Րաֆֆի - Կայծեր Մաս 2 стр 18.

Шрифт
Фон

– Մեր աշխարհում այսպիսի սովորություն կա, հարգելի բժշկապետ, – դարձավ նա դեպի Ասլանը, – երբ մեկը երկու անգամ փռշտում է, դա լավ նշան է: Հույս ունենք, որ ձեր օջախից խեր կտանենք:

Ի՞նչ օջախ, մտածում էի ես, կարծես վարպետ Փանոսի տունը մեր տունը լիներ:

– Ես էլ հույս ունեմ.. – պատասխանեց Ասլանը ծիծաղելով:

Նրա ծիծաղը բավական քաջալերեց նրանց, և հերթով մոտեցան, չոքեցին Ասլանի առջև, սկսեցին ցույց տալ իրանց «անթիքաները»: Նրանց մեջ կային զանազան իրեղեններ. հին դրամներ, կանանց տեսակ-տեսակ զարդեր, որպիսի են՝ ապարանջաններ, ականջի օղեր պղնձից շինված, հուլունքներ թափանցիկ, գունավոր քարերից շինված, զենքերի կտորներ, որպիսի են նիզակի և սլաքների ծայրեր, ահագին վահանի մի մասը, բոլորը պղնձից, և մի պղնձե ցուլի ամբողջ գլուխ, այլև կավից շինած փոքրիկ և մեծ անոթներ: Այդ բոլորը նրանք տեղավորել էին իրանց ծոցերում, գրպաններում և մինչև անգամ ֆեսերի վրա փաթաթած յազմաների մեջ: Բայց ամենահետաքրքրականը նրանց ցույց տալու ձևի մեջն էր: Սկզբից ցույց էին տալիս մի շատ չնչին բան և սկսում էին գովաբանել, երբ այդ չէր անցկենում, դուրս էին հանում նրանից լավը, երբ այդ էլ հավանություն չէր գտնում, դուրս էին բերում ավելի լավը, հավատացնելով, որ այլևս ոչինչ չունեն, երբ այդ էլ հավանություն չէր գտնում, այս անգամ ամենայն դժվարությամբ դուրս էին բերում, հագուստի մի տեղում թաքցրած մի այլ բան, և սկսում էին երդվել, որ ուրիշ ոչինչ չունեն: Իհարկե, նրանից հետո դուրս էին բերում շատ ուրիշ բաներ:

Ես կանգնած նայում էի և զարմանում էի Ասլանի համբերության վրա: Եթե ես նրա տեղը լինեի, երեքին էլ դուրս կվռնդեի, բայց նա ամենևին ցույց չէր տալիս, որ այդ խաբեբայությունները իր համար շատ զզվելի են: Վերջապես նա ընտրեց մի քանի իրեղեններ և խնդրեց, որ գնահատեն:

– Մենք քեզանից մի՞թե փող պիտի առնենք, հարգելի բժշկապետ, – պատասխանեցին նրանք զարմացած կերպով: – Եթե փողի վրա խոսելու լինենք, դրանք գին չունեն:

– Ապա ի՞նչպես պետք է տաք, – հարցրեց Ասլանը ոչ սակավ զարմանալով:

– Այնպես, համեցեք, վեր առեք, հարգելի բժշկապետ: Մեզանից ի՞նչ կպակսի, եթե ձեզ այդ բոլորը փեշքեշ անենք, և դուք մեր երկրից մի լավ հիշատակ տանեք ձեզ հետ: – Շնորհակալ եմ, ես էլ գիտեմ, որ ձեզ ոչինչ չի պակասի, երևում է, որ դուք շատ հարուստ եք, բայց ես փեշքեշներ ընդունելու սովորություն չունեմ:

Ասիական վաճառականների սովորությունն է այդ, երբ մի բան գնելու լինես, նախ կասե. «Տար, փող մի տուր, թող քեզ ընծա լինի»: Իսկ երբ փող առաջարկես, սարսափելի գներ կպահանջեն: Նույնպես վարվեցան և մեր հայ վաճառականները:

– Չե՞ք հավատում, հարգելի բժշկապետ, – ասում էր մահտեսի Թորոսը, – եթե չեք հավատում, հարցրեք խնամի Մկոյից, նա իր աչքով տեսավ, որ մի ընկլիս այդ ցուլի գլխին հիսուն կարմիր ոսկի տվեց, բայց ես չտվեցի: Այդպես չէ՞, խնամի Մկո:

– Հոգիս վկա, ճշմարիտ է ասում, – պատասխանեց խնամի Մկոն, ձեռքը տանելով դեպի կուրծքը և դնելով իր հոգու վրա:

Բայց որքան պետք էր հավատալ խնամի Մկոյի հոգուն, որը այդպիսի երդումների մեջ այնքան շատ էր գործածվել, որ բոլորովին մաշվել էր: Միայն ծիծաղելին այն էր, երբ Ասլանը վեր առեց մի քանի իրեղեններ, որոնք խնամի Մկոյին էին պատկանում, դա էլ իր կողմից վկա կանչեց մահտեսի Թորոսին, որ նա իր աչքով տեսել էր և իր ականջով լսել էր, որ մի ֆրանկ ահագին գումարներ էր առաջարկել, բայց նա չէր ընդունել:

– Թող Երուսաղեմի սուրբ տաճարի մեջ իմ տեսած լույսը աչքերս կուրացնե, թող ես Քրիստոսի մեխ խփողներից մեկը լինեմ, եթե սուտ լինեմ ասում, – պատասխանեց մահտեսի Թորոսը, – ֆրանկը ահագին գումարներ առաջարկեց, բայց նա չընդունեց:

– Ես մի հասարակ բժիշկ եմ, ես մեծ գումարներ չունեմ, – ասաց Ասլանը, իր ընտրած իրեղենները նրանց հետ տալով:

– Ինչո՞ւ եք նեղանում, հարգելի բժշկապետ, – ձայն տվեցին երեք կողմից, – խնդրում ենք, եթե կամենում եք, վեր առեք, ձեզանից ո՞վ է փող ուզում:

Ասլանը այս անգամ այլևս չկարողացավ զսպել իր անհամբերությունը և ասաց.

– Չգիտեմ ի՛նչ անել ձեզ հետ, երբ կամենում եմ մի բան վեր առնել, ահագին փողեր եք պահանջում, իսկ երբ ցած եմ դնում, առաջարկում եք ձրի ընդունել:

Այժմ սկսեցին նրանք այլ լեզու բանեցնել, սկսեցին խեղճ ձևանալ, որ պարոն բժշկապետի կարեկցությունը դարձնեն իրանց վրա, ասելով. աղքատ ենք, ընտանիքի տեր ենք, «անօրենի» ձեռքում գերի ենք, մեր հույսը դրել ենք այդ իրեղենների վրա, այդ պատճառով ստիպված ենք այդպես էժան, շա՛տ էժան վաճառել: Նրանք մինչև անգամ ակնարկեցին, եթե գնող լիներ, ավելի մեծ ուրախությամբ պատրաստ կլինեին իրանց զավակները վաճառել և չզրկվել այնպիսի հազվագյուտ իրեղեններից, որոնց համար, եթե լավ «մուշտարի» պատահի, կարող են ահագին գումարներ ստանալ, միայն կարիքը և չքավորությունը ստիպում է նրանց վաճառել:

Ասլանը, այդ բոշաներից ազատվելու համար, ընտրեց մի քանի իրեղեններ և ձգեց նրանց մի քանի ոսկիներ, ասելով թե մյուսները իրան հարկավոր չեն: Նրանք վեր կացան և դարձյալ կարգով շարվեցան դռան մոտ և, երկար շնորհակալություններ և օրհնություններ թափելուց հետո փորձում էին հեռանալ, բայց մտածեցին և դարձյալ մեխված մնացին իրանց տեղում, ընդունելով մի այնպիսի կիսածիծաղ դեմք, որ ավելի լացի նախերգանքին էր նմանում:

– Այլևս ի՞նչ ունեք ասելու, – հարցրեց Ասլանը:

– Ձեր ողջությունը… ի՜նչ պիտի ունենանք ասելու, – պատասխանեցին և դարձյալ կանգնած մնացին իրանց տեղում:

Ես մի կերպով հասկացրի, թե չէ կարելի այդքան ձանձրացնել պարոն բժշկապետին: Մահտեսի Թորոսը փոխանակ հեռանալու, ձեռքը գողտուկ կերպով մեկնեց դեպի ինձ և դարձյալ ցուցամատի ու բթամատի պտղուցները սկսեց քսքսել միմյանց հետ: Վերջապես նրանցից մեկը հայտնեց, թե տանը ուրիշ շատ և ավելի լավ բաներ ունեն, կցանկանա՞ր պարոն բժշկապետը, որ բերեին, ցույց տային:

– Դուք հավատացնում էիք, որ ուրիշ բաներ չունեք, – նկատեց Ասլանը ծիծաղելով:

– է՜հ հարգելի բժշկապետ, – պատասխանեց մահտեսի Թորոսը գլուխը շարժելով և տակից աղվեսի նման նայելով Ասլանի երեսին, – գիտե՞ք ինչ է ասում թուրքի առածը:

– Չգիտեմ:

– «Գայլի բույնից ոսկորը պակաս չի լինի»…

– Այդ ես հասկանում եմ…

– Կհրամայե՞ք, պարոն բժշկապետ, որ բերենք:

– Բերեցեք:

Նրանք խորին կերպով գլուխ տվեցին և միմյանց բոթբոթելով դուրս եկան սենյակից: Ես գնացի նրանց ճանապարհ դնելու: Դրսում մահտեսի Թորոսը դրեց իմ ափի մեջ մի հատ հինգ ղուրուշանոց: Ես ահագին պղնձե դրամը խփեցի ուղիղ նրա ճակատին:

– Օրհնա՜ծ, այդպիսի հանաքներ խո չեն անում, – ժպտելով ասաց մահտեսի Թորոսը և, կռանալով, վեր առեց հինգ ղուրուշանոցը, դրեց իր գրպանում, ավելացնելով, – շատ չա՜րն ես եղել…

Այդ մարդիկը ամեն մի վիրավորանք կատակի տեղ են ընդունում, որովհետև վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու ոչ քաջություն և ոչ անձնասիրություն ունեն: Բակում հեռվից տեսավ նրանց վարպետ Փանոսի մայրը և ձայն տվեց.

– Համեցե՛ք, մահտեսի Թորոս, համեցե՛ք, խոջա Մկո, համեցեք խոջա Հակո, ո՞ւր եք այդպես գնում, առանց մի բան ուտելու, առանց մի բան խմելու:

Մահտեսի Թորոսը, խոջա Մկոն, խոջա Հակոն նախ շնորհակալությամբ մերժեցին պառավի հրավերքը, հայտնելով, որ շտապում են, բազարի ժամանակ է, շուկայում շատ գործեր ունեն, հետո, պառավի սիրտը չկոտրելու համար, ընդունեցին նրա հրավերքը և մտան նրա հետ գինիների մառանը:

Ես զարմացա. ովքե՞ր էին այդ մարդիկը, որ տանտիկինը այնպես հարգանքով էր վերաբերվում նրանց: Երբ հարցրի սպասավորից, որ ձեռքում նախաճաշիկ էր տանում մառանը, նա պատասխանեց.

– Չե՞ք ճանաչում, մեր քաղաքի ամենահարուստ վաճառականներիցն են: Խոզն այնքան ճարպ չունի, որքան դրանք ոսկիներ ունեն:

Վերադառնալով սենյակը, Ասլանին սաստիկ վրդովված դրության մեջ գտա: «Ո՜րքան ցածություն… ո՜րքան ստորություն»… ասում էր նա և զայրացած կերպով անցուդարձ էր անում սենյակի մեջ:

– Գիտե՞ս, այդ մարդիկը Վանի ամենահարուստ վաճառականներից էին, – ասացի նրան:

– Ես տարակույս չունեմ, որ ճշմարիտ է: Ասացեք խնդրեմ, – դարձավ նա դեպի ինձ, – ի՞նչ գաղափար կկազմեի ես հայերի մասին, եթե իսկապես եվրոպացի լինեի: Ահա այդ գարշելի արարածներն են, որ խայտառակում են ամբողջ ազգը, ահա դրանց հանդիպելով եվրոպացին հայոց ամբողջ ժողովրդի վրա վատ կարծիք է կազմում:

Նրա աչքը ընկավ իրեղենների վրա, որ գնել էր վաճառականներից, վեր առեց մի կողմը նետեց, ասելով.

– Տարեք այդ դրամները մի տեղում կորցրեք:

– Ինչո՞ւ:

– Բոլորը կեղծ է:

– Եվ դու չճանաչեցի՞ր սկզբում:

– Ճանաչեցի, բայց դարձյալ գնեցի: Ես դիտմամբ ընտրեցի կեղծերը:

– Դու թույլ տվեցիր, որ խաբե՞ն քեզ:

– Այո, ես թույլ տվեցի, որ խաբեն ինձ:

– Ինչո՞ւ, այդ ի՛նչ խելք է:

– Որ նրանք կարծեն, թե ես հետաքրքրվում եմ միայն հնություններով, որ նրանք կարծեն, թե ես միամիտ եվրոպացի եմ, թեև վատ հնագետ եմ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора