Կաղ-Մքոն միշտ կրկնում էր յուր շրջանի թուլումբաջիներին.
– Եղբա՜յր, այնքա՛ն տարվա աշխատանքներս տանենք ծո՞վը թափենք: Այդ փափկասուն աղայական զավակը թուլումբաջիություն պիտի անի, մենք էլ պիտի տեսնենք: Թո՛ղ երթա իր «Տիեզերքը» խմբագրե և ոտանավորներ գրե, ի՞նչ գործ ունի կոշտ ու կոպիտ թուլումբաջիների հետ: Նա դեռ երեխա է, նրա ընկերները խակ մարդիկ են, նա իսկական հրդեհ դեռ չէ տեսել, թեթև կրակների մեջ մտնում է, գիտե, թե մեծ բան է անում: Ես համոզված եմ, որ մի օր, մի մեծ կրակի ժամանակ, իրեն անխելք ընթացքով, խումբը կրակի մեջ պիտի թողնե, գուցե ինքն էլ մեջը մնա: Ես՝ տասը տարվա մեջ պատրաստած թուլումբաջիս, չեմ կարող այդպիսի տղայական բնավորություն ունեցող մարդու հավատալ: Մեկ դուրս բեր, մեկ հաշվե տեսնենք ի՞նչ մարդիկ ունի, կամ թե քանի իսկական մարդ ունի: Հայրական կարողությունը ուտել, Եվրոպայում ուսում ստանալ և կալվածների եկամուտներով մարդիկ պահելը պապս էլ կարող է անել, թո՛ղ, թող ժողովրդականություն գտնե և ժողովրդի օգնությամբ ձեռք բերե իրեն կարևոր գործիքները, այն ժամանակ ես կխոնարհվեմ նրա առաջ, ես էլ նրան կհնազանդիմ:
– Մենք աղաների հետ գործ չունինք, ստրկանալ չգիտենք, – գոռում էին Կաղ-Մքոյի խմբի գլխավոր անդամները,__ մենք ազատ-անկախ գործել ենք տարիներով և կգործենք ամենահետին մշակի, ձկնորսի ու կոշկակարի հետ իսկական թուլումբաջիները մերկ սրունքով, բոբիկ ման եկողներն են:
– Մեզ հետ է, – պատասխանում էր Կաղ-Մքոն լուրջ նայվածքով, – թաղի բժիշկը՝ ամենքին հայտնի պրն Մսրլյանը, մեզ հետ է թաղական խորհուրդը, որը միշտ բացել է ս. Խաչ եկեղեցու ջրամբարները մեր խմբի առաջ, հրդեհների ժամանակ, մեզ հետ են երկու թաղի էլ ամենախոհուն, ամենահարուստ կալվածատերերը, որոնց հարգանքը միշտ վայելել ենք: Վերջապես, մեզ հետ են ամբոխը, արհեստավորները: Եթե այսպիսի ուժեր ունինք, մենք միշտ անկախ կարող ենք գործել և կարիք չունինք ենիմեհլեցոց միությանը: Թող Կարճ-Նազարը մի քիչ թռչկոտի այս ու այն կողմը, մինչև որ մի քիչ թեթևանա քսակը, վերջը դարձյալ մերն է, մենք ենք հաղթանակելու, քանի որ ժողովուրդը մեր թուլումբաջիներին ավելի է սիրում:
Բայց և այնպես Կաղ-Մքոն էլ, ընկերներն էլ տեսնում էին, որ օրեցօր ավելի ու ավելի ընդարձակվում և ավելի կատարելագործված ջրհաններով պատրաստվում էր հրդեհների դեմ Կարճ-Նազարի խումբը, որի անդամների թվի մեջ մտնում էին ավելի ուժեղ, ավելի վիթխարի մարդիկ: Դեռ այս բավական չէր, Կարճ-Նազարը միացել էր Վանքի-Բաղի հույն, Գուզդունճուգի հրեա, Իջադիեի հայ, Բաղլար-Բաշիի առնավուտ թուլումբաջիների հետ, որոնք բոլորը մի առանձին հարգանքով էին վերաբերվում Կարճ-Նազարի հետ և հրդեհների ժամանակ ոչ միայն իսկությամբ օգնության էին հասնում իրար, այլև հպատակվում էին Կարճ-Նազարի կարգադրություններին: Այդ բոլորն էլ կատաղեցնում էր Կաղ-Մքոյին, նամանավանդ, որ յուր խմբից էլ մի քանի մարդիկ՝ իրեն հետ կռվելով՝ արդեն թողել անցել էին Կարճ-Նազարի խումբը:
Այս միջոցներին Կ. Պոլիս էին գաղթել Մշի դաշտից երեսուն ընտանիք, որոնց աննկարագրելի թշվառ վիճակից խղճահարված՝ պատրիարքարանը կարգադրել էր, որ Ջանիկ ամիրայի շինել տված նախկին ճեմարանում, որը գտնվում էր Կարապետ եկեղեցու մոտ, տեղավորել այդ թշվառներին, մինչև մի գումար հավաքելով դրանց կրկին հայրենիք վերադարձնելը: Այս ճեմարանը, որ մի տասնյակ տարի է գոյություն չէր ունեցել և քառասունական թվականներից փակված էր, դարձել էր մի տեսակ ազգային հիվանդանոց կամ իսկ և իսկ մի տեսակ գերեզմանոց: Այդ ահագին եռահարկ շինությունից միայն չորս-հինգ սենյակ հատկացրած էր թաղի վարժարանի համար, մնացյալ մեծ մասը միշտ դատարկ էր. միայն աղետներից հետո երբեմն-երբեմն այդտեղ ժողովուրդը միառժամանակ պատսպարվում էր: Այնքան կարկատանի կարոտ էր, որ չէր կարելի այդտեղ երկար բնակվել: Մի քանի սենյակներում մշտապես ապրում էին ամենաթշվառ ընտանիքներ, մեկ-երկու սենյակ վերին հարկում թաղական խորհուրդը պատրաստել էր փիլիսոփա պ-րն Միսաքյանի համար, որը, ժլատ սեղանավորի նման, յուր անբաժան ահագին տարլեզվյան գրադարանից ոչ ինքն էր օգտվում և ոչ էլ ուրիշներին թողնում օգտվելու: Մյուս սենյակներում էլ զառամյալ անտեր մուրացիկները ժողովրդի ողորմությանը կամ մահվան հրեշտակին Էին սպասում:
Մշեցիք այդ շինության մեջ զետեղվելուց հետո՝ տղամարդիկ բազար Էին գնում մշակությունով, համալությունով օրական մեկ քանի սև փող ձեռք բերելու և կանայք էլ այս ու այն տան մեջ ծառայություններ կատարելով ուտելիքներ ճարելու:
Կարճ-Նազարը, որ միանգամայն ս. Կարապետ եկեղեցու թաղական խորհրդի անդամ էր, ինքն թշվառ գաղթականներին անձամբ զետեղեց ճեմարանի սենյակներում և որովհետև առաջին օրերի համար ուտելու ոչինչ չունեին, իր գրպանից վճարելով, գնեց կենսական պիտույքները: Նույն գիշերը, յուր մոտ հրավիրելով իր և իր հարևան թուլումբաջիների խմբերի առաջնորդներին, նշանավորներին, խնդրեց, որ իրեն աջակցեն մի քիչ փող հավաքելով, այդ մերկ ու առանց անկողնի մնացած թշվառների վիճակը բարվոքել: Թեև Կաղ-Մքոն էլ հրավիրված էր, բայց նա մերժեց այդ հրավերը և ինքն անձամբ իր թուլումբաջիներին հրավիրեց խորհրդի, միևնույն ճեմարանում ապաստանած տառապյալներին օգնելու համար: Այնպես որ երկու խումբն էլ միասին սկսեցին օգնության հասնել թշվառներին:
Կարճ-Նազարը, երբ հետևյալ օրն արհեստավորներ բերած կարկատել էր տալիս շինության ծակը-ծուկը, լուսամուտների փեղկերն ապակի գցելու համար և տանիքի կղմինդրը, որ չկաթե, շվարած մնաց, որ կողմը դառնում էր նորոգության կարոտ էր գտնում և երբ քննությունը վերջացրեց, ասաց իր մտքումը` թե ամեն կողմ փտած, խարխլած է, այնքան ծախս կգնա նորոգելու համար, որ այդ գումարով ավելի հեշտ կլինի հիմքից քանդել և նորից շինել այս ճեմարանը:
Կաղ-Մքոն նույն գիշերը, գաղթականներին հագուստ ու ճերմակեղեն բաժանելիս, որոնք հավաքել էր այդ օրը թաղեցիներից, ասաց ընկերներին.
– Ահա մի «Նոր Հայաստան», կայտառ երեխաներ, վիթխարի և հաստաբազուկ տղամարդիկ, գեղեցիկ աչքերով, կարմիր այտերով կանայք ու պառավներ, աղքատություն, մերկություն ամեն կողմ, հուսահատություն բոլորի աչքերի մեջ և սրտի խորքերում: Բայց և այնպես այս չլուտ սրունքները, այս լայն կուրծքերը, այս հաստ ոսկորները, այս պինդ ուսերը մեզ՝ թուլումբաջիներիս համար շատ նախանձելի են, ես սրանք կքաշեմ դեպի մեր ջրհանները: Հարկավոր է սրանց մարդ շինել, աներկյուղ թուլումբաջիներ, որ համարձակ մտնեն հրդեհի բոցերի մեջ:
– Դու մի՜ վախենալ, էֆենդի, համալն ու մշակը բանից չեն փախչիլ, համա դու մեզ բան տուր, – ասաց մի երիտասարդ, որ, ինչպես երևում էր, եղել էր մեծ քաղաքներում և կռնակը սովորել էր ծանր հակեր կրելու:
Կարծրամարմին մշեցիներից մի մասը մտավ Կաղ-Մքոյի խումբը, մյուսը՝ Կարճ-Նազարի: Որովհետև այդ հայրենիքից հալածվածները երկու խմբից էլ անվերջ բարիքներ էին վայելել, այդ պատճառով դեպի երկուսն էլ տածում էին անկեղծ հարգանք: Կաղ-Մքոյի նախագուշակությունը արդարացրին ավերակ ճեմարանի թշվառ բնակիչները, և մերկասրունք իսկյուտարցի թուլումբաջիները սկսեցին հարգել իրենց վախկոտ ու անսիրտ համարած ընկերակիցներին: Մշեցի գաղթականների հրդեհների ժամանակ տարած հաղթանակներից սքանչացած՝ Կաղ-Մքոն ու Կարճ-Նազարը սկսեցին իրար ձեռքից խլել նորավարժ թուլումբաջիներին: Արդեն հարևան բոլոր թուլումբաջիների խմբերը, թեև նախանձելով, բայց անկեղծ խոստովանվում էին գաղթական թուլումբաջիների մեծ հաջողականությունները և այդ բոլորը վերագրում էին Կարճ-Նազարի ժրաջան աշխատասիրության: Կաղ-Մքոն ավելի ու ավելի կատաղում էր այդ բանը լսելով, այնպես որ նա էլ չկարողացավ զայրույթը զսպել: Մեկ անգամ նա, ս. Խաչ եկեղեցու բակում, ասաց մի պառավ կնոջ, որ Սելամսըզի թուլումբաջիներն էլ չեն օգնի նրանց, էլ հագնելիք ու վառելիք չեն տալ, քանի որ նրանց որդիքր իրենց խումբը թողնելով, անցել են Կարճ-Նազարի թուլումբաջիների շրջանը մտել:
Այս բանի վրա կատաղեց պառավը և ասաց.
– Որ էդպես է, դուք մեզի ոչ թե մեր խեղճության ու աղքատության համար է, որ օգնում եք, հապա մեր ուսերի համար: Լավ, մենք էլ չենք ուզեր ձեր օգնությունը: Սրանից հետո մենք էլ ձեր դուռը չենք գալ ողորմության, մեր դարդը կլանք, մեր ձեռքը կերկարենք Կարճ-Նազարի թուլումբաջիներին: Նրանք դեռ մարդու չեն հարցրել, թե յուր որդին ո՞ր թուլումբաջիների շարքն է:
Պառավն իր համառությունով կարողացավ դրացիներից շատերին էլ քաշել Կարճ-Նազարի կողմը: Կաղ-Մքոյի թուլումբաջիների խումբը հետզհետե թուլացավ, երբ մշեցիների մեծ մասը հեռացան: Ընկերներից մի քանիսը թեև չէին կարողանում համարձակ Կաղ-Մքոյի երեսին տալ իր բռնակալությունը, բայց կողմնակի կերպով հասկացնում էին: Հրդեհների օգնության շատերը չէին գնում, շատերը ուշանում էին, շատերն էլ նրա անտեղի նկատողություններից վրդովված` թողնում փախչում էին: