Րաֆֆի - Դավիթ Բեկ стр 16.

Шрифт
Фон

Ահա այդ մտատանջությունների մեջ գտավ նրան խանը, որ ավելի բարկացած, քան թե զարմացած իր ամուսնի անակնկալ այցելության վրա, ներս մտավ գաղտնարանը: Հարեմի մեջ փակված կնոջ իր արգելարանից դուրս գալը, և ահագին բազմության միջից անցնելով, այդ վրանը մտնելը ոչ միայն անվայել, այլ բոլորովին հակառակ էր կանանոցի կանոններին: Եվ դրանով պետք է բացատրել այն սպառնական հայացքը, որով դարձավ խանը դեպի իր կինը` հարցնելով.

– Դու ի՞նչ գործ ունես այստեղ:

Սյուրին մնաց շփոթված. կարծես նրա լեզուն կապեցին, և մի խոսք անգամ չգտավ պատասխանելու: Նրան տիրեց մի տեսակ երկյուղ – ստրուկի երկյուղը իր սարսափելի տիրոջ առջև: Այդ առաջին անգամն էր, որ նա զգում էր իր ոչնչությունը, թե ինքը մահմեդական ընտանիքի մեջ մի կրավորական առարկա էր, մի փայլուն և խայտաճամուկ զարդ էր, և ոչ կամքի ու խոսքի տեր արարած, և ոչ ամուսնի ընկեր ու նրա խորհրդակից: Խանը նայելով այդ գեղեցիկ, շփոթված առարկայի վրա, որը, որպես մի ամոթխած հրեշտակ, ներկայանում էր նրա աչքում իր բոլոր սքանչելի հրապուրանքով, մեղմեց իր բարկությունը և մոտենալով, բռնեց նրա ձեռքից, նստեցրեց իր մոտ մախմուռի օթոցի վրա, հարցրեց.

– Գիտեմ, մի խնդիրքով եկած կլինես ինձ մոտ, խոսիր, նազելիս, ի՞նչ ունիս ասելու:

Նեղ դրությունը մարդուն սրամիտ է շինում: Սյուրին հանկարծ հիշեց այն նշանավոր րոպեն իր ամուսնական կյանքում, որ սկիզբը դրեց նրա անբախտությանը: Նա հիշեց այն տագնապալից գիշերը, երբ ինքը տասնևչորս տարեկան մի անմեղ աղջիկ, փառասեր հոր ձեռքով ձգվեցավ խանի գիրկը: Նա հիշեց այն բոլոր հոգեկան տանջանքը, այն բոլոր գարշելի զզվանքը, որով ինքը, որպես մի նոր Հռիփսիմե, պատերազմում էր խանի գազանային կրքերի դեմ և չէր կամենում անձնատուր լինել: Նա հիշեց այն խոսքը, որ ախտաբորբոք խանը երդվելով ասաց նրան. «Խնդրիր ինձանից ամեն բան և ես կտամ քեզ, միայն թե դու իմս լինես»: Սյուրին ոչինչ չխնդրեց և անձնատուր եղավ… Այնուհետև խանը մի քանի անգամ կրկնեց նրան միևնույն խոստմունքը, բայց Սյուրին միշտ սպասում էր մի կարևոր դեպքի, որ իր խնդրածըմի նպատակահարմար և նշանավոր բան լիներ: Այժմ դեպքը ինքնըստինքյան առաջ եկավ:

Նա չոքեց խանի առջև, որպես մի խոնարհ աղերսարկու աստվածներից ամենասարսափելի արձանի առջև, և իր գեղեցիկ, արտասուքով լի աչքերը դեպի վեր բարձրացնելով, ասաց.

– Իմ իշխանը հիշու՞մ է, որ մի պարտք ունի ինձ վճարելու:

– Ի՞նչ պարտք, – հարցրեց նա զարմանալով:

Սյուրին հիշեցրեց նրան հին խոստմունքը:

– Այդ ես չեմ մոռացել, – ասաց խանը ժպտելով, – ես մեղավոր չեմ, որ քո առջև վատ պարտական գտնվեցա, դու առհասարակ անհոգ ես քո ապառիկների վերաբերությամբ: – Հիմա խնդրիր, ինչ որ կամենում ես, ես իմ խոստմունքը պատրաստ եմ կատարելու:

– Ես քեզանից մեծ բան չեմ խնդրելու, – պատասխանեց Սյուրին, տակավին անշարժ մնալով իր չոքած դրության մեջ, – ես եկա խնդրելու, որ ազատես հայ գերիներին և Թորոս իշխանին ձեռնունայն հետ չդարձնես:

– Ա՛… այդ շատ մեծ բան է քո խնդրածը… – պատասխանեց խանը զարմացական բացականչությամբ, և նրա փոքր-ինչ մեղմացած դեմքը կրկին մռայլվեցավ սովորական խստությամբ: – Դու կամենում ես ինձ կորցնել տալ մելիք Վարթանեսի ամբողջ գանձը:

– Ի՞նչ գանձ:

Խանը սկսեց պատմել նրան բոլորը, ինչ որ լսել էր նրա հորից և մելիք Ֆրանգյուլից առասպելական գանձի մասին, ավելացնելով, թե մեծ հիմարություն կլիներ իր կողմից մի այսպիսի ահագին կողոպուտը ձեռքից բաց թողնել, մանավանդ, որ ինքը փողի շատ հարկավորություն ունի:

Սյուրին պատասխանեց, թե ինքը երբեք հանձն չէր առնի ձանձրացնել իր «իշխանին» անտեղի խնդիրքով և երբեք չէր ցանկանա զրկել նրան իր շահերից, եթե գիտենար, որ այդ երևակայական գանձը գոյություն ունի: Բայց նա այդ բոլորը զրպարտություն է համարում, թեև հաղորդողներից մեկը իր հայրն է:

– Ուրեմն ի՞նչ նպատակ ունեին նրանք խաբելու ինձ, – հարցրեց խանը խորին վրդովմունքով:

– Նպատակ ունեն… – պատասխանեց Սյուրին զգալի խռովությամբ, – և նրանց նպատակը ինձ լավ հայտնի է, բայց այժմ անհարմար եմ համարում հաղորդել ձեզ, հուսալով, որ իմ իշխանը կհավատա, որ իմ աղախինը սուտ խոսող չէ:

Այս խոսքերը արտասանեց նա այնպիսի մի զգացմունքով, որ ազդեց խանի քարացած սրտի վրա, և նա բռնելով իր առջև չոքած գեղեցիկ կնոջ թեքից, կրկին նստեցրեց իր մոտ, ասելով.

– Ես կկատարեմ քո խնդիրքը:

Սյուրին ուրախությամբ ընկավ իր «իշխանի» գիրկը, թևքերը փաթաթեց նրա պարանոցով, և իր բորբոքված, շառագունած թշերը սեղմեց նրա շրթունքի վրա: Այդ առաջին անգամն էր, որ մանկահասակ կինը այնպես ջերմ, այնպես անկեղծ սիրով գրկում էր իր բռնապետին, որին մինչև այն օր միշտ ատել, միշտ անիծել էր իր սրտում:

Այդ միջոցին կրկին հնչեց փողը և հեռվից լսելի եղան ձիաների սմբակների ձայներ:

– Այժմ հեռացիր, նազելիս, – ասաց խանը կանգնելով և Սյուրիին իր հետ վեր բարձրացնելով, – Թորոս իշխանը գալիս է:

Սյուրին ծածկեցավ իր մուգ-կապտագույն չադրշաբի մեջ, ձգեց երեսի վրա անթափանցիկ քողը և դուրս եկավ գաղտնարանից: Մուտքի առջև նրան սպասում էր ծերունի ներքինապետը, որն առաջ ընկավ և տարավ տիկնոջը մինչև իր վրանը: Այնտեղ միայն հարցրեց ծերունին.

– Հաջողվեցա՞վ:

Սյուրին, ուրախության ժպիտը երեսին, պատասխանեց.

– Այո՜:

– Փառք աստուծո, – բացականչեց ծերունին իր գոհունակ ձեռքերը բարձրացնելով դեպի երկինքը:

Թ

Կեսօր էր արդեն: Խանի վրանի առջևի հրապարակի վրա, դեպի աջ կողմը, կարգով շարված էին երկու հարյուր զինված ձիավորներ խանի հեծելախմբից, հրացանները պատրաստ ձեռներին բռնած: Նրանց հանդեպ, դեպի վրանի ձախ կողմը, նույնպես կարգով շարված էին երկու հարյուր հայ ձիավորներ, նույնպես հրացանները ձեռքներին պատրաստ բռնած: Հայ և պարսիկ ձիավորների մեջտեղը թողնված էր փողոցի նման մի երկայն տարածություն, որտեղից պիտի անցներ Թորոս իշխանը: Այդ փողոցի ծայրից հայտնվեցավ նա: «Սալամ…», – գոռացին բոլոր ձիավորները մի քանի անգամ, և օդը թնդաց բազմաթիվ ձայների որոտմունքից: Իշխանը նստած էր մի գեղեցիկ, սպիտակ նժույգի վրա, որի ամբողջ ասպազենը զարդարված էր արծաթով: Նա մի հսկայատիպ մարդ էր, այրական խրոխտ դեմքով և առյուծի հրացայտ աչքերով: Նրա առջևից տարվում էին իշխանի բերած «փեշքեշները», որ պիտի ընծայեր խանին: Յոթն հոգի մինը մյուսը ետևից, գլխների վրա դրած, տանում էին յոթ պղնձե սինիներ, որ ծածկված էին քիրմանի թանկագին շալերով և իրանց մեջ կրում էին զանազան հազվագյուտ և ծանրագին իրեղեններ: Նրանց ետևից, սանձերից բռնած, տանում էին երեք գեղեցիկ նժույգներ, որոնց թամքը, սանձը և բոլոր պարագայքը զարդարած էին արծաթով: Նժույգները նույնպես ծածկված էին քիրմանի շալերով: Այդ «փեշքեշների» ետևից գալիս էր ինքը իշխանը շրջապատված իր թիկնապահներով: բոլոր մահմեդականները մի առանձին նախանձոտ կատաղությամբ դիտում էին հայ իշխանի փառքը և մեծությունը: Նրա կշտից քարշ էր ընկած երկայն, կեռ թուրը, որի երախակալը զարդարած էր թանկագին ակներով, իսկ գոտիի մեջ խրած էին մի զույգ ատրճանակներ, արծաթով պատած կոթերով: Նա թեև քառասուն և հինգ տարեկան կլիներ, բայց երիտասարդի բոլորովին թարմ դեմք ուներ, բավական գեղեցիկ և կանոնավոր գծագրությամբ: Կարճ կտրած մորուքի և գլխի գանգրահեր մազերի մեջ դեռ ոչ մեկը չէր սպիտակել, չնայելով, որ այդ մարդը իր կյանքում խիստ սակավ րոպեներ ազատ էր մնացել մաշող վշտերից:

Երբ իշխանը մոտեցավ խանի վրանին, տասն քայլ հեռավորության վրա ձիուց ցած իջավ, այդ ժամանակ խանը դուրս եկավ վրանից, դիմավորեց նրան, և ձեռքիցը բռնելով, բերեց չադրի այն մասը, որ հատկապես պատրաստված էր պատվավոր հյուրին ընդունելու համար: Իշխանի թիկնապահները, որ թվով քսանևհինգ հոգի էին, բոլորը ամեհի և քաջ երիտասարդներ, ձեռքները իրանց սրերի վրա դրած, կանգնեցին վրանի մուտքի այն կողմում, որ կողմը նստած էր իրանց տերը: Նրանց հանդեպ կանգնած էին խանի ֆարրաշները, և անընկերասեր կերպով նայում էին կոպիտ սյունեցի հայերի երեսին:

– Բարով եկաք, հազար բարով, ձեր յուրաքանչյուր քայլը ինձ համար մեծ շնորհ եմ համարում, – ասաց խանը իր երկրի քաղաքավարության սովորական ձևով:

– Ինձ բերեց ձեր սպասին, իբրև մի ուխտավոր, ձեր շնորհալի դեմքի լույսը տեսնելու ցանկությունը: Ես ինձ բախտավոր եմ համարում, որ վայելում եմ ձեր շնորհը և բարեսրտությունը, և հուսով եմ, որ միշտ անխախտ կպահպանվեն մեր բարեկամական կապերը, որպես եղել են միշտ:

Այսպես երկար, երկու տարբեր և թշնամական ցեղերի պետերը, մինը մյուսին հայտնի կերպով շողոքորթելով, թափում էին միմյանց առջև իրանց բարեկամական ջերմ զգացմունքը և սերը: Այդ միջոցին իշխանի ծառաները «փեշքեշները» ներս բերեցին: Յոթն պղնձե սինիներ շարվեցան խանի առջև: Երբ նրանց վրայից վեր առեցին քիրմային շալի ծածկոցները, խանի աչքերը կատարելապես շլացան: Այդ թանկագին իրեղենները թեև մելիք Վարթանեսի գանձի չափ չէին լինի,բայց դարձյալ մեծ հարստություն դիզված էր սինիների վրա: Մեկի վրա կիտված էին ոսկի դրամներ, մյուսի վրա արծաթի դրամներ, երրորդի վրա արծաթով զարդարած ընտիր զենքեր` դաշույն, ատրճանակ, ղարաբինա, վառոդի և գնդակի ամաններ և այլն. չորրորդի վրա արծաթից շինված և ոսկեջրած անոթներ` թասեր, կուլաներ, ղեյլանի և չիբուխի գլուխներ և այլն. հինգերորդի վրա` գեղեցիկ չինեական ամաններ, վեցերորդի և յոթներորդի վրա` զանազան տեսակ նուրբ մետաքսեղեն և շալեղեն գործվածներ հարեմի կանանց հագուստի համար:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора