– Մելիք Վարթանեսի ամբողջ գանձը, – պատասխանեց մատնիչը:
Խանը զարմացավ, ասելով, թե մելիք Վարթանեսը ինչ որ ուներ, ինչ որ չուներ, բոլորը կողոպտեցավ կռվի ժամանակ. մի՞թե դեռևս նրանից մի բան մնացած
– Ինչպես չէ, – պատասխանեց մելիքը ժպտելով, որպես մի մարդ, որ ժպտում էր երեխայի միամտության վրա: – Մելիք Վարթաննեսը դեռ կռվից շատ առաջ հոտը առել էր, որ ձեր զորքերը պիտի մտնեն նրա երկիրը. այս պատճառով իր գանձը նախապես տեղափոխել էր իր աներոջ` Թորոս իշխանի ամրոցը: Ձեր զորքերը գտան մելիք Վարթանեսի ամրոցում նրա հարստության փշրանքները միայն:
Հետո նա սկսեց պատմել այդ առասպելական գանձի մասին շատ բան. թե մելիքը իր ամրոցում մի ներքնատուն ուներ երկաթե դռներով, թե այնտեղ հատակի վրա, ցորենի շեղջերի նման, դիզված էին` մի կողմում ոսկի, մյուս կողմում արծաթ, մի տեղ պղնձե դրամներ, մյուս տեղ թանկագին քարեր: Թե այդ կույտերը այնքան բարձր էին, որ եթե մի մարդ մյուս կողմում կանգնած լիներ, անկարելի էր նրան տեսնել: Եվ փողը այնտեղ չէին համարում, կամ կշռում էին կշիռքով, կամ չափում էին սոմարով: Այդ բոլորը նա ուղտի բեռներով առաջուց ուղարկած էր Թորոս իշխանի տունը:
Այդ պատմությունը խանի վրա նույն ազդեցությունն էր գործում, ինչպես քաղցած մարդու մոտ համեղ կերակուրների պատմությունը: Նրա ախորժակը ավելի բացվեցավ, և ինչպես ասում են` «բերնի ջուրը գնաց», երբ մելիք Դավիթը, որ բոլոր ժամանակը լուռ էր, վկայություն տվեց, թե բոլորը ճշմարիտ է, թե ինքը իր աչքովն է տեսել այդ ահագին գանձը, թե այնտեղ կային սկսյալ Սկանդար Զուլկարնեյնից (Ալեքսանդր Մակեդոնացուց) ամեն ժամանակների դրամներ, թե այնտեղ կային մինչև անգամ քաջքերի դրամներ:
Այդ միջոցին հեռվից լսելի եղավ փողի ձայն, որի դողդոջուն հնչյունները կոտրատվելով տարածվեցան լեռների մեջ: Մի քանի անգամ կրկնվեցավ ձայնը, հետո լռեց:
– Իշխանը գալիս է, – ասաց խանը և հրամայեց Ֆարրաշբաշուն իր դրանիկներից գլխավորների հետ ընդառաջ գնալ:
Երկու մելիքները կանգնեցան, հայտնելով, թե իրանց անհարմար է նրա գալուց հետո ներկա գտնվել:
– Շնորհակալ եմ, «իմ» մելիքներ, – ասաց խանը բարեկամաբար, – շատ շնորհակալ եմ, որ դուք այդ բոլորը նախապես հայտնեցինք ինձ: Ես պատանի Ստեփանին չեմ տա, մինչև չստանամ նրա հոր ամբողջ գանձը, և մյուս գերիներին նույնպես չեմ ազատի, մինչև չստանամ արժանավոր փրկանք: Ես չեմ մոռանա, որ դուք իմ աչքերս բաց արեցիք…
Ը
Երբ երկու մելիքները հեռացան, խանը գտնվում էր մի տեսակ հոգեկան բերկրության մեջ: Առասպելական գանձի պատմությունը այն աստիճան գրգռել էր նրա ագահությունը և այն աստիճան լցրել էր նրա սիրտը շատ հարստանալու հույսերով, որ երևակայում էր, թե քանի րոպեից հետո աշխարհի Ղարունը§§ կդառնա: Ինչե՛ր չէր կարելի անել այդ գանձով: Նրանով կարելի էր կազմակերպել զորքերի այնքան բազմություն, որոնցմով շատ հեշտ կլիներ տիրել ամբողջ Ատրպատականը… որոնցմով կարելի կլիներ մինչև անգամ հափշտակել Սեֆեվիների թագը…
Ագահության և փառասիրության բաղձանքը ծնեց նրա մեջ հանցավոր խորհուրդ – մեղանչել հյուրասիրության սրբության դեմ և չհարգել տված խոսքը: Երկուսն էլ մեծ անպատվություն էին մի պետի համար, որքան վայրենի, որքան և բարբարոս լիներ նա: Թորոս իշխանի ընդունելության պայմանները սկզբից որոշված էին նրա հետ. իշխանը պիտի գար երկու հարյուր ձիավորներով, բերելով իր հետ գերիները ազատելու փրկանքը: Փրկանքի քանակությունը կամ ընծաների արժեքը որոշված չէին, դրանք թողված էին իշխանի մեծահոգության վրա: Երկու հարյուր ձիավորներ խանի կողմից պետք է դիմավորեին նրան: Իշխանին պետք է ցույց տրվեր, նրա պատվի համեմատ, ամեն հարգանք և հյուրասիրություն: Բայց այդ բոլոր կարգադրությունները փոխվեցան խանի մտքում: Նա վճռեց, եթե Թորոս իշխանը չի համաձայնվի տալ նրան մելիք Վարթանեսի գանձը, այն ժամանակ ոչ միայն գերիները չէ կարող ազատել, այլ խանը կհրամայե նրան կալանավորել, բանտարկել և բանտի մեջ մաշել, մինչև գանձը ստացվի: Բայց Թորոս իշխանը միայնակ չէր լինելու, նա իր հետ պիտի բերեր հայոց քաջերից երկու հարյուր զինված ձիավորներ: Այդ ոչինչ. խանի բանակի մեջ կարելի էր մի րոպեում պատրաստել հազար զինված մարդիկ: Դարձյալ մկանը կարելի էր գցել թակարդի մեջ…
Մինչ խանը այդ խորհրդածությունների մեջ էր, կանանոցի վրաններից դուրս եկավ մի կին. նա ոտքից ցգլուխ փաթաթված էր մուգ-կապտագույն չադրշաբի (ղադիֆա) մեջ և երեսը ծածկած ուներ սպիտակ, անթափանցիկ քողով, որի աչքերը ծածկող մասը միայն ուներ մաղաձև հյուսվածք` տեսությունը իսպառ չխափանելու համար: Հուշիկ, նազաքայլ ընթացքով դիմում էր նա դեպի խանի վրանը և նրա առջևից գնում էր ծերունի Ահմեդը ներքինապետի բոլոր ինքնավստահությամբ: Ճանապարհից բոլորը հետ էին քաշվում, երեսները շուռ էին տալիս, մտածելով, որ անցնողը խանի հարեմի խանումներից մեկը ետք է լինի: Եվ իրավ, դա Սյուրին էր: Ծերունի Ահմեդից տեղեկացած լինելով երկու մելիքների մատնությունների մասին, գնում էր իր ամուսնի մոտ հայ գերիների ազատության համար բարեխոսելու: Նա անցավ դեպի խանի վրանի այն մասը, որ կոչվում էր խալվաթ-խանա (գաղտնարան), ներքինին բաց արեց նրա առջև մուտքը, նա ներս մտավ, կրկին նրա ետևից մուտքը փակվեցավ: Սյուրին մնաց միայնակ գաղտնարանի մեջ: Նա մի կողմ ձգեց մուգ-կապտագույն չադրշարը, որի մեջ փաթաթված էր և հայտնվեցավ որպես մի ծովային հավերժահարս, որ հանկարծ դուրս է գալիս ոստրեի միջից: Նա երեսից հետ քաշեց քողը: Այդ թանձր, անթափանցիկ քողը, կարծես, խեղդում էր նրան: Այժմ սկսեց ազատ շունչ քաշել: Այն օրվա բոլոր անցքերը թողել էին նրա սրտում դառն և ցավալի տպավորություններ: Հարեմի կանանց նախանձը, գլխի մազերի կտրվիլը, հայ գյուղացիների սոսկալի վախճանը, իր հոր և նրա համանման արբանյակի բանսարկությունները, – այդ բոլորը այն աստիճան վրդովել, այն աստիճան տխրության մեջ էին գցել նրան, որ նմանում էր մի անմխիթար սգավորի, որը կորցրած է լինում այն, ինչ որ ամենաթանկագինն է աշխարհում նրա համար: Այսուամենայնիվ, այս բոլորը չէր կարող պատճառ տալ հարեմի ստրուկին ուշադրություն չդարձնել իր հագուստի և զարդարանքի վրա, որպես վայել էր իր իշխանի աչքին երևալու համար: Նա տխուր էր, թե ուրախ, – միևնույն է. պետք էր սովորական պչրանքով ներկայանալ իր իշխողին: Նրա կարճլիկ շալվարը (յուփկա) կարված էր վարդագույն ատլասից, ոսկեհուռ բանվածքով և ստորին եզրերը չորս մատի լայնությամբ զարդարած մարգարիտներով և գոհարներով: Թիկնոցը կարված էր մանիշակագույն թավիշից, նույնպես ոսկե թելերով նախշած և եզրերը մարգարիտներով զարդարած: Խոշոր մարջաններով շարած մի թանկագին մանյակ քարշ էր ընկած պարանոցից կիսամերկ կուրծքի վրա: Ամբողջ մարմինը բուրում էր անուշահոտության մեջ: Անհանգիստ, անվճռական դրության մեջ կանգնածէր նա գաղտնարանում, տարուբերվում էր մտածությունների մեջ, թե ի՜նչպես պետք էր հանդիպել խանին, ինչ կերպով սկսել իր խոսքը: Արդյոք, իր վարմունքը կասկածելի չէ՞ր անի նրան խանի աչքում, և չէ՞ր մերկացնի նրա համակրությունը դեպի հայերը և քրիստոնյաները, որ այնքան տարի ամենայն զգուշությամբ ծածկած էր: Ինչպե՞ս բարեխոսել գերիների ազատության համար, ինչպե՞ս ասել, թե այն բոլորը սուտ է, ինչ որ հայտնեցին երկու մելիքները երևակայական գանձի մասին: Ախար նրանցից մեկը իր հայրն էր. ինչպե՞ս ցույց տալ նրա խաբեությունը: Արդյոք կհավատա՞ր խանը, – այդ դարձյալ մի հարց էր:
Հարեմի ինտրիգաների մեջ սովորել էր նա փոքր-ինչ խորամանկ լինել: Մտածում էր իր միջնորդությանը մի գերբնական, գաղտնի ազդեցությունից ներշնչված, խորհրդավոր ձև տալ: Դրա համար բավական էր հնարել մի երազ, ասել` թե երազումս այս տեսա, այն տեսա և այս բոլոր տեսիլների ազդարարության համեմատ, պետք է ազատել գերիներին, եթե ոչ հետևանքը վատ կլինի, որովհետև աստված մեծ պատիժ է սպառնում: Բայց ինչու այդ բոլորը նոր էր մտածում նա, ինչու սկզբից խորհած, նախապատրաստված չդիմեց նա գործին: Նա շտապեց: Հենց որ ծերունի ներքինապետը հաղորդեց նրան, թե ինչ թակարդ լարեցին երկու մելիքները, հենց որ լսեց նա փողի առաջին ձայնը, որ ազդարարում էր Թորոս իշխանի գալը, նա աճապարեց խանի մոտ, հազիվ ժամանակ գտնելով հագնվելու: Այժմ միանգամից հասկացավ նա իր կատարած դերի վտանգավոր կողմերը: Մի՞թե խանի կասկածը չէր գրգռի նա, երբ կիմանար, թե իր կինը լրտեսում է նրա խոսակցությունները, թե Ահմեդի ձեռքով կաշառում է սպասավորներին, թե… վերջապես շատ բաներ կարող էր գիտենալ նա, այնուհետև ինքը կորած էր: