Ատրպետ - Երկեր եւ վիպակներ стр 5.

Шрифт
Фон

Կ. Պոլսում վաղ ժամանակներից մինչև վերջերս կային միայն թաղական և ընկերական՝ ենիչերությունից մնացած` թուլումբաջիների խմբեր, քաղաքական կամ պետական խումբ սովորաբար չի պահվել: Կ. Պոլսում պատահած զարհուրելի հրդեհների մասին տեղեկություն ունեցողը կհասկանա, որ առանց այդպիսի թաղական թուլումբաջիների խմբերի որքան դժվար կլիներ Կ. Պոլսի նման մի մեծ քաղաքում աղետների ժամանակ ազգաբնակության օգնություն հասցնելը: Նամանավանդ հին ժամանակները, երբ կատաղած ենիչերիները իրենց առաջնորդներից վրեժ լուծելու, կամքերը առաջ տանելու ուրիշ միջոց չէին գտնում, կրակի, հրդեհի օգնությանն էին դիմում: Առաջ ենիչերիներ էլ եղել են այդ խմբերում, որով թուլումբաջիության անունը պոլսեցիներին էլ ավելի սոսկումի, սարսափի և սրտադողի մեջ է թողել:

Բայց և այնպես ժողովրդի հալածված մասը՝ արհեստավոր և օրական աշխատանքով հազիվ ապրողները, փողոցներում տեփուրը գլխին ձուկ, կանաչի, միրգ, թոք, ոտ ու գլուխ ծախողները միշտ հարգել են թուլումբաջուն, անընդհատ աշխատել են նրան օգնել, միշտ ձգտել են ժրաջանությունով մտնել այդ խմբերի մեջ, որն իրենց անվերջ պաշտպան է կանգնել ամեն տեսակ աղետների ժամանակ:

Այս իսկ պատճառով ենիչերական կոտորածից հետո էլ մնացել էր և մինչև վերջերս էլ կար թաղական թուլումբաջիությունը, և բուրժուազիան արհամարհանքով օրականով ապրողներին բոլորին տալիս է «թուլումբաջի» տիտղոսը, որը կրողներն իրենց մեծ պատիվ են համարում:

Ահա այսպիսի երկու հայկական թուլումբաջիական խումբ կային 1882 թվականներին Իսկյուտարի Սելամսըզ և Ենիմեհլե թաղերում, որոնք` շնորհիվ իրենց առաջնորդների՝ Կաղ-Մքոյի և Կարճ-Նազարի ժրաջանության, իրենց հարևան թուրք, հույն և հրեա թուլումբաջի խմբերի նախանձն էին բորբոքում:

Կաղ-Մքոն, որ սովորական մահկանացուներից չէր, Փարիզ Լոնդոն և Ամերիկա տեսել, գլխում կուտակել էր գիտության մեծ պաշար և ս. Խաչ եկեղեցու թաղական ուսումնարանում տեսուչ էլ էր, Սելամսըզի թուլումբաջիների օջախի առաջնորդության արժանացել էր յուր մի քանի տարվա ընթացքում կատարած անթիվ զոհողություններով: Նա յուր կաղ ոտքով շատ անգամ ուսը տվել էր ջրհանի տակ և յուր երեք, վիթխարի ընկերների հետ ժամերով վազել մինչև աղետների տեղերը: Նա հաճախ կրակի բոցերի մեջ խանձել էր մազերն ու մորուքը, ծխի մեջ կուրացնելով աչքերը և շնչասպառ խեղդվելով դուրս էր բերել հրդեհված տան խորքերից երեխաներով օրոցքներ, վերմակներով փաթաթված հիվանդներ, թանկագին նկարներ, գրքեր և անփոխարինելի նյութեր: Հրդեհների ընթացքում նրա կարգադրություններն այնքան օգուտ էին բերել ազգաբնակությանը, որ սրանց համարումը Կաղ-Մքոյի մասին օրեցօր մեծացել էր, և երիտասարդությունը, նամանավանդ արհեստավոր և չքավոր դասակարգը, նրան համարյա թե պաշտում էր:

Կաղ-Մքոն ավելի խոնարհեցնում էր թե՜ հարուստներին թե՜ ծառայողներին և թե՜ ընկերակիցներին յուր չափազանց անշահասիրությունով և մանավանդ արդար վճիռներով: Թուլումբաջիները հարուստ կալվածատերերից երբեմն-երբեմն ստանում էին նվերներ, և աղետից ազատվող մեծատունները խոշոր գումարներով վարձատրում էին նրանց: Կաղ-Մքոն ոչ միայն մաս չէր առնում այդպիսի եկամուտներից, այլև կարիք չունեցողներին էլ, յուր օրինակով, ստիպում էր հրաժարվել և գումարները հավասարապես կամ արժանավորապես բաժանում էր կարոտյալների մեջ, այնպես, որ բոլոր ընկերները համոզմունքով գոհ էին մնում նրա կարգադրությունից:

Կաղ-Մքոյի ժրաջանությունով շատ մեծացավ Սելամսըզի թուլումբաջիների խումբը, և նախկին մի մաշված, անպետք ջրհանի փոխարեն չորս նոր լավ ջրհաններ ձեռք բերին՝ հրդեհի վերաբերյալ բոլոր պարագաներով: Դեռ այդ բավական չէր, Կաղ-Մքոն ասում էր, որ աշխատինք մի հարմարավոր տեղ գտնենք թաղի կենտրոնում հրշեջ գործիքների համար: Նա, մտածում էր այդ տան կողքին մի աշտարակ էլ շինել, որտեղից փոխրնդփոխ հսկել և փոխանակ մունետիկի ձայնին սպասելու, իսկույն այդտեղից նշան տալ թուլումբաջիներին հրդեհվածներին օգնության հասնելու:

Կարճ-նազարը, որ նույնպես Կաղ-Մքոյի նման անձնվեր էր գործին, կառավարում էր Ենիմեհլեի թուլումբաջիների խումբը: Նա ս. Կարապետ եկեղեցու թաղական խորհրդի անդամ և «Տիեզերք» ամսաթերթի խմբագիրն էր: Կարճ Նազարը՝ հարուստ մարդու որդի լինելով և յուր ծնողներից բավական հայտնի կալվածներ ժառանգելով, ոչ միայն հանգիստ կարող էր ապրել, այլև մի ուրիշ պարապմունքով նա կարող էր դեռ մի քանի անգամ էլ բազմապատկել կարճ ժամանակամիջոցում յուր կապիտալը, բայց նա ոչ միայն հայ խմբագրի տաժանելի պաշտոնն էր ստանձնել և յուր եկամուտներով գիտնական թերթը տպում ու ցրում էր ժողովրդի մեջ ուսումը, գիտությունը, առաջադիմությունը տարածելու նպատակով, այլև յուր եկամուտներից մի մասն էլ հանում էր թշվառ ընկերակիցներին, Եվրոպայում ուսանողներին:

Կարճ-Նազարն էլ անձամբ կռվում էր աղետների ժամանակ կրակի, ծխի, ջրի և ջրհանի հետ, ետ չէր մնում բեռնակրից, ձկնորսից, կոշկակարից և դարբնից, այնպես որ նրա արարքները Կաղ-Մքոյից ավելի նախանձելի էին հենց նրա համար, որ Կաղ-Մքոն, որպես նախկին Մշի դաշտի որդի, մանկությունից սովորած էր չարքաշության, իսկ Կարճ-Նազարը փափուկ կյանքից իջել, մտել էր թուլումբաջիների շրջանը: Երբ Կարճ-Նազարը ջրհանի խողովակը և մուշտակը ձեռքին բարձրանում էր հրդեհված տան կտուրը և հսկայի նման կանգնելով ահեղաշունչ բոցերի մեջ՝ կռվում ու խրախույս էր կարդում ընկերներին, տեսնողը չէր կարող երևակայել, որ այդ հերոսը դայակների գրկերով՝ սայլակներով ու կառքերով էր մեծացել և փափկությունների մեջ զարգացել մանուկ օրերում:

Ժողովուրդը սիրում էր երկու խմբապետներին էլ. հրդեհից նեղվածները, թշվառները, օգնության կարոտները պաշտում էին երկու խմբի բոլոր թուլումբաջիներին: Վախկոտները, հարուստները գլխները թեքում էին երկուսի էլ առաջ, երկուսին էլ օգնում էին և երկուսին էլ մտքում հայհոյում, որ իրենց քսակներից ակամա գումարներ էին դուրս քաշում և սրանցից որի մոտ որ լինեին, նրան մյուսից նախապատվություն էին տալիս: Երկու խմբերն էլ իրար հարգում, իրար օգնության հասնում էին, բայց իրար նույնպես նախանձում էլ էին: Նախանձը բարի էր, և նրանք իրար հակառակ մեծացնում էին իրենց խմբերը, ուժեղացնում էին իրենց ջրհանները և հրշեջ գործիքները օրեցօր կատարելագործված տեսակներով փոփոխում, լրացնում և աշխատում էին ավելի կազմ ու պատրաստ լինելու աղետի ժամանակ թշվառներին օգնության հառնելու դիտումով:

Կարճ-նազարի անունն ավելի հռչակվեց յուր նորակազմ խմբով և Եվրոպայից նոր բերել տված ջրհաններով ու գործիքներով այդ օրերը Արշակյան գիշերօթիկ ուսումնարանում պատահած հրդեհի դեմ կատարած հարձակումով: Այդտեղ, զարհուրելի բոցերի մեջ, այնպիսի քաջասրտությամբ շարժական սանդուխներից բարձրանում էր Կարճ-Նազարը և լուսամուտներից ներս մտնելով՝ երեխաներին գրկում իջեցնում էր փողոց, որ սքանչացնում էր հազարավոր հանդիսականներին և արտասուքները սրբում, սրտերը խաղաղեցնում թշվառ ծնողների ու հարազատների: Այդ գիշեր նրա խումբը այրվելուց ազատել էր յոթանասունուհինգ աշակերտի: Այդ գիշերվա նրա հսկայական շարժումները այնպես էին դրոշմվել ներկա եղողների սրտումն ու մտքումը, որ հավիտյան ջնջվելու չէր այդ հիշատակը նրանց հիշողություններից: Այդ հրդեհից հետո բավական նսեմացավ Կաղ-Մքոյի աստղը:

Բայց և այնպես, Կաղ-Մքոյի քունը կտրվում էր, երբ Կարճ-Նազարը իրենից վաղ էր հասնում մի հրդեհված տան օգնության: Կարճ-Նազարը նույնպես հանգստությունը կորցնում էր, երբ իրեն պատմում էին Կաղ-Մքոյի մի նոր քաջագործությունը հրդեհի ընթացքում: Բացի այս, Սելամսըզ թաղը կպած էր Ենիմեհլեին, այնպես որ Կարճ-Նազարը և Կաղ–Մքոն Ենիմեհլեից անդամներ ունեին, և որովհետև թուլումբաջիների գործունեությունը սահմանափակված չէր միայն իրենց թաղերով, այլ ազատ, ով կարողանում էր առաջին անգամ մտնում էր հրդեհված փողոցը և գործի ձեռնամուխ լինում, մյուսն էլ հասնում էր օգնության, այդ պատճառով, անդադար մեկը մյուսից առաջնությունը խլելով, կատաղեցնում էին խմբապետներին:

Այս բարի նախանձը օրեցօր սաստկանում էր և ատելության փոխվում: Սկզբում երկուսն էլ սառնարյուն էին քննում գործը, որովհետև երկուսի նպատակն էլ միևնույնն էր, այսինքն՝ իրենց թաղեցիներին և հարևան բնակիչներին օգնության հասնել հրդեհների ժամանակ, ձգտում էին մի կերպ միանալ: Այդ բանը պահանջում էին թուլումբաջիները ն նույնիսկ թաղեցիները, բայց հենց այդ միության ձգտումն էլ ավելի հեռացնում էր նրանց, որովհետև հասարակական գործը այդտեղ զոհվում էր անձնականին: Խմբապետները երկուսն էլ ցանկանում էին իրենց առաջնությունը պահպանել և այնքան մեծ էր նրանց եսը, որ նրանցից ոչ մեկը չէր կարողանում զիջանել:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора