Րաֆֆի - Դավիթ Բեկ стр 18.

Шрифт
Фон

Սպասավորի հեռանալուց հետո երկու մելիքները, կայծակնահար եղած մարդու նման, եկար մնացին մի սոսկալի շփոթության մեջ: Նրանցից ամեն մեկը խոսք չէր գտնում իր սրտի ցավը և վրդովմունքը արտահայտելու: Մելիք Ֆրանգյուլը մինչև այսօր հույս էր դրած մելիք Դավիթի խորամանկության և բազմափորձության վրա: Նա հավատացած էր, որ այդ բանսարկուն իր ազդեցության տեր դստեր միջնորդությամբ ամեն ինչ կարգի կդնե: Իսկ այժմ մի խուլ զգացմունք նրան համոզում էր, թե Սյուրին խիստ անշնորհակալ գործիք է հոր ձեռքում, թե հայրը այնքան ազդեցություն չունի նրա վրա, որքան ինքը աշխատում է ցույց տալ, և վերջապես Սյուրին հակառակ է գնում հոր ձեռնարկություններին: Այդ կարծիքների մեջ ավելի համոզվեցավ նա սպասավորի այն խոսքով, որով հայտնեց, թե Թորոս իշխանի գալուց առաջ, հարեմի կնիկներից մեկը վրանի գաղտնարանում տեսնվեցավ խանի հետ: Ո՞վ կարող էր լինել այդ կինը, եթե ոչ Սյուրին. և կնիկներից որի՞ն կարող էր հետաքրքրել գերիների վիճակը, եթե ոչ նրան:

– Դուք չե՞ք կարծում, որ այդ բոլոր գործերը փչացնողը ձեր աղջիկն է, – հարցրեց նա մելիք Դավիթից:

Թշվառ հոր լեզուն կապվեցավ, չգիտեր, թե ինչ պետք էր պատասխանել. անակնկալ հարցը սարսափեցրեց նրան:

– Ես չեմ կարծում, – պատասխանեց նա րոպեական մտահուզությունից հետո:

– Ապա ի՞նչով եք բացատրում Սյուրիի խանի հետ տեսնվելը Թորոսի գալուց առաջ:

– Ես առավոտյան ձեզ պատմեցի, թե այս գիշեր հարեմի մեջ պատահել է մի անկարգություն, կնիկներից մեկը Սյուրիի քնած ժամանակ կտրել է տվել նրա ծամերը, երևի, այս առիթով դիմել է նա խանին, հայտնելու իր գանգատը:

Թեև մելիք Դավիթի բացատրությունները հեռու չէին հավանականությունից, այսուամենայնիվ, մելիք Ֆրանգյուլի սրտում մնաց մի խուլ կասկած դստեր և հոր հարաբերությունների մասին, մանավանդ երբ նա մտաբերեց, որ առավոտյան Սյուրին մերժել էր հոր այցելությունը, պատճառ բռնելով իր տկարությունը: Հարազատ հորից ավելի ո՞ւմ կարող էր ընդունել հիվանդ աղջիկը, որ մահմեդականների մեջ ոչ մի ազգական, ոչ մի բարեկամ չուներ: Եվ ի՞նչ հրաշքով այդ հիվանդը այնպես շուտ առողջացավ, որ շտապեց բողոքել իր ծամերի կտրվելու մասին: Այդ բոլորը մելիք Ֆրանգյուլին թվում էին անլուծելի հանելուկներ:

Բայց մելիք Դավիթի համար ամեն ինչ պարզ էր, թեև նա աշխատում էր խորամանկությամբ ծածկել: Նրան հայտնի էր իր դստեր սերը Գենվազի Շահումյան իշխանների վերջին ժառանգի` Ստեփաննոսի հետ, որ այժմ գերիների թվումն էր գտնվում, որին սպանել տալու ամեն միջոցները անցան ապարդյուն… Նա գիտեր, որ Սյուրին այնքան խելք ու այնքան համարձակություն ուներ, որ կարող էր ցրել խանի հրապուրանքը Ստեփաննոսի հոր մելիք Վարթանեսի առասպելական գանձի մասին: Եվ վերջապես, նա բոլորովին բնական էր համարում, որ Սյուրին կաշխատեր հաջողեցնել գերիների ազատությունը, որպեսզի նրանց թվում ազատված լինի և իր սիրելին: – Այդ բոլորը ոչնչացնելու, այդ բոլորը խափանելու համար, և Թորոս իշխանին ձեռնունայն, ամոթալի վերադարձնելու համար` բավական էր մի խոսք ասել խանին, – բավական էր հայտնել նրան, թե իր պաշտելի Սյուրին խաբում է, դավաճանում է նրան, թե նա սիրում է այն գերիներից մեկին, որոնց ազատության համար բարեխոսություն է անում, թե նա վաղուց իր սիրտը տված էր այդ պատանուն, որ կարող է մի ժամանակ ոչ միայն խլել նրա հարեմի կնիկներից ամենագեղեցկին, այլ տիրանալ և այն գավառին, որ պատկանում էր նրա հորը, որը նվաճելու համար խանը գործ դրեց այնքան շատ զոհողություններ: Այդ բոլորը անագորույն հայրը պատրաստ էր հայտնել խանին: Նա պատրաստ էր մատնել հարազատ աղջկան: Բայց ի՞նչ կլիներ դրա հետևանքը: – Հետևանքը, որպես պարզ հայելու մեջ, տեսնում էր նենգավորը. խանը, արդարև, գերիներին դարձյալ կպահեր իրանց շղթաների մեջ և Թորոս իշխանին դատարկ ճանապարհ կդներ: Խանը Ստեփաննսին սպանել կտար: Խանը նրա սիրուհուն` Սյուրիին խեղդել կտար կամ խայտառակությամբ դուրս կձգեր իր հարեմից: Այս բոլորը անտարակույս կաներ խանը: Բայց ի՞նչ կշահեր մելիք Դավիթը, – ահա այդ հարցը տանջում էր նրան: Սյուրիի անհավատարմությունը պետք է պատճառ դառնար նրա հորը կորցնել իր բոլոր նշանակությունը խանի աչքում: Եթե այժմ թե՜ հայ և թե՜ մահմեդական հասարակությունների մեջ համարում և ազդեցություն ուներ նա, դրանցով պարտական էր իր աղջկանը, որ խանի առաջին կինն էր: Բայց երբ Սյուրին այլևս չէր լինի, այնուհետև ո՞վ մարդու տեղ կդներ տաթևացի ուրացողին: Այժմ նրան թեև սրտով չէին հարգում, բայց նրանից վախենում էին, որովհետև խանի նման մի հզոր փեսա ուներ: Բայց երբ նրա բոլոր կապերը կքանդվեին խանի հետ, այն օրից նա կընկներ, այն օրից նա կկորցներ բոլորը: Թեև Սյուրին ոչ մի ժամանակ չէր օգնել նրա չար նպատակներին, թեև նա միշտ հակառակել էր հոր եղեռնական դիտավորություններին, բայց այդ գիտեր հայրը միայն, դրսից այլապես էին նայում գործերի վրա: Դրսից այնպես էին կարծում, թե մելիք Դավիթը իր աղջկա միջնորդությամբ խանի խելքը, միտքը և սիրտը իր ձեռքումն ունի: Ինչո՞ւ չշահվել միամիտների այդ երևութական կարծիքից: Ինչո՞ւ իր ձեռքով ոչնչացնել իր բախտը…

Ժ

Մինչ երկու մելիքները տխուր հուսահատության մեջ նախատում էին իրանց անհեռատեսությունը, պախարակում էին իրանց դանդաղկոտությունը, այդ միջոցին բանտապետը դուրս էր բերում գերիներին իրանց մթին խորշից: Նայողների հետաքրքիր բազմությունը հավաքված էր այնտեղ, և անհամբերությամբ սպասում էին տեսնել այդ թշվառներին, որոնք մի քանի ամիս մաշվում էին ստորերկրյա զնդանի մեջ: Այնտեղ դուրս բերեցին գերիներին, մի քանի ղաթարներով, որպես քարավանի գրաստներին կապում են միմյանց հետ: Յուրաքանչյուր ղաթարը բաղկացած էր քսան հոգուց. մի երկայն շղթա, որի օղակները անց էր կացրած նրանց պարանոցով, կապում էր բոլորին միասին: Այդ բավական չէր, բոլորի թեքերը ետևից շղթայված էին կապանքներով: Բանտապետը սկսեց բաց անել կապանքները: Շատերը չէին կարողանում ոտքի վրա կանգնել. ստորերկրյա զնդանի սպանիչ խոնավությունը անցել էր մինչև նրանց ոսկրները և թուլացրել էր նրանց ջղերը: Մարդ սարսափում էր, նայելով այդ մաշված, դեղնած, դալկացած թշվառների վրա, որոնք, կարծես, գերեզմանից էին դուրս գալիս: Տեսնելով դրսի օդը, դրսի լույսը, նրանք փոքր-ինչ զվարթացան, իսկ ազատության հույսը կյանք տվեց նրանց: Շղթաների մեջ մի քանիսը մեռած էին. դիակը օրերով կապված էր մնացել կենդանի ընկերի հետ: Նրանց կրկին ձգեցին զնդանի մեջ, որ հրապարակի վրա չմնան, որ Թորոսի մարդիկը չտեսնեն:

Դժվար է նկարագրել այն անսահման ուրախությունը, որ տիրեց այդ թշվառներին, երբ Թորոս իշխանի մարդիկը եկան նրանց տանելու: Մի քանի րոպե ցնորվածի նման գրկախառնվում էին, համբուրվում էին և շատերը արտասուք էին թափում: Թորոսի, այդ փրկարար հրեշտակի, պաշտելի անունը մոռանալ տվեց նրանց կրած տանջանքները: Շատերի համար մաքուր հագուստներ էին ուղարկված իրանց ազգականներից, և սկսեցին անմիջապես փոխել իրանց կեղտոտ հագուստները: Պատանի Ստեփաննոսը հագնվեցավ, որպես վայել էր մի իշխանական տոհմի ներկայացուցչին: Նրա գլխի վերքը հոգատար տիկնոջ խնամքով բավական լավացած էր, իսկ գունաթափ, հիվանդոտ դեմքը իր թառամության մեջ ավելի գեղեցիկ էր: Երբ նա բոլորովին պատրաստ էր, խանի մանկլավիկներից մեկը մոտեցավ նրան, և գլուխ տալով, ասաց.

– Խանը հրամայեց իր հետ ճաշել, Թորոս իշխանն էլ այնտեղ է:

Մանկահասակ իշխանազնը, շրջապատված իր հոր վաղեմի ծառաներով, սկսեց հանդիսավոր կերպով դիմել դեպի խանի վրանը: Նա անցավ կանանոցի չադրների մոտից: Այդ միջոցին չէր կարելի չնկատել, որ կանանոցի սարայփերդեից մի գեղեցիկ կանացի գլուխ կիսով չափ վեր բարձրացավ, և երկու խոշոր, սևորակ աչքեր սկսեցին նայել նրա վրա: Մանկահասակ իշխանազնը շուռ եկավ դեպի այն կողմը և երկուսի աչքերը հանդիպեցին միմյանց: Այդ լուռ, խորհրդավոր հայացքի մեջ նրանք այնքան շատ բան ասեցին միմյանց և այնքան ազդու կերպով արտահայտեցին իրանց սրտերի զգացմունքները, ինչ որ անկարող էր կատարել պերճախոս լեզուն: Մնացած գերիները տարվեցան Թորոսի ձիավորների մոտ:

Խանը այնպես ուրախությամբ հանդիպեց Ստեփաննոսին, կարծես, մի ցանկալի հյուր էր ընդունում, կարծես, նրա հետ նոր էր ծանոթանում, և բնավ չգիտեր, թե նա իր բանտումն էր գտնվում: Շահումյանների տունը քանդողը, նրանց երկիրը բռնությամբ գրավողը և Ստեփաննոսի հորը ու նրանց ամբողջ ազգատոհմը սրից անցկացնող գազանը, մի առանձին քաղցրությամբ դարձավ դեպի պատանին, հարցնելով.

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора