Ատրպետ - Երկեր եւ վիպակներ стр 4.

Шрифт
Фон

Սուլթանն այդ պատմությունը լսելով՝ զայրացած դուրս եկավ սրճատնից, և Խոջայի հետ ուղղվեցին դեպի պալատ: Դեռ շատ չէին հեռացել էյուբից և նոր էին մտել կենտրոնական քաղաքամասը, որ պատահեցին նույն սիմիտչի բոշնակին, որ առանց մտածելու անգամ, թե իր խռպոտ ձայնը կարող է աշխարհում մի որևէ անհատի զայրացնել, կանչում էր անվերջ՝ սիմի՛տ, սիմի՛տ, սիմի՛տ… Քանի կանչում էր բոշնակը, ամբողջ մարմնով դողում էր սուլթանը և երբ մոտեցան իրար սուլթանն ուշի-ուշով քննեց դրա հագուստն ու կապուստը և նկատելով սիմիտչիի չստերի վրա մի կտոր դեղնոտ տեղ, ասաց զայրացած.

– Անօրեն, մի՞թե քեզ հայտնի չէ, որ զիմմիներդ իրավունք չունիք ուրիշ գույներով զարդարվելու: Ինչի՞ իսլամի կղերին հատուկ դեղին չստեր ես հագել:

– Խնայիր ինձ, մեղավոր եմ, դերվիշ բաբա, – ասաց դողդողալով բոշնակը, – աղքատությունից ստիպված հին կոշիկներ գնեցի ու անձամբ ներկեցի, սևացրի: Տեսեք, տեսեք, – ասաց բոշնակը կոշիկները հանելով, – արդեն բոլորովին սև է, միայն այս մատիս բռնած տեղը բաց է մնացել, չեմ նկատել, չի սևացել…

– Ձայն՛դ, անօրեն, դեռ արդարանալ ես ուզում, – ասաց ու ետ նայելով ծպտյալ սուլթանը նշան տվեց հեռվից հետևող ենիչերիներին ու առաջ գնաց Խոջայի հետ:

Ենիչերիները իրենց տիրոջ ակնարկը նկատելուն պես, վրա հասան, բռնեցին սիմիտչիին, ցրվեցին նրա սիմիտները, ոչխարի նման գետին գլորեցին, պառկեցրին թշվառին, գլուխը կտրելով, սիմիտի տեփուրի վրա դրին, ծածկեցին մի փալասով և հետևեցին իրենց տիրոջը:

Ծպտյալները առանց ետ նայելու շարունակեցին իրենց ճանապարհը ոլոր-մոլոր, նեղ ու կեղտոտ փողոցներով, մինչև հասան կրկին Լիմոն-Իսկելեն: Այդտեղ նույն գինետնից դարձյալ գալիս էին երգի ու նվագարանի խառնաշփոթ ձայները, էլի աղմուկն ու գոռգոռոցը տարածվել էին ամեն կողմ: Երբ ծպտյալները աչքերը հառած գինետան դռան կողմը, մոտենում էին, մի բարձրահասակ, լիք-լիք հույն, ալբանական ծալովի ֆեսը գլխին՝ դուրս եկավ փողոց և հսկա քայլերով դիմեց ծպտյալների կողմը: Նեղ մայթից առաջ գալիս հույնին դիմավորեց մի մոլլա, որին հույնը ճանապարհ չտվեց, չիջավ մայթից փողոց: Անցորդ իսլամ-հոգևորականը, դիպչելով հույնին, կատաղեց և աղտեղի փողոցային հայհոյանքներով հրամայեց ռայային՝ ցած գալ մայթից և իր արբեցողի գարշահոտ շնչառությամբ, գինով ապականված փալասներով չապականել նրա անապական մարմինն ու հագուստը:

Հույնը թեև գինու ազդեցության տակ էր, բայց լինելով Արշիպելագի կղզիներից և ծովի ազատ որդիներից, չզիջեց, չուզեց լսել մոլլային: Մոլլան չապականվելու համար անճարացած ինքն իջավ մայթից և սկսեց հրապարակապես գոռալ, գրգռել ու բորբոքել իսլամ ամբոխին գանգատվելով, որ անհավատը անարգել էր իր արժանապատվությունը: Ծպտյալները անցքին ականատես լինելով, սուլթանը կրկին ետ դարձավ և պատշաճավոր նշանը տվեց իրեն հետևող ենիչերիներին, որոնք հույնին բռնեցին և քաշեքաշ հրելով ու ծեծելով՝ տարան Պալըգ-Խանե: Այդտեղ ծովից դուրս բերված ձկան նման տարածեցին կղզեցուն կոճղի վրա և լայնբերան կացնով մարմնից գլուխն անջատեցին:

Դեռ հույնի գլուխը չէին վերցրել հատակից, դեռ նրա լեզուն բլբլում էր բերանում, և արյունը շատրվանի նման ցայտում էր վզից, երբ ծպտյալները հասան Պալըգ-Խանեի նավամատույցը և նշան տվին, որ իրենց նավակը մոտենա: Այդ միջոցին Ղալաթիայից նավակը ետ բերեց այն կոկլիկ և վայելուչ հագնված հայ երիտասարդին, որին պատահել էին առավոտը նույն նավամատույցի վրա: Դարձյալ նույն կայտառ շարժումները, նույն քայլերը և նույն շռայլ ծախսը, սա մենակ մի նավակ էր վարձել և ետ էր դառնում: Կատաղությունից արյունով էին լցվել սուլթանի աչքերը, և նա կիրքը չկարողանալով զսպել, մոտ կանչեց երիտասարդին և զննելով նրա հագուստի երեսն ու աստառը, ներքինն ու արտաքինը, հրամայեց ոտքից սև կոշիկները հանել: Այդ ժամանակ սովորություն էր Կ. Պոլսում հիմիկվա կրկնակոշիկի փոխարեն սև կոշիկներ հագնել և տուն մտնելիս այդ կոշիկները նախասենյակներում թողնելով, ներքին մաշիկներով ներս մտնել թանկագին գորգերով և մետաքսե թավիշներով փռված, զարդարված սենյակները:

Երիտասարդը այդ հրամանը լսելուն պես՝ գունատվեց ուշքը կորցրեց, բայց բռնությամբ նրա կոշիկը հանեց մի նավաստի: Երբ ծպտյալները տեսան կարմիր մաշիկը, սուլթանը զայրալի ասաց.

– Անօրեն, քեզ ո՞վ իրավունք տվեց իսլամի բեգերին ու ամիրաներին հատուկ մաշիկներով զարդարվելու, – և ետ դառնալով երրորդ ակնարկն ուղղեց հետևող դահիճներին ու մտավ նավակ, Խոջայի հետ հեռացավ:

Դեռ ծպտյալների նավակը չէր մոտեցել Սարայ-Բուրնու պալատական նավամատույցին, երբ ենիչերիների դահիճները մտան Գյուլ-Խանեի դռնով պալատի այգին, արքունիքի Բոստանչի-Բաշիի առաջ դնելով բոշնակի տեփուրը, բացին ծածկոցը և երեք անմեղ քրիստոնյաների գլուխը հանձնելով պալատի զորքերի պահապանների առաջնորդին, ստացան իրենց վարձը՝ ինն իսթամբուլոսկի ու հեռացան:

Ճիշտ տասնևութ տարի հետո, 1808 թվականին, երբ վեզիր Մուստաֆա փաշան մի օրվա մեջ պալատի նույն պարտեզում խողխողել տվեց երկու սուլթաններին՝ Սելիմ Գ-ին և Մուստաֆա Դ-ին, թուրք պատմիչը, հիշելով անցյալը՝ ավելացնում է. Ինչպես ինքը, Սելիմ Գ-ը, անգութ վարվեց գահակալության օրերում՝ անմեղ երեք քրիստոնյաների արյունը հեղելով, նույնպիսի անողորմ դահիճների ձեռքով թափվեց իր և իր եղբոր որդու արյունը միևնույն պարտեզում…

ԹՈԻԼՈԻՄԲԱՋԻՆԵՐ

Պոլսի ազգաբնակությունը գործելու մի ասպարեզ ուներ, որտեղ մարդիկ բոլորովին հավասարվում էին, որտեղ ամեն մի անհատ միևնույն իրավունքներն էր վայելում, որտեղ իրար չէին հարցնում, թե ինչ ծագումի էին պատկանում: Մշակ, արհեստավոր, վաճառական, վարժապետ, գրագետ, զինվորական, կալվածատեր, գրագիր, կրոնական, – ամենքն առանց խտրության հավաքվում էին և միասին գործի կպչում: Այդտեղ անխտիր, բոլորը հավասար ձայնով ընտրում էին իրենց առաջնորդ կամ ուրիշ գործավարներ, այդտեղ արժանավորությունը ոչ թե փողի ու գիտության, այլ ֆիզիկական ուժի, խելքի ու ժրագլխության մեջ էր կայանում: Այդ ասպարեզը թուլումբաջիությունն էր (հրշեջներ):

Թուլումբաջիությունից խույս էին տալիս վախկոտները, թուլասիրտները և անզգաները, որոնք, հայտնի բան է, քաղաքի ազգաբնակության մեծագույն տոկոսն էին կազմում և որոնցից խորշում էին, ինչպես սոֆի յուլեմները (խստակրոն կղերը)՝ խոզի մսից:

Թուլասիրտ քաղաքացիների թուլումբաջիներից խորշելու պատճառն այն էր, որ առաջինները իրենց աներկյուղ ընթացքով միշտ սարսափի ու սրտադողի մեջ էին թողել վերջիններին: Թուլումբաջիներն ինչպես աներկյուղ կրակն ու բոցն արհամարհելով՝ մտնում էին ծխալի տներ՝ երեխաներին, չափահասներին պառավներին դուրս բերելու, կրակից ազատելու թանկագին կահ-կարասիքը, անխնա քանդում էին հարևան տները՝ հրդեհի առաջն առնելու համար, ջրհանները շալակած կռվում էին ահեղաշունչ բոցերի հեղեղի հետ, այնպես էլ անվախ միշտ հարձակվում էին էֆենդիների, դատավորների, աղաների, ամիրաների վրա, հայհոյելով, նախատելով, ծաղրելով, պակասություններն երեսներովն էին տալիս և սպառնալիքներով ստիպում իրենց հրամանները կատարելու և հրատարակելու:

Աղաներից հալածվածը միշտ դիմում էր մի հայտնի թուլումբաջու, պարզում էր նեղությունը: Թուլումբաջին, գործին ծանոթանալուց հետո, մի օր փողոցի մի անկյունում բռնում էր աղային և ստիպում բավարարություն տալ նեղվածին: Ամիրան, մահվան երկյուղից անրճկած, կատարում էր թուլումբաջու հրամանը, մտքի մեջ հազար ու մի հայհոյանք թափելով թուլումբաջու գլխին:

Մի անգամ մի կաշառակեր դատավոր խոսք էր տվել մի վաշխառուի յուր վճիռքով խլել մի թշվառ պարտիզպանի պարտիզակը, որով կերակրում էր ինը հոգուց բաղկացած ընտանիքը: Պարտիզպանը հուսահատ ընկնում է մի ծանոթ թուլումբաջիի ոտքերը և վշտաբեկ սրտով նկարագրում իրեն սպառնացող սոսկալի վիճակը: Թուլումբաջին հետևում է դատավորին և կեսգիշերին կտրում նրա ճանապարհը: Դատավորը, հոգեառի ջլուտ, հաստապինդ բազուկների համն առած, կրկին անգամ նրան չպատահելու համար, դեռ մի գումար էլ վճռում է վաշխառուից առնել հօգուտ պարտիզպանի: Ամիրայի մեկը, որ յուր բազմաթիվ ծառաների և ստրուկների վրա վստահացած արհամարհում է թուլումբաջիին, սպառնում է դեռ նրան դատաստանի կանչել: Թուլումբաջին առանց այլևայլի տալիս է կրակը այրում է ամիրայի պալատը, և օգնության հասած թուլումբաջիների խումբը ավելի հանդիսատեսի դեր է կատարում, ավարի է տալիս ամիրայի կայքը, քան թե օգնության հասնում: Այս պատճառները ամենաբռնավորներին անգամ ստիպել էին խոնարհվելու թուլումբաջիության զորության առաջ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора