Րաֆֆի - Դավիթ Բեկ стр 20.

Шрифт
Фон

Երբ սեղանի սփռոցը տարածվեցավ, մի քանի ուրիշ մանկլավիկներ, գլխների վրա դրած, բերեցին երեք մեծ պղնձե սինիներ§§§, որ սքողած էին թանկագին ծածկոցներով, որոնց եզերքը զարդարած էին ոսկեթել ծոպերով: Սինիներից մեկը դրեցին խանի առջև, մյուսը իշխանի և Ստեփաննոսի առջև, իսկ երրորդը դերվիշի և գլխավոր քարտուղարի առջև: Երբ բարձրացրին ծածկոցները, սինիների վրա տեսնվեցան շարված բազմաթիվ մեծ և փոքր պղնձե պնակներ, լի զանազան տեսակ կերակուրներով, որոնց տաքությունը պահպանելու համար ծածկված էին նույնպես պղնձե կալպակներով: Այդ անոթները իրանց գեղեցիկ քանդակագործություններով, որպես պարսկական արհեստի և ճարտարապետության ճոխ արդյունք, կարող էին ամենանշանավոր մուզեումի զարդարանքը լինել:

Բայց Թորոս իշխանի ուշադրությունը գրավեց մի ուրիշ բան. ոչ միայն խանի սինին և նրա կերակուրները բաժանված էին մյուս հյուրերի բաժիններից, – այլ նա նկատեց, որ խանի սինիի ծածկոցի ճոթերը կնքված էին մոմով: Նա առաջ խնամքով նայեց կնիքներին, հետո իր ձեռքով վեր առեց ծածկոցը:

Իշխանը չկարողացավ իր հետաքրքրությունը զսպել և կասկածավոր կերպով հարցրեց.

– Այդ ի՞նչ կնիքներ են:

– Ինչո՞ւ եք զարմանում, – խոսեց խանը ժպտալով, – այն խոհանոցը, ուր պատրաստվում են ինձ համար կերակուրներ, գտնվում է մորս անմիջական հսկողության ներքո, նա սովորություն ունի իր ձեռքով ածել կերակուրները և իր կնիքով կնքած ինձ ուղարկել:

– Ինչո՞ւ համար:

– Ինչպե՞ս ինչու համար. կերակուրները կարող են թունավորել:

– Ովքե՞ր:

– Կնիկները: Մի՞թե կարելի է նրանց հավատալ, եթե ինձ հետ թշնամություն էլ չունենան, կարող են կաշառված լինել դրսից: Անցյալ տարի փոքր էր մնում, որ ես պիտի մեռնեի, եթե ինձ չազատեր մի թավրիզեցի հայ բժիշկ: Փլավի մեջ թույն էին խառնած, ես կերա առանց զգալու. իսկույն սկսեցին աղիքներս կտրատվել: Այն օրից մայրս արգելեց այդ քածերին իմ խոհանոցը մտնել, և կերակուրների սինին կնքված է ուղարկում ինձ, միգուցե սպասավորները նույնպես չարություն գործեն: Ախար ամենն էլ այստեղ բարի պտուղներ չեն:

Խանը այնպես հասարակ կերպով էր խոսում իր ընտանեկան գաղտնիքների վրա, կարծես, այնտեղ մի սովորական բան լիներ թունավորելը, սպանելը: Կնիկները, նրա կարծիքով, կյանքի ընկերներ չէին, այլ մի տեսակ անհավատարիմ առարկաներ, որ լավ չէին ծառայում, որոնց վրա հույս դնել չէր կարելի:

– Հայտնվեցա՞վ թունավորողը:

Հայտնվեցավ. ես հրամայեցի անզգամին ձգեցին մի տոպրակի մեջ և խենջարներով ծածկեցին:

Պարսիկների մեջ հարեմական դրությունը կնոջ վերաբերությամբ պահպանվում էր և պատժի ժամանակ: Դահիճը չպիտի տեսներ իր զոհի երեսը, այս պատճառով նրան սկզբից ձգում էին մի մեծ տոպրակի մեջ և բերանը կարում: Գործողությունը կատարվում էր տոպրակի դրսից, երբ ամեն ինչ վերջացած էր, միևնույն արյունաթաթախ պատանի մեջ դիակը տանում թաղում էին:

Խանը մինչև անգամ պատմեց այն մանրամասնությունները, որ առիթ էին տվել այն «անզգամին» թունավորել իրան. ասաց, որ նա մի հասարակ գյուղացի աղջիկ էր, մի օր որսորդության ժամանակ տեսավ նրան լեռների վրա, ոչխարներ էր արածացնում. տեսավ և հավանեց նրան, ներքինիներից մեկին ուղարկեց նրան բերեցին իր կանանոցը. աղջկա ծնողները ուրախացան, որ նա ընկավ խանի կանանոցը, թեև մի ուրիշ տղայի հետ նշանված էր, բայց «անզգամը» երևի չմոռացավ նրան, և խանին սպանելով, աշխատում էր կրկին ընկնել իր սիրելիի գիրկը:

Հարեմական ինտրիգաները, խեղճ կնոջ եղերական պատմությունը, թույնը, – այդ բոլորը այն աստիճան անախորժ տպավորություն գործեցիին թե՜ իշխանի և թե՜ պատանի Ստեփաննոսի վրա, որ նրանք բոլորովին կորցրին իրանց ախորժակը մի բան ուտելու, թեև պարսկական խոհանոցի արդյունաբերությունը հրապուրելու չափ համադամ էր: Պղնձե պնակների կալպակները բարձրացնելով, գտան նրանց տակ ամեն տեսակ խորտիկներ, սկսյալ մսեղենից, մինչև ընդեղեն, բանջարեղեն կերակուրները և բազմատեսակ անուշեղենները: Նրանց մոտ դրած էին ահագին ամանների մեջ զանազան տեսակ քաղցր շերբեթներ և մածնաթան (աբդուղ), որոնց պետք էր խմել ահագին շերեփներով, որ խիստ նուրբ և գեղեցիկ կերպով շինված էին շիմշատի դեղին փայտից: Ոգելից ըմպելիքներ չկային: Դանակ, պատառաքաղ, սեղանի այսպիսի պարագայք չկային: Բոլոր կերակուրները պետք էր ուտել մատներով: Երբեմն խանը յուղաթաթախ մատներով վեր էր առնում իր բաժնից մի պատառ տապակած միս կամ մի բուռը փլավ, և դնելով իշխանի պնակի մեջ, ասում էր. – Կերեք, դա լավ կտոր է: Այդ առանձին ուշադրություն և առանձին պատիվ էր հյուրին: Դերվիշը ոչ մի կերակուրի չդիպավ, հայտնելով, թե սովորություն չունի մսեեն կերակուրներ ուտելու: Նրա կարծիքով այդ մի տեսակ գազանություն էր, որ մի անասուն, մորթում, ուտում էր մի ուրիշ անասունի միսը: Նա առեց մի կտոր ցամաք հաց, թաթախեց աղի մեջ և կերավ: Այդ եղավ նրա ճաշը: Հետո հեռացավ սեղանից, կուչ եկավ վրանի մի անկյունում, և հանեց իր կշտից քարշ ընկած, հովվի մախաղի նմանություն ունեցող գրպանից մի ինչ-որ բան, դրեց փոքրիկ ղեյլանի գլխի վրա, վառեց ղեյլանը, սկսեց ծխել: Մի րոպեում ամբողջ վրանը լցվեցավ դառն, կծու և խեղդող ծխով: Բայց այդ արբեցուցիչ ծուխը որքան անտանելի էր ուրիշներին, այնքան բավականություն էր պատճառում դերվիշին: Նա արդեն մի տեսակ կիսաքուն դրության մեջ, աչքերը փակած, նիրհում էր, բայց ղեյլանը բաց չէր թողնում ձեռքից և ծուխը մանր օղակներով դուրս էր գալիս երբեմն նրա պնչերից, երբեմն սևորակ և ուռած շրթունքի միջից: Սարսափելի էր նայել այդ կուչ եկած, մռայլոտ մարդու վրա, որ ներկայացնում էր մի չոր ու ցամաք կմախք, ոսկորների մի կույտ, որ կոլոլված էր իր սպիտակ շապիկի մեջ: Նրա այլանդակ դեմքի վրա երևում էին երբեմն տենդային ցնցումներ, իսկ երբեմն անցնում էր մի տեսակ չարախնդաց ժպիտ: Մերթ-մերթ նրա բերանից դուրս էին թռչում խուլ, անորոշ հառաչանքներ անհասկանալի բառերի հետ:

– Երևի որդիների հետ է խոսում, – ասաց խանը, մի առանձին սնահավատությամբ նայելով դերվիշի վրա:

Նա միևնույն դրության մեջ բոլորովին քնեց, դարձյալ իր ձեռքից բաց չթողնելով ղեյլանը: Մանկլավիկներից մեկը վեր առեց ղեյլանը և ծածկեց նրան թանկագին շալից կարված մի թեթև վերմակով: Իհարկե, եթե դերվիշը տեսներ այդ, շատ պիտի վիրավորվեր, որ նրա ճգնություններով սպանված մարմինը ծածկում էին այս տեսակ շքեղ վերմակով:

Ճաշելուց հետո, երբ վերքաղեցին սեղանը, դարձյալ լվացվելու ջուր բերեցին. այնուհետև փոքրիկ, նախշուն ֆինջաններով մատուցին սուրճ առանց շաքարի: Բոլորից վերջը տրվեցավ ղեյլան, բայց ոչ դերվիշի դառն ղեյլանի նման, այլ պատրաստված Պարսկաստանի անուշահոտ ծխախոտից:

– Հիմա ժամանակ է մեզ արձակել, խան, – ասաց Թորոս իշխանը, շնորհակալություն հայտնելով նրա հյուրասիրության համար:

– Ինչպե՞ս կարելի է, դեռ մենք ձեզ ոչինչ ծառայություն չենք ցույց տված, – պատասխանեց խանը ներողություն խնդրելով, – դուք պիտի մնաք մի քանի օրեր, մի քանի շաբաթներ, որ մենք կատարելապես կարողանանք ձեր պարտավորությունից դուրս գալ:

Իշխանը նույն կեղծ-քաղաքավարական ոճով հայտնեց, որ ինքը չափազանց շնորհակալ է խանից, որ կատարեց նրա խնդիրքը և իրան միշտ բախտավոր կհամարե, որ վայելում է նրա բարեկամությունը, և հույս ունի, որ այդ բարեկամությունը անխախտ կմնա, եթե խռովարար մարդիկ չխանգարեն նրան: Վերջին խոսքերով նա ակնարկում էր երկու հայ մելիքների վրա:

– Դուք այդ մասին անհոգ կացեք, իշխան, – պատասխանեց խանը երդվելով, – իմ հոր գերեզմանում թո՜ղ կրակ լցրած լինեմ, եթե ձեր մի մազը փոխելու լինեմ հազար այն տեսակ մարդիկների հետ:

Հետո հրամայեց նա իր սանդուխտարին (գանձապահին) իշխանի և պատանի Ստեփաննոսի համար պատրաստեն ընծաներ: Իշխանի համար դուրս բերեցին մի փառավոր վերարկու (ջուբա) որ կարված էր Քիշմիրի թանկագին շալից և զարդարած ոսկե թելերով: Այդ վերարկուն խանի սեփական վերարկուն էր, որ մի անգամ միայն հագել էր նա, երբ ներկայացավ պարսից շահին. այժմ ընծայելով իշխանին, պարսից մեծերի սովորությամբ մի առանձին պատիվ էր անում իշխանին, պարգևելով մի այնպիսի խալաթ††††, որ վեր էր առնված նորին գերազանցության` խանի սեփական թիկունքից: Բացի դրանից, ըծայեց նրան մի գեղեցիկ ջոհվարդար‡‡‡‡ թուր, Խորասանի գործ, արծաթյա պատյանով և թանկագին ակներով զարդարած երախակալով: Պատանի Ստեփաննոսի ընծաները ավելի հրապուրիչ էին. նա ստացավ մի ալմաստ մատանի և զենքերի մի ամբողջ թախում` թուր, հրացան, ատրճանակներ, գնդակի և վառոդի ամաններ, բոլորը ոսկեզօծ, արծաթով զարդարած և սև սևադով մինտ արած: Բացի դրանից, նա ստացավ մի գեղեցիկ նժույգ իր ամբողջ ասպազենքով:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора