Մի առավոտ Ասլանը ասաց ինձ, թե ինքը ժամադիր է եղած գնալ քաղաքը, փաշային ներկայանալու, և ցանկանամ է ինձ էլ իր հետը տանել: Ես շատ ուրախացա, որովհետև մինչև այն օրը ոչ մի բարձր պաշտոնակալ չէի տեսած:
Փաշան կենամ էր քաղաքում, այսինքն` բերդի մեջ: Այգեստանից մինչև այնտեղ թեև շատ հեռու չէր, այնուամենայնիվ, մենք գնացինք ձիերով: Ձիերը, զարդարված ասիական շքեղ ասպազենքով, ուղարկված էին փաշայի կողմից երկու ղավազների հետ, որոնք, մեր առջևը ընկած, տարան մեզ: Թեև արգելված էր քրիստոնյաներին ձիով քաղաքը մտնել, բայց դա մի առանձին պատիվ էր, որ ցույց էր տալիս նահանգապետը իր քաղաքի նորեկ հյուրին:
Երբ մոտեցանք քաղաքին, նա մի առանձին կախարդական տպավորություն գործեց իմ վրա. գուցե այդ այն պատճառով էր, որ առաջին անգամ տեսնում էի մի այնպիսի ընդարձակ մարդկային բնակություն:
Քաղաքը գտնվում էր ծովակի ափի մոտ և շատ հիանալի տեսարան էր ներկայացնում: Նա շրջապատած էր կրկին պարիսպներով, որոնք ամրացուցած էին բրգաձև աշտարակներով, և մի խորունկ խրամատ դրսից բոլորում էր քաղաքի շուրջը: Ասլանը բացատրեց ինձ, թե այդ խրամատը նրա համար է, որ պաշարման ժամանակ լցնում են ջրով, կամուրջները վեր են առնում, թշնամուն ներս չթողնելու համար: Բացի այդ արտաքին ամրություններից, քաղաքը ուներ և միջնաբերդ, որ բնությունը ինքն էր հրաշակերտել: Քաղաքի հյուիսային մասում տարածվում էր կես փարսախ երկարությամբ մի քարաժայռ, որը հետզհետե բարձրանալով, սեպաձև դիրք էր ընդունում: Այդ սեպի գլխին, խորին ժամանակներից, վեհանձնաբար նստած էր մի փառավոր ամրոց: Հայոց լեգենդական ավանդությունը այդ ամրոցը ընծայում էր Ասորեստանի թագուհի Շամիրամին:
Մտնելով քաղաքադռնից, ես մի անբացատրելի սարսուռ զգացի, որ առաջ էր գալիս և՛ ուրախությունից, և՛ երկյուղից: Ամբողջ քաղաքը կարծես որոտում էր մի խուլ, ծանր դղրդյունով: Ինձ երևում էր մի հսկայական մրջնանոց, որտեղ փոքրիկ միջատների փոխարեն, խառնված էին միմյանց հետ ահագին բազմություն մարդիկների և զանազան անասունների: Շները, ստվար խումբերով, համարձակ վխտում էին ամեն կողմում: Փողոցներից անցնելու տեղ չկար: Ղավազները մեզ համար ճանապարհ էին բաց անում: Ամեն կողմից ես նկատում էի մռայլ դեմքեր, որոնք մի առանձին դառնությամբ նայում էին մեզ վրա: Մահմեդականը չէր կարող համբերել, երբ տեսնում է «գավուրին» փոքր ի շատե վայելուչ կերպարանքի մեջ: Ասլանը մի եվրոպական կոնսուլի կամ դեսպանի տպավորություն էր գործում: Իսկ ես այնօր, նրա պատվիրելով, կրում էի իմ բոլոր զենքերը. մի զույգ ատրճանակ կապած էին իմ ձիու թամքի ղաշին, մի զույգ ևս խրած ունեի գոտիիս մեջ. ուսիցս քարշ էր ընկած մի թեթև եվրոպական հրացան, իսկ իմ սուրը իր արծաթյա զարդարանքով կարող էր գրավել բոլորի ուշադրությանը: Հայերի վրա ևս, որպես երևում էր, ոչ այնքան հաճելի տպավորություն էր գործում մեր փառքը: Նրանք չէին նախանձվում, այլ վախենում էին՝ չզայրացնել մահմեդականներին: Իրանց փոքրիկ խանութներում, խորասուզված զանազան փարչաների մեջ, նրանք զբաղված էին իրանց արշինով և չէին ուզում նայել անգամ մեզ վրա:
Վերջապես հասանք փաշայի ապարանքը: Դրսից նա այնքան փառահեղ չէր, իսկ ներսից շնչում էր արևելան բռնապետի բոլոր շռայլությամբ: Ջրի շատրվանները գործում էին, սիրամարգները սիգալով ճեմում էին ծաղկազարդ պարտեզների մեջ, սևամորթ և սպիտակամորթ սպասավորները թիվ չունեին: Մի բարձր աստիճանավոր ապարանքի գրլխավոր մուտքի առջև ընդունեց մեզ: Մենք անցանք մի քանի բակերից, որոնք մինը մյոսից ավելի գեղեցիկ էին: Խաղացող ջուրը, ծաղիկը և կանաչեղենը, արևելքցու սիրելիները, կենդանացնում էին բոլոր բակերը մի սքանչելի սրտապարար շքեղությամբ: Սենյակների լուսամուտները զարդարված էին գույնզգույն ապակիներով, իսկ նրանց պատերի վրա նկարված պատկերները ներկայացնում էին զանազան առասպելաբանական ավանդությունների գեղեցիկ տեսարաններ:
Այդ տերևների և ճոխության մեջ ծածկված բնակարանը, որ սովոր էր ամբողջ գիշերները լուսացնել նվագներով, երգերով ու պարերով, ուր շալերի, մետաքսի և գոհարների մեջ հանգչում էին երկրի ամենաընտիր գեղեցկուհիները, այդ սիրո և վայելչության դրախտ էր, միևնույն ժամանակ մի դժոխք՝ լի սոսկումով և արտասուքով: Նրա ներքին հարկի ստորերկրյա զնդաններում հեծում էին հարյուրավոր բանտարկյալներ: Վերևում, շքեղ դահլիճների մեջ, նվագներ էին հնչում, իսկ ներքևում, մթին նկուղների մեջ՝ որոտում էին այդ թշվառների շղթաները: Նրա ծաղկազարդ բակերի մարմարյա սալահատակը ոչ սակավ անգամ սրսկված է եղել անմեղ զոհերի արյունով, և նրա գեղեցիկ, սաղարթախիտ ծառերը ոչ սակավ անգամ կախաղանի պաշտոն են կատարել… Այդ բոլորը կատարվել է խուլ պարիսպների մեջ, լուսնի լույսի ներքո, և ավազանների խաղաղ հայելին ցոլացրել է իր մեջ եղեռնական գործողությունների սոսկալի պատկերները… Դրսի աշխարհը երբեք տեղեկություն չէ ունեցել, թե ինչ է կատարվել ներսում… Սերը, ուրախությունը, զեխությունը միշտ թագավորել է այստեղ գազանային անգթության հետ…
Երեխայությունիցս ես սովորած էի սարսափել, դողալ մեծ մարդերի առջև, այդ պատճառով մինչև փաշային ներկայանալը, ինձանում սիրտ չէր մնացել: Ասլանը նկատեց իմ երկչոտությունը և, մի կողմից հանդիմանելով, մյուս կողմից խրախուսելով, ասաց.
– Դու տակավին ստրկահոգության մեջ ես մնացել, ինչո՞ւ ես շփոթվում, մի՞ թե նա էլ քեզ նման մարդ չէ, միթե ահեղ աստուծո առջև պիտի դուրս գաս…
Ես փոքր-ինչ հոգի առա, ավելի ամաչելուց, քան թե քաջալերություն ստանալուց:
Փաշան, եթե կարելի է այսպես կոչել, մի ահագին մսեղեն բլուր էր, հաստ փորով, հաստ գլխով, հաստ ձայնով, մի խոսքով, նրա մեջ ոչինչ նուրբ և տաշած բան չկար: Նուրբ էր նրա մեջ միայն տաճկական բարձր պաշտոնակալի բնական խելքը, խորամանկությունը, կեղծավորությունը, որ նենգավորության էր հասնում: Նա խիստ քաղաքավարությամբ ընդունեց մեզ, և իր մանկլավիկների օգնությամբ, որոնք նրա աջ ու ձախ թևքերից բռնելով վեր բարձրացրին, կանգնեց և, մի քանի քայլ փոխելով, մոտեցավ բռնեց Ասլանի ձեռքը:
– Իմ բախտավորությանը չափ չկա, – ասաց նա, – որ իմ տան շեմքը արժանանում է ընդունել ձեզ պես թանկագին հյուրին, պարոն բժշկապետ:
Փաշան Ասլանի աջը չթողեց իր ձեռքից, տարավ նրան, նստեցրեց իր մոտ, աջ կողմում: Ես մնացի ոտքի վրա կանգնած, դահլիճի դռան մոտ: Գիտեի այդ սովորությունը և մի քանի անգամ տեսել էի, թե ինչպես զինված ծառաները սպասավորում են իրանց տիրոջը, հենց միևնույն սենյակում, ուր նա ընդունելություն է գտնում մի օտարի մոտ: Ծառան այդ դեպքում թիկնապահ է, մի քաջ վերահսկող է, որ, ձեռքը իր սրի կոթի վրա դրած, ամենայն զգուշությամբ նայում է իր տիրոջ վրա: Երբ նրա կյանքին մի որևիցե վտանգ է սպառնում, նա պահապան հրեշտակի նման օգնության է հասնում: Ես այդ դիրքն էի բռնել:
Փաշայի առաջին խոսակցությունը այն աստիճան քաղցր, սահուն և գրավիչ էր, կարծես մի շաբաթ առաջ սերտել էր այն ջերմ, սրտից բխած խոսքերը: Բայց ոչ թե մի շաբաթ առաջ, այլ իր ամբողջ կյանքում նա սերտել էր այդ խոսքերը: Օտարերկրացու մոտ այդ հրեշները վերին աստիճանի բարի և քաղաքավարի են, իսկ իրանցների մոտ` մի խստասիրտ գազան:
Հետո խոսակցությանը ձևականից ավելի սովորական դարձավ. խոսում էր նա, ինչ որ առհասարակ խոսում են մի ճանապարհորդի հետ, այն ևս եվրոպացի ճանապարհորդի հետ:
– Հանգի՞ստ անցավ ձեր ճանապարհորդությունը, պարոն բժշկապետ, – հարցնում էր նա: – Հույս ունեմ, մի որևիցե անախորժություն պատահած չի լինի ձեզ հետ:
– Առանձին ոչինչ չէ պատահել, ամեն տեղ սիրալիր ընդունելություն էի գտնում, – պատասխանում էր Ասլանը:
– Ուրիշ կերպ չէր կարող լինել: Ես ինձ բոլորովին անպատված կհամարեի, եթե իմ կառավարությանը հանձնված երկրում դուք մի ամենաթեթև նեղություն անգամ կրած լինեիք: Եվրոպացիք առհասարակ խիստ աննպաստ կարծիք ունեն մեր երկրի մասին, համարում են վայրենիների աշխարհ, ուր գլխի մազից օգուտ քաղելու համար մարդկանց կառափներ են կտրում: Մենք շատ ուրախ ենք լինում, երբ երբեմն մերկողմերում հանդիպում են եվրոպացի ճանապարհորդներ, գոնե այդ կարծիքը մասամբ կփարատեին մեր մասին:
– Եվրոպացի ճանապարհորդներից ոմանք շատ լավ կարծիքներ են հայտնել ձեր երկրի մասին, – նկատեց Ասլանը:
– Արդարությունն էլ այդպես է պահանջում: Այդ գոնե առիթ կտար եվրոպացիներին չվախենալ մեր ևրկրից, և մենք ավելի հաճախ հարաբերություններ կունենայինք միմյանց հետ, և մեր երկրի քաղաքակրթությունը ավելի և ավելի կծաղկեր: Իրավ է, երբեմն մասնավոր անկարգություններ պատահել են (ո՛րտեղ չեն պատահում նրանք), բայց այդ եղել է ավելի հին ժամանակներում: Իմ կողմից կատարյալ անհամեստություն կլիներ, պարոն բժշկապետ, իմ բերնով ձեզ ասել, դուք կարող եք այդ և ուրիշներից տեղականալ, որ այն օրից, երբ ես ոտք կոխեցի այդ երկրի վրա, գայլն ու գառը միասին են ապրում, որպես երկու հարազատ եղբայրներ: