Րաֆֆի - Կայծեր Մաս 2 стр 10.

Шрифт
Фон

Ասլանը դարձավ դեպի փոքրիկ աշակերտը:

– Դե՛, իմ քաջ, տեսնենք` ինչպես ես սատանային պոչի վրա կանգնեցնում:

Փոքրիկ աշակերտը վեր կացավ նստած տեղից, երկու ձեռքերը միմյանց վրա կպցրեց կուրծքին, երկու անգամ հազաց և անմեղ աչքերը պլշացնելով, կարդաց. «ամեն հավիտյան փառք և զորություն և արքայություն է քո զի»…

– Բավական է, – ընդհատեց Ասլանը, – այս անգամ սատանային հանգիստ թողեցեք:

Երևի պատվելին գոհ մնաց այդ հարցաքննությամբ. նա ցույց տվեց մի այլ աշակերտ, ասելով.

– Տեսնո՞ւմ եք, պարոն, այդ փոքրիկին, այնպես լավ սերտել է «Հավատամքը», որ գիտե` նրա մեջ քանի այբ կա, քանի բեն կա, մի խոսքով բոլոր տառերը գիտե, պարոն, և բլբուլի պես պատասխան կտա:

– Երևի դուք թվաբանությունը այդ եղանակով եք սովորեցնում, – նկատեց Ասլանը:

– Ոչ, պարոն, – ասաց պատվելին խորհրդավոր ձայնով և միևնույն ժամանակ մի թթու ժպիտ երևաց նրա թոշնած դեմքի վրա: – Այստեղ ուրիշ իմաստություն կա…

Ես իսկույն հիշեցի, թե ինչպես տեր Թոդիկը ստիպում էր մեզ սովորել, թե քանի անգամ կրկնվում է աստուծո անունը «Շնորհյայի» մեջ, և միշտ խոստանում էր բացատրել մեզ մի խորհրդավոր գաղտնիք, որ թաքնված էր այդ կրկնությունների մեջ: Բայց նա ոչինչ չբացատրեց մեզ: Այսպես էլ Սիմոն պատվելին մեզ չասաց, թե ինչ «իմաստություն» կար «Հավատամքի» այբուբենի թվերի մեջ:

Այնուհետև պատվելին առաջարկեց իր աշակերտներին զանազան այսպիսի հարցեր:

– Պետրո՛ս, այն ո՞վ էր, որ երկու անգամ ծնվեց, մի անգամ մեռավ:

– Հովնան մարգարեն, վարժապետ:

– Թորո՛ս, այն ո՞ր անասունն էր, որ մարդու լեզվով խոսեց և հրեշտակի ձեռքով սուր քաշեց:

– Բաղաամի էշը, վարժապետ:

– Մարտիրո՛ս, այն ո՞ր թռչունն էր, որին անիծեց Սողոմոն իմաստունը:

– Ճնճղուկը, վարժապետ:

– Ստեփա՛ն, այն ի՞նչ պտուղ էր, որ Ադամը կերավ, մերկացավ, Եվան կերավ, խենթացավ:

– Թուզը, վարժապետ:

– Տեսնո՞ւմ եք, պարոն, – պատվելին դարձավ դեպի Ասլանը, – ինչպես բլբուլի պես պատասխան են տալիս: – Այդ միջոցին թթու ժպիտը դարձյալ հայտնվեցավ նրա դեմքի վրա և կարմիր աչքերի կարմիր կոպերը խիստ ծիծաղելի անկյուններ կազմեցին: – Իմ աշակերտները ամբողջ աշխարհում գովված են, պարոն, այդ քաղաքի մեջ իմ աշակերտները առաջիններն են համարվում, պարոն, ոչ տերտեր կարող է նրանց հետ խոսել և ոչ վարդապետ. այնպիսի հարց կտան, որ կապված կմնան: Նորին սրբազնությունը հիացած է իմ աշակերտներով, ամիս չի անցնի, որ նորին սրբազնությունը ոտքը ներս չդնե իմ դպրոցի շեմքից: Ահա այդ թանաքամանը նորին սրբազնությունն է ընծայել ինձ, պարոն:

Վերջին խոսքերով պատվելին կամեցավ ուշադրություն դարձնել իր թանաքամանի վրա, այդ պատճառով ձեռքը տարավ դեպի ուռած փորը:

– Այլևս ի՞նչ են սովորում, – հարցրեց Ասլանը:

– Մինչև ճաշ ուսում են ստանում, սովորում են գրել, կարդալ և զանազան իմաստություններ, իսկ ճաշից հետո սովորում են քաղաքավարություն, մարդավարություն` այդպիսի բաներ:

Այս անգամ պատվելին, որ բոլոր խոսակցության ժամանակ մոռացել էր իր կարմիր քիթը, ձախ ձեռքի ցուցամատը տարավ դեպի ձախ կողմի պնչածակը և սկսեց քչփորել, կարծես այնտեղ մի բան նեղացնում էր նրան: Հետո, կամենալով քաղաքավարության մի քանի օրինակներ ցույց տալ, դիմեց աշակերտներից մեկին, ասելով.

– Ապա՛, Օհանիկ, պարոնին մեկ պատիվ տուր:

Աշակերտների միջից դուրս եկավ մի թզաչափ երեխա, կանգնեց Ասլանի առջև և, երկու ձեռքերը դնելով միմյանց վրա, փոքրիկ ափերը բաց արեց, մեկնեց դեպի Ասլանը: Բայց Ասլանը չգիտեր ի՞նչ անել: Պատվելին ժպտելով նկատեց, որ ձեռքը դնե աշակերտի ափի մեջ: Ասլանը կատարեց նրա պատվերը: Փոքրիկ Օհանիկը, նրա աջը երկու ափերի մեջ բռնած, նախ տարավ դեպի շրթունքը, համբուրեց, հետո տարավ դեպի ճակատը, դրեց գլխի վրա:

– Ապա՛, Ավագ, պարոնին գլուխ տո՛ւր, – պատվելին դարձավ դեպի մի այլ աշակերտ:

Բայց Ասլանը թույլ չտվեց, ասելով, որ չանհանգստացնե աշակերտներին: Այսպես, պատվելին աշխատում էր ցույց տալ իր սանիկների բոլոր մտավոր և բարոյական կարողությունը, որոնք, նրա կարծիքով, օրինակելի էին ամբողջ քաղաքում: Նա խնդրեց, որ աշակերտները զանազան տաղեր երգեին, ավելացնելով, որ բոլոր տաղերը գիտեն՝ «Վարդի ու բուլբուրի» տաղը, գինու տաղը, մեջլիսի տաղերը, մի խոսքով, բոլորը գիտեն:

– Հայոց պատմություն սովորո՞ւմ են, – հարցրեց Ասլանը:

– Ի՞նչ պետք է հայոց պատմությունը, – պատասխանեց պատվելին իր սովորական ժպիտով, – հայոց թագավորները բոլորն էլ կռապաշտ էին:

Ասլանը ոչինչ չպատասխանեց: Պատվելին, հավատացած լինելով, որ իր այցելուն շատ գոհ մնաց իր դպրոցից, վստահություն ունեցավ հարցնելու:

– Պարոն, կարծեմ դուք բժիշկ եք:

– Այո՛, բժիշկ եմ:

– Այդ իմ քիթը… մի խոսքով… շատ է նեղացնում ինձ… – Նա այժմ աջ ձեռքի ցուցամատը կոխեց աջ կողմի պնչածակի մեջ, սկսեց քչփորել:

Ասլանը նայեց նրա երեսին և ասաց.

– Քի՛չ օղի խմեցեք, և կլավանա ձեր քիթը:

Մենք դուրս եկանք դասատնից: Այդ ժամանակ միայն նկատեցինք դասատան դռան մի կողմում երկու պատժված աշակերտներ: Երկուսն էլ մերկ ծնկներով չոքեցրած էին մանր, սրածայր խիճերի վրա, երկուսն էլ ձեռքերով վեր էին բարձրացրել մի-մի հատ ամբողջ աղյուս: Մի այլ աշակերտ, ճիպոտը ձեռքին, կանգնած էր նրանց մոտ, հսկում էր, որ դատապարտյալները իրանց դիրքը չփոխեն:

– Ինչո՞վ են հանցավոր այդ ողորմելիները, – հարցրեց Ասլանը մոտենալով նրանց:

– Ես, պարոն, պատվիրել եմ իմ աշակերտներին, որ դրսում ոչ ոքի հետ չխոսեն, մինչև անգամ իրանց ծնողների հետ չխոսեն, միշտ լուռ ու մունջ լինեն (լռությունը ամենագլխավոր պայմանն է համեստության): Իսկ այդ գարշելիները չեն պահպանել իմ պատվերը:

– Դուք ի՞նչպես իմացաք, որ չեն պահպանել:

Սովորական ժպիտը դարձյալ երևաց պատվելիի դեմքի վրա, և այս անգամ նրա կարմիր աչքերը բոլորովին անհայտացան հաստ կոպերի տակ: Երեսի վրա որքան կնճիռներ կային հավաքվեցան աչքերի շուրջը և նրանց ծածկեցին իրանց կոհակների ներքո:

– Ես, պարոն, ամեն բան գիտեմ և ամեն բան կարող եմ իմանալ, – պատասխանեց նա մի առանձին պարծենկոտությամբ: – Իմ աշակերտներից որի վրա կասկած ունեմ, թե նա չէ պահել իմ պատվերը, բերանը չափում եմ, իսկույն իմանում եմ, արդյոք նա դրսում խոսացե՞լ է, թե ոչ:

– Երևի, եթե խոսեցած լինի, բերանը կմեծանա:

– Այո՛, կմեծանա, իհարկե, կմեծանա, պարոն:

Ասլանը այս անգամ չկարողացավ զսպել իր ծիծաղը: Պատվելին կարծելով, թե յուր գյուտը զարմացրեց նրան, ավելի խրախույս ստացավ, և դառնալով դեպի վարպետ Փանոսը, որ բոլոր ժամանակը լուռ էր, հարցրեց.

– Դուք վկայեցեք, վարպետ, թե ի՞նչպես են իմ աշակերտները, ամբողջ քաղաքում նրանց հատը կա՞:

– Իհարկե, չկա… – պատասխանեց վարպետը ծաղրական եղանակով: – Այսպիսի աշակերտներ միայն դուք կարող եք կրթել:

Պատվելին նրա խոսքերը ճշմարտի տեղ ընդունեց:

Մենք հեռացանք Սիմոն պատվելիի դպրոցից, տանելով մեզ հետ խիստ տխուր զգացմունքներ:

Տեր Թոդիկի դպրոցում հազար ու մեկ խստություններ, հազար ու մեկ կանոններ կային, բայց այդ բանը չկար, որ աշակերտների բերանը չափելով իմանային, թե արդյոք նրանք դրսում խոսո՞ւմ են, թե ոչ:

Երբ դուրս եկանք փողոցը, վարպետ Փանոսը ասաց Ասլանին:

– Եթե գիտենայիք, թե ո՛րքան աշխատել եմ, ո՛րքան չարչարվել եմ ես, որ մի կերպով այդ անպիտանին հեռացնեմ այդ դպրոցից, բայց հնար չի եղել:

– Ինչո՞ւ, – հարցրեց Ասլանը:

– Նա մի քանի հզոր պաշտպաններ ունի, ինչպես նահանգապետ փաշան և սրբազան առաջնորդը:

– Այդ գարշելի արարածի մեջ ի՞նչ են գտել, որ պաշտպանում են նրան:

– Հենց այն, որ նա գարշելի է: Չեք կարող երևակայել մի մարդ, որ դրա չափ բարոյապես փչացած և կեղտոտ լիներ: Կատարյալ եղեռնագործ է այդ անպիտանը: Նրան խեղդել պետք է, և ավելի ոչինչ: Գիտե՞ք, շատ երեկոներ նա ընտրում է իր աշակերտներից մի քանիսը և տանում է փաշայի մոտ. այնտեղ մնում են ամբողջ գիշերը, երգում են, պար են գալիս և զվարճացնում են փաշային…

– Լա՜վ բարոյականություն կսովորեն… – ասաց Ասլանը խորին զզվանքով:

– Փաշան առաջ չգիտեր, թե հայոց մանուկները քաղցր ձայն ունեն և լավ տաղեր, երգել գիտեն. մի գիշեր նա հյուր է լինում նորին սրբազնության մոտ, տեսնում է այնտեղ մի խումբ մանկահասակ երգիչներ. շատ հաճելի են թվում նրան երգիչները, և երբ նորին սրբազնությունը նկատում է այդ, պատվիրում է Սիմոն պատվելիին, որ ամեն անգամ, երբ փաշան պահանջելու լինի, նա իր աշակերտներից ամենալավ երգիչները տանե նրա մոտ:

– Բայց ի՞նչպես են համբերում ծնողները:

– Ծնողները ավելի անպիտան են. նրանք մի առանձին պատիվ են համարում, որ իրանց զավակները զարդարում են փաշայի խնջույքները:

Արդեն ճաշին մոտ էր, երբ մենք վերադարձանք վարպետ Փանոսի տունը: Ասլանը իսկույն առանձնացավ իր սենյակում: Վարպետ Փանոսը մտավ իր գործարանը: Իսկ ես գնացի այգին միրգ ուտելու:

Դ

ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՓԱՇԱՆ

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора