– Արդեն հայտնվել է Մըհերը… Բայց ժողովուրդը այդ չէ նկատում… – ասաց ինձ Ասլանը, երբ ճանապարհին այդ ավանդության մասին սկսեցի խոսել նրա հետ:
Զ
ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
Վերադառնալով Այգեստան, մենք վարպետ Փանոսին տանը չգտանք. նա մի օրով գնացել էր մերձակա գյուղորայքը: Ասլանը այդ մասին ոչինչ հարցուփորձ չարեց, երևում էր, որ նրան հայտնի էր, թե նա ուր կամ ինչ նպատակով էր գնացել: Գիշերը ես քնեցի սովորականից ավելի վաղ, որովհետև սաստիկ հոգնած էի: Բայց Ասլանը չքնեց, այլ երկար նստած, մի հաստ թղթի վրա ինչ-որ նկարում էր նա: Առավոտյան ինձ ցույց տվեց մեր տեսած բոլոր տեղերի պլանները: Ես ապշած մնացի: Զարմանալի հիշողություն ուներ այդ մարդը:
Այն առավոտ Ասլանը բավական լավ տրամադրության մեջ էր գտնվում. այդ պատահում էր նրա հետ այն ժամանակ միայն, երբ մի որևէ նպատակի հասնում էր: Նա սկսեց մինչև անգամ ինձ հետ հանաքներ անել: Սպիտակ կատուն, որ սովորաբար առավոտյան բոլոր տանեցիներից առաջ էր մտնում մեր սենյակը և ողջունում էր մեզ, այն առավոտ, հակառակի պես, առաջ ինձ մոտեցավ, քսքսվեցավ, մռմռաց և իր ճապուկ պոչով իմ երեսը շփելուց հետո մոտեցավ Ասլանին:
– Հիմա նա էլ է քեզ մարդու տեղ դնում, Ֆարհատ, – ասաց նա ժպտալով :
– Ոչ միայն նա, – պատասխանեցի ես նույնպես ժպտելով, – այլ վարպետ Փանոսի ախոռատան ծառան ևս, երբ ինձ տեսնում է, ոտքի է կանգնում: Երեկ նա ինձ ասաց «աղա»:
Ասլանը նոր էր լվացվել և սանդրվում էր, նա սանդրը ձեռին կանգնեց իմ առաջ և ասաց.
– Գիտե՞ս այսօր ուր պիտի գնանք:
– Երևի դարձյալ պիտի գնանք ծակերի մեջը մտնելու…
– Ոչ, պետք է գնանք նորին սրբազնության` առաջնորդի մոտ:
– Նրա մասին շատ վատ են խոսում:
– Այդ ես գիտեմ, և հենց այդ պատճառով պետք է տեսնել նրան:
– Ասում են նա կատարյալ չարագործ է:
– Երբեմն չարագործները շատ զորեղ գործիք են դառնում լավ մարդկանց ձեռքում: Պողոսը նույնպես մի չարագործ էր, բայց վերջը քրիստոնեությունը տարածողների մեջ ամենանշանավորը եղավ:
– Իսկ Վասա՞կը:
– Վասակը իր ժամանակին նույնպես ամենանշանավոր մարդն էր: Եթե բոլոր հայ նախարարների գլուխները թափ տալու լինեիր, նրա կեսի չափ խելք չէր դուրս գա:
– Բայց նա չարագործ էր, նա մեծ վնասներ տվեց իր հայրենիքին:
– Այդպես երևում է, որովհետև նրա պատմությունը գրողները նրա հակառակ կուսակցությանն էին պատկանում: Իսկ եթե նրա խորհուրդներին հետևելու լինեին, նա մեծ օգուտներ կարող էր հասցնել իր հայրենիքին:
Ես զարմացա Ասլանի դատողության վրա: Թեև հայոց պատմությունը չէի կարդացել, բայց Վասակի մասին շատ վատ բաներ էի լսել:
– Ի՞նչ օգուտ պիտի հասցներ նա, – պատասխանեցի ես փոքր-ինչ բարկացած կերպով: – Սատանան երբեք հրեշտակ չի դառնա:
– Ինչու չի դառնա, – ասաց նա, ծիծաղելով իմ խռովության վրա: – Սատանան հենց առաջուց հրեշտակ էր, բայց հանգամանքները նրան սատանա շինեցին: Վասակին պետք է հասկանալ, իսկ նրան հասկանալու համար պետք է լավ ուսումնասիրել հայոց պատմությունը: Դու մի վիճիր ինձ հետ, սիրելի Ֆարհատ, քեզ պետք է կարդալ, շատ կարդալ…
Նա մոտեցավ ինձ և ձեռքը դրեց իմ ուսի վրա:
Այդ միջոցին ներս մտավ վարպետ Փանոսի գործարանի աշակերտներից մեկը, հայտնեց, թե մի քանի մարդիկ ցանկանում էին տեսնվել Ասլանի հետ:
– Նայեցեք` ի՞նչ մարդիկ են, – խնդրեց ինձ Ասլանը, – միայն մի փոքր սպասել տվեցեք, մինչև ես բոլորովին հագնվիմ:
– Նրանք կսպասե՜ն… – ասաց գործարանի աշակերտը խորամանկ ժպիտով, – մինչև երեկո էլ կսպասեն… դեռ արևը չծագած եկել, նստել են բակի դռան մոտ և սպասում են…
Պետք է ասած, երբ քաղաքի հայ վաճառականները լսեցին, որ Ասլանը հնություններով հետաքրքրվում է, այլևս մեզ հանգստություն չէին տալիս: Ում տանը մի կոտրած խեցի կամ երկաթի կտոր կար, բերում էր, ցույց էր տալիս, և աշխատում էր մի քանի ոսկիներ կորզել: Դուրս գալով փողոցը, տեսա, որ հայ վաճառականներ էին, երեք հոգի, և կարգով նստած էին բակի դռան մոտ շինված հողեթումբի վրա, «տերողորմյա» էին քաշում ու խոսում էին միմյանց հետ երկրի գործերի վրա: Տեսնելով ինձ, բոլորը ոտքի կանգնեցին, որպես մի նշանավոր մարդու առջև և սկսեցին բարովել ինձ հետ, իմ առողջությունը հարցնել, կարծես թե վաղեմի բարեկամներ լինեին: Մեկը նրանցից ինձ կոչեց մինչև անգամ «աղա»: Վարպետ Փանոսի ախոռատան ծառայից հետո այդ երկրորդ անձն էր, որ այդպիսի տիտղոսով էր ինձ դիմում:
– Ի՞նչ եք կամենում, – հարցրի ես:
Նրանք փոխանակ պատասխանելու, սկսեցին դուրս հանել իրանց ծոցերից, գրպաններից զանազան իրեղեններ, որ փաթաթել էին շորի կտորների մեջ:
– Ինձ ո՞ւր եք ցույց տալիս, ես խո գնողը չեմ:
– Դու էլ որ տեսնես, մե՞ղք կլինի, աղա, – ասաց նրանցից մեկը, որի ձեռքերի վրա երևում էին Երուսաղեմի ուխտավորի կապույտ նշաններ: – Քո հոգուն մատաղ, աղա, մենք լսել ենք, որ քո մեկ խոսքը պարոն բժշկի մոտ երկու չի լինի…
Կամենում էր ասել, որ ես այն աստիճան մտերիմ եմ պարոն բժշկապետին, որ նա իմ մի անգամ ասածը կամ խնդրածը երբեք կրկնել չի տա: Բայց ինչո՞վ ես կարող էի օգտավետ լինել մահտեսուն, այդ էր գլխավոր խնդիրը: Նա հասկացրեց ինձ, ասելով.
– Լսել ենք, պարոն բժշկապետը անթիքա բաներ է հավաքում. մենք բերել ենք պարոն բժշկապետի համար ա՛յնպիսի անթիքաներ, որ ողջ աշխարհում չի գտնվի, երբ որ կգնե, մենք քո լավությունն էլ չենք մոռանա… քեզ համար էլ մի բան դուրս կգա…
– Իհարկե, դուրս կգա, – կրկնեցին մյուս երկուսը համարյա թե միաձայն:
– Ի՞նչ պետք է դուրս գա, – հարցրի ես փոքր-ինչ վրդովված կերպով:
– Չես իմանում… – ասաց մահտեսին, ձեռքով կամաց իմ մեջքին բախելով, որ նրա փաղաքշանքի նշանն էր: – Ի՞նչ պետք է դուրս գա, օրհնած, ահա դրանից…
Նա գլուխը խորհրդավոր կերպով շարժեց, մի խորամանկ ժպիտ երևաց բոլորովին սափրած երեսի վրա, ձախ աչքի կոպերը տըմփտըմփացրեց, ինձ աչքով արեց և, աջ ձեռքը մեկնելով, մի քանի անգամ ցուցամատի և բթամատի պտղուցները քսքսեց միմյանց հետ:
Անպիտանը աշխատում էր կաշառել ինձ, փող էր խոստանում: Նա ինձ ծառայի տեղ էր ընդունում և, սովորած լինելով ծառաների ձեռքով շատ բաներ շինել, կարծում էր, թե ես էլ կարող եմ նրան օգտավետ լինել: Եթե ես փոքր-ինչ հաճություն ցույց տայի, իհարկե, նրանք կտային ինձ մի ամբողջ ծրագիր, թե ինչ պիտի անեի, կամ ի՛նչ պիտի խոսեի պարոն բժշկապետի մոտ: Երբ անփորձ եվրոպացին հայտնվում է արևելքում և իր մոտ ունենում է տեղացիներից մի թարգման կամ ծառա, վաճառականները շատ լավ գիտեն, թե ինչպես պետք էր այդ ծառայի միջնորդությամբ կողոպտել եվրոպացուն:
Նրանց անպիտանությունը ինձ այն աստիճան զայրացրեց, որ կամենում էի բոլորվին էլ հեռացնել, պատասխանելով, որ պարոն բժշկապետը «անթիքաներ» չէ գնում, բայց զգուշացա, չիցե թե իմ վարմունքը Ասլանին անհաճո լիներ: Երեքին էլ ներս տարա:
Մտնելով Ասլանի սենյակը, երեքն էլ լռությամբ գլուխ տվեցին և ոտքի վրա կարգով շարվեցան դռան մոտ: Ասլանը այդ միջոցին, բոլորովին հագնված, նստել էր և ղահվե էր խմում: Նա իր սովորական քաղցրությամբ նայեց այցելուների վրա, ասելով.
– Նստեցեք, խնդրեմ, – և տեղ ցույց տվեց իրան շատ մոտ:
Նրանք անշարժ մնացին և սկսեցին անվճռական կերպով նայել միմյանց երեսին:
– Նստեցեք, խնդրեմ, – կրկնեց Ասլանը: – Ինչո՞ւ եք կանգնած:
– Ձեր սպասում, հարգելի բժշկապետ, ի՞նչպես կհամարձակվենք մենք նստել, – պատասխանեց մահտեսին ողորմելի ձայնով և ամբողջ հասակով ավելի պինդ սեղմվեցավ պատի հետ: Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին:
– Ես խո փաշա չեմ, որ ինձ մոտ չհամարձակվեք նստել, – ասաց Ասլանը ծիծաղելով:
– Այդ ինչո՞ւ ես ասում, հարգելի բժշկապետ, – այժմ պատասխանեց մահտեսու մոտ կանգնած կարճահասակ ծերունին: – Դու մեզ համար փաշայից էլ մեծ ես, խոնթքարից էլ մեծ ես, դու մեր աչքի լույսն ես. աստված քեզ հազար տարի կյանք տա: Փաշան մեր հավատից չէ, իսկ դու թեև ֆրանկ ես, բայց մեր հավատիցն ես. մենք ամենքս միևնույն խաչն ենք պաշտում, միևնույն սրբերին ենք երկրպագում:
Եթե մի ուրիշը Ասլանի տեղ լիներ, կամ նրանց համեստությանը և կամ միամտությանը կվերաբերեր այդ բոլոր շողոքորթությունները: Բայց Ասլանը իսկույն հասկացավ, թե ինչ տեսակ մարդկանց հետ գործ ունի, և ոչինչ չցույց տալով, դարձյալ խնդրեց, որ նստեն:
– Վերջապես խնայեցեք իմ երիտասարդությանը, – ասաց նա, – արժան չէ, որ դուք ձեր ճերմակ ալիքներով կանգնած մնաք իմ առջև. ես հարգում եմ ծերությունը:
– Օրհնյա՜լ լինես, – բացականչեցին երեքն էլ միաձայն և նստեցին ոչ թե Ասլանի ցույց տված տեղում, այլ հեռու, դռան մոտ:
Հարցնելով, թե ինչ նպատակով են եկել, Ասլանը խնդրեց, որ ցույց տան իրանց բերած իրեղենները: Մեկը քաղաքավարության համար երեսը շուռ տվեց դեպի պատը և երկու անգամ հազաց: Եթե այդ հազը նրանց մեջ մի պայմանական նշանակություն չլիներ, պետք էր, իրավ, վերին աստիճանի քաղաքավարություն համարել, որովհետև հազալու միջոցին նրա դեմքը խիստ ծիծաղելի և, միևնույն ժամանակ, զզվելի արտահայտություն ընդունեց: Իսկ մահտեսին պատասխանեց առաջին հազալուն երկու անգամ փռթկալով: Նա էլ քաղաքավարության համար իր անթարիի (հագուստի) դրոշակը բարձրացրեց և բերանը սրբեց: Երրորդը, երեսը խաչակնքելով, աստծուն փառք տվեց, ասելով, որ «խեր է»: