կար նրա նայվածքում, ազատորեն, առանց վախի շոյեց նա անասունի վիզը, գլուխը։ Յըլդըզը ոչ մի շարժում չփորձեց, միայն մի անգամ տխուր նայեց Արմենակի հորը։ Կարծես մեկը խոցեց Ուստա Օվանեսին՝ դաշույնի նման մեխվեց նրա ուղեղում մի չար և զարհուրելի միտք։ Վազեց դուրս։

Նա պետք է անցներ շատ փոքրիկ պարտեզը ախոռից տուն հասնելու համար։ Հազիվ մի քանի քայլ՝ նա լսեց արդեն կնոջ և աղջիկների շիվանը։ Ոտները ծալվեցին, չոքեց, նորից բարձրացավ և, օրորվելով, ծառերը և թփերը բռնոտելով, առաջ շարժվեց։

Այն րոպեին, երբ ձին դադարեցրել էր դոփումը, Արմենակը փակել էր աչքերն ընդմիշտ։

Լացից և շիվանից զարթնեց ողջ թաղը և լցվեց Ուստա Օվանեսի տունը։

Թ

Երբ հուղարկավոր թափորը կանգնեց դռան առաջ և դագաղը երկար երևաց փողոցում, Ուստա Օվանեսը գնաց ախոռը, քանդեց Յըլդըզի սանձը և բաց թողեց։ Ձին տխուր, դանդաղ, երերուն քայլերով, ինչպես քայլերը մարդ֊հուղարկավորի, եկավ, մտավ թափորի մեջ, մոտեցավ Արմենակի դագաղին, դունչը հպեց փայտին և կանգ առավ։

Թափորն սկսեց շարժվել։

Որքան թափորն առաջ շարժվեց, այնքան մեծացավ, գրեթե ողջ քաղաքը մասնակցում էր հուղարկավորության։ Ձին գնում էր թավուրի հետ համաչափ՝ դունչը երբեք չհեռացնելով Արմենակի դագաղից։

Գերեզմանոցում, երբ դագաղն իջեցրին և դրին փորված փոսից գոյացած հողակույտի վրա, Յըլդըզը գլուխը կախեց Արմենակի դեմքի վրա, և մարդիկ տեսան նրա արցունքները, խոշոր֊խոշոր կաթիլներով, տաք և կարոտագին, որ թափվում էին Արմենակի սառած դեմքի վրա։

– Մարդու պես կուլա կոր, – շշնջում էին հուղարկավորները։

– Ասլա՜նս, ձիուդ նալին ղուրբան ըլիմ, – ողբում էր մայրը։

Քույրերն ուշագնաց եղան և տարվեցին մի կողմ, իսկ Ուստա Օվանեսը մի ձեռքով ձիու վիզն էր բռնել և մյուս ձեռքով Արմենակի ձեռքը և կոծում էր.

– Չինա՜րս, Յըլդըզը որբ մնաց, – ասում էր նա և իր արցունքները խառնում ազնիվ անասունի արցունքներին։

Երբ դագաղն իջեցրին խոր փոսը՝ Յըլդըզը դունչը դրեց փոսի եզրին ու մնաց այդպես, մինչև հողը լցվեց, հավասարվեց գետնին և բարձրացավ վեր։

Երբ հուղարկավոր թափորը շարժվեց դեպի ետ, Յըլդըզը նորից ճեղքեց բազմությունը, մոտեցավ Արմենակի մորը, կռացրեց գլուխը, դրեց նրա թևի տակ և այդպես հասավ մինչև տուն։

Ամբողջ ճանապարհին Յըլդըզը քայլում էր տխուր, մարդկային տխրությամբ։

Ողջ քաղաքը լաց էր լինում Արմենակի և որբ մնացած ձիու համար։

– Անասունն ըլ մարդու պես սիրտ ունի եղեր,― ասում էին բոլորը։

Մի կյանք և մի սեր։ Պատմվածք

Մի կյանք և մի սեր։ Պատմվածք

Մանկությունից էր այնպես՝ եթե մի գետնախնձոր տային, թե՝ կեր, խնձոր է, ուտում էր։

Մոտենում էր մեկին, թե՝

– Անոթի իմ։

– Սիրտդ ի՞նչ կուզե, Մոսես, – հարցնում էին։

– Սիրտս փախլավա կուզե։

– Առ քըզի փախլավա, – և տալիս էին սովորական լավաշը, և նա ոչ միայն ուտում էր իբրև փախլավա, այլև իսկական փախլավայի համ էր ստանում։

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора