Րաֆֆի - Կայծեր Մաս 2 стр 12.

Шрифт
Фон

– Այդ ես տեսա… – ասաց Ասլանը ժպտելով:

Այդ միջոցում ներս մտավ մի լավ հագնված մանկլավիկ, մի ձեռքում բռնած ուներ արծաթյա փոքրիկ սրճամանը, մյուս ձեռքում` մի գեղեցիկ արծաթյա մատուցարան, որի վրա դրած էին երկու չինական հիանալի ֆինջաններ, նույնպես արծաթյա տակերի մեջ: Նա, տեղային սովորաթյան համեմատ, լցրեց ֆինջաններից մեկը, նախ տվեց փաշային: Իսկ փաշան, իր հյուրին առանձնապես պատվելու համար, իր ստացած ֆինջանը իր ձեռքով տվեց նրան, և Ասլանը շնորհակալությամբ ընդունեց: Փաշան վեր առեց երկրորդ ֆինջանը:

Մանկլավիկը սենյակից դուրս գալու ժամանակ լռությամբ անցավ իմ մոտից և թևքով կամաց իմ կողքին բոթեց. դա արդեն նշան էր, որ ես դուրս գամ նախասենյակը, որ ինձ էլ ղահվե խմացնե: Բայց ես չշարժվեցա իմ տեղից: Այդ շատ զարմացրեց նրան:

Ղահվեից հետո մի այլ մանկլավիկ, ավելի լավ հագնված, նարգիլե ներս բերեց, որը իր գեղեցկությամբ բոլորովին ապշեցրեց ինձ: Նրա գլուխը, որի մեջ թամբաքու և կրակ էին դրած, շինված էր զուտ ոսկուց և զարդարած թանկագին քարերով. օձապտույտ «բուլղարիի» ծայրը շինած էր մի թզաչափ երկարությամբ դեղին սաթից, որ նույնպես բռնված էր ոսկու մեջ: Նարգիլեի տակը, որի մեջ ջուր էր ածած, շինված էր ադամանդի նման փայլուն բյուրեղից, որ զարդարված էր գույնզգույն ծաղիկներով: Փաշան նարգիլեի վերաբերությամբ նույն քաղաքավարությունը գործ դրեց, ինչ որ ցույց տվեց ղահվեի ժամանակ, այսինքն` նախ ինքը ընդունեց սպասավորից, հետո իր ձեռքով առաջարկեց Ասլանին:

– Դուք արդեն փոքր ի շատե ընտելացել եք մեր սովորություններին, – ծիծաղելով նկատեց փաշան: – Ի՞նչպես է թվում ձեզ մեր նարգիլեն:

– Ես խիստ ախորժանոք ծխում եմ, – պատասխանեց Ասլանը, – Պոլսում սովորեցի:

Ղահվեն և նարգիլեն ընդհատեցին նրանց խոսակցությունը: Փաշան, կամենալով շարունակել այն, վարպետությամբ հարցրեց.

–Հա, մոռացա, ինչ բանի վրա էինք խոսում:

–Դուք ասում էիք, որ հիմա գառն ու գայլը միասին են ապրում…

– Այո՛, հենց այստեղ ընդհատվեցավ մեր խոսակցությունը: Որովհետև սիրտս լցված է, թույլ տվեցեք ինձ, պարոն բժշկապետ, փոքր-ինչ շատախոս լինել: Եվրոպան մեզ մեղադրում է մեր անմարդասիրական վարմունքի մասին քրիստոնյաների հետ, իբր թե նրանք ճնշված են մեր երկրում, հալածված են, մի խոսքով, ինչ չարիքների մեջ ասեք, չեն զրպարտում մեզ: Բայց հավատացած եղեք, որ քրիստոնյաների վիճակը ավելի լավ է, քան թե մահմեդականներինը: Մեր երկրում ամեն տեղ քրիստոնյաներին առավելություն են տալիս: Մենք նրանց ազատել ենք շատ պարտավորություններից, որ կատարում են միայն մահմեդականները, օրինակ, զինվորագրությունից, որ նրանց շատ ծանր է թվում: Ես ինքս առանձին հոգ եմ տանում, իմ կառավարությանը հանձնված երկրում, քրիստոնյաների վիճակը բարվոքելու համար, որպեսզի նրանց բեռը ավելի թեթև լինի և նրանց ապրուստը ավելի ապահով լինի: Շնորհակալ եմ, որ քրիստոնյաները իրանց կողմից հասկանում են իմ նրանց մատուցած ծառայությունները, և ամիս չէ անցնում, որ իրանց երախտագիտությունը չարտահայտեին, որտեղ որ հարկն է: Ձեզ այս րոպեին ցույց կտամ, պարոն բժշկապետ, մի նոր հանրագիր, որ պատրաստված է երկու օրինակ, մեկը Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը ուղարկելու համար, մյուսը` Բարձրագույն Դուռը ուղարկելու համար: Դրանց մեջ հայ հասարակությունը, հազարավոր ստորագրություններով, հայտնում է իր խորին գոհունակությունը իմ կառավարությունից և, միևնույն ժամանակ, ցույց է տալիս իր բախտավոր դրությունը և բարօրությունը:

Նա հրամայեց սպասավորին, որ ոտքի վրա կանգնած էր իր մոտ, բերել իր թղթապահը: Նրա միջից դուրս հանեց մի քանի թերթեր, ծածկված բազմաթիվ կնիքներով և ստորագրություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում էր հայոց հոգևոր առաջնորդի կնիքն ու ստորագրությունը, հետո դրված էին զանազան հայ բեկերի, էֆենդիների և նշանավոր անձինքների ստորագրությունները:

Այդ թղթերը ոչ սակավ զարմացրին թե Ասլանին և թե ինձ: Բայց երբ վերադարձանք տուն, վարպետ Փանոսը բացատրեց մեզ, թե որպիսի պղտոր աղբյուրներից էին բխում այս տեսակ շնորհակալությունները…

Փաշան, կարծելով, թե լավ ազդեցություն գործեցին ցույց տված թղթերը իր հյուրի վրա, շարունակեց.

– Մենք շատ պիտի ամաչեինք քաղաքակիրթ Եվրոպայի առջև, պարոն բժշկապետ, որ այժմյան լուսավոր դարում մեր երկրում ազգերի և կանոնների խտրություն լիներ, որ մենք հալածեինք քրիստոնյային, որովհետև նա մեր ազգին և կրոնին չէր պատկանում: Իրավ է, որ մեր մահմեդական ժողովուրդը դեռ ոչ բոլորովին թոթափել է վաղեմի նախապաշարմունքը, նա դեռ բավական մոլեռանդ է մնացել: Բայց ո՞րտեղ չկա այդ մոլեռանդությունը: Մինչև այսօր, լուսավոր Եվրոպայում անգամ, տեղ-տեղ հալածվում են հրեաները: Իսկ մեր կառավարությունը այժմ ամեն ջանքով աշխատում է կրթության միջոցով ոչնչացնել ժողովրդի մոլեռանդությունը, և այդ նպատակով դպրոցների թիվը մեր երկրում օրըստօրե բազմանում է: Մենք մինչև անգամ հոգ ենք տանում և հայոց դպրոցների հառաջադիմության մասին: Այգեստանում կա մի նշանավոր դպրոց, որը գտնվում է իմ առանձին խնամակալության ներքո: Ես իմ սեփական միջոցներից այդ դպրոցի վարժապետին թոշակ եմ տալիս:

– Վարժապետը ի՞նչպես մարդ է, ընդունա՞կ է իր պաշտոնին, – հարցրեց Ասլանը:

– Ամենապատվական մարդ է, մեր քաղաքի հայ գիտնականների մեջ նրան կարելի է առաջինը համարել:

Փաշայի խոսքը Սիմոն պատվելիի և նրա դպրոցի մասին էր: Ասլանը այնպես ձևացրեց իրան, որ ամենևին տեղեկություն չունի այդ դպրոցի մասին:

Խոսակցությունը դարձյալ ընդհատվեցավ, երբ մանկլավիկների մի խումբ, գեղեցիկ արծաթյա մատուցարանների վրա դրած, ներս բերեցին զանազան տեսակ անուշահոտ շերբեթներ և զանազան տեսակ քաղցրավենիք ու խմորեղեններ, պատրաստված նուշով և հոտավետ համեմներով: Փաշան իր ձեռքով ընտրում էր անուշ պատառները և առաջարկում էր Ասլանին:

– Փորձեցեք այդ «փախլավայից», – ասում էր նա, – հայոց առաջնորդը սաստիկ սիրում է այդ «փախլավան»: Երբ որ նա ինձ մոտ է գալիս, եթե «փախլավա» չլինի, անպատճառ դժգոհ կմնա:

– Իրավունք ունի հայոց առաջնորդը, – պատասխանեց Ասլանը, – բավական լավ է պատրաստած:

– Դուք ծանո՞թ եք նրա հետ:

– Ոչ, ես դեռ չեմ տեսնվել նրա հետ:

– Անպատճառ պետք է տեսնվել, ես ձեզ խորհուրդ կտայի տեսնվել նրա հետ, դուք շատ գոհ կմնայիք. նա պատվական մարդ է, ամենապատվական մարդն է: Գալ Վան և հայոց առաջնորդին չտեսնել, դա միևնույն կլիներ, որպես գնալ Հռոմ և պապին չտեսնել:

– Ես օգուտ կքաղեմ ձեր խորհրդից, – ասաց Ասլանը, – առանց հայոց առաջնորդի հետ տեսնվելու, չեմ հեռանա այդ քաղաքից:

Փաշայի և հայոց առաջնորդի բարեկամական հարաբերությունները մեզ հայտնի էին. այստեղից բացահայտ էր, թե նա ինչո՛ւ հորդորում էր Ասլանին` անպատճառ տեսնվել «ամենապատվական մարդու» հետ: Տարակույս չկա, որ փաշան հավատացած էր, որ առաջնորդն էլ նույն վկայությունը կտար իր մասին, թե փաշան ամենապատվական մարդն է, և եվրոպացի ճանապարհորդի ուղևորության տետրակի մեջ կավելանային մի քանի փայլուն խոսքեր երկրի այդ երկու բարձր ներկայացուցիչների մասին:

Փաշան ինքը մատնեց իրան, ասելով.

– Նա իմ լավ բարեկամս է և իմ եռանդոտ գործակիցս է իմ բոլոր ձեռնարկությունների մեջ: Ես կատարյալ սիրահար եմ եվրոպական կրթության, պարոն բժշկապետ: Եթե ես հրաշագործության շնորհ ունենայի, կաշխատեի մի քանի վայրկյանի մեջ մեր հայրենիքը Ֆրանսիա դարձնել: Բայց դժբախտաբար այդ անկարելի է: Մենք շատ գործ ունենք կատարելու. մենք շատ ետ ենք մնացել, այժմ ստիպված ենք թռիչքներ գործելով առաջ ընթանալ, որ հասնենք լուսավոր ժողովուրդներին:

Մի թեթև ժպիտ երևաց Ասլանի դեմքի վրա:

– Ժողովրդի կրթությունը կանոնավոր լինելու համար, – նկատեց նա, – հարկավոր չէ թռիչքներ գործել, այլ թողնելու է նրան, որ իր բնական ընթացքով առաջ գնա: Միայն գլխավոր պայմանը այն պետք է լինի, որ ժողովրդի հառաջադիմության ղեկը պետք է ուղիղ ճանապարհի վրա դրվի, որպեսզի նրանից չշեղվելով, ցանկացած նպատակին հասնի:

– Բոլորովին ճիշտ է ձեր նկատողությունը, – պատասխանեց փաշան գործագետ մարդու եղանակով: – Բայց մեր դժբախտությունը նրանումն է, որ մեր առաջավոր մարդիկը, խիստ սակավ բացառությամբ, անբարեխիղճ են: Բանի՞ անգամ առաջարկել եմ ես մեծ վեզիրին, որ այդ երկրի հարկերի մի մասը հատկացնե նույն իսկ այդ երկրի տեղային բարեկարգությունների համար գործ դնելու: Բայց միշտ մերժում եմ ստացել: Հազարավոր բաներ կան շինելու: Օրինակ, դուք տեսաք մեր ճանապարհները, մեր կամուրջները, մեր ջրանցքները, այդ բոլորը նորոգելու կարոտ են: Վաճառականության և երկրագործության անկման բուն պատճառները մեր երկրում` պետք է վատ հաղորդակցությունների մեջ որոնել:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора