Թոթովենց Վահան - Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր стр 5.

Шрифт
Фон

Երբ մանուկ էր, ոչինչ չէր կարողանում զանազանել իրարից։ Միայն մի բանում երբեք չէր սխալվում։ Երբ հարցնում էին՝ Մոսես, մո՞ւթ է, թե լուս, պատասխանում էր հիմար֊հիմար ժպտալով.

– Լո՜ս է։

Թե որտեղից և ինչպես գավառական փոքրիկ քաղաքն էր ընկել նա՝ ոչ ոք չէր իմանում, երևի պատահաբար դուրս էր եկել դաշտի գյուղերից մեկից, քայլել էր աննպատակ, ընկել էր քաղաքը և այլևս մոռացել էր հին գյուղը։

Արդեն երիտասարդ էր, երբ երևաց քաղաքում, ցնցոտիներով, կեղտոտ ֆեսով, բոբիկ, ճաքճքած ոտներով, փոքրիկ գլխով, բայց բեխերով և միրուքով, երևում էր, որ ածելի չէր դիպել նրա երեսին. բարձրահասակ էր, փոքրիկ, ապուշ աչքերով, բայց զարմանալիորեն համակրելի նայվածքով, նայվածք, որ կարեկցություն էր առաջացնում։

Շուտով, շատ շուտով նա հայտնի դարձավ շուկայի բոլոր խանութպաններին։

Մի քանի անգամ քաղաքի փողոցային մանուկները, ինչպես և փողոցային մարդիկ, փորձեցին խաղացնել նրան, բայց չհաջողվեց, որովհետև Մոսեսը ոչնչից չնեղացավ, ոչ մի արձագանք չտվեց, ասացին և հեռացան։

Շուտով նա դարձավ ամենապետքական մարդը շուկայի խանութպանների համար, որովհետև բոլորի համար անխտիր ջուր էր կրում։

– Մոսես, գնա սիթիլ[1] մը ջուր բեր։

Մոսեսը առանց որևէ առարկության, վերցնում էր դույլը և գնում ջրի։

Բերելուց հետո էլ ոչ մի բան չէր պահանջում՝ լուռ ու մունջ կանգնում էր պատի տակը և ժպտում։ Բարեխիղճները նրան տալիս էին տանից բերած ճաշի ավելցուկը․ ուտում էր, բերանը սրբում թևով և նորից կանգնում մի պատի տակ, նայում տարտամ և անորոշ։

Մարդիկ փորձեցին, բացի ջուր կրել տալուց, ուրիշ աշխատանքի մղել նրան, բայց չհաջողվեց․ բացի ջուր կրելուց ուրիշ ոչինչ չէր կարող անել, որովհետև մինչև կես ճանապարհը մոռանում էր պատվերը և այլևս չէր վերադառնում պատվիրատուի մոտ, պատվերը մոռացած տեղը կանգնում էր և սպասում։

Երբ տարիքն առավ, նրան սկսեցին «Մոսես ախպար» կանչել։ Սկզբներում վարժ չէր այդ անվան, կարծում էր, որ իրեն չեն կանչում, բայց երբ մարդիկ համառորեն շարունակեցին՝ վարժվեց։

– Մոսես ախպար…

– Ղուրբան…

Սպասում էր, որ մի բան պատվիրեն։

Երբ որևէ բան չկար, որով վարձատրեին նրա աշխատանքը – ճաշի ավելցուկ և այլն – խանութպանները սովորություն դարձրին նրան վարձատրել փողով։ Իսկ այդ փողն իսկական չէր, կտրում էին լրագրից մի կտոր և տալիս էին նրան, թե՝

– Մոսես ախպար, էսի փարա է, պահե՛, հաց կառնես։

Մոսես ախպարը խնամքով պահում էր լրագրի կտորն իբրև փող, պահում էր ծոցի մեջ, հենց մարմնի և շապկի արանքում։ Բացի լրագրի կտորից՝ տալիս էին և պապիրոսի թղթի շապիկը։ Սա արդեն ավելի մեծ փող էր համարվում, որովհետև պատկերազարդ էր լինում և ավելի կանոնավոր կտրված։

Եվ իսկապես, լրագրի այդ կտորները կամ պապիրոսի թղթի շապիկները փող էին Մոսես ախպոր համար, որովհետև իր բոլոր գնումները անում էր այդ լրագրի կտորներով և պապիրոսի թղթի շապիկներով։ Մոտենում էր որևէ խանութի, կոշկակարի, նպարեղենի խանութի, վարնոց ճաշարանի, փողոցների անկյունները տժվժիկ եփողների, պաղպաղակ ծախողների և, տալով իր փողը, վերցնում էր ինչ որ ուզենար, բոլորն էլ տալիս Էին, որովհետև Մոսես ախպարն իսկապես այդ թղթի կտորներն իրար վրա դիզել էր սեփական և արդար աշխատանքով։

Մի անգամ մտավ մի սափրիչի խանութ և ամբողջ դեմքը մաքրել տվեց և խուզել տվեց գլուխը։ Սափրվելուց հետո ծոցից հանեց պապիրոսի թղթի մի շապիկ և տվեց սափրիչին։ Սափրիչն ուզեց բարեխիղճ լինել և ետ տվեց պապիրոսի թղթի շապիկը, թե՝

– Մյո՛ւսը տուր, էս շատ է։

Մոսես ախպարը ժպտաց և ետ վերցնելով պապիրոսի թղթի շապիկը՝ տվեց նրան լրագրի կտորը։

Մոսես ախպարը սիրում էր մածունը․ մանկությանը, գյուղում, միակ ուտելիքը մածունն էր եղել, բայց, դժբախտաբար, իր փողով չէր կարող մածուն գնել, որովհետև շուկայում մածունը ծախում էին գյուղացիները, որոնք ամեն առավոտ բերում էին, ծախում և գնում, նրանց համար ջուր հարկավոր չէր, որ Մոսես ախպարը կրեր և վարձատրություն ստանար և ապա փոխանակեր մածունի հետ, ուստի, ամեն առավոտ գնում էր շուկայի մեծ հրապարակը և համբերությամբ կանգնում էր մածուն վաճառողների կողքին, որպեսզի երբ շերեփից մածունը թափվեր տախտակի վրա՝ մատովը վերցներ և լիզեր։

– Մոսես ախպար, ի՞նչ կենես էստեղ, – հարցնում էին նրան։

Մոսես ախպարը, ուսերը վեր բարձրացնելով և ժպտալով՝ պատասխանում էր.

– Հե՛չ, մածուն կլզիմ։

Հրապարակից նա քաշվում էր այն ժամանակ միայն, երբ, բոլոր մածունը ծախած, գյուղացիներն ամանները վերցնում էին և հեռանում։

Իմացականության բացարձակ բացակայությունը երբեք պատճառ չէր, որ սիրտը դադարեր բաբախելուց։

Նա փողոցների անկյունները, բաղնիքի պատի տակը, եկեղեցու բակում կամ խանի թրիքների մեջ երկար ժամանակ գիշերելուց հետո քաղաքի ծայրում գտավ մի խրճիթ, որը բաղկացած էր մի նախասենյակից և մի սենյակից՝ հողե հատակով։

Այդ խրճիթում բնակվում էր մի այրի կին, արդեն հիսունն անց, սպիտակ մազերով, բայց զարմանալիորեն կարմրավուն երեսներով։

Որտեղից որտեղ Մոսես ախպարը լսել էր այրի կնոջ անունը։ Մի երեկո, հենց այն ժամանակ, երբ արևը թաղվում էր ծառերի ետևը և դաշտից զով ու թեթև մի քամի էր բարձրանում՝ Մոսես ախպարը մոտեցավ այրի կնոջը, որ ծնկան վրա դրած մատուցարանի վրա մի ափ ցորեն էր մաքրում, և ասաց.

– Խաչխաթուն քորո, եկա՛։

– Եկար, եկար, ա՞չքս կպաղեր։

– Քըզի փարա իմ բերեր։

Այրի Խաչխաթունը զարմացավ։

– Փարա՞։

– Հա՛, ինչքա՞ն կուզես։

– Տեսնամ, – աշխուժացավ Խաչխաթուն քորոն, մատուցարանը դրեց մեկ կողմ, ձեռքերը խաչաձևեց և դրեց փորի վրա։

Մոսես ախպարը հանեց իր բոլոր փողերը և դրեց Խաչխաթուն քորոյի ծնկանը և, չնայելով նրա ապշահար դեմքին՝ ասաց.

– Իշդե բյուդյունը (բոլորը) քըզի։

– Ջաննըմի՛ր, խենթ շուն, գազեթայի կտորները բերեր է քի՝ փարա է։

– Խաչխաթուն քորո, թուշդ կրծիմ, փարա է։

– Գնա՛, սարսա՛ղ, բախտ որ ունենայի, քըզի պես խենթերը դեմս չէին տնկվիր։

– Աչքս քոռնա, փարա է, – երդվեց Մոսես ախպարը։

Այրի Խաչխաթուն քորոն չհավատաց, վեր կացավ տեղից, մատուցարանը վերցրեց հետը, գնաց ներս և դուռը կողպեց Մոսես ախպոր երեսին։

Մոսես ախպարը չհուսահատվեց, գնաց շուկա։ Գնաց, որպեսզի այդ փողերով բան գնի, բերի Խաչխաթուն քորոյին, որ հավատա, բայց բոլոր խանութները փակ էին։ Գլուխը կախեց, մռայլվեց, էլ չժպտաց և կանգնած տեղն էլ նստեց ու քնեց, երբ հոգնությունն աճեց նրա ոսկորների մեջ։

Խաչխաթուն քորոյի հարևանուհիները մոտեցան նրան․

– Էդ խենթն ի՞նչ կըսեր, – հարցրին նրանք։

– Ամա՜ն, խենթ չըլլի՝ քովս կուգա՞։

– Է՛, ի՞նչ կըսեր։

– Ղազեթայի փարչան[2] բերեր է քի՝ փարա է, ա՛ռ։

Հարևանուհիները կուշտ ծիծաղեցին։

– Բախտ ունենայի, անտեր չէի մնար, – ողբաց Խալխաթուն քորոն։

Մոսես ախպարն առավոտյան աչքերը բաց արավ բոլորից առաջ։ Մի բան մտքում կար, բայց անմիջապես չհիշեց։ Երբ երկու քայլ առավ, հիշեց – Խաչխաթուն քորոն էր։ Կանգ առավ։ Ժպտաց։ Փողոցներում ոտնաձայններ լսվեցին։ Ոտնաձայնները շատացան։ Բացվեցին խանութները։ Մոսես ախպարը մտավ մսագործների փողոցը։ Առանց իր խնդրելուն՝ նրան տեսնող առաջին մսագործն ասաց.

– Մոսես ախպար…

– Ղուրբան…

– Ի՞նչ տեղեն կուզես, կըյրիմ տամ։

Մոսես ախպարը, անգիտակցորեն մատը դրեց մսի մի մասի վրա։

– Շատ աղեկ, գլխուս վրա, – ասաց մսագործը և կտրեց տվեց։

Մոսես ախպարը հանեց լրագրի մի կտոր և երկարեց մսագործին։ Մսագործը լրջորեն վերցրեց լրագրի կտորը, և նետեց դախլը։

Մոսես ախպարը մսի կտորը, որ պատահաբար յուղոտ էր և դեռևս տաք, փաթաթեց մաշված ֆրակի փեշի մեջ և գնաց փռերի փողոցը։

Մի փռից հաց վերցրեց, գնաց ներքևի հրապարակը և գնեց մի քանի տեսակ բանջարեղեն, բոլորի համար էլ վճարելով լրագրի կտորներ։

Մաշած ֆրակի երկու փեշերը լիքը՝ նա քայլեց դեպի քաղաքի ծայրը, Խաչխաթուն քորոյի խրճիթը։ Թակեց դուռը։ Խաչխաթուն քորոն բաց արավ և՝

– Եկա՞ր, խե՛նթ անտեր։

Մոսես ախպարը կարևորություն չտվեց և ուղիղ քշեց ներս, թափեց բերածը խարխուլ մի թախտի վրա և ասաց.

– Կըսեյիր փարա չունիմ, տե՛ս։

Խաչխաթուն քորոն պատրաստվել էր մեծ ձայնով գոռալու, թե ինչո՞ւ ներս մտար, բայց տեսնելով միսը, հացը և բանջարեղենը՝ մատը տարավ բերանը և բացականչեց.

– Քա՜…

– Տեսա՞ր, ինծի Մոսես ախպար կըսեն։

Խաչխաթուն քորոն տնտղեց միսը, հացը և բանջարեղենը և շշնջաց.

– Քա՛, երազ չէ՞, – և դառնալով Մոսես ախպորը՝ ասաց.

– Ձեռքդ դալար…

– Հըլե շատ փարա ունիմ, – հպարտությամբ հաստատեց Մոսես ախպարը և, նորից ծոցից հանելով լրագրի կտորները և պապիրոսի թղթե շապիկները՝ ցույց տվեց Խաչխաթուն քորոյին։

Խաչխաթուն քորոն էլի ապշեց.

– Մեղա՜, տեր աստված, ե՞ս եմ խենթը, թե դուն։

– Դո՛ւն ես, դո՜ւն, – հայտարարեց Մոսես ախպարը։

Լռությունից հետո Մոսես ախպարը հարցրեց.

– Փատ ունի՞ս։

– Քիչ մը կաղըշնա (վայրի բույս, փշոտ և անպետք) ունիմ։

– Կաղըշնայով բան չեփիր, երթամ փատ բերիմ, – ասաց Մոսես ախպարը և քայլեց դուրս։

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора