Րաֆֆի - Կայծեր Մաս 2 стр 20.

Шрифт
Фон

– Ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց…

Վերջին բառը արտասանելու միջոցին սրբազանի աչքը ընկավ իմ երեսին, և նա ընդհատեց իր խոսքը: Ասլանը, այդ նկատելով, ինձ նշան արեց, որ հեռանամ: Ես դուրս եկա նախասենյակը և նստեցի դռան մոտ: Նրանց խոսակցությունը պարզ լսելի էր և այնտեղ:

– Դուք մի բան էիք ուզում ասել, սրբազան:

– Այո, այն էի ուզում ասել, որ ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց մեր մեջ այժմ դուրս են եկել մի տեսակ խենթ ու խելառ նորելուկներ, որոնք, ամենահիմար ցնորքներով ոգևորված, ազատության հրապույրներով հուզմունքներ են հարուցանում ժողովրդի մեջ և միամիտներին մոլորեցնում են: Եվ այդ` երիտասարդություն կոչված, ցնորամիտ փոքրամասնությունն է, որ դժգոհ է տիրող կառավարությունից: Ցավալին այն է, որ նրանց դժգոհությունը արտահայտվում է այնպիսի ապօրինի և հանցավոր եղանակներով, որ, ոչինչ լավ արդյունք չունենալուց հետո, մեծամեծ վնասների և կորուստների պատճառ է դառնում:

– Ո՛րպիսի վնասներ, – հարցրեց Ասլանը:

– Այդքանն էլ մեծ վնաս և մեծ կորուստ պետք է համարել, պարոն բժշկապետ, որ մենք կորցնում ենք մեր բարեխնամ կառավարության աչքում մեր հավատարմությունը, որ ստացել ենք կարևոր, անձնանվեր ծառայությամբ: Մեր ժողովուրդը մի քանի խելագարների պատճառով կասկածավոր է դառնում կառավարության աչքում:

– Մի՞թե կա հայերի մեջ այդ տեսակ երիտասարդություն, – հարցրեց Ասլանը զարմացած կերպով:

– Դժբախտաբար կա, բայց դեռ նոր է ծնվում, դեռ նոր է կազմակերպվում: Բայց թե՛ ես, որ իմ սուրբ պարտավորությունն եմ համարում, և թե՛ փաշան, որ նույնքան նախանձախնդիր է այդ գործում, ամեն ջանք պետք է գործ դնենք, որպեսզի այդ չարիքը քանդենք հենց իր ծնունդի մեջ:

Ասլանը ոչինչ չպատասխանեց և ինձ ներս կանչեց:

– Ասացեք խնդրեմ, սրբազան հայր, – խոսքը փոխեց նա, – ձեր վանքերում չե՞ն գտնվում հին բժշկարաններ, դա ինձ համար, որպես բժշկի, շատ հետաքրքիր է: Հայոց բժշկարանները, ըստ մեծի մասին թարգմանված լինելով արաբականից, այժմ արաբերենի մեջ շատերի բնագիրը կորած է. ես մեծ հույս ունեմ հայերեն թարգմանությունների մեջ գտնել այն կորած գրքերը:

– Գրչագիր բժշկարաններ կարելի է գտնել մեր վանքերում, – պատասխանեց սրբազանը, – ինձ ևս շատ անգամ պատահել է տեսնել: Կարելի է գտնել նաև մասնավոր տներում:

– Իհարկե, ձեզ պետք է հայտնի լինեն այն վանքերը, որոնց մեջ ավելի մեծ թվով գրչագրեր են պահպանվել:

– Ինչպես չէ, բոլորը հայտնի են, օրինակ, Վարագա վանքը, ծովի մեջ գտնված երեք կղզիները, որոնց յուրաքանչյուրի մեջ մի-մի անապատ կա, և ուրիշ շատ վանքեր, որոնք գտնվում են իմ վիճակի մեջ:

– Դուք ինձ շատ կպարտավորեիք, սրբազան հայր, եթե կշնորհեիք ինձ մի թուղթ, որ ձեր թեմի մեջ գտնված վանքերում, որտեղ կպատահեր ինձ լինել, ցույց տային ինձ գրչագիրները: Ես նրանց չէի շարժի իրանց տեղից, բայց եթե իմ նպատակներին հարմար բան գտնեի, կխնդրեի, որ արտագրեն ինձ համար:

– Մեծ ուրախությամբ: Ես կհրամայեմ հենց այսօր պատրաստեն այդ թուղթը: Նրա մեջ նշանակված կլինեն բոլոր վանքերի անունները, որոնց մեջ գտնվում են գրչադիրները:

– Շատ շնորհակալ եմ, ձեր թուղթը ինձ համար միևնույն ժամանակ մի տեսակ ուղեցույց կլինի:

Սրբազանը հրամայեց երկրորդ անգամ սուրճ տան և կանչեց իր քարտուղարին:

– Մինչև դուք մի անգամ ևս նարգիլե կծխեք, թուղթը պատրաստ կլինի:

Քարտուղարը հարկավոր պատվերը ստանալուց հետո գլուխ տվեց և հեռացավ: Ասլանը դարձյալ շարունակեց խոսել բժշկության վրա:

– Եվրոպան, արևելքից սովորելով բժշկությունը, սկսեց բոլորովին մոռանալ իր վարժապետին: Հառաջադեմ աշակերտը, իրավ է, կարող է ավելի զարգանալ և իր սովորածը ավելի կատարելագործել, բայց հին վարժապետի մոտ դարձյալ շատ բան մնում է: Ես, օրինակ, հիացած եմ հայոց ժողովրդական բժշկությամբ: Ճանապարհորդությանս ժամանակը ըստ մեծի մասին խույս էի տալիս քաղաքներից, անցնում էի հայոց գյուղերով, ժողովրդի բժշկության եղանակները ուսումնասիրելու համար: Ինձ հաջողվեց մի քանի նշանավոր գյուտեր անել, որ մեր բժշկության մեջ բոլորովին անծանոթ են:

Ասլանը սուտ չէր խոսում. նա, իրավ, հետաքրքրվում էր ժողովրդական բժշկությամբ և նրա գրքերով, բայց այդ չէր նրա ճանապարհորդության իսկական նպատակը: Հանգամանքներից օգուտ քաղելու զարմանալի ընդունակություն ուներ այդ մարդը, և ավելի զարմանալի էր նրա մեջ այն ճարպկությունը, որ իր ցանկացած նպատակը հենց իր հակառակորդի ձեռքով կատարել կտար: Օրինակ, նա պետք է գնար Վարագա վանքը, և ինձ լավ հայտնի էր, թե ինչ նպատակով: Նրա այցելությունը այդ վանքին` կարող էր մեծ կասկած հարուցանել սրբազանի սրտում, որովհետև, ինչպես հետո կտեսնենք, նա Վարագա վրա շատ վատ աչքով էր նայում: Այժմ Ասլանը այնպես պտտացրեց գործը, որ ինքը սրբազանը նրան թուղթ տվեց Վարագ գնալու, թեև ես հավատացած էի, որ Վարագա գրադարանը նրան շատ չէր հետաքրքրում:

– Ես կցանկանայի տեսնել նաև մի տեսակ աղ, որ պատրաստվում է Վանում, – ասաց նա:

– Այդ աղը պատրաստվում է Ավան գյուղում, – պատասխանեց սրբազանը, – այստեղից շատ հեռու չէ գյուղը, ընդամենը մի քանի ժամվա ճանապարհ է: Պատրաստում են ծովի ջրից, «բորակ» է կոչվում, այստեղ գործ են ածում լվացքի մեջ, մաքրելու զարմանալի զորություն ունի:

– Նա բորակ չէ, – ասաց Ասլանը, – անկասկած մի այլ բաղադրություն պետք է լինի: Եթե իմ կարծած աղից լինի, որի մեջ տարակույս չունեմ, կարելի է հուսալ, որ այդ աղը ժամանակով կդառնա վանեցոց հարստության գլխավոր աղբյուրներից մեկը:

– Հարստություններ շատ կան մեր երկրում, պարոն բժշկապետ, – ասաց սրբազանը ցավակցական եղանակով, – մեր հանքերը լի են արծաթով, զառիկով, պղինձով, մենք ունենք նավթի աղբյուրներ, առատ քարածուխ ևս գտնվում է մեր լեռներում, ուրիշ ի՜նչեր չունենք մենք, բայց օգուտ քաղողներ չկան: Եթե ձեզ նման ճանապարհորդներ հաճախ այցելեին մեր կողմերում և ուսումնասիրեին երկիրը, մենք բախտավոր կլինեինք:

– Այդ իրավ է, – ասաց Ասլանը և, նայելով ժամացույցին, ավելացրեց, – ներեցեք, սրբազան հայր, ես բավական ժամանակ խլեցի ձեզանից: Ճանապարհորդները առհասարակ սաստիկ շատախոս են լինում, բայց ես չափը անցա: Ձեր հաղորդած տեղեկությունները այն աստիճան թանկագին էին ինձ համար և գրավիչ, որ ես չէի կարող օգուտ չքաղել:

– Շատ ուրախ եմ, պարոն բժշկապետ, – ասաց սրբազանը մի առանձին բարեսրտությամբ, – դուք ինձ մեծ բավականություն կպատճառեիք, եթե, որքան ժամանակ այստեղ կմնայիք, շուտ-շուտ տեսնվեինք, գուց՛ե ես կարող կլինեի ուրիշ ծառայություններով ևս պիտանի լինել ձեզ:

– Շատ շնորհակալ եմ, սրբազան հայր:

Այդ միջոցին սրբազանը վեր կացավ, մտավ կից սենյակը և մի քանի րոպեից հետո վերադարձավ, ձեռքում բերելով մի օտարոտի բան, որը առաջարկեց Ասլանին, ասելով.

– Դուք ինձ շատ հարգած կլինեիք, եթե հիշատակի համար այդ չնչին նվերը ընդունեիք ինձանից և դասեիք ձեր հավաքած հնությունների կարգում:

Դա փոքրիկ թիակի ձևով մի գործիք էր փղոսկրից շինված: Նրա կոթը զարդարված էր ամենանուրբ քանդակներով, իսկ գլուխը կնոջ քնքույշ ձեռքի նմանություն ուներ, որի ափի մեջ երևում էին խարտոցի ատամների պես փափուկ խազեր: Ասլանը ձեռքում բռնած երկար նայում էր նրա վրա, հետո, երեխայի պես ուրախանալով, ասաց.

– Ես այն աստիճան սիրահարված եմ հնությունների վրա, սրբազան հայր, որ եթե դուք չտայիք այդ գեղեցիկ ընծան, ես պատրաստ կլինեի մինչև անգամ գողանալ ձեզանից:

– Իսկ ես ձեր այդ փոքրիկ մեղքը կներեի, որպես հոգևորական, – պատասխանեց սրբազանը նույնպես ուրախանալով:

Ուղիղն ասած, ես էլ չկարողացա զսպել ինձ, սկսեցի ծիծաղել այդ հանաքների վրա:

– Ձեր ընծան որքան հիանալի է, սրբազան հայր, – ասաց Ասլանը, – բայց խոստովանում եմ, որ նույնքան ես վատ հնագետ եմ նրանշանակությունը հասկանալու համար: Բացատրեցե՛ք, խնդրեմ, դա ի՞նչ բանի է ծառայում:

– Դա մեր վանական աբեղաների հնարած մի գործիք է, կոչվում է «տիրուհի», հենց այդ անվան մեջ է նրա նշանակությունը, որովհետև կատարում է նույն ծառայությունը, ինչ որ տան տիրուհին կատարում է ընտանիքի մեջ: Հայոց ընտանիքներում դեռ պահպանվել է վաղեմի սովորությունը, որ տան տիրուհին քորում է իր սկեսուրի, սկեսրայրի և մինչև անգամ հարգելի հյուրերի մեջքը, մաժում է նրանց ոտները և հանգստացնում է նրանց քնելու ժամանակ: Որովհետև աբեղաները զրկված են տիրուհիներից, հնարել են մի այսպիսի գործիք իրանց մեչքը քորելու:

– Շատ սուր կատակ է աբեղաների կողմից, – խոսեց Ասլանը ժպտելով: – Ասացեք խնդրեմ, ո՞ր դարու գործ է այդ «տիրուհին»:

– Պետք է տասներկուերորդ դարու գործ լինի, որովհետև այն կաթողիկոսը, որին ընծայված է եղել այդ «տիրուհին», ապրում էր տասներկուերորդ դարում, դա Դավիթն էր, որ Աղթամարա կաթողիկոսության սկիզբը դրեց:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора