Մի ուրիշ մարդ, մելիք Դավիթի փոխարեն, հարազատ դստեր բերանից լսելով այդ անեծքը, լսելով այդ բոլոր դատապարտական խոսքերը, կզղջար, կփոշմաներ իր եղեռնագործության համար, բայց նա, տեսնելով, որ իր մեղմ, գրավիչ խրատներով չկարողացավ համոզել նրան, մտածեց վախեցնել աղջկան:
– Բայց ես չեմ կարծում, որ քո մոր հիշատակը այնքան վրդովեցներ քեզ իմ դեմ, որքան մի ուրիշ բան…
– Ի՞նչ բան, – հարցրեց Սյուրին, սրբելով աչքերից արտասուքը, որ հեղեղի նման թափվում էր մոր պատմությունը անելու ժամանակ:
– Այն բանը, որ ես քեզ խլեցի քո սիրականի գրկից… որը այսօր քո շնորհիվ ազատություն գտավ… որի վերքերը դու դարմանում էիր բանտի մեջ… և որի հետ դեռ մտածում ես շարունակել քո հին հիմարությունները…
– Այդ բոլորը ճիշտ է, – պատասխանեց Սյուրին սառնությամբ: – Ես Ստեփանին սիրում էի առաջ, սիրում եմ և այս րոպեիս: Այո՜, դու ինձ խլեցիր նրա գրկից և ես այդ չեմ ների քեզ:
– Եվ կաշխատես կրկին նրա գիրկն ընկնել…
– Կաշխատեմ…
– Եվ կաշխատես Գենվազի իշխանությունը նրան վերադարձնել…
– Կաշխատեմ…
– Եվ կաշխատես հետո փախչել գնալ նրա մոտ…
– Կաշխատեմ…
– Բայց գիտե՞ս ես ինչ կանեմ…
– Դու ինձ կմատնես… դու այդ բոլորը կհայտնեց խանին…
– Լավ հասկացար, – պատասխանեց հայրը կատաղի բարկությամբ: – Բայց գիտե՞ս խանը քեզ ինչ կանե:
– Խանը ինձ խեղդել կտա:
– Հիմա լավ մտածիր, իզուր տեղը մի՜ բարկացրու հորդ:
– Ես բոլորը մտածել եմ. ինձ մնում է երկու բան` կամ մեռնել, կամ «նրա» հետ ապրել:
Մելիք Դավիթը չէր կարծում, թե կհանդիպի այս աստիճան հաստատամտություն իր աղջկա կողմից: Նա զգաց իր սխալը, որ խոսակցությունը ծայրահեղության հասցրեց, այս պատճառով փորձ փորձեց շարժել Սյուրիի գթասրտությունը:
– Ծերունի հայրդ ներողություն է խնդրում քեզանից, Սյուրի, – առաց նա, բռնելով նրա ձեռքը: – Մոռացի՛ր բոլորը, ես մեղավոր եմ քո առջև, մեղավոր եմ և քո հանգուցյալ մոր առջև…
Այդ միջոցին նրա աչքերում երևացին մինչև անգամ արտասուքի կաթիլներ: Բայց Սյուրին թափ տվեց նրա ձեռքը և վեր կացավ, ասելով.
– Ես կմոռանայի բոլորը, եթե հավատայի, որ քո խոստովանությունը անկեղծ է: Բայց դու խաբում ես ինձ:
– Աստված, երկինք, գետինք վկա, որ չեմ խաբում: Դու զարթեցրիր իմ մեջ մեռած խիղճս, Սյուրի, դու կրկին վառեցիր ծնողական գութը, որ հանգած էր իմ սրտում: Մորդ ուրվականը գիշեր և ցերեկ հալածում է ինձ, հանգստություն չէ տալիս: Նա կներե ինձ, եթե դու ներես:
Վերջին խոսքերը ազդեցին Սյուրիի սրտին: Նա պատրաստ էր գրկել իր հորը, համբուրել նրա շրթունքը, որ արտասանեցին այդ տխուր, ապաշխարության խոսքերը, որ առաջին անգամն էր լսում նրա բերանից: Բայց այդ միջոցին վրանի մուտքի առջև արձանացավ ծերունի ներքինապետի զայրացած պատկերը և լսելի եղավ նրա սպառնական ձայնը.
– Դու, – ասաց նա մելիքին, – նախ քան մեղանչելը քո ընտանիքի, քո զավակի և քո անբախտ կնոջ առջև, մեղանչել ես քո ազգի առջև, որի որդիքը, քո հարստահարություններից ազատվելու համար, այսօր իրանց այրեցին: Դու մեղանչել ես Հիսուս Քրիստոսի առջև, որովհետև ուրացար մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի կրոնը: Ոչ ոք չի կարող ներել քեզ, մինչև ազգը և եկեղեցին չներեն քեզ: Եթե քո խոսքերը ճշմարիտ են, եթե զարթել է քո մեջ խիղճը, գնա՜, մտի՜ր Տաթևի վանքի մեջ, որ քո ձեռքով քանդեցիր, որի սրբությունները կողոպտեցիր, – գնա մտիր նրա տաճարի մեջ և այնտեղ ներողություն խնդրիր: Այն ժամանակ բոլորը կհաշտվեն քեզ հետ, թե ազգը, թե եկեղեցին, և թե քո զավակը: Բայց քանի որ դու քո փառասիրության համար ոտնակոխ կանես ամեն սրբություն, ամեն մարդ անեծք կթափե քո գլխին: Ինչո՞ւ ես մոլորեցնում այդ անբախտ աղջկան. ինչո՞ւ ես աշխատում նրան գործիք շինել քո չար դիտավորություններին: Բավական չէ՞, որ Տաթևի ամբողջ գավառը տանջվում է քո ձեռքում, հիմա կամենում ես Գենվազը և Բարգյուշատն է՞լ ձեռք գցել: Այդ չես կարող հաջողեցնել: Այդ երկու գավառները պատկանում են այն պատանուն, որի հոր իշխանությունը ոչնչացավ քո սատանայական դավաճանությամբ, որը այդ կնոջ օրինավոր նշանածն էր: Բայց դու ոտնակոխ արեցիր թե քահանայի օրհնությունը, թե աղջկա սերը…
Վերջին խոսքերը կրկին բաց արեցին Սյուրիի վերքերը, կրկինի զարթեցրին նրա մեջ վաղեմի դառն ատելությունը դեպի իր հայրը: Մելիք Դավիթը մի քանի րոպե մնաց շանթահարի նման պապանձված, և ոչ մի խոսք չգտավ պատասխանելու: Ո՞րտեղից հայտնվեցավ այդ սատանան. մի՞թե նա լսում էր դրսից իր բոլոր խոսակցությունները: Մելիք Դավիթը պատրաստ էր իր սուրը նրա կողքը խրել, այդ կլիներ ամենաազդու պատասխանը նրա կարծիքով, բայց խանի ներքինապետի վրա ձեռք բարձրցնելու չափ նա քաջություն չուներ: Այդ պատճառով ասաց նա չար ծաղրածությամբ.
– Մի հայ, որին կոչում են Ահմեդ, փոխանակ ուրիշներին խրատներ տալու, ավելի լավ կանե, եթե նախ ինքը գնա, մտնե Տաթևի վանքը և կրկին ընդունե քրիստոնեությունը…
Մելիքի ակնարկությունը չափազանց վիրավորական էր: Ներքինապետը կծու կերպով պատասխանեց նրան.
– Ես այդ վաղուց կանեի, եթե հարկադրված չլինեի, Ահմեդ անվան տակ ծածկվելով, պաշտպանել իմ ազգայինների ձեզպիսիների չարագործություններից: Ես հույս ունեմ, որ մեր Լուսավորիչ պապը կներե ինձ, որովհետև երբեք դավաճանած չեմ նրա եկեղեցուն, այլ որքան կարողացել եմ, պահպանել եմ նրա գառները ձեզ նման գայլերից…
– Եվ դու կվարձատրվես այդ ծառայություններիդ համար…
– Չլինի՞ թե դիտավորություն ունես ինձ ևս մատնելու, – խոսեց ներքինապետը զայրացած կերպով. – հրամայեցեք, ճանապարհը ձեզ ցույց կտամ…
Մելիքը վեր կացավ և մրթմրթալով հեռացավ: Սյուրին և ներքինապետը մնացին միայնակ:
– Դու իզուր բարկացրիր նրան, Ահմեդ, – ասաց տիկինը. – նա ամեն բան պատրաստ է անել:
– Անհոգ կացեք, տիկին, ոչինչ չի կարող անել, – պատասխանեց ներքինապետը հանգստությամբ: – Նա ունի ինձ մոտ մի այնպիսի գաղտնիք, եթե խանին հայտնելու լինեմ, իսկույն նրան գլխատել կտա: Ես հենց այս գիշեր նրան զգալ կտամ, որ նրա կյանքը իմ ձեռքումն է, և նա լեզուն կքաշե…
Խորին տխրության մեջ սկսեց տիկինը դիմել դեպի իր վրանը: Նա իրան այնքան անբախտ էր զգում, որ լսում էր իր հոր մասին հարյուրավոր վիրավորական խոսքեր, բայց բարկանալու իրավունք չուներ: Ի՞նչ կարող էր ասել դառն ճշմարտությունների դեմ: Նա ուներ մի հայր, որը ոչ երկնքում և ոչ այս աշխարհում ոչ մի հատիկ բարեկամ չուներ, որին դավաճանած չլիներ: Նա մինչև անգամ հանցավոր էր խանի մոտ, որի բարերարությունները վայելում էր:
ԺԲ
Երբ մելիք Դավիթը աշխատում էր Սյուրիի աջակցությունը որսալ, նրան իր նոր նենգավորությունների գործիք դարձնել, այդ ժամանակ մելիք Ֆրանգյուլը տխուր, հուսահատական դրության մեջ դուրս եկավ խանի վրանից: Նա գնացել էր խանի մոտ խնդրելու, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը իրան հանձնե, բայց մերժում ստացավ, թեև խոստանում էր յուրաքանչյուր տարի վճարել խանին հինգ հազար թուման փող, երեք հազար թաղար ցորյան, երկու հազար թաղար գարի, և ամեն տարի երկու հատ գեղեցիկ հայ աղջիկներ հարեմի համար:
Դուրս գալով խանի վրայից, նա. մոլորվածի նման, չգիտեր դեպի ո’ր կողմը գնալ: Գնա՞լ իր իջևանը, ուր ամոթալի դեմքով պիտի հանդիպեր մելիք Դավիթին, – այդ մեռնելու չափ անտանելի էր նրան: Նա իր շահերը բաժանեց մելիք Դավիթից, թողեց նրան և սկսեց առանձին գործել, վստահացած լինելով, թե հաջողություն կգտնե և միայնակ Գենվազը ու Բարգյուշատը իր ձեռքը կգցե: Իսկ այժմ նրա բոլոր հույսերը իզուր անցան: Նա այնքան չէր ցավում, որ զրկվում է երկու հարուստ գավառների իշխանությունից, որքան ամաչում էր հանդիպել մելիք Դավիթին և լսել նրա այսօրինակ հեգնական խոսքերը. – բարեկամ, «շունը շան թաթը չի կոխի», դու ուզում էիր հալվան մինակ ուտել և ընկերիդ չտալ, դրա համար էլ աստված քեզ պատժեց: Իհարկե, եթե մելիք Ֆրանգյուլին հայտնի լիներ իր ընկերոջ գտած նախատական ընդունելությունը Սյուրիի մոտ, նա այնքան չէր տանջվի և բոլորովին հուսակտուր չէր լինի: Նա կմտածեր եթե ոչ այսօր, գուցե վաղը, մյուս օրը դարձյալ կարող էր հասնել իր նպատակին: Բայց նա հավատացած էր, որ որքան էլ թշնամական լինեին աղջկա հարաբերությունները հոր հետ, դարձյալ Սյուրին իր հոր կողմը կբռներ: Այժմ ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Նա մնացել էր մոլորված: Հպարտությունը խեղդում էր նրան: Մտածում էր գնալ, ձի նստել և գիշերով հեռանալ, առանց մելիք Դավիթի կամ մի այլ մարդու հետ տեսնվելու: Գոնե այսպիսով ազատ կմնար ամոթից և նախատինքից: Բայց ո՞ւր գնալ, – այդ հարցը դարձյալ դժվարության մեջ էր դնում նրան: Գնալ իր տունը: Բայց ի՞նչ երեսով նայել իր կնոջ, իր որդիների վրա, որոնք մեծ անհամբերությամբ սպասում են նրա վերադարձին, սպասում են դիմավորել նրան նոր փառքով, Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ստացած: Ի՞նչ պատասխան տալ իր տանուտերներին, որոնց առաջմանե գրած էր, թե նա արդեն ստացել է այդ երկու գավառների իշխանությունը և մելիք Դավիթը կորցրել էր իր նշանակությունը: