Պատանի Ստեփաննոսին խիստ ծանր էր ընծաներ ընդունել այն գազանի ձեռքից, որ թաթախված էր իր հոր, իր մոր և իր ազգատոհմի արյունով: Այնուամենայնիվ, նա զսպեց իր մեջ վրեժխնդրության զգացմունքը, և խոնարհվելով ընդունված քաղաքավարական ձևերին, հայտնեց իր շնորհակալությունը խանի առատաձեռնության և բարեսրտության մասին:
Թե՜ իշխանի և թե՜ պատանու նժույգները արդեն կանգնեցրած էին վրանի հանդեպ. նրանք դուրս եկան, և խանը թափելով շողոքորթության և բարեկամական արտահայտությունների մի ամբողջ հեղեղ, ճանապարհ դրեց նրանց մինչև նժույգների մոտ: Նա իր ձեռքով բռնեց իշխանի նժույգի ասպանդակը և հրավիրեց նստել:
– Այդ արդեն չափից դուրս է, – ասաց իշխանը հրաժարվելով:
Խանը խնդրում էր ընդունել այդ ծառայությունը, որ նրա հյուրասիրության և բարեկամության մտերմության ավելի ազդու արտահայտությունն էր: Բայց իշխանը չկամենալով մինչև այս աստիճան ստորացնել նրան, ինքը թռավ թամբի վրա, առանց ընդունելու նրա ձեռքից ասպանդակը: Պատանի Ստեփաննոսը իր նոր զենքերով զինավորված, արդեն գտնվում էր իր նժույգի վրա: Հայոց ձիավորների խմբից լսելի եղավ փողի ձայնը, որ նշան էր հրաժեշտի:
– Մնաք բարյավ, խան, – ասեցին իշխանը և պատանի Ստեփաննոսը, իրանց նժույգների վրայից գլուխ տալով:
– Բարի ճանապարհ, – պատասխանեց խանը, նույնպես գլուխ տալով:
Վերադառնալով իր վրանը, նա իր մտքում ասաց. «Ես քո հպարտությունը, շուն հայ, մի խեցեղեն ամանի նման ոտքերիս տակ կփշրեմ…»:
ԺԱ
Մինչև այժմ երկու մելիքների շահերը համաձայն և լծորդաբար էին ընթանում: Նրանց միաբանությունը` հայ գերիների շղթայակապ մնալու, պատանի Ստեփաննոսի սպանման և Գենվազի գավառը իր միակ ժառանգից զրկելու վերաբերությամբ` բոլորովին անկեղծ էր: Բայց երբ այդ բոլոր մեքենայությունները ոչնչացան, երբ գերիները ազատություն ստացան և Թորոս իշխանը հաղթող հանդիսացավ, այնուհետև երկու մելիքների միաբանությունը սկսեց փոքր առ փոքր խախտվել: Մինչև այժմ նրանք միաբան էին մեկ խորհրդի մեջ միայն, այն է` Գենվազի գավառը զրկել իր միակ ժառանգից` Ստեփաննոսից, բայց թե նրանից հետո ո՞ւմ կմնար այդ գավառը, – վերջին հարցում երկուսի էլ շահերը տարբերվում էին: Մելիք Ֆրանգյուլը ցանկանում էր իր ձեռքը ձգել Գենվազը և ամբողջ Ղափանի իշխանը դառնալ, իսկ մելիք Դավիթը նույն իշխանությունը իրան էր վերապահում: Մելիք Ֆրանգյուլը աշխատում էր օգուտ քաղել մելիք Դավիթի և նրա աղջկա աջակցությունից միայն սկզբնական գործողությունների համար, բայց երբ նա պարզ նկատեց, որ աղջիկը բոլորովին հակառակ է իր հորը, այնուհետև ավելի ցած ընկավ այդ մարդու նշանակությունը իր աչքում և ավելի հաստատ կերպով համոզվեցավ իր հույսերի մեջ, թե կարող է նրան ասպարեզից դուրս քշել:
Մելիք Դավիթը իր կողմից նկատում էր, որ իր վարկը, իր նշանակությունը հետզհետե ցած է ընկնում իր գործակցի աչքում, որ նա մինչև անգամ դադարել է իր հետ խորհրդակցելուց և ինչ-որ գաղտնի ձեռնարկության պատրաստություններ է տեսնում: Մելիք Ֆրանգյուլի այդ ծածկամտությունը ավելի զայրացրեց նրան, «ես քո հերը կանիծեմ»… ասաց նա իր մտքում և դուրս եկավ վրանից, անհամբերությամբ սպասում էր իր ծառային, որին ուղարկել էր ներքինապետ Ահմեդի մոտ լուր բերելու: Ուրացողը ներքինապետի միջնորդությամբ կրկին փորձ փորձեց տեսնվելու իր աղջկա հետ, հայտնելով, թե ինքը գնալու է Տաթև և ցանկանում է նրան մնաք բարով ասել: Ծառան վերադարձավ, բերելով ուրախալի լուրը, թե տիկինը բերեհաճել է ընդունել նրան:
Գիշեր էր: Մելիք Ֆրանգյուլը այս գիշեր նույնպես առանձին տեսություն էր խնդրել խանի հետ և գնացել էր նրա մոտ, առանց այդ մասին իմացում տալու մելիք Դավիթին: Ընկերոջ այդ վարմունքը ավելի կասկածանքի մեջ էր դնում նրան: Այս պատճառով նա վարձել էր խանի մանկլավիկներից մեկին, որ լրտեսե մելիքի խոսակցությունը խանի հետ և իրան տեղեկություն տա:
Սյուրին ընդունեց հորը մի առանձին վրանում, որ լուսավորված էր լապտերի լույսով և գտնվում էր կանանոցից դուրս: Այնտեղ կանգնած էր միայն ծերունի ներքինապետը, իսկ տիկինը նստած էր գորգի վրա, և ինքն էլ չգիտեր` թե ինչո՞ւ նրան հետաքրքրում էր համբարել գորգի փոքրիկ քառակուսիները: Տեսնելով հորը, նա դարձավ դեպի ներքինապետը.
– Ահմեդ, դուք կարող եք վրանի դրսում սպասել:
Ծերունին հեռացավ և նստեց վրանի կողքին, խոտերի վրա: Սյուրին դեռ գլուխը խոնարհեցրած, աչքերը չէր հեռացնում գորգից. հոր այցելությունը խանգարեց նրան և մոռացավ գորգի եզերքի մի անգամ համբարած քառակուսիների թիվը: Նա սկսեց կրկին համբարել: Աղջկա սառն ընդունելությունը սաստիկ վշտացրեց հորը, բայց նա զսպելով իր վրդովմունքը, սկսեց հայրական մեղմ և գթառատ խոսքերով կշտամբել նրա սառնասրտությունը, – սկսեց հիշեցնել նրան, թե ինքը հայր է, թե հոր պատիվը, հոր հարգանքը ինքն աստված հրամայում է զավակներին, թե զավակները իրանց պարտավորությունը այլ կերպ կատարած չեն կարող լինել, բայց միայն սիրելով և հնազանդվելով իրանց ծնողներին:
– Դու գիտե՞ս, Սյուրի, – վերջացրեց նա իր քարոզը, – ես ծերացել եմ, այս աշխարհում իմ միակ հույսը, իմ միակ մխիթարությունը դու ես մնացել: Աստված ինձ ուրիշ զավակներ չտվեց. եղածները բոլորը մեռան: Եթե դու ևս չմխիթարես քո հոր ծերությունը, ի՞նչ կլինի նրա վիճակը:
Սյուրին դեռ նայում էր գորգի վրա, այժմ սկսել էր համբարել նրա մյուս եզերքի քառակուսիները:
– Ես շրջապատված եմ թշնամիներով, – շարունակեց հայրը, – իմ խորհրդակիցները, իմ մտերիմներն անգամ փոս են փորում իմ առջև: Ամեն կողմից աշխատում եմ ինձ ցած գցել, ամեն կողմից պատրաստվում են խլել իմ փառքը: Իմ ծերությունը խայտառակությունով կվերջանա, եթե դու չօգնես ինձ: Դու այն գավազանն ես, որ պետք է նեցուկ լինի ծերունի հորը, որի վրա հենած, նա պետք է շարունակե իր ընթացքը: Բայց դու այն աստիճան անգութ ես, Սյուրի, որ մինչև անգամ մերժում ես հոր այցելությունը:
Սյուրին լսեց վերջին խոսքերը միայն: Նա անգիտակցաբար համբարում էր գորգի քառակուսիները, բայց նրա միտքը թռել, սլացել էր հեռու և հեռու, այն պատանու մոտ, որին Թորոս իշխանը այսօր իր հետ տարավ:
– Այո՜, ես առավոտյան մերժեցի քո այցելությունը, – պատասխանեց նա, գլուխը վեր բարձրացնելով և այժմ միայն ուղիղ կերպով նայելով հոր երեսին: – Հիմա ընդունեցի: Ի՞նչ ասելիք ունես:
Այդ հարցը ավելի խոր խոցեց հոր սիրտը: Կնշանակե նա չէր լսում իր խոսքերը, կնշանակե ոչինչ ազդեցություն չունեցան իր քարոզները: Նրա հույսերը բոլորովին ջարդ ու փշուր եղան, բայց դարձյալ չկորցնելով իր վստահությունը, ասաց.
– Սյուրի, դու պետք է միջնորդես խանի մոտ, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ինձ հանձնե: Դու կարող ես այդ անել:
– Ես կարող եմ, բայց չեմ անի:
– Ինչո՞ւ:
– Ես չէի ցանկանա, որ Գենվազի և Բարգյուշատի հայ բնակիչները այնքան տանջվեին քո ձեռքում, որ գային խանի դռանը և իրանց կրակ տային, այրվեին, ինչպես այրվեցին այսօր տաթևացիները:
– Սյուրի, ընդունիր իմ խնդիրքը, աղաչում եմ, – առաջ տարավ նա ողորմելի ձայնով: – Եթե ծերունի հայրը ոչինչ հարգանք չունի քեզ մոտ, գոնե հիշիր մորդ, որ նրա կինն է եղել, որին սիրում էիր դու:
– Որին դու սպանեցիր… – պատասխանեց Սյուրին և նրա աչքերը վառվեցան կատաղի բարկությամբ:
– Ե՞ս… – բացականչեց հայրը սարսափելով. – աստված կպատժե քեզ, Սյուրի, որ այսպես չարաչար կերպով զրպարտում ես հորդ:
– Եթե աստծո պատիժները շուտ վրա հասնեին, դու այժմ այս աշխարհում չպիտի լինեիր… – պատասխանեց նա դողդոջուն ձայնով: – Կրկնում եմ, դու սպանեցիր իմ մորը: Դու ուրացար Լուսավորչի սուրբ հավատը Տաթևի մելիքությունը ստանալու համար և այնուհետև քո տունը լցրիր մահմեդական կնիկներով: Խեղճ մայրս չկամեցավ ապրել ուրացող ամուսնու հետ, թողեց քո տունը և գնաց իր հոր տունը: Քանի՞ անգամ քարշ տվեցին նրան և կամենում էիր բռնությամբ քեզ մոտ պահել, բայց դարձյալ փախչում էր նա: Քանի՞ անգամ գանակոծվեցավ նա քո անգութ ձեռքերից: Բայց այս բոլոր տանջանքներին կհամբերեր նա, եթե դու չխլեիր նրա միակ աղջիկը – ինձ, և չգցեիր մահմեդական հարեմի մեջ: Ես երբեք չեմ մոռանա այն սգավոր և ցավալի օրը, երբ խեղճ մայրս, արտասուքը աչքերում, տարածվել էր գետնի վրա, գրկել էր քո ոտները: Մյուս կողմում կանգնած էին խանի ներքինիները, իսկ մեջտեղում – ես: Մայրս աղաչում էր, պաղատում էր քեզ, որ ինձ խանի մարդկանց ձեռքը չտաս: Ես լաց էի լինում: Դու, առ ոչինչ համարելով իմ և մորս արտասուքը, ինձ հանձնեցիր նրանց ձեռքը: Մայրս կատաղությամբ վրա վազեց, ինձ բռնեց, և երկար կռվելով նրանց հետ, չէր թողնում, որ ինձ տանեն: Դու բռունցքով զարկեցիր մորս գլխին, նա ուշաթափ ընկավ գետնի վրա և այնուհետև չվերկացավ նա…