Երբ արևը մտավ հորիզոնից, դենպետը, արևամուտի աղոթքի ժամանակը հասած համարելով, զննեց կողմնացույցը և կամենում էր աղոթքի կանգնել: Հանկարծ պարտեզի դռնից աղմկելով ներս մտավ մի պառավ թրքուհի, ոտից մինչև գլուխ չարսավում փաթաթված, ձեռքում աղերսագիր և ուղղվեց դեպի թենեբիի լայն բաց լուսամուտը:
Թեև տանտիրոջ ծառաները շատ աշխատեցին, որ արգելեն պառավին խնդիրը ներկայացնելու, բայց մեծ մյուջթեհիդի հավատարիմը նրանց առաջը կտրեց ասելով.
– Արդարադատության դուռը ոչ մի րոպե չի կարելի փակել: Խնդրատուի առաջ միշտ բաց են դատարանի դռները:
Կինը ներկայացրեց խնդիրը, որը թենեբիից դենպետն առավ ասելով.
– Աղոթելուց առաջ անհրաժեշտ է հուզվածների ու բորբոքվածների բողոքը լսել:
Հանդիսականները անմռունչ լսում ու զննում էին իրենց դենպետի խոսքն ու արարքը, որը ակնոցն ուղղեց և սկսեց կարդալ խնդիրը:
– Ինչո՞վ ես հաստատում, որ այս տունը քոնն է, խանում, – հարցրեց դենպետը:
– Թեև մարդու չեմ հավատացել իմ կապալես, բայց ձեզ վրա լիովին վստահ եմ, կարդացեք, սահաբ, – ասաց ու ծոցից դուրս հանելով կալվածագիրը, հանձնեց դենպետին:
Մյուջթեհիդը կարդաց կալվածագիրը, զննեց կնիքները և հարցրեց մոտը նստած մյուջթեհիդից, թե կնիքն ու ստորագրությունը ծանո՞թ են նրան:
– Ծանոթ է. Հաջի Միրզա-Բաղր աղայի ձեռագիրն է, – պատասխանեց կղերականը:
– Հաջի-Ալի, առաջ արի տեսնենք, թե ինչ է ասում այս կինը, որ տեր է կանգնել քո այս բնակարանիդ և ինձ զգուշացնում է չաղոթել իր տան մեջ առանց իր համաձայնության:
– Սահաբ, – ասաց դենպետի առաջը չոքելով տանտերը, – ահա երեսուն տարի է, որ իմ ձեռքին է այս տունը, և ես գնել եմ Դալալ-Բաշուց:
– Ուրեմն այս տները շինել է Դալալ-Բաշի՞ն:
– Այո, բայց ես նրանից գնել եմ և թղթերս վավերացրել են բոլոր հայտնի մյուջթեհիդները:
– Տեսնեմ թղթերդ, – ասաց դենպետը:
Հաջի-Ալին երբ ներս գնաց թղթերը բերելու, թրքուհին ասաց,
– Սահաբ, երբ ամուսինս վալիահթը կանչել էր, նա վախենալով, որ իրեն կարող են կողոպտել, անմիջապես գնացինք մյուջթեհիդի մոտ, և ինձ ծախեց տները, որ ապահովե վտանգից: Բանտում Դալալ-Բաշուն այնքան տանջել տվեց վալիահթը, մինչև ստիպեց տունը ծախել և յոթ հազար թուման տուգանք վճարել: Թեև ամուսինս շատ դիմադրեց, բայց տանջանքի տակ անճարացած զիջավ և յոթ ամիս հետո մի երկրորդ կապալե տվեց Հաջի-Ալիին, իսկ այս անիրավը բռնության ենթարկվածից հափշտակողի նման գրավեց կայքը և տիրացավ:
– Բանտից դուրս եկա՞վ Դալալ-Բաշին:
– Ոչ, այնտեղ նրան թունավորեցին:
Այս ժամանակ ներս եկավ Հաջի-Ալին և իր կալվածագիրը ներկայացրեց դենպետին:
– Սահաբ, բացի այս կապալագիրը, ինքը վալիահթը և շահը հաստատել են իմ դոկումենտներս:
– Աղբ են կերել շահը և վալիահթը, նրանց ի՞նչ գործն է արդարադատությունը: Այս կինը այս տունը քեզանից յոթն ամիս առաջ գնել է իր ամուսնուց, սիղան կարդացվել է, նրա սեփականությունն է:
– Սահաբ, ես ի՞նչ մեղք ունիմ, երբ ինձ խաբել են. երկրորդ կապալե են տվել, ես վալիահթի ստիպմամբ եմ գնել այս տունը, Դալալ-Բաշու խնդիրքով նրան ազատել եմ քսան հազար թումանի պարտքից:
– Լսիր, բռնակալների մասին խոսելն ավելորդ է: Տունը այս կնոջն է, և երեսուն տարվա ընթացքում այս տան մեջ կատարած աղոթքներդ, տված ողորմությունդ, բաժանածդ բարիքները, բոլորը զուր են անցել, քանի որ տանտիրոջ կամքի հակառակ նստել ես այս տանը և նրան հոգեպես տանջել: Այս տան մեջ կատարված բոլոր ամուսնությունները պոռնկության է փոխարկվել և ծնվածները պոռնկորդի են դարձել: Այստեղ ոչ միայն աղոթելը, ընթրելը հարամ է, այլ նստելն ու խոսելն էլ հանցանք: Ես այլևս չեմ կարող մնալ հափշտակիչի տանը:
– Սահաբ, ինչպես որ հրամայես, ես պատրաստ եմ կատարելու, տունը ես նրան կդարձնեմ անմիջապես, – ասաց գունատված Հաջի-Ալին:
– Բայց քո երեսուն տարվան կյանքը այնպես ապականված է, որ ոչ միայն տունը, այլ կնոջ կրած բոլոր զրկանքները մինչև չդարձնես, չես կարող փրկվել:
– Պատրաստ եմ, սահաբ, միայն թե իմ հարկս մի խայտառակեք:
– Երբ բոլոր խոստացածդ կկատարես, այն ժամանակ կմտնեմ քո հարկը քեզ մխիթարելու, իսկ այսօր առանց այս կնոջ հաճության չեմ կարող մնալ այս տանը, – ասաց, վեր կացավ դենպետը և ուղղվեց դեպի փողոց:
Բոլոր հանդիսականները նրան հետևեցին: Հաջի-Ալին կաթվածահար ընկավ և դարձրեց տները Դալալ-Բաշու կնոջը:
ԵՐԱԽՏԻՔ
(Պատմած)
Ամբողջ Թավրիզը մեծ իրարանցումի մեջ էր, ամեն կողմից ժողովուրդը դիմում էր դեպի փողոց, որտեղից անց էին կացնելու դահիճները քյալբալա Ղասըմին և Թոփ-Խանեի հրապարակն էին տանելու, որպեսզի մյուջթեհիդի վճիռը գործադրեին: Էլ հասակավոր, երիտասարդ թե երեխա, կին, պառավ թե աղջիկ, ամենքը շտապ-շտապ Թավրիզի նեղ-նեղ փողոցներից անցնելով, դիմում էին մյուջթեհիդի բնակարանի շրջապատի նեղ-նեղ փողոցները և այդ նեղլիկ անցքերում, որոնց միջով չորս-հինգ մարդ կշտեկուշտ չէին քայլել, ամբոխի ահավոր բազմությունը ղժվրտում էր իր բազմազան դասերով և խայտաբղետ տարազներով:
Ժխորը այնպես էր տարածվել օդի մեջ, որ կողք-կողքի կանգնած մարդիկ իրար չէին կարողանում լսել, երկու խոսք իմանալու համար ականջ խլացնելու աստիճանի պետք էր ճվալ:
Ամառային տաք օր էր, թեև մութ փողոցների թանձր կամարակապ ծածկույթներից արևի ճառագայթները չէին կարող ներս թափանցել, բայց աղբերով, կեղտոտություններով նեխված փողոցներում արդեն այնպիսի գարշահոտություն էր տիրում, օդն այնպես էր թանձրացել և տոթը սաստկացել, որ ժողովուրդը, բավականություն չստանալով, ծանրությամբ էր շնչում: Թեև ամեն կողմ բարձրահասակ, առույգ, առողջ ու պնդակազմ մարդիկ էին երևում, բայց այդ ապականված մթնոլորտում իրար հրելով, հրմշտելով այնպես էին կարմրել, որ կարծես այտերը, ճակատները բոցավառվում էին, քրտինքները անվերջ քունքերից, ծոծրակներից ու ճակատներից գլորվում էին, և գոլորշին աննկատ բարձրանում էր նրանց գլխից:
Հանկարծ մի սեիդ ձիավորված դուրս եկավ մյուջթեհիդի բնակարանից և սկսեց գոռալ. – Ճանապարհ բացե՜ք, բացվեցե՜ք, ճանապարհ տվեք: – Ամբոխն սկսեց քամու թեքած ցորենի ցողունների նման պառկիլ՝ սեիդին հետևող ձիավորներին ճանապարհ տալու համար, իրար ետ-ետ էին վռնդում այնպես, որ կարծես ձիավորները շոգենավի նման ծովը ճեղքելով առաջ էին գնում, իսկ ամբոխը ետ-ետ տատանվելով ալիքների նման պատերին էր խփվում:
Այդ հրմշտկոցն ավելի սաստկացավ. իրար սղմրտելուց և կոխկրտելուց թեև վայնասունն ու ճիչերը էլ ավելի սաստկացրին ժխորը, բայց ժողովուրդը առանց ուշք դարձնելու այդ աղաղակներին, բոլորի աչքերը հառած էին մյուջթեհիդի բնակարանի դռանը և սպասում էին անհամբեր, որ տեսնեն ոճրագործ քյալբալա Ղասըմին դուրս գալիս:
Թեև երկու-երեք խումբ ձիավորված սեիդներ դուրս եկան կրոնապետի ապարանքից, դիմեցին Թոփ-Խանե ու վերադարձան, բայց դեռ չարագործին դուրս չէին բերում իր որջից: Թեև մի քանի անգամ նաիբ-յուլ-հաքիմից մարդ եկավ մյուջթեհիդից խնդրելու, որ չարագործին կառավարության հանձնեն, որ նա պատիժը գործադրել տա, բայց ձեռնունայն հեռացան, շերիաթի պաշտոնյան չէր զիջանում, որ գործին միջամտի դիվանը: Երկինքը իր հայտնություններով հպատակների (իսլամ) դատն ու դատաստանը հանձնել էր կրոնի պաշտոնականին, որի արարքը չէր կարող աշխարհային որևէ վարչության կամայականության ենթարկվել:
– Ախար, ի՞նչ է պատահել, – հարցրեց մի ծերունի, խառնված բազմության մեջ, իրեն խոսակից մուսուլմանին, – ի՞նչ մեղք է գործել քյալբալա Ղասըմը, որ մյուջթեհիդի պատուհասին է արժանացել:
– Էլ ի՞նչ պիտի աներ, – պատասխանեց խոսակիցը, – Փողոցի մեջ լույս ցերեկով այնպես է ծեծել մի սեիդի, որ ոչ միայն փակեղն է գլորել գետին, երեսն արյունել, այլ մինչև անգամ վերարկուն է պատռել:
– Մի՞թե, մի՞թե… – ասաց ծերունին մտախոհ զարմանք արտահայտելով: Ապա քիչ հետո կրկին հարցրեց. – Արդյոք ի՞նչն է ստիպել, որ քյալբալան այդ մարգարեի տոհմիկի վրա ձեռք է բարձրացրել:
– Պատճառը իսկապես հայտնի չէ, բայց ասում են, իբր թե սեիդը սուտ վկայություն է տվել Ղասըմի դեմ և ահագին տուգանքի ենթարկել:
– Եվ դրա համար ի՞նչ պատիժ է սահմանել մյուջթեհիդը:
– Դեռ որոշ հայտնի չէ, բայց ասում են թևն են կտրելու:
– Բայց եթե իսկապես սեիդն է մեղավորը, – սա հոգին սևացրել, կաշառվել և սուտ վկայություն է տվել, – մի՞թե անարդար չի լինիլ Ղասըմի պատիժը, մի՞թե ներողամտության չի արժանանալ…
– Ի՞նչ եք ասում, ապագադ բարի լինի, ծերուկ, աշխարհի չնշին բանի համար մի՞թե կարելի է մարգարեի տոհմիկների վրա ձեռք բարձրացնել: Մի՞թե պետք չէ կտրել, դեն գցել այդպիսի կեղտոտ դաստակը:
– Ձեր ասածը զուտ ճշմարտություն է, – վրա բերեց ծերուկը կրոնամոլ ընդդիմախոսին հանդարտեցնելու համար, – բայց հակառակն եմ ասում, եթե իսկապես սեիդը սուտ է վկայել որով տանջել, կրակի մեջ է գցել Ղասմին ինչ պետք է անել: Գուցե այդպիսի սուտ վկայողը երբեք չի կարող մարգարեի սերունդից լինել, նա կեղծ տոհմիկներից է, որոնք հազար սուտը մի բիստիով7 են վկայում: