Ասլանը լռությամբ լսում էր, երևում էր, ոչ այնքան հետաքրքրվելով: Կարծես նա այդ բոլորը գիտեր, և գիտեր ավելի լավ, քան թե վարպետ Փանոսը: Բայց իմ վրդովմունքը չափ չուներ. «այդ ինչ դրություն է, մտածում էի ես, ավելի լավ չէ՞ր լինի, որ մարդիկ ամենևին գոյություն չունենային, քան թե այդպիսի անպատիվ կյանքով ապրեին»:
Մենք շարունակում էինք գնալ երկար, ծառազարդ փողոցներով: Վարպետ Փանոսը ավելացրեց.
– Ահա այդ գիշակեր խնամակալներն են, որոնք պարտքով փող են տալիս իրանց «գավուրներին», երբ նրանք օտար երկիր են գնում բախտ որոնելու, և ավելի շուտ են ճանապարհ դնում նրանց, երբ նրանց ընտանիքի մեջ կար մի սիրուն կին կամ գեղեցիկ աղջիկ: Գաղթականը ճանապարհի ծախքի կարոտ է, բացի դրանից նա պետք է շատ ու քիչ փող թողնե իր տան ապրուստի համար, այդ բոլորը նա պարտքով վոր է առնում իր խնամակալից: Նրա պարտքը սկզբում մի քանի հարյուր ղուրուշ է լինում, բայց այդ մի քանի հարյուրը տարիների ընթացքում աճում է, բազմանում է և շատ հազարներ է դառնում: Այնուհետև պարտքից ազատբելու հնար չկա: Պարտքի արմատը միշտ մնում է միևնույնը, հատուցվում է տոկոսը միայն: Իսկ այդ անիծյալ տոկոսը վճարելու համար պետք են մի քանի ուժեղ տղամարդիկ, որ Կ. Պոլսի մաքսատներում կամ քարվանսարաներում համալություն անեին: Ամբողջ Վանի մեջ չկա մի ընտանիք, որի մի քանի անդամները պանդխտության մեջ չլինեին: Առաջ գնում էին միայն տղամարղիկը, իսկ այժմ կանայք նույնպես սկսել են օտար երկրներում բախտ որոնել: Վանեցի կինը, որ իր տան ծածկի տակից չէր դուրս գալիս, որ նրա երեսը մի ուրիշ մարդ չտեսնե, այժմ պանդխտության մեջ վատնում է իր ավանդական համեստությունը…
Ասլանը ընդհատեց վարպետի տխուր պատմությունը, հարցնելով.
– Կարծեմ այստեղի հայերից ևս կան այնպիսիները, որոնք մահմեդական խնամակալների պաշտոն են կատարում…
– Կան, և նրանց թիվը սակավ չէ: Այդ անիրավները անունով միայն հայ են, իսկ գործով կատարյալ ենիչերի…
– Բայց ի՞նչպես է, որ նրանք չեն թաքցնում իրանց հարստությունը և փառավոր կերպով ապրում են:
– Նրանք էլ ունեն իրանց պաշտպանները, ավելի բարձրաստիճան անձիքներից, որոնց հովանավորությունը վայելելով, տկարներին խեղդում են, իսկ հզորներին տուրք են վճարում…
Մենք անցանք մի եկեղեցու դռնից, որտեղ մինը մյուսի ետևից մտնում էին և դուրս էին գալիս երեխաներ, գրքերը թևքերի տակ առած:
– Երևի այստեղ դպրոց կա, – հարցրեց Ասլանը, – աշակերտներ են ման գալիս:
– Կա, – պատասխանեց վարպետ Փանոսը, – մեր քաղաքի առաջնակարգ դպրոցներից մեկն է. եթե ժամանակ ունեք, մտնենք, դուք գաղափար կստանաք մեր նոր սերունդի մտավոր զարգացման մասին:
Մտանք վարժարանը, որ գտնվում էր եկեղեցու բակումը: Իմ առջև իսկույն նկարվեցավ տեր Թոդիկի դպրոցը իր բոլոր այլանդակությամբ: Աշակերտները այստեղ ևս ածած էին մի դասատան մեջ և խառն կերպով նստած էին հասիրների (փսիաթ) վրա: Բոլորը միասին կարդում էին, ամեն մեկից մի տեսակ ձայն էր լսվում, որովհետև որքան աշակերտներ կային, այնքան զանազան գրքեր կային նրանց ձեռքում: Ամեն մեկի տանը, եթե պապերից մնացած մի դիրք էր գտնվել, հայրը տվել էր որդու ձեռքը, ասելով. «Տար վարժապետիդ ասա, որ դրա վրա կարդացնե»… թող այն գիրքը Սաղմոս լիներ, Ժամագիրք լիներ, Կիպրիանոս լիներ, Պղնձե քաղաք լիներ, հին բժշկարան կամ երազահան լիներ, միևնույն է, բավական է, որ գիրք էր: Զանազանությունը այս վարժարանի և տեր Թոդիկի դպրոցի այն էր միայն, որ ես առաջին անգամ այստեղ լսեցի, մի քանի գրքերի անուններ, որպիսիք էին քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն և այլն: Այդ գրքերը գրավարժության համար, որպես ընթերցանության գրքեր, կարդում էին նույն եղանակով, ինչպես կարդում էին Ավետարանը: Երևում էր, որ վերջին գրքերը ունեցող աշակերտների տանը ուրիշ գրքեր չէին գտնվել, որ ավելի հարմարը տային նրանց ձեռքը:
Վարժապետին կոչում էին Սիմոն պատվելի. նա մի ժամանակ Կ. Պոլսում սափրիչ էր եղել, և բավականին հաստլիկ ու մսուտ մարդ էր, որպես սովորաբար լինում են սափրիչները: Նրա դեմքը, անկանոն խմելուց, ստացել էր մի տեսակ լրջագույն-կարմրություն, որի նմանը կարելի է տեսնել հնդկահավի գլխի վրա, իսկ երեսի կաշին հաստանալով, բոլորովին կորցրել էր իր կոկությունը և նարնջի կեղևի նմանություն էր ստացել: Քթի վրա, որը իր մեծությամբ ընդարձակ տեղ էր բռնում, երևում էին կասկածավոր կարմիր բծեր: Այսպիսի դեմքեր շատ ընդունակ են կեղծավորվելու, թեև քսությունը ավելի չէ հարմարվում նրանց: Նրա հագուստը մի ծիծաղելի խառնուրդ էր եվրոպականից և ասիականից: Գլխին դրած ուներ տաճկի կարմիր ֆես, որի վրա քրդի ձևով փաթաթել էր երկու «յազմա» կոչված թաշկինակներ. հագել էր վանեցու երկայն անթարի, կողքից ճղած լայն դրոշակներով, որի վրա հագել էր մի մուգ-դեղնագույն եվրոպական կարճ պալտո: Կարճ պալտոն և երկայն անթարին վերևից պնդած էին շալե հաստ գոտիով, որը մի քանի փաթոթներով պատած էր նրա մեջքին: Նրա նեղ պանտալոնը հազիվ իջնում էր ծնկներից մի փոքր ցած: Սրունքները բաց էին մնացած: Երևում էր, որ այդ ողորմելի պանտալոնը նա գնել էր հնոտիների բազարից, այդ պատճառով նրա համար չափազանց կարճ էր: Դասատան մեջ նա հագած ուներ մի տեսակ հողաթափներ, որոնք երեք մատի հաստությամբ փայտյա տակեր ունեին, և շարժվելու ժամանակ այդ տախտակները խիստ օտարոտի ձայներ էին հանում աղյուսով պատած հատակի վրա: Միակ առարկան, որ ցույց էր տալիս, թե նա գրի ու կարդալու մարդ է, էր նրա ահագին թանաքամանը, որ փորի վրա խրած ուներ գոտիի մեջ: Այդ ինքնուրույն թանաքամանը կազմված էր պղնձե երկայն քառանկյունի փողից, որի մի ծայրի կողքին ամրացրած էր բուն թանաքամանը, թրաշած բաժակի ձևով: Նրա մեջ թանաք էր ածած և սև աբրեշումի թելեր էր դրած, որպեսզի թելերը հեղուկ թանաքը իրանց մեջ ծծեին, որ չվիթվեր: Քառանկյունի փողի մեջ ամեն բան կար, այնտեղ կար և զմելի, և գրիչ. այնտեղ կար մի մազաշ, որով պատվելին իր քթից մազեր էր դուրս հանում, այնտեղ կար և մի ականջափորիկ` թեյի փոքրիկ գդալի չափով, որով և թանաքամանի մեջ ջուր էր ածում ցամաքելու ժամանակ, և ականջների կեղտն էր դուրս տալիս, երբ բավական լցվում էին, այնտեղ կար և մի ածելի, որով պատվելին երեսը ածիլում էր: Պատվելիի այդ գրական պարագայքը լրացնում էին և մի քանի այլ առարկաներ, որ նույնպես քարշ էին ընկած նրա գոտիից. դրանցից մեկն էր նրա կարճ ծխաքարշը փայտյա կոթով, երկրորդը, գույնզգույն ճոթերից կարված մի մեծ քսակ էր, որի մեջ ծխախոտ էր ածած, իսկ երրորդը, երկաթյա մի փոքրիկ ունելի էր, որով ծխաքարշի վրա կրակ էր դնում, երբ պետք էր վառել նրան, իսկ հարկավոր ժամանակ նրանով բռնում էր աշակերտների քթից և հուփ էր տալիս…
Տեսնելով մեզ, Սիմոն պատվելիի առաջին հոգսը եղավ հանգստացնել իր աշակերտներին «ս՜ուս», «սո՜ւս» գոչելով, ճիպոտը ձեռքին, նա սկսեց վազ տալ դասատան այս կողմը, այն կողմը, մի քանի պտույտներ գործեց, մի քանի հայհոյանքներ տվեց, աշակերտներից մեկի մազերից բռնելով, նստեցրեց իր տեղը, մյուսի ականջները ձգձգեց և, վերջապես, նրան հաջողվեցավ կարգը վերականգնել: Բոլոր աշակերտները լռեցին և յուրաքանչյուրը յուր տեղում անշարժ նստած մնաց: Այդ գործողությունը թեև փոշու թանձր մառախուղ բարձրացրեց, առանց դրան ևս լույսից զրկված դասատան մեջ, բայց այդ մթության միջից դարձյալ կարելի էր տեսնել, թե ինչպես աշակերտները երկչոտ կերպով, ապուշ-ապուշ նայում էին մեզ վրա:
Հետո պատվելին ընդառաջ եկավ, ընդունեց մեզ, որպես մի մարդ, որ իր տանը հյուր էր ընդունում, այդ խոսքերով.
– Բարով եք եկել, հազար բարով, իմ աչքի վրա, իմ գլխի վրա…
Հայտնի չէ, թե այլևս նրա որտեղի վրա պետք է լիներ մեր ընդունելությունը, որովհետև աշակերտներից մեկը այդ միջոցին փռթկաց, և պատվելիի ճառը ընդհատվեցավ: Նա երեսը շուռ տվեց դեպի եղեռնագործը և ձեռքով սպառնալով` մրթմրթաց. «Սպասի՜ր, գարշելի»…
– Ի՞նչ են սովորում այստեղ, – հարցրեց Ասլանը:
– Ամեն բան սովորում են, պարոն, – պատասխանեց պատվելին, աջ ձեռքի ցուցամատով աջ կողմի պնչածակը քչփորելով, – ինչ որ կամենում եք, հարցրեք, բլբլուլի պես պատասխան կտան:
– Այդ լավ է, – ասաց Ասլանը ժպտալով:
– Տեսնո՞ւմ եք այդ փոքրիկին, պարոն, – նա ցույց տվեց մի ութ տարեկան երեխա, – կարող է ամբողջ «Հայր-մերը» թարսա ասել:
– Ի՞նչպես թարսա ասել:
– Այնպես… այսինքն… զոր օրինակ… տակից դեպի վեր… այնպես ասել, – պատասխանեց պատվելին կակազելով:
– Երևի դրանում մի առանձին միտք կա, որ դուք «Հայր-մերը» թարսա եք սովորեցնում, – հարցրեց Ասլանը լուրջ կերպով:
– Ինչպես չէ, պարոն, այո՛, առանձին միտք կա, պարոն, – կրկնեց պատվելին վարդապետական եղանակով: – Երբ «Հայր-մերը» թարսա են կարդում, Հիսուս Քրիստոսի շնորհքով, սատանան իր պոչի վրա մեխվում է գետնին, էլ չէ շարժվում տեղից: Դա փորձված է, շատ անգամ փորձված է, պարոն: