– Գնանք, գնանք, – ասաց Մանուկը:
– Ո՞ւր եք գնում, ո՞ւր եք վազում, – ասաց զայրալի Կաղ-Մքոն:
– Երթանք մի քանի մարդ կանչենք ու թուլումբաներն առնենք, հասնինք:
– Լավ է, տեղդ ծանր կեցիր, հիմի Կարճ-Նազարի տղերքն ամեն կողմից թափված կլինին: Նրանք մշեցիների, ձկնորսների հետ իրենց թաղի մեջ չեն թողնիլ, որ դուք երեք հոգով քաջագործություն անեք: Ձեր օգնության կարոտ չեն:
– Բայց և այնպես…
– Մարգար ախպար, թե՜զ երթանք, դուռը բաց, թուլումբաները տուր, մեր տղերքը, մեր ճվերը, մեր մանր ու խոշորը վառվեցան:
– Տղա Գալո, այդ որտե՞ղ է ձեր ռեիս (խմբապետ)՝ Կոլոտ-Նազարը: ո՞ւր են ձեր թուլումբաջիները, – ասաց Կաղ-Մքոն:
– Վալլահ, վարժապետ, չեմ գիտեր: Այդ խոսքերի վախտը չէ, երթանք, թուլումբաները տվեք, տղերքը ժամի բակում ձեզ սպասում են: Թե՜զ, թե՜զ: Նազար էֆենդին, ասում են, Ղադիքյո է գնացել, ուռմըների հետ խորհրդի, բալնիքներն էլ նրա ընկերների ձեռին են: Արեք երթանք, ճամփեն կխոսինք: Թե՜զ արեք, շտապեցե՜ք, կոտորվեցինք, կրակը տունն առեր, ու բոցավառվում է ողջ ճեմարանը:
– Ահա, տեսա՞ք ձեր ռեիս, մեզ թողիք, գնացիք, հիմի էլ մեր ումուդին մնացիք: Մենք մարդ չունինք, ի՞նչ անենք ինչպե՞ս անենք:
– Վարժապետ, թեզ արեք, մեր քյուլֆաթը հիմա խորովավ, մեր մարդիկը հազիր են, նրանք կանեն, ինչ որ պետք է: Հազար հեղ ասի, – Նազար էֆենդի, Մքո վարժապետ, այդ թուլումբաներից մեկն այնտեղ թողեք, ամմա ո՞վ է լսողը: Ղոջա ճեմարան է, ինչ խանի-խարաբա է, հազար ծակ ունի, մեկ քյունջը չէի՞ք կարող տեղավորել: Նա գնացել է Ենիմեհլեի էն ծայրը, սա Սելամսըզի մեջ, հիմա նեղ փողոցներից մենք ինչպե՞ս անցկացնենք թուլումբաները ու հասնենք մեր քյուլֆաթն ազատենք: Ամմա, մեզ մարդու տեղ դնող չկա, մեր ուսերն են պետք, ոչ թե մենք…
– Ետև էլ կասեն Կոլոտ-Նազարի մարդիկը հանգցրին կրակը, – ասաց Կաղ-Մքոն:
– Աստծո սիրուն, վարժապետ, ես կպոռամ, որ Կաղ – Մքոյի թուլումբաներով, Կաղ-Մքոն մարեց, կրակը: Երթանք, երթանք:
Սկսեցին բոլորը միասին վազել: Բայց մինչև դռների փականքները բաց անելը, մինչև գործիքների տալը, մինչև հորերից ջուր քաշելը` ճեմարանի կրակը սաստկացավ և էլ հանգցնելու հնար չեղավ:
Հին շինություն, ներքին հարկի աղյուսի պատից մինչև կտուրի կղմինդրը շինված էր մարխոտ չամ փայտից, որը չորացել էր և այրվում էր վառոդի նման: Մինչև ս. Խաչ եկեղեցու բակից թուլումբաները փոխադրեցին ճեմարանի բակը, մինչև Գատը-գյուղից իմացան ու օգնության հասան Կարճ-Նազարի մարդիկը, շինությունը մոխիր դարձավ, և միջի բնակիչների մեծ մասը խանձվեցան այդ մոխրի կույտի տակ:
ՄԱՐԴԱՎԱՐԻ ՀԱՑ ՈԻՏԵԼ
– Ազիզ սահաբ, – ասաց վաճառականն իր օտար հյուրին, որը նվիրական Քեր-Բելա քաղաքից դուրս էր եկել իր հետևորդների մեջ շրջագայելու, անձամբ վերստուգելու նրանց կենցաղը, – կյանքումս երբեք աղոթքից ու ծոմից ետ չեմ մնացել, ուխտագնացությունս ինչպես Քյաբե, նույնպես Մեշեդ ու Նեջեֆ կատարել եմ, վաստակիս տասներորդը ամեն տարի հասցրել եմ ուր հարկն է, որ արժանավոր աղքատներին բաժանեն, զավակներիս դաստիարակել եմ ջերմեռանդության ոգով, ինքս երբեք օրինազանցության մեջ չեմ գտնվել, ոչ մի գործով էլ դատավորների դռները ոչ մաշել եմ, ոչ էլ կանչվել, ասա, խնդրում եմ, ես կարո՞ղ եմ իսկապես մյուսլիմ համարվել, թե դեռ պակասություն ունեմ:
– Ի՞նչ ասեմ, եղբա՛յր, դու ուզում ես մյուսլիմ համարվել, բայց ոչ միայն հավատացյալի պարտականություններից բոլորովին անտեղյակ ես, այլ հավատացյալին վայել հաց ուտել անգամ չգիտես:
Հյուրընկալը ընկավ խոր տխրության մեջ: Նա, որ ամբողջ քսան տարի այդ սահաբի (տեր) միջոցով յուր վաստակի տասներորդը՝ տարեկան 2 – 3 հազար, ցրվել էր կարոտյալներին, որպեսզի ալլահի պատվերը կատարած լինի, հանկարծ այնպիսի տգետ և պակասավոր էր հայտարարվում իր դենպետից, որի արդարադատության և կատարելության մասին ոչ մի կասկած չէր կարող ունենալ: Այս նկատողությունը խոր թախիծի մեջ սուզեց բարեպաշտ հաշուն, և նա ամբողջ քառորդ ժամ չկարողացավ լեցուն բաց անել և երկու խոսքով մի հարց առաջադրել դենպետին:
Երբ մտավոր հույզերից սթափվեց, նորից հարց տվեց հաջին.
– Ազիզ սահաբ, ի՞նչ պակասություն ունիմ, որ ասում եք, թե օրինավոր կերպով հաց ուտել անգամ չգիտեմ:
– Ասա՛, խնդրում եմ, ինչպե՞ս եք սեղան բազմում:
– Նախ հարցնում եմ զավակներիս միջոցով իրենց մորից, թե արդյոք կերակուրը պատրա՞ստ է: Երբ դրական պատասխան եմ ստանում, առաջարկում եմ սենյակը մաքրել սփռոցը փռել գորգի վրա, սեղանը զարդարել աղով, հացով, կանաչով և խորտիկներով, ալլահի տվածից ոչ մի զրկողության չեմ դատապարտում անձս և ընտանիքս: Ապա լվացվում եմ. բոլորս մաքրված նստում ենք սեղանի, «Բիսմիլլահ» (աստծու անունով) ասում ու կտրում ենք հացը և սկսում ճաշը կամ ընթրիքը: Աշխատում ենք ոչ շորերս, ոչ էլ սեղանի փռոցները և կամ հացի մանրուքը չլափոտել:
– Վե՞րջը, – հարցրեց հյուրը:
– Վերջը ավելացածով կշտացնում ենք մեր բոլոր ծառայողներին և աղախիններին, որոնց երբեք չենք զրկում որևէ բաժնից, ինչ որ աչքերը տեսել է սեղանի վրա:
– Վե՞րջը:
– Նորից լվացվում ենք, ալլահին փառք տալիս, ծխում ենք կալիոններս և հետևում մեր գործերին:
– Տեսա՞ր, որ «մարդավարի հաց ուտել» անգամ չգիտես, ես որ ասացի, մի՞թե կարծում էիր, թե ես ուզեցի քեզ անտեղի վրդովել:
– Ուրեմն, Ազիզ սահաբ, խնդրում եմ ինձ ասեք, թե ինչ պակասություն ունինք, որ կարողանանք ուղղվել: Մեզ ավանդվածները կատարելապես գործադրում ենք, էլ ինչ ոք չգիտենք, խնդրեմ սովորեցնեք:
– Սեղան նստելուց առաջ պետք է ընկղմվել մտավոր աշխարհը և խղճին հարց տալ, թե արդյոք որևէ մերձավորի կամ հեռավորի խո չե՞ք զրկել: Պետք է անկեղծությամբ խորհել, թե ձեզնից զրկանքի մատնվածը քաղցի, ծարավի, մերկության և ցրտի խո չէր դատապարտված, սրտով, հոգով խո գանգատ չի բարձրացնում դեպի արարիչը ձեր դեմ կրած զրկանքների, տանջանքների մեջ: Այն հացին, պանրին, մսին, մրգին ձեռ տալուց առաջ պետք է ներքին աշխարհի խղճին հարց տալ, թե արդյոք դրանց տերերի վարձը ամբողջությամբ վճարել ես, այդ վճարածդ դրամը քո հալալ ճակատիդ աշխատանքով ես ձեռք բերել, թե այդ դրամի մեջ ուրիշի քրտինքի մաս կա: Ահա թե աղոթքից, լվացումից և ձևականությունից առաջ ինչ պարտականություն ունիս խղճիդ հետ վճռելու, որ ապա կարողանաս սեղանին մոտենալ: Իսկապես իսլամի ամենագլխավոր պարտքն է, որ նախ զրկանքների մատնվածներին, ով ուզում է թող լինի, իսլամ թե ոչ-իսլամ, վերադարձնե կատարելապես իրեն չպատկանածը, որ ապա կարողանա արդարադատի վայել բարեխղճությամբ սեղան նստել: Իսկ քանի որ այս չես կատարել մինչև օրս, ես քո սեղանին չեմ կարող մասնակցել:
Ասաց ու հեռացավ արդարադատ հյուրը, խռովելով հյուրընկալի սիրտն ու հոգին:
ԾՈՄԱԲԱՑԻՆ
Ծոմապահության (Ռամազան) ամսի 15-ին Հաջի Ալի Հարիրֆրուշը (բեհեզավաճառ) խոսք էր առել Քեր-Բելայից եկած դենպետից յուր տունը այցելելու և միասին ծոմաբացին ընթրելու: Վաճառականը անչափ ուրախացել էր, որ շիաների երկրպագության արժանացած մյուջթեհիդը խոստացել էր նրա տանը ընթրիքի բազմելով բախտավորեցնել:
Ահա այս պատճառով հաջին լավ պատրաստություն էր տեսել և իր աչքի ընկնող դրացիներին, մրցակիցներին և բարեկամներին հրավիրել էր նույն իրիկուն ներկա գտնվելու իր տանը և սրբակրոն հոր օրհնություններին ու բարոյական վսեմ հորդորներին մասնակցելու:
Արևը մայր մտնելուց մի ժամ առաջ բոլոր հրավիրյալները ներկայացել էին հարգևորի տունը և անհամբեր սպասում էին դենպետի գալուն, որի տանից ճանապարհ ընկնելու լուրը արդեն հասցրել էին արագավազ լրաբերները: Եկավ վերջապես դենպետն էլ, հրավիրյալները պարտեզի ծաղկանոցից անցան թենեբին (մեծ սրահը) և ծնկների վրա կարգով չոքեցին սրահի չորս կողմը փռված մինդարների վրա, որոնք ծածկված էին ընտիր գորգերով:
Երբ սկսեց չորս բոլորի հրավիրյալների վիճակից հարցուփորձ անել մեծ դենպետը, սենյակի մեջ այնպիսի լռություն տիրեց, որ օդի մեջ թռչկոտող ճանճերի ձայնն անգամ այնպես աղմկալի էր թվում, որ տանտերը մտորում էր մի կերպ դուրս վանել դրանց, որ չխանգարեն բարձրագույն հյուրին: Բայց ճանճերը խո չէի՞ն կարող մտնել տանտիրոջ հոգեկան աշխարհը, չվրդովել հյուրընկալին և նրա բարեկամներին:
Այդ միջոցին մոտի ընդարձակ սրահում պատրաստում էին սեղանը, որտեղ սպասավորները ամենայն զգուշությամբ և ճաշակով դասավորում էին կերակուրները: Սուփրի ծայրերին ութ սինի փլավ ու չլավ էր դրած, բոլորն էլ զանազան համեմունքներով, իսկ մեջտեղը շարած էին որսի, գառի, հավի մսերից, կաթնեղեն, քաղցրեղեն և ուրիշ կերակուրներ: Խոշոր, հախճապակե բադիաներով շարած էր օշարակը, որոնց մեջ լցրած էր շիմշատից շինած գեղեցիկ շերեփներ: Մրգերը իրենց վառվռուն գույնով հրապուրում էին աչքերը, կերակուրները իրենց քաղցր բույրով գրգռում ախորժակը: