– Թե սուտ է վկայել սեիդը, այդ մեր գործը չէ, թող նա պատասխան տա երկնավոր թագավորին, իսկ եթե կեղծ տոհմիկ է, այդ մասին էլ թող նրա հոգին քաշե պատիժն ու տանջվի, ինձ ինչ… Բայց լռիր, թող, ինձ հանգիստ թող, ահա դուրս են բերում չարագործին:
Այդ միջոցին քյալբալա Ղասըմին դուրս բերին մյուջթեհիդի տանից, ոտքերը շղթայած, դաստակները թևակապում զետեղված: Երկու անութների տակից մի հաստ պարանով նրան կապել էին, որի երկու ծայրերը երկու ձիավոր սեիդներ բռնած տանում էին երկու կողքից: Հետևից, առջևից մի քանի տասնյակ հետի մոլեգնած սեիդներ և ախունդներ էին շրջապատել և ահագին աղմուկով առաջ էին գնում: Ամբոխը իր նախատինքով, թքով ու կնճիռներով նրան ընդունեց և առաջնորդեց գեպի Թոփ-Խանե, իսկ Ղասըմը այդ սոսկալի դրությամբ, համր քայլերով առաջ էր գնում ժողովրդի միջով: Դատապարտյալը վշտաբեկ առաջ գնալիս աչքերը վեր անգամ չէր կարողանում բարձրացնել, մռայլ դեմքով, գետնին նայելով, առանց ուշք դարձնելու իրեն դեմ տեղացող սոսկալի հայհոյանքներին, քայլերը փոխում էր առաջ ու առաջ:
Այդ պահուն ձիավորված և ծառաների ընկերակցությամբ կողքի փողոցից անցնում էր Թաջիր Միր-Մուրթուզան, որը Թավրիզի մեջ անվանի հարուստ վաճառական էր, անհամար գանձեր ուներ, մեծամեծ կալվածներ և անթիվ գյուղեր: Սա իր բազմաթիվ ծանոթների, իր հարստության և գանձերի երկրպագուների շնորհիվ միշտ մտքից անցածը, ցանկացածը գլուխ էր բերել: Միր-Մուրթուզան այնպիսի դիրք էր ստեղծել իր անբավ գանձերով, որ նրա խնդիրքը ինչպես շահի պալատում, այնպես էլ դենպետների դռներում երբեք չէր մերժվել: Նա Ղասըմին շատ լավ էր ճանաչւււմ, այդ քանքան փորող արհեստավորը նրա համար շատ ջրանցքներ էր փորել, սարերից, ձորերից անցկացրել, նրա կալվածները, հանդերն ու այգեստանները ջրելու միջոց էր տվել և ամայի անապատները դրախտի վերածելու հնարներն էր գտել: Շնորհիվ իր սրամտության, տաղանդի, կորովամտության և անխոնջ աշխատության, Միր-Մուրթուզայի կայքերի եկամուտները ոչ թէ կրկնապատկվել, այլ քառապատկվել էին, իսկ Միր-Մուրթազան դեռ շատ կարիք ուներ, Ղասըմը նրա համար հարկավոր մարդ էր: Բայց որովհետև Միր-Մուրթուզան, ինչպես սովորաբար բոլոր հարուստները և կալվածատերերը, անչափ ագահ էր և սարսափելի ժլատ, միշտ խոստացածից շատ չնչին վարձով էր Ղասըմի հաշիվները փակել, ուստի Ղասըմը ոչ միայն նրան վիրավորելով հեռացել էր, այլ մինչև անգամ այս նեղ օրումն էլ չէր դիմել մեծատան օգնությանը:
Այդ սոսկալի թափորը տեսնելուց հետո, Միր-Մուրթուզան գործի մանրամասնությունների մասին իր սպասավորներից կարևոր տեղեկություններ իմանալուց հետո մտածեց ինքն իրեն, թե Ղասըմը իրեն կարևոր անձ էր, դրան այնպիսի մի փորձանքից, մի պատուհասից ազատելով, կարող էր ընդմիշտ ստրկացնել, ցմահ պարտավորեցնել և դրա ձեռքով իր կալվածները ծաղկեցնել: Ուստի առանց ժամավաճառ լինելու, ձիու սանձը թեքեց, գլուխն ուղղեց մյուջթեհիդի տան կողմը և շտապեցրեց, որ կարողանա մտադրությունը կատարել:
Մյուջթեհիդը մի բարի մարդ էր, ամեն գործ ծանրությամբ ու մանրազննությամբ քննող: Միանգամայն Միր-Մուրթուզային չհնազանդելու առիթ չուներ, քանի որ վերջինս էլ, ճշմարիտ հավատացյալների նման, ամեն տարի իր եկամուտների տասներորդը և աղքատների բաժինը այս դենպետի ձեռքով էր բաժանել տալիս կարոտյալներին: Ինքն էլ ճշմարիտ հավատացյալի, ջերմեռանդ տոհմիկի և պարտաճանաչ մուսուլմանի համբավ ուներ, ուստի դենպետը հավատաց իր ծխական վաճառականի խոսքերին:
– Ղասըմը ազնիվ մարդ է, – ասում էր կալվածատերը, – իսկ նրա հակառակորդը խաբեբա, կեղծավոր, խարդախ և սուտ վկա: Մինչև անգամ բաբիների մեջ են նրան տեսել քանի՛-քանի՛ անգամ իմ ծառաները: Այդ փուչ խաբեբան, իսկապես, արժանի էր դրանից էլ սոսկալի անարգանքի ու ծեծի, քանի որ ես համոզված եմ և գիտեմ, որ նա պարզ ճշմարտության հակառակ էր վկայել, և Ղասըմը անճարացած ստիպվել էր այդ քայլն անելու…
Միր-Մուրթուզան այնպիսի ճարտարությամբ խոսեցավ, որ մյուջթեհիդը համոզվեց և իսկույն իր մերձավորներից մեկի ձեռքով մի հրաման գրեց, կնքեց, տվեց, որ գնա, անմիջապես հասնի և Ղասըմին ետ բերի իրեն բնակարանը, որպեսզի գործը կրկին քննելով, հաստատ համոզմունք կազմե, որ ապագայում պարտավոր չմնա խղճի դեմ:
Այսպես էլ եղավ: Անմիջապես մյոլջթեհիդի հրամանը հասավ, և դահիճը, երբ արդեն կացինն էր սրում, որ բարձրացնե ու կտրե կոճղի վրա դրված-կապված Ղասըմի թեև, մյուջթեհիդի գործակալի ձայնը նրան կաշկանդեց և դատապարտյալին ետ տարան որտեղից որ բերել էին: Միր-Մուրթուզան այնքան խոսեցավ և այնպիսի ցուցումներ տվեց, որ Ղասըմին մինչև հետը տանելու հրամանը չառավ, դուրս չեկավ մյուջթեհիդի ապարանքից:
Ղասըմը, որ մի այսպիսի բարեպատեհ պաշտպանության բոլորովին հույս չուներ, անչափ շնորհակալությամբ բաժանվեց Միր-Մուրթուզայից և դիմեց իր տունը, անհուն ուրախության մեջ զեղելով իր կնոջը, մորը, զավակներին և արյունակիցներին, որոնք սրա ձերբակալված օրից սուգի և թախիծի մեջ ընկած, ողբում էին իրենց սոսկալի վիճակը:
Բայց քյալբալա Ղասըմին, որը շատ լավ ուսումնասիրած էր հարուստ վաճառականի հոգեկան աշխարհը, անչափ տարօրինակ թվաց Միր-Մուրթուզայի վերաբերմունքը և նա խրվեց խոր մտածությունների մեջ, թե արդյոք ինչ բանն ստիպեց կալվածատիրոջը՝ իրեն պաշտպան հանդիսանալ, նամանավանդ որ ինքը նրան վշտացնելով հեռացած էր: Ղասըմը գիտեր, որ Միր-Մուրթուզան օգուտ չսպասած գործի համար չէր զիջանիլ այդպիսի նեղություն հանձն առնել և այնքան թախանձանքով ու երաշխավորությամբ իրեն փրկել:
Մի քանի օրից Ղասըմը կրկին կպավ իր գործին, սկսեց ման գալ կալվածատերերի դռները, որ գործ գտնի և քիչ թե շատ փող ձեռք գցե իր բազմաթիվ ընտանիքը կերակրելու համար: Նա, ինչպես ասացինք, հայտնի քանքան փորող էր և ազատ ժամանակ չուներ, իսկ այս գործի մեջ արդար դուրս գալով այնպես հռչակ ստացավ, որ մեծամեծները, կալվածատերերը իրենց բոլոր գործերը նրան էին հանձնում, այնպես էր, ինչպես ասում են, «Էլ գլուխը քորելու ժամանակ չուներ», առավոտից մինչև իրիկուն, գիշերն անգամ գետնիտակ, խլուրդի նման, փորում էր ու ծածկվում և սարերի լանջով հուրը պտտեցնելով, ոլորելով հասցնում էր այս ու այն խանի-խավանի կալվածները:
Բայց շաբաթական մի կամ երկու անգամ անպատճառ նա այցելում էր իր բարերարին՝ նրա ապարանքում, այնպես որ աղոթատան նման էր դարձել Ղասըմի համար Միր-Մուրթուզայի թանաբին. ազատ ժամանակ գտնելուն պես գնում, չոքում էր նա բարերարի դիմաց, լսում նրա հրամանները կամ խրատները, պատմում էր նրան անկեղծությամբ իր գլխին պատահած առօրյա արկածները, մի խոսքով սիրտը բացել, դրել էր նրա ոտքերի տակ: Դեռ այդ բավական չէ, Ղասըմը Միր-Մուրթուզայի կալվածների վերաբերյալ բոլոր խորհուրդները ոչ միայն առանց վարձի էր գնում, զննում ու տալիս, քանքանները համարյա թե առանց վարձի էր փորում, դեռ մշակներին տալիս էր սովորական վարձագնի կեսից էլ պակաս և ամեն կերպ աշխատում էր նրա շահերը կարելի եղածին չափ պաշտպանել, իրեն հանձնարարված գործերն ամենաբարեխղճաբար կատարել:
Բայց Միր-Մուրթուզան այս բոլորից չբավականանալով, ամեն մի առիթը պատահած ժամանակ, առանձնակի, թե հասարակության առաջ, միշտ կրկնում էր.
– Ապերախտ մի լինիր Ղասըմ, գիտես, որ եթե ես չլինեի, այդ դադող ձեռքդ կտրած էին, որի ցավից եթե չմեռնեիր, պատերի տակ նստկան մուրացկան պիտ դառնայիր:
– Անչափ շնորհապարտ եմ, – միշտ կրկնում էր վշտացած սրտով Ղասըմը, – քու հովանին միայն ինձ փրկեց, քու ողորմությամբ եմ միայն ապրում, ընտանիքս կերակրում: Մինչ ի մահ քու երախտիքը ես չեմ կարող մոռանալ, դու միայն քեզ ու տոհմիդ հատուկ աղայությունով ինձ փրկեցիր, ինձ ազատեցիր սոսկալի վիճակից:
Բայց Միր-Մուրթուզան, իր հին սովորության համաձայն, երբեմն այնպիսի պարտավորություններ էր դնում Ղասըմի վզին, որ վերջինս, եթե գրաստ անգամ լիներ, դարձյալ կմտածեր, որ վաճառականը չարաչար հարստահարում էր իր երախտագիտությունը: Բայց որովհետև միտքը դրել էր թևը կտրելուց ազատողին պարտավոր չմնալու, նրա անվերջ մուննաթներին վերջ տալու և բարիքը փոխարինելու համար կատարել նրա պահանջները, մինչև նրա ինքնաբերաբար բավականություն ստանալը, ուստի գլուխը կախ գցած իրեն և ընտանիքը զրկանքների ենթարկած, բոլոր ուժը կենտրոնացրած, արյուն-քրտինքով տանջվում էր ու աշխատում Միր–Մուրթուզայի կալվածներում:
Մինչև անգամ այնքան անբարեխիղճ էր կալվածատերը, որ Ղասըմի ձեռքի տակ բանող գործավորներից ամենահետնյալ մշակի կեսի չափովն էլ չէր մտածում Ղասըմին բավականացնել, այնպես որ խղճալին պարտավորված էր լինում երբեմն-երբեմն կողմնակի կալվածատերերից Պարսկաստանին հատուկ քառասուն-հիսուն տոկոսով փող փոխ առնել ընտանիքը քաղցից փրկելու համար: Եվ եթե այս պարտքի վճարման համար մի երկու օրով ուրիշի կալվածներն էր կարգի բերում, նրանց քանքաններն էր վարել տալիս, Միր-Մուրթուզան նրան կանչել տալով, ասում էր հանդիմանությամբ.