Ավելի խորշում էին նրանից, որ հրդեհների ժամանակ իր կատարած սխալները չէր հանձն առնում և հանցանքը ուրիշների վրա էր բարդում:
Այդ միջոցին երեք-չորս ամսով հիվանդացավ Կաղ-Մքոն և չկարողանալով դիմադրել ընկերներին, Սելամսըզի թուլումբաջիների խմբապետության պաշտոնը հանձնեց Լալ-Մարգարին, յուր ամենահպատակ ընկերոջը: Խմբապետից դժգոհ թուլումբաջիները կարծեցին, որ այժմ հնարավոր կլիներ հաշտվել Կարճ-Նազարի հետ, բայց Լալ-Մարգարը առանց Կաղ-Մքոյի խորհրդի՝ քայլ անգամ չէր առնում, այնպես որ անկողնից հրամաններ էր արձակում հիվանդ էքս-խմբապետը՝ հրդեհների ժամանակ աղետների առաջն առնելու համար: Այնպես որ այդ ժամանակները միայն անունով, չորս ջրհանով ու գործիքներով գոյությունը պահպանում էր Սելամսըզի խումբը, անդամներից ո՜րը մտել էր մոտակա ուրիշ խմբեր, ո՜րը ետ էր քաշվել, ո՜րն էլ սպասում էր, որ իրենց անփոխարինելի առաջնորդը առողջանա, որպեսզի կրկին ձեռք զարկեն գործին:
Այնինչ Կարճ-Նազարը տիրապետում էր թաղերին, գնդակի նման հասնում էր ամեն կողմ, առանց դժվարությունների հանգցնում էր հրդեհված տները, օգնում էր թշվառներին և դեպի իրեն գրավում ժողովրդի սիրտը: «Տիեզերքում, ուրիշ լրագիրներում ամեն մարդ կարդում էր նրա և նրա թուլումբաջիների քաջասրտության և արիաջանության նկարագրությունը: Ամեն մարդ ակամա խոնարհվում էր նրա հաստատակամության առաջ, և ամենքը հիանում էին նրա արիաջանությամբ: Կ. Պոլսի ամեն շրջանում, ամեն թուլումբաջիների օջախում նսեմացավ Կաղ-Մքոյի անունը, որը մի ժամանակ ամեն տեղ խոսակցության հերոս էր հանդիսացել և համարյա թե սկսեցին նրա գոյությունն անգամ մոռանալ:
Մի օր Կաղ-Մքոն, դեռ նոր կազդուրված, լրագիրներամ կարդաց հետևյալ լուրը. «Ինչպես լսում ենք, «Տիեզերք» լրագրի մեծանուն խմբագիրը, որի հերոսական արարքների մանրակրկիտ պատմությունը հանրածանոթ է Կ. Պոլսի բոլոր ընթերցող դասին, վերջերս մեկ նոր հասարակական ձեռնարկությամբ անմահացրել է իր անունն անօրինակելի անշահասիրությամբ: Պարոնը Բաղլար-բաշի ունեցած մեծ այգին և մեջը գտնված երկհարկանի ահագին տունը նվիրել է հօգուսրբանոցի, որր բացել է աղետներից վնասված անտեր այրիների և որբերի համար»:
– Կովե՜ր, ոչխարնե՜ր, նա այդ անելով, ցանկանում է կուռք դառնալ ու ձեզնից պաշտվել, – ասաց կատաղած Կաղ-Մքոն, – և դուք հափշտակված դեռ խնկարկում եք այդ խորամանկ դերասանը: Այն հարստությունը, որ հայրը ձեր կռնակներով էր վաստակել, այսօր որդին հոր դիզածից չնչին մի մաս բերաններդ թապլելով, շլացնում է ձեզ և ձգտում թիկունքներիդ, վզերիդ վրա բարձրանալ: Այդ միջոցին ցրվիչը դուռը բացեց և մի համար «Արևելք» տալով՝ արագ-արագ մյուս լրագիրների անունները արտասանեց.
– Լրագիր այսօրվա – «Հայրենիք», «Մասիս», «Մանզումե», «Թերջիմանի-էֆքյար», «Մեճմուա», «Փունջ», «Արևելյան մամուլ», «Լա թուրքի», «Սթամբուլ», «Ֆար դը Բոսֆոր», «Վաքըթ», «Հագիգաթ»…
– Պետք չէ, Պողոս աղբար, պետք չէ:
– Թուլումբաջիների համար հետաքրքիր լուր կա «Ֆար դը Բոսֆորի» մեջ:
– Ուղի՞ղ, տեսնենք: Ցրվիչը տվեց ու հեռացավ: Կաղ-Մքոն սկսեց աչքից անցացնել «Արևելք» – ը: Հանկարծ առավ և մռնչելով հետևյալ տողերը կարդաց.
«Ամսիս 29-ին Գատը-գյուղի հույն և հայ թուլումբաջիների իրենց Իսկյուտարի արհեստակիցների պատվին տված ճաշկերույթին «Տիեզերք» լրագրի մեծհարգո խմբագիրը այն խնդրելով մի ճառ խոսեց, որը ժամից ավելի տևեց: Ճառախոսն իրեն նյութ ընտրած էր՝ մի կապով միացնեք Կ. Պոլսի բոլոր թուլումբաջիների խմբերը, որպեսզի հարկին, մեծամեծ աղետների ժամանակ, կարողանան զորեղ ուժով դիմադրել: Մեծ ոգևորությամբ և ծափահարություններով ընդունվեց ճառը և միաձայն վճռեցին. հաջորդ ամսի մեկին հավաքվել դարձյալ Գատը-գյուղ՝ ծրագիր կազմելու նպատակով»:
– Դարձյալ մի նոր խա՜ղ, դարձյալ աչքակապություն:
Օ՛հ, օ՛հ, օ՛հ, կաշառակուլ խմբագիրներ, կույր առաջնորդներ, փառաբանեցեք, հռչակեցեք, կուրացրե՜ք ամբոխը, – ասաց մռնչելով Կաղ-Մքոն, նստեց ու բացեց «Ֆար դը Բոսֆոր» – ը: Աչքը այս ու այն կողմ թարթելուց հետո միևնույն լուրը կարդաց, ավելի ընդարձակ: Քիչ հետո գրիչը վեր առավ և մի հրավիրագիր գրեց ժողովի համար, որի տակը մի տասն անուն նշանակելուց հետո սկսեց մտածել: Նա տատանվում էր և չէր իմանում էլ ո՜ւմ կանչել: Գրիչը դնում էր թղթի վրա և վերցնում: Վերջապես նա մի վաթսուն, յոթանասուն անուն գրեց և վարժատան ծառային տալով պատվիրեց, որ մինչև իրիկուն ամենքին տանի, ստորագրել տա, կամ հայտնե, որպեսզի անպատճառ գիշերը ժողովի գան:
Իրիկվան ժամը ութին ամենից առաջ ժողով եկավ Լալ-Մարգարը: Կաղ-Մքոն սպասում էր անհամբեր, ականջ էր դնում, բայց ո՜չ եկող կար, ո՜չ էլ դուռը բախող: Վերջապես ժամը իննի մոտերը եկան Մարտիրոսն ու Մանուկը: Կաղ–Մքոն կատաղել էր, չէր իմանում ինչ խոսքերով հայհոյի դավաճան ընկերներին: Եկավ ծառան էլ, տվեց հրավիրագիրը Կաղ-Մքոյին, որը մի քանի ածականներով ճամփեց նրան ու ներս մտնելով՝ սկսեց աչքի անցկացնել հրավիրվածների անունների դիմաց գրվածները, «չեմ կարող գար», «տանը հիվանդ ունիմ», «ինձ մի սպասեք», «ես հուսահատված եմ ձեր բռնակալությունից», «լսեցի», «ուրիշ տեղ խոսք եմ տված վաղօրոք» և այլն, և այլն…
Կաղ-Մքոն կատաղությունից փետում էր գլխի մազերը և կրծում պեխերի ծայրը:
– Կարծում եմ ժամանակն է, արդեն ժամը տասնի մոտ է, – ասաց Լալ-Մարգարը, – կարող ենք ժողովը բաց անել:
– Չորս հոգով ի՞նչ ժողով եք բաց անելու, – ասաց Մանուկը, – հետաձգենք երեք օր և աշխատենք, որ անդամներից գոնե մի քսան-երեսուն հոգի գան: Ինչի՞ է նման չորս հոգու ժողովը, լսողները ինչ կասեն, այնպես գործ բռնենք, որ նշանակություն ունենա և չասեն ինչ որ մտածել են այն էլ վճռել են:
– Ո՜չ, Մանո՜ւկ, ո՜չ, չարժե այդ մարդիկը ժողովի հրավիրել: Ավելի լավ է մեն-մենակ մնալ, քիչ ուժով գործել, քան թե այնպիսի մարդկանցով շրջապատվել, որոնք, արտաքին փայլից շլանալով, պատրաստ են դավաճանելու:
– Ես համոզված եմ, որ մեր ժողովը թեև քչվոր, բայց օրինավոր է, քանի որ մենք մեր թաղեցիների, մեր դրացիների բարիքը մտածելու համար ենք հավաքված և աղետների առաջը առնելն է մեր նպատակը: Կույր է ամբոխը, կույր են մեր թուլումբաջի ընկերները, որոնք թողնում են իրենց թաղի թուլումբաջիների դրոշակը և անցնում ուրիշների կողմը: Բայց մենք էլ չենք կարող կուրանալ և թողնել այս սուրբ գործը: Իմ հիվանդության ժամանակ թուլացել էր մեր գործը, այժմ ես առողջ եմ, կկպչեմ գործին, հույս ունիմ, որ շուտով մենք դարձյալ կզորեղանանք և անպատճառ կհաղթանակենք: Ժամը արդեն տասն էլ անցավ, ավելորդ խոսակցությունը թողնենք, անցնենք գործին:
– Պարոններ, – ասաց Լալ-Մարգարը լուրջ կերպարանք տալով իր դեմքին, – մեր խմբապետն արդեն կազդուրվել է, ես խնդրում եմ, որ ինձ ժամանակավորապես հանձնված պաշտոնը ետ առնելով, դարձնեք նրան: Ես պատրաստ եմ միշտ…
– Խնդրում եմ, խնդրեմ, պ. Մարգար, այդ հարցն առաջ բերելու ժամանակ չէ, մի՞թե այդ բանը կարևորագույնն է մեր այս գիշերվա գործի համար: Դու կամ ես, մի՞թե միևնույնը չէ, մեզ համար գործն է կարևոր և ոչ թե գործող անունները: Այդ հարցը դնելն ես ավելորդ եմ համարում բացակա ընկերների իրավունքները չբռնաբարելու համար: Գուցե մեզնից մի ուրիշ արժանավորը կգտնեն:
– Բայց ձեր անունը, ձեր անունը նորից ուժ կտա խմբին, – ասաց Լալ-Մարգարը, իսկ Կաղ-Մքոն դարձյալ խոսքը կտրեց.
– Անուններին նշանակություն մի տաք, պարոններ, ես գործի մեջն եմ, այդ արդեն բավական է, խմբապետ, թե ջրկիր, այդ միևնույնն է:
– Առայժմ մնա այդ ընտրությունը, – ասաց Մանուկը և հարցը վերջացրեց:
– Չգիտեմ ինչպես բացատրել ընկերների վարմունքը, մեր սրտակիցներն անգամ փայլում են այսօր իրենց բացակայությամբ: Նշանակում է մենք ընկերներ չենք ունեցել, այլ բախտախնդիրներ, որոնք միայն անձնական փայլի կամ շահի համար են մեզ շրջապատած եղել: Այս բանը թեև հուսահատական է երևում ձեզ, բայց ինձ համար մի ուրախալի երեվույթ է. ես արդեն շատ վաղ հասա այն եզրակացության, որ ամենախիստ ընտրություն պետք է անել ընկերների մեջ, թող փոքր լինենք թվով, բայց մեծ` սրտով ու հոգվով: Մեզ ընկեր և համախոհ կարծածները շլացած Կարճ-Նազարի էֆեկտներից, թուլացան, հեռացան և այսօր նրա հետ ժողովված են Գատը-գյուղում, հույների, հրեաների, ալբանացիների, նույնիսկ թուրքերի հետ և ծափահարում են նրան: Գործի պաշտողներ չէին նրանք, կուռք պաշտելով էլ թող մեռնին: Ահա թե ուր են, ահա թե ինչի մեր ժողովն այսքան սահմանափակ է:
– Յանղուն վար, յանղուն վար (հրդեհ կա), – սկսեցին պոռալ փողոցում:
– Մարտիրոս, իջիր, իմացիր որտեղ է, – ասաց Կաղ-Մքոն:
Փողոցներում գոռում էր մունետիկը և անցնում:
– Ճեմարանում կրակ է ընկել և սոսկալի կերպով տարածվել, – ասաց հևալով Մարգարը, սանդուխներից բարձրանալով: