– Ի՞նչ երկյուղ ունեիր նրանցից:
– Եթե հասկանային, որ ես հայ եմ, իսկույն կգնային և, որտեղ հարկն է, կմատնեին ինձ:
– Նրանք խոստացան նոր իրեղեններ ևս բերել, և դու կրկին պիտի ընդունե՞ս նրանց:
– Կընդունեմ և դարձյալ կգնեմ:
Ես զարմանում էի, նա ո՞րտեղից այդքան փող ուներ:
Նա իր ոսկիները այնպիսի առատաձեռնությամբ էր շպրտում, որպես սոխի կեղևներ:
է
ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Մենք պատրաստվեցանք գնալ հայոց առաջնորդի մոտ:
– Սրբազանի մոտ դատարկաձեռն չի կարելի գնալ, – ասաց Ասլանը իր արկղներից մեկը բաց անելով, – նրան պետք է մի որևիցե ընծա տանել:
Նա դուրս բերեց քթախոտի մի գեղեցիկ տուփ, ասելով.
– Արևելքում պաշտոնական անձինք ընծաներ շատ են սիրում…
– Բայց դու փաշային առանց ընծայի ներկայացար:
– Դրա փոխարեն ես բժշկում եմ նրա որդուն:
Մենք նստեցինք վարպետ Փանոսի ձիերի վրա և սկսեցինք դիմել դեպի քաղաքը: Այսօր մեզ հետ ղավազներ չկային, ես և Ասլանը միայնակ էինք: Ճանապարհին նա կրկին զգուշացրեց ինձ, որ չմոռանամ իմ դերը…
Հայոց առաջնորդարանը կից էր Սուրբ Նշան եկեղեցուն:
Հոգևոր առաջնորդի բնակարանը, թեև փաշայի ապարանքի շքեղությունը չուներ, բայց իր բնավորության կողմից շատ նման էր նրան: Զանազանությունը նրանումն էր միայն, որ այստեղ չկային ներքինիներ, սևամորթ ստրուկներ, չկար և հարեմ: Բայց այստեղ ևս կար բանտ, այստեղ ևս մարդիկ տուգանքի էին ենթարկվում, այստեղ ևս կաշառակերությունը խեղդում էր, սպանում էր ամեն արդարություն:
Երևում էր, որ նորին սրբազնությունը գիտեր պահպանել իր դիրքի բարձր նշանակությունը: Մի խումբ ծառաներ դուրս թափվեցան, մեր ձիաները բռնեցին, մեզ տարան առանձին ընդունարանում, բայց տասն րոպեից ավել սպասել տվին, մինչև պատիվ ունեցանք ներկայանալու:
Ասլանը մոտեցավ համբուրելու սրբազանի աջը, բայց նա թույլ չտվեց, միայն սիրալիր կերպով սեղմեց իր այցելվի ձեռքը, հետո շատ քաղցրությամբ տեղ ցույց տվեց իր աջ կողմում, բոլորովին իր մոտ:
Ասլանը նստեց, իսկ ես նրա աջը համբուրելուց և օրհնությունը առնելուց հետո, կանգնած մնացի ոտքի վրա:
Սենյակի հատակը ամբողջապես ծածկված էր գեղեցիկ գորգերով: Եվրոպական կարասիք, որպես ամեն տեղ այդ քաղաքում, նույնպես և այստեղ չկային, միայն սենյակի պատվավոր մասնում, այսինքն մուտքի հանդեպ, գորգերի վրա տարածված էր մի փափուկ մինդար, որ պատած էր սև թավիշով. նրա վրա նստած էր սրբազանը, նրա վրա նստացրեց նաև իր հյուրին: Հիսուն տարեկան հազիվ կլիներ սրբազանը, միջահասակ մարդ էր փառավոր սև մորուքով, որ դեռ նոր էր սկսել ճերմակել, և ծանր, լուրջ նայվածքով, որբ խիստ հարմարվում էր նրա աստիճանին: Գլուխը սովորաբար փոքր-ինչ կորացրած էր բռնում և տակից նայելու համեստությունն ուներ: Հագել էր երկար, ընդարձակ փարաջա սև ատլասից, որի մետաքսյա կարմիր աստառով պատած լայն թևքերը երևան էին հանում նրա գեղեցիկ թևնոցները, որ պատրաստված էին վարդագույն թավիշից և կապված էին արծաթյա կոճակներով: Աջ ձեռքում բռնած ուներ երկար «տեր-ողորմյա» դեղին սաթից, խոշոր հատիկներով, որի մի մասը փաթաթել էր բազուկի վրա: ճկույթի վրա փայլում էր եպիսկոպոսական ոսկի մատանին, ահագին վարդագույն քարով: Այդ պատկառելի անձնավորությունը միացնում էր իր մեջ կրոնավորի անձնավորությունը և իշխանավորի փառահեղությունը:
– Ի՞նչ լեզվով կարող եմ ձեզ հետ խոսել, պարոն բժշկապետ, – հարցրեց սրբազանը, – ես դժբախտաբար եվրոպական ոչ մի լեզու չգիտեմ:
– Ես արևելյան համարյա բոլոր լեզուներով խոսում եմ, բացի հայերենից, – պատասխանեց Ասլանը տաճկերեն լեզվով:
– Այդ շատ լավ է, որ եվրոպացիք, երբ գալիս են դեպի մեր կողմերը, գիտեն տեղային լեզուներ. դա միջոց կտար նրանց ավելի լավ ծանոթանալ երկրի հետ: Բայց դուք, պարոն բժշկապետ, որպես ինձ ասեցին, եկած եք մեր քաղաքը գլխավորապես բևեռագիրները քննելու նպատակով. առանց հայերեն գիտնալու, իմ կարծիքով, դժվար կլիներ ձեզ որևիցե գաղափար կազմել մեր բևեռագրերի մասին:
– Ձեր նկատողությունը բոլորովին ճիշտ է, սրբազան հայր, բայց ինձ անծանոթ է հայոց միայն կենդանի բարբարը, որով այժմ խոսում են, իսկ հին լեզուն ես բավականաչափ ուսումնասիրել եմ:
– Ներեցեք, խնդրեմ, իմ անտեղի հետաքրքրությունը, ո՞րտեղ սովորեցիք այդ լեզուները:
– Ես բավական ժամանակ եղել եմ Հնդկաստանում, այնտեղ սովորեցի պարսկերենը և հայոց հին լեզուն. հետո ապրում էի Եգիպտոսում, այնտեղ սովորեցի արաբերեն և տաճկերեն:
– Դա մի մեծ հարստություն է – այդքան լեզուներ գիտենալ, – ասաց սրբազանը մի առանձին բավականությամբ: – Դուք, պարոն բժրշկապետ, սովորած լինելով արևելյան լեզուներ, իհարկե, ընտելացած կլինեք և արևելյան սովորություններին:
– Այդ դուք տեսնում եք, սրբազան հայր, – պատասխանեց Ասլանը ծիծաղելով, – տեսնում եք՝ ինչպես ծալապատիկ նստած եմ մինդարի վրա:
Սրբազանը նույնպես ծիծաղեց:
Մի մանկահասակ պատանի, լավ հագնված, բավական գրավիչ դեմքով, ներս մտավ, մի ձեռքում բռնած արծաթյա փոքրիկ սրճամանը, մյուս ձեռքում՝ արծաթյա փոքրիկ մատուցարան, որի վրա դրած էին երկու չինական ֆինջաններ, նույնպես արծաթյա տակերի մեջ: Այդ բոլոր հրապուրիչ անոթները, անուշահոտ ըմպելիքով, չափազանց մաքրությունից փայլում էին: Պատանին ծանրությամբ մոտեցավ, ածեց սև հեղուկը, նախ տվեց հյուրին և ապա սրբազանին: Սուրճից հետո մի այլ պատանի ներս բերեց արծաթյա նարգիլեն: Այդ բոլորը, եթե կարելի է այդպես ասել, բավական փաշայական էր, բավական նման էր փաշայի տան հյուրասիրության ձևերին:
– Հիմա ես բոլորովին համոզվեցա, պարոն բժշկապետ, – ասաց սրբազանը, – որ դուք բավական ընտելացած եք մեր սովորություններին:
– Ես մինչև անգամ սիրում եմ արևելյան սովորությունները, – պատասխանեց Ասլանը, նկատելով, որ սրբազանի հարցմունքները քննական ձև են ստանում: – Երբ ես վերադառնում եմ իմ հայրենիքը, իմ ամենալավ ընծաները իմ ընտանիքին լինում են արևելյան գորգեր, շալեր, արևելյան կարասիք: Մի սենյակ իմ տան մեջ, ուր ես պարապում եմ, զարդարված է բոլորովին արևելյան ճաշակով: Արևելքը հրապուրիչ է, սրբազան հայր, նա անփառասեր կրոնավորների վրա անգամ ունենում է իր ազգեցությունը:
– Ինչպես ինձ վրա, պարոն բժշկապետ, – պատասխանեց սրբազանը, հասկանալով իր խոսակցի խուլ ակնարկությունը: – Ես, պարոն բժշկապետ, հետևում եմ մեր նշանավոր պատրիարքներից մեկի օրինակին, որը հագնում էր ամենաթանկագին զգեստներ, օծվում էր անուշահոտ յուղերով, մորուքի և գլխի մազերի վրա սփռում էր ոսկու փոշի և իրան շրջապատում էր ամեն տեսակ շքեղություններով: Մի անգամ, սուլթանի հետ սեղան նստած ժամանակ, թագավորը նկատողություն արեց նրան, թե կրոնավորին վայել չէ այդ աստիճան պճնասիրությունը: Նա, փոխանակ պատասխանելու, բաց արեց իր օձիքը և ցույց տվեց. փառավոր մետաքսյա զգեստի ներքո, մերկ մարմնի վրա, նա հագած ուներ այծի մազից գործված, կոշտ, ծակռտող խարազն, որ մի ժամանակ հագցնում էին հանցավորներին, երբ կամենում էին ավելի տանջել նրանց, հետո սովորության եղավ հագնել ճգնավորներին, որոնք իրանց անձը ենթարկում էին ամեն տիպի փորձությունների:
Ասլանը շատ լավ գիտեր, որ նորին սրբազնությունը իր սև ատլասի փարաջայի տակից այս տեսակ խարազն հագած չունի, բայց դարձյալ համաձայնվեցավ նրա հետ, ասելով.
– Արևելքում արտաքին փայլը մեծ նշանակություն ունի:
– Մինչև անգամ հարկավոր է, – ավելացրեց սրբազանը, – այստեղ մարդկանց խելքը աչքերումն է և ոչ` գլխումը: Իմ նախորդը, երբ որ գնում էր փաշայի մոտ, նրան ժամերով սպասել էին տալիս, մինչև թույլտվություն էր ստանում ներկայանալու, որովհետև ոտքով էր գնում և աբեղայական հասարակ հագուստով: Բայց ինձ հետ այնպես չեն վարվում…
– Ձեր փաշան բավական քաղաքավարի մարդ է, – խոսքը փոխեց Ասլանը:
– Ամենապատվական մարդ է, բարի, առաքինի, ժողովրդասեր, աշխարհաշեն, մի խոսքով, թե՛ իբրև մարդ, և թե՛ իբրև երկրի կառավարիչ, անգնահատելի է, իր նմանը չունի: Նա բոլորովին հիացած է ձեզանով, պարոն բժշկապետ, նա ձեզ Լողմանի հետ է համեմատում. ձեր սակավաժամանակյա բժշկությունը թե՛ փաշայի վրա և թե՛ նրա որդու վրա մեծ օգուտ է բերել: Քանի օր նրա մոտ էի, միշտ ձեզ վրա էր խոսում, և միշտ այն էր հարցնում, թե ի՞նչով կարող է երախտամատույց լինել ձեզ:
– Ես նրան մի մեծ ծառայություն չեմ արել, – պատասխանեց Ասլանը, – բայց պատրաստ կլինեի, եթե իմ ժամանակը ներեր, ավելի մեծ ծառայություններ անել, որովհետև նա արժանավոր մարդ է, և մանավանդ որ դուք այդքան գովում եք:
– Ճշմարիտ է, արժանավոր մարդ է և գովության արժանի է, – կրկնեց սրբազանը:
– Ուրեմն ժողովուրդը պետք է շատ գոհ լինի մի այդպիսի լավ կառավարչից: