– Ի՞նչ նեղություն եք քաշել, – խոսեց խանը այդ բոլորը տեսնելուց հետո, – դուք ինձ չափազանց ամաչեցնում եք ձեր առատաձեռնությամբ. ես, իրավն ասեմ, չգիտեմ, թե ինչով կարող եմ դուրս գալ ձեր պարտավորությունից:
– Այդ բոլորը ոչինչ նշանակություն չունին ձեր բարեսրտության առջև, – պատասխանեց իշխանը ուրախ ժպիտով, – ես դերվիշի նման ձեզ համար մի հատիկ մեխակ*** եմ բերել և ավելի ոչինչ:
Այդ միջոցին կանգնեցրին վրանի առջև իշխանի բերած երեք ազնիվ նժույգները իրանց գեղեցիկ ասպազենով:
– Փա՛հ… փա՛հ… փա՛հ… մաշալլա… – բացականչեց խանը հիացմունքով, – դրանք, երևի, ձեր սեփական երամակիցն են, թե ոչ, Սյունաց ամբողջ նահանգում այս տեսակ ձիաներ չկան:
– Այո՜, իմ սեփական երամակիցն են, – պատասխանեց իշխանը և հրամայեց ձիապաններին, որ շուռ տան նժույգները, որպեսզի խանը տեսնե նրանց ձախ ոտի ազդրի վրա իր դրոշմը, որ էր հայոց Թ տառը:
«Փեշքեշի» ձիան ատամներին չեն նայում, ասում է հասարակաց առածը, բայց խանը կամենում էր տեղեկանալ նժույգների տոհմը, ծագումը, կարծես, փողը նաղդ էր տվել. և այդ ավելի վրդովեցնում էր իշխանին, թեև նա ամեն կերպով աշխատում էր ծածկել իր խռովությունը:
– Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, – ասաց խանը ծանրությամբ, – ես վաղուց գիտեի, որ դուք շատ լավ մարդ եք, իսկ այժմ ուրախ եմ, որ ես սխալված չեմ եղել իմ կարծիքի մեջ:
Այնուհետև նա հրամայեց իր ախոռապետին, որ նժույգները տանել տա և խառնե իր ձիաների երամակի հետ, իսկ սանդուխտարին (գանձապահին) հրամայեց, որ սինիների մեջ բերված ընծաները տանե իր սանդուխանան (գանձարանը):
Այդ միջոցին խանի գեղեցիկ հագնված մանկլավիկները չինեական նախշուն գավաթների մեջ մատուցին շարբեթ, պատրաստած Ռաշտի լիմոնի ջրից, որի մեջ լողում էին սառույցի մանր կտորտանք: Զովացուցիչ ըմպելիք մի քանի անգամ տրվեցավ, ընդմիջվելով Շիրազի անուշահոտ թամբաքուից պատրաստված ղեյլանով: Չնայելով այն բոլոր շողոքորթական խոսքերին, չնայելով այն բոլոր մեծարանքին, որ խանը ցույց էր տալիս հայոց իշխանին, նա դարձյալ իրան խաբված էր համարում, ընդունելով իշխանի բերած ընծաները և զրկվելով մելիք Վարթանեսի գանձից: Այդ ի՞նչ հիմարություն էր, որ նա ընդունեց իր կնոջ առաջարկությունը, մի՞թե կնոջ խոսքին կարելի է հավատալ, մի՞թե առաջին կինը չէր, որ խաբելով իր տղամարդին, զրկեց նրան դրախտի փառքից: Այսպես էր մտածում նա և տարուբերվում էր զանազան չարանենգ խորհուրդների մեջ, բայց չգիտեր ինչ կերպով հագեցնել իր ագահության կրքերը:
Խանը այն տեսակ մարդիկներից չէր, որ շնորհակալ է լինում ստացածովը. այս պատճառով Թորոս իշխանի հարուստ ընծաները ոչ միայն չբավականացրին նրան, այլ ձգեցին խիստ խորին կասկածանքի մեջ, – արդյոք այդ մարդը, որ այսքան կարողացավ տալ ինձ, ուրեմն ո՞րքան պետք է պահած լինի իր համար: Նա տխուր էր, որ շատ ստացավ, որովհետև այդ շատը ապացույց էր ուրիշ շատերի, որ պետք չէր թող տալ մի հայ մարդու մոտ:
Շերբեթի խմելուց հետո մանկլավիկները ձեռք լավանալու ջուր բերեցին, և կամենում էին ճաշի սեղանը պատրաստել:
– Ես մի պատառ հաց անգամ բերանս դնել կարող չեմ, մինչև գերիներին բանտից դուրս եկած և իմ մարդիկների հանձնված չտեսնեմ, – ասաց Թորոս իշխանը փոքր-ինչ սառն կերպով:
– Ինչու՞ եք շտապում, – պատասխանեց նրան խանը ծիծաղելով, – դեռևս ճաշտ անուշ արեք, հանգստացեք, այնուհետև, երեկոյան զովի ժամանակ, երբ գնալու կլինեք , գերիներին ձեզ հետ կտանեք:
Բայց պարսկական ճաշը` հնդկական անուշահոտություններով, իսկ հաճախ թույներով համեմած ճաշը, Թորոս իշխանին չէր գրավում: Նա իսկապես ախորժակ չուներ մի բան ուտելու, թեև ճանապարհից էր եկած, թեև ոչինչ չէր կերած: Գերիների վիճակը սաստիկ տանջում էր նրա առաքինի և սիրող սիրտը: Նա ցանկանում էր շուտով տեսնել նրանց, տեսնել, թե որն մեռել, և որը կենդանի մնացել: Բայց խանը չէր կամենում, որ իշխանը գերիներին նույն ցավալի դրության մեջ տեսնե, որպես պահել էր նրանց. այս պատճառով իր մանկլավիկներից մեկի միջոցով ծածուկ պատվեր տվեց բանտապետին, որ նրանց դուրս բերե բանտից, շղթաները արձակե, և կեղտոտության մեջ ապականված այդ թշվառներին փոքր-ինչ մաքրել տա:
Այդ միջոցին երկու մելիքների վրանը մտավ խանի սպասավորներից մեկը, որին կաշառել էին լրտեսելու, թե ինչ վախճան կունենա Թորոս իշխանի այցելությունը:
– Ի՞նչ լուր բերեցիր, – հարցրեց նրանից մելիք Ֆրանգյուլը:
Սպասավորը պատմեց, թե խանը սիրով ընդունեց իշխանին, և շնորհակալ եղավ նրա բերած «փեշքեշների» համար, և հրամայեց բանտից դուրս բերել գերիներին և հանձնել իշխանի մարդիկներին:
Սպասավորի յուրաքանչյուր խոսքը նետի նման ծակում էր երկու մելիքների սրտերը: Նրանք դժվարանում էին հավատալ, թե խանը կարող էր այսպես հեշտությամբ իր միտքը փոխել, թե նա այնքան կհիմարանար, որ չէր հասկանա իր սեփական շահերը, և չէր կատարի այն բոլոր օգտավետ խորհուրդները, որ նրա հավատարիմ մելիքները հաղորդեցին նրան: Ուրեմն դարձյալ խորտակվեցավ այն մեծ որոգայթը, որի մեքենայության վրա այնքան շատ աշխատել էին այդ երկու մարդիկը, դարձյալ նրանց ջանքերը իզուր անցան: Բայց խանի տրամադրության անակնկալ փոփոխությունը առանց մի նշանավոր պատճառի չէր լինելու, և այդ պատճառը գիտենալը ավելի հետաքրքրում էր մելիք Դավիթին:
– Դու այն ասա, Կաֆար, – հարցրեց նա սպասավորից, – դեռ Թորոս իշխանը չեկած, ո՞վ տեսնվեցավ խանի հետ:
– Հարեմից մի կին եկավ խանի վրանը, և նրա հետ առանձնացած գաղտնարանում, երկար խոսում էին, – պատասխանեց սպասավորը: – Ծերունի ներքինապետը սատանայի նման կանգնած էր գաղտնարանի մուտքի մոտ և ոչ ոք համարձակություն չուներ մոտենալու, դրա համար ես ոչինչ լսել չկարողացա:
Մելիք Դավիթը հասկացավ բոլորը, դա անիծված Սյուրին պիտի լիներ, որ այս անգամ ևս խոչընդոտ դրեց հոր ձեռնարկության առջև, որ այս անգամ ևս ոչնչացրեց նրա բոլոր հույսերը: Կատաղությունը, վրեժխնդրությունը իր ամբողջ դժոխային վրդովմունքով լցրին թշվառ հոր սիրտը: Նա այնքան մեծ ակնկալություններ ուներ իր աղջկանից, նա հավատացած էր, որ Սյուրին կլինի մի լավ միջնորդ, մի լավ բարեխոս իր և խանի մեջ, և կաշխատե կատարել հոր բոլոր ցանկությունները, իսկ այժմ հակառակն էր տեսնում: Խաբված հույսը ավելի զայրացնում էր նրան: Նրան հայտնի էին բոլոր պատճառները, թե ինչո՞ւ Սյուրին այսպես էր վարվում: Նա ծախեց իր աղջկան, վաճառեց նրան փառք և իշխանություն ստանալու համար: Նա խլեց նրան քրիստոնեական ընտանիքից և ձգեց մահմեդական հարեմի ապականության մեջ և, որ ամենագլխավորն է, նա զրկեց աղջկան իր սիրած տղամարդից… որ այժմ գտնվում էր միևնույն գերիների թվում… և որի շղթաները կամենում էին ավելի ծանրացնել, և եթե հնար կլիներ, նրա կյանքին մահ նյութել… Անգութ, անողորմ փառասերը կարծում էր, թե կարող կլինի խեղդել բնության ձայնը իր սիրող դստեր մեջ, կարծում էր, թե պարսկական փակված հարեմի խլության մեջ բոլորը կմոռանա նա, ինչ որ առաջ այնքան թանկագին, այնքան մոտ էր նրա սրտին: Նա չէր կարծում, թե հայ ընտանիքի ստրկացած դստեր մեջ կարող է լինել այս աստիճանի կամքի և բնավորության հաստատություն: Նա չէր մտածում, որ Սյուրիի այժմյան կյանքի պայմանները կարող էին նրան ավելի խելամուտ դարձնել և ավելի ջերմ կերպով բորբոքել նրա սրտում կորցրած տղամարդի սերը:
Մելիք Ֆրանգյուլի արծվի տեսությունից անհայտ չմնաց իր գործակցի խռովությունը. նա տեսավ, թե որպես այդ սառնասիրտ և անագորույն մարդը շփոթության մեջ ընկավ, երբ լսեց սպասավորի բերած համբավը: Բայց ինքը չէր հավատում, որ խանը փոխած լինի իր միտքը, նա ավելի հավանական էր համարում, որ խանը կընդունե Թորոսի բերած ընծաները, կխոստանա վերադարձնել գերիներին, իսկ հետո կհրամայե նրան բանտարկել, և կպահանջե նրանից մելիք Վարթանեսի գանձերը: Ի՞նչ կարող են անել իշխանի բերած երկու հարյուր ձիավորները և քսանևհինգ թիկնապահները, որոնց առջև կանգնած են նույն թվով զինված պարսիկներ: Շատ-շատ հայերի և պարսիկների մեջ կռիվ կըկնի, մարդիկ կսպանվեն, բայց դարձյալ Թորոսը կմնա խանի ձեռքում:
– Դու հաստատ գիտե՞ս, որ խանը հրամայեց գերիներին հանձնել Թորոսի մարդկանց ձեռքը, – հարցրեց նա սպասավորից, չնայելով, որ նա արդեն հաղորդել էր այդ տեղեկությունը:
– Ինչպես չգիտեմ, – պատասխանեց սպասավորը գործագետ մարդու եղանակով, – ես իմ ականջով լսեցի և իմ աչքով տեսա, երբ բանտապետը խանից հրաման ստանալով, գնաց, բաց արեց բանտի դռները և պատվիրեց իր սպասավորներին մաքրել գերիներին, որ իշխանը նրանց այնպես կեղտոտ չտեսնե:
Սպասավորը կրկին հեռացավ, պատվեր ստանալով երկու մելիքներից, եթե մի նոր փոփոխություն կամ մի նոր դեպք կպատահե` շուտով իմացում տալ նրանց: