Թոթովենց Վահան - Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր стр 3.

Шрифт
Фон

– Առակս զի՞նչ ցուցանե, – հարցրեց Արմենակը բարեմտորեն ժպտալով։

– Առակս կը ցուցանե, տղա՛ս, որ վախտդ եկեր է, կարգվե՛։

– Ես կուզիմ, որ երթամ երկրներ տեսնամ գամ, վերջը կարգվիմ։

Ուստա Օվանեսն այս անգամ էլ զիջեց որդուն, մեծ փող տվեց և ուղարկեց նրան Ադանա, Հալեպ, Դամասկոս։

Ճանապարհ դնելիս Ուստա Օվանեսը նրան համբուրեց և ասաց.

Կիտերսեն ուղուր օլա,

Դյուզ օվայոլին օլա։ 7

Մայրը գրկեր նրա գլուխը, լաց եղավ և ասաց․

– Չինար բոյիդ ղուրբան ըլլիմ, մայրիկի՛դ մեկհատիկը։

Քույրերը համբուրեցին նրան և միայն լաց եղան։

Արմենակը առաջին անգամ իր կյանքում ծխեց ծնողների ներկայությամբ։

Երբ Ուստա Օվանեսը վերադարձավ տուն՝ ասաց․

– Իշտե Արմենակիս ճղարա քաշելը քեֆս բերեց։

– Էնոր ճղարան սիրեմ, – ճռթկվեց8 Աննա Քորոն։

Արմենակի մեկնելու հաջորդ առավոտը Ուստա Օվանեսի տունը մեռելի տան նման էր, կարծես երկար լաց լինելուց հոգնած՝ ամեն մարդ լռել էր, իրերն անգամ տխուր էին, թոկի մի կտոր, որ դուրս էր հանվել պահարանից Արմենակի ճամփորդության համար և ավելորդ էր համարվել, տխրորեն գալարվել էր և ընկել միջանցքում։

Երրորդ օրը Աննա Քորոն սենյակում հանկարծ մի լաց սկսեց։ Աղջիկները վազեցին և տեսան, որ բարձի տակից մայրը Արմենակի թաշկինակն էր գտել։

– Մի՛ մտմտա, կնի՛կ, ճամփորդութենեն ըլ թող հավասն առնե, բան մը կընենք, – ասում էր Ուստա Օվանեսը և առավոտ կանուխ վազում արհեստանոց։

Իսկ ամեն երեկո Ուստա Օվանեսը և Աննա Քորոն նստում էին և զրուցում Արմենակի մասին։

– Աղջի՛, Արմենակիս երթալը քանի՞ օր է, – հարցնում էր Ուստա Օվանեսը։

– Հինգ օր։

– Ասօր կը հասնի…

Երկար մտածում էր Ուստա Օվանեսը և ասում մի տեղի անուն։

Եվ այսպես ամեն օր։

Դ

Մի իրիկուն, այն պահին, երբ վարդագույն լույս է լինում, Ուստա Օվանեսը, սենյակի լուսամուտի մոտ նստած, նորից հարց տվեց.

– Արմենակիս երթալը քանի՞ օր է։

Մեծ աղջիկը՝ Հաջիխասը, պատասխանեց.

– Քսանութ օր է։

Ուստա Օվանեսը երկար մտածեց և ասաց.

– Արմենակս ասօր կըլլի Ադանա։

Դեռ խոսքը հազիվ էր վերջացրել, երբ մի ձիավոր կանգնեց դռան առաջ, արաբական տարազով մի մարդ, սպիտակ ձիու վրա նստած։

Ուստա Օվանեսի լեզուն կլորվեց, հազիվ կարողացավ արտասանել․

– Ար֊մե֊նա֊կես գիր է եկեր…

Հաջիխասը վազեց լուսամուտը և պոռաց.

– Քա՜, Արմենակն է, ախպարս է…

Եվ իսկապես Արմենակն էր։

Սպիտակ ձին վրնջում էր, ինչպես արույրե զանգակը լուսաբացին, ծառս էր ելնում և դառնում ետևի ոտների վրա, ինչպես երիտասարդ մի պարուհի պիրուետ անելիս։

Հաջիխասն առաջինն էր, որ դուռը բաց արավ և հափշտակված կանգնեց, իսկ նրանից փոքրը՝ Հազարթերթը, հեռվից աղաղակեց.

– Վա՜յ, մեծ ախպա՜րս…

– Քիչ մը շեքեր բեր, – ասաց Արմենակը մեծ քրոջը։

Հաջիխասը վազեց շաքար բերելու։

Դռան շեմքին կանգնեցին Ուստա Օվանեսը և Աննա Քորոն։ Հաջիխասը շաքարը բերեց և վախվխելով տվեց եղբորը։ Արմենակը կռացավ ձիու վզի վրա և ափով շաքարը երկարեց ձիուն։ Շաքարը խռխռտացնելուց հետո ձին հանդարտվեց, այն ժամանակ Արմենակը վար ցատկեց։ Քույրերը փաթաթվեցին նրա վզովը, Արմենակը հազիվ ազատվեց նրանցից՝ փաթաթվելու ծնողներին։

Մայրը լաց եղավ։

Ուստա Օվանեսը, չհասկանալով ուրախության համար թափված արցունքները, բարկացավ և ասաց.

– Ա՛յ կնիկ, գնաց՝ լացիր, եկավ՝ կուլաս։

Արմենակը ձին տեղավորեց ախոռում և բարձրացավ վեր։

Հայրը հարցրեց.

– Էս ինտո՞ր եղավ։

– Գնացի Հալաբ, քանի մ՚օր ֆռլամիշ եղա, էս ձին տեսա, բյութուն (ամբողջ) փարան ատոր պառկցուցի, ելա եկա։

– Կըսեիր քի՝ տղաս խելացի չէ, տեսա՞ր, – դարձավ Ուստա Օվանեսը իր կնոջը։

Աննա Քորոն ապշեց, որովհետև այդպես բան երբեք ասած չէր։

Արմենակը գլխին փաթաթել էր ազնիվ բրդից հյուսված արաբական գլխանոց, վրան թեթև մի աբա, փոթռտուն մի շալվար և ոտին կարմիր ճտկավոր մի կոշիկ։

– Շամ9 չգացի՞ր, ծո՛։

– Չէ՛, փարաս հատավ։

– Բյութուն փարան ձիո՞ւն տվիր։

– Մենշուր10 ձի է, մայրը անգլիացի է, հայրը՝ արաբ, հարուր ոսկի տան, չեմ տար, – հպարտությամբ հայտարարեց Արմենակը։

– Մաշշալա՜, ծո՛…

– Անունն ի՞նչ է, – հարցրեց Հաջիխասը։

– Յըլդըզ…

– Քա՜… – բացականչեց Հազարթերթը։

– Յըլդըզիդ ղուրբան ըլլիմ, օղո՛ւլ, – շշնջաց Աննա Քորոն։

Ե

Հաջորդ օրն իսկ կայծակի արագությամբ լուր տարածվեց գավառական փոքրիկ քաղաքում, թե Ուստա Օվանեսի տղան Հալեբեն ձի մի բերեր է, որ նախապես պատկաներ է եղեր Մսրա խտիվի տղուն, ասում էին նաև, որ մենակ շեքեր ու չամիչ կուտե, ուրիշ բան չուտեր։

Անցավ մի քանի օր, հաջորդող առաջին կիրակին, այն պահին, երբ պատարագը վերջանում էր և բոլոր ժողովուրդը դուրս էր թափվում մայր եկեղեցուց՝ Արմենակը դուրս հանեց Յըլդըզը։

Նրա զիլ խրխնջոցը բռնեց կիրակնօրյա առավոտի խաղաղ, զարմանալիորեն հանգստավետ մթնոլորտը։

– Էս տեսակ ձի իթցուն տարի առաջ Մուստաֆա փաշան ուներ, նմանը ա՛լ չի եղեր, – ասում էին բոլորը և դիտում Արմենակը, որ Յըլդըզի քամակին քակած, սլանում էր թռչունի արագությամբ, գլխավոր փողոցում։

Ուստա Օվանեսի, Աննա Քորոյի և Արմենակի քույրերի ուրախության չափ ու սահման չկար։ Կիրակնօրյա այդ առավոտը քանի՜֊քանի՜ աղջիկներ ասացին իրենց նշանածներին.

– Քա, դուն ըլ կյոյա11 էրիկմարդ ես, հլե Արմենակը տես, ասլան կլմանի։

Իսկապես, Արմենակը հեքիաթի այն իգիթն էր, որ մազերը տված հովին, ճախրում էր օդում, նա այն դյուցազն էր, որ հանկարծ հայտնվել էր հրեղեն ձիու վրա նստած, եկել էր մուրազ բաժանելու բոլոր նրանց, որոնք տառապել էին իրենց անկարելի երազների համար։

– Ձիուդ նալին ղուրբան, – շշնջում էր Արմենակի մայրը, երբ լսում էր Յլըլդըզի պայտերի զրնգոցը, որ պայթում էր սալահատակի սպիտակ քարերի վրա և փշրվում, ինչպես արևի ոսկյա ծնծղան կապույտ լեռների և անտառների բարձրաբերձ և մուգ ծառերի գագաթների վրա։

Այդ օրը հարյուրավոր աղջիկներ սիրահարվեցին Արմենակին։ Մինչև անգամ մի աղջիկ այնքան համարձակ եղավ, որ մոտեցավ Արմենակի քրոջը և ականջին շշնջաց.

– Մեկ անգամ ախպորդ ծոցը պառկեի, տանեին թաղեի՜ն…

Զ

Եվ ամեն կիրակի ու տոն օրերը Արմենակը դուրս էր բերում իր ձին, կրծքից կախած մի փիրուզյա խոշոր քար, որ աչք չտան, թնդացնում էր փողոցը, պայտը խփում էր սալահատակին, մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։

– Արմենա՜կը, Արմենա՜կը…

Յըլդըզը, ամբողջովին սպիտակ, ածուխի նման սմբակներով, ազնվագույն գլուխը բռնած բարձր և հպարտ, անպայման զգում էր, որ ահա ողջ քաղաքը հանդիսատես է իր վազքին։

Օրը դառնում էր խելահեղ ողջ գավառական քաղաքի համար, իսկական տոնական և համայնական ուրախության օր։

Այդ իրիկուն բոլոր գինի խմողները, – ծանոթ թե անծանոթ, – պարտք էին համարում խմել Արմենակի և նրա ձիու կենացը.

– Ողջ ըլլին երկուսն ըլ, մեր քաղաքը փառլաթըմիշ12 ընեն…

– Փեզեվենկի տղուն ձիյը ինչ ըսես արժե, մաշշալա՜հ…

Այդ իրիկուն, գրեթե ամեն տան մեջ խոսակցությունը դառնում էր Արմենակի և նրա ձիու շուրջը։

– Քա՜, տեսա՞ր…

– Յա չի տեսա՞…

– Ես առուեն անցած ատեն տեսա, աչքս խառալմիշ եղավ13…

– Ես դաշտը կայներ էի, տեսա հրեղեն ամպի պես կուգա կոր…

Եվ ոմանք պատմում էին բաներ, որ չէին տեսել, բայց հավանորեն կարող էին պատահած լինել։ Ով ինչքան շատ բան «տեսած լիներ», այնքան իրեն հպարտ էր զգում և պատմելով, պատմելով, իրենք էլ հավատում էին իրենց պատմածներին։

– Դաշտին միջի էն թեք ծառը կա՞ յա, իշտե էն ծառի վրայեն թռա՜վ…

– Չէ՛, ջանը՛մ, – չհավատալով և ապշահար գալիս է պատասխանը մեկից, բայց լավ է զգում, որ դիմացինը փչում է։

– Սոխախին (փողոց) մեջ կնիկ մի դեմը ելավ՝ Յըլդըզը վրայեն թռավ անցավ ու կնիկը հեչ բան մընալ չի գիտցավ։

– Դուք էդ կըսես, իմ գլխուս վրայեն թռա՜վ… – բոլորովին հավատացած և անկեղծորեն փչում էր մի չորրորդը։

Կային մարդիկ, քաղաքի ամենադատարկապորտները, որոնց ֆեսը միշտ ծուռ է և որոնք ժաքեթի միայն մի թևը հագած են ման գալիս, այդ միևնույն տեսակի փչոցները, ավելի գունավորված և առասպելական, պատմում էին հենց իրեն՝ Արմենակին։

– Քուզում Արմենակ, դուն վրան ես, չես տեսնար, սոխախին վերևը էն աղքատ Մարտիրոսին տունը կա յա, էդ տեղը եբոր հասար, Յըլդըզը չոլրվավ14, ոտքերը դրեց տեների վրա ու՝ յալլա՜…

– Աճայի՞բ15․․․ – զարմանում էր Արմենակը։

Եվ որպեսզի սառը ջուր լցրած չլինի ձիու համբավի վրա, ինքն էլ մի քիչ հափշտակված հեքիաթային զրույցներից, ասում էր․

– Եբոր կը քշիմ, աչքիս վրա կարծես բուլուդ կիջնա, հեչ բան չեմ տեսնար։

Եվ բոլորն հավատում էին, որովհետև նախ և առաջ հավատացել էին իրենց իսկ ստերին։

Քաղաքի բոլոր մարդկանց այրում էր մի ցանկություն՝ մոտենալ Յըլդըզին և շոշափել նրան, գեթ շատ մոտիկից զգալ նրա շունչը։

Ոչ մի մարդու համար, սակայն, այդ ցանկությունը չիրականացավ, որովհետև անկարելի էր, որ Յըլդըզը բացի Արմենակից որևէ մեկին թույլ տար իրեն մոտենալու։ Հենց որ մեկը փորձում էր այդ՝ Յըլդըզը կատաղում էր, վրնջում և ծառս լինում։ Ինքը՝ Արմենակը շատ ջանաց, որ նրան ընտելացնի տան անդամների հետ, չկարողացավ, միայն այն օրերը, երբ Արմենակը տանը չէր լինում և գարի տալու ժամն էր լինում, Հաջիխասը մի ձեռին գարի, մյուսին՝ շաքար, մոտենում էր, շաքարը տալիս, գարին թափում մսուրի մեջ և փախչում։

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора