Նրանք անցկացան նեղ-նեղ փողոցներով և ճանապարհին Լիմոն-Իսկելեի մոտ, մի գինետան առաջից անցկացան:
Ծպտյալները նկատեցին որ ներսը՝ գինետան մեջ, հույները հարբել, երգում էին, նվագում ու պարում, նրանց բարձրացրած աղմուկն ու ժխորը տարածվել էր մինչև անգամ մոտակա բոլոր փողոցները: Սուլթանը ուշի-ուշով լսում էր Խոջայի բոլոր նկատողությունները, որ երբեք չէր դադարում իր կրոնական պարտականությունները կատարած լինելու համար հայտնել անհավատների բոլոր պակասությունները, ամենախիստ գույներով և ամենակծու ոճերով ու բառերով: Նրանք անցան Ուզուն Չարշիից, բարձրացան ահագին զառիվերը և մտան Բեզեզթան:
– Ահա իրար ետևից և մեր քաղաքի բոլոր ապականված վայրերը, – հառաչելով ասաց Խոջան և, մի քիչ խորհրդավոր կերպով լռելուց հետո, ավելացրեց.
– Գինետան գարշելի ձայները դեռ չեն հեռանում ականջիս միջից, հարբած հույների պատկերները չեն ջնջվում աչքիս առաջից:
– Գարշելի ու նողկալի տեսարան: Դրանց առաջն առնելու է, – ասաց սուլթանը մտախոհ՝ քայլերն ուղղելով դեպի Սուլթան-Բայազեթ:
– Այդ անօրեն մուրտառները իրենց գինիով ապականում են բոլոր փողոցները, փչացնում օդն ու ջուրը և իսլամի բարեշնորհ հավատացյալների կյանքը դառնացնում: Փողոցներում ամեն մի իսլամ անօրեն հարբածներին պատահելիս շունչը առնում է, հագուստը փալասներին դիպչելով պարտավորվում է բաղնիս գնալ մաքրվելու համար, գոնե կրկին անգամ լվացվելու, որ կարողանա մաքուր սրտով, խաղաղ խղճով աղոթել: Ինչպե՞ս մզկիթներում կամ իրենց խանութներում հանգիստ սրտով աղոթեն հավատացյալները, երբ փողոցներում և գինետներում հարբած անհավատները խոզի սոսկալի աղաղակներ են բարձրացնում:
Իսլամի նախանձախնդիր աշակերտը՝ Խոջան, իր անվերջ չարախոսություններով խլացնում էր իր գահակալ աշակերտին և նրա սիրտը լցնում ատելության սոսկալի թույնով: Սուլթանը մտածում էր, թե ինչ դիրք բռնե: Նա գինետները չէր կարող փակել, քանի որ նրանք ահագին հարկ էին տալիս իսլամի հասարակական գանձարանին, մանավանդ որ այն ժամանակ քրիստոնյաները առանց այդ հարկը վճարելու էլ կարող էին գաղտնապես իրենց տներում կարևոր գինին և ուրիշ խմիչքները պատրաստել և հարբել: Նրանք լռելյայն անցան Սուլթան– Բայազեթի հրապարակից դեպի Ֆաթիհ-Սուլթան-Մեհմեդ և այնտեղից ուղղակի բռնեցին Էյուբի ճանապարհը: Երկար էին փողոցները և ամայի, հարյուր քայլին մի մարդու, մի խափշիկ աղախնի հազիվ էին պատահում, իսկ Խոջան ճարտարախոս էր: Նա անդադար, ջրվեժի նման թափում, պատմում էր սուլթանին առօրյա հարցերից, կատարված դեպքերից և անցյալ պատմությունից:
Նրանք մտան մի նեղ փողոց, որտեղ ո՛չ խանութ կար, ո՛չ էլ արհեստանոց, բոլորն էլ մյուսլիմ ժողովրդի բնակարաններն էին՝ աջ թե ձախ: Հեռվից նկատեցին մի սիմիտ (բուբլիկ) ծախող բոշնակ, որ ծանրաքայլ առաջ էր գնում և խռպոտ կանչում. սիմի՛տ, սիմի՛տ:
Բոսնիացին առանց կասկած տանելու, որ իր խզխզան ձայնը կարող էր անախորժ հնչել ծպտյալների ականջներին, վաճառքին հաճախորդ գտնելու տենչով, անդադար կրկնում էր. «Սիմի՛տ, սիմի՛տ», որպեսզի տների խորքերում գործի հետ եղող տիկինների ականջներին հասցնի իր խռպոտ ձայնը և անախորժ եղանակը, որ նրանք լսեն, դուրս գան դեպի լուսամուտները՝ սիմիտ գնելու: Ծպտյալները հեռվից դիտում էին բոշնակի բոլոր շարժումները:
Հանկարծ սիմիտչին կանգնեց, ուսից վար դրեց եռոտանին, գլխից իջեցրեց տեփուրը և դրեց եռոտանու վրա: Թրքուհին բարձրացրեց լուսամուտի փայտի մատներից հյուսված խիտ վանդակը, կիսով չափ կախվեց լուսամուտից և փղոսկրի նման ողորկ և փայլուն, ձյունի նման սպիտակ և շողշողուն մերկ բազուկը տարածեց, ձգվեց և բոշնակի ձեռքից առավ երկու սիմիտ: Այս առուտուրը այնպես բորբոքեց մոլլայի նախանձը, այնքան ատելություն աճեց նրա սրտում, որ չկարողացավ կրքերը զսպել ու ասաց կատաղաբար.
– Խո տեսա՞ք, աչքով տեսաք, մատաղդ լինիմ, թե ինչպես անհավատը ներքևից դիտում էր ու հրճվում: Ինչ աղտեղի աչքերով, գարշելի սրտով ձգտում էր այս անհավատը հարաբերության մեջ մտնել իսլամի հարեմի անարատ կնոջ հետ: Որքան խաղերով ու նազանքով էր տարածում սիմիտը ու տանջում թշվառ կնոջը:
– Կասկածը լավ բան չէ, Խոջա, իսլամին չի վայել ենթադրություններով խոսիլ, գուցե և բամբասել մի բոլորովին անմեղ կնոջ:
– Ներեցեք, – ասաց խոջան, զգալով իր սխալը, – ներեցեք, տեր իմ, որ կրոնական նախանձախնդրությունս ինձ չափազանց կուրացրեց, ես մեղքի տակ ընկա ենթադրական բամբասանքով: Բայց և այնպես սիրտս ծակվեց, կարծես մի նիզակ մխեցին այնտեղ, երբ նկատեցի, որ աչքի անմերձենալի հարեմի տիկինը լուսամուտից կռացած կես մարմնով, բաց դեմքով, կրծքով ու բազուկներով մերկացավ անօրենի աչքերին: Սա էլ փոխանակ դեմքը ծռելու, գետին նայելու, զմայլած նրա գեղով, քիչ էր մնում պատից վեր թռչի:
Նրանք առաջանալով մոտեցան բոսնիացուն, որ ստացած փողը քսակը զետեղելուց հետո տեփուրը կրկին գլխին դրեց, եռոտանին ուսերին և, շարունակելով ճանապարհը, կրկնեց նույն խռպոտ ձայնով ու եղանակով. «Սիմիտ, սիմիտ, սիմիտ»:
Սուլթանը կրկին ոտից մինչև գլուխ զննեց բոշնակին, բայց ամեն բան օրինական գտավ, բոլոր շորերը սև, բոլոր հագուստը մթին, թշվառի տանջանքն ու սուգն էին արտահայտում:
Ծպտյալները առաջանալով շարունակեցին իրենց քայլերը դեպի էյուբ և որովհետև սաստիկ հոգնած էին, մտան մի ղայֆեխանա (սրճարան)՝ թե հանգստանալու և թե ժողովրդի կարծիքները լսելու: Սրճարանատերը այս անծանոթ հաճախորդներին իսկույն աթոռ տվեց, վազեց սառը ջուր բերեց, մոտերը դրեց, որ ծարավները հագեցնեն և ինքը մոտեցավ օջախին՝ սուրճ պատրաստելու: Սրճատանը մեծ բազմություն կար. մոլլաներ, արհեստավորներ, կալվածատերեր, թաղական պաշտոնյաներ, ենիչերիներ: Բոլորն էլ անտարբեր զբաղված էին իրենց զբոսանքով, ծխում էին չիբուխ կամ նարգիլե, խմում էին սուրճ կամ օշարակ, խաղում էին նարդի, տամա կամ թուղթ և շատերն էլ ընտանեկան խոսակցությամբ էին զբաղված ու քննադատում էին առօրյա հարցեր:
– Ահա երեք օր է, – ասաց մի կալվածատեր իրեն լսողներին, – մեր սուլթանի գահ բարձրանալը (ալլահը երկարեցնե նրա կյանքը), բայց ոչ մի ձայն չլսվեց, ոչ մի գործ չտեսավ:
– Երեկ իրիկուն Թոփ-Գափու՝ մի սրճարանում նրան տեսնողներ են եղել…
– Էյ, – ասաց սրճարանատերը օջախի մոտից, – դատարկախոսներ եք, ուրիշ ոչինչ: Թողեք մի հանգստանա, ծանոթանա գործերի հետ… Երեք օրվա մեջ ի՞նչ կարող էր անել…
– Ժրագլուխ և եռանդոտ մարդը հենց առաջին օրից կարող էր իր շնորհքը ցույց տալ, – ասաց մի ենիչերի, խաղը ընդմիջելով: – Մի՞թե քիչ գործեր կան մեր քաղաքում: Ահա քանի ամիս է, որ մեզ ուղտի նման խմոր են ուտացնում փռնչիները. այն էլ ի՞նչ խմոր. գարի թե՞ հաճար՝ ալլահն է խաբար:
– Այդ բոլորը կարգի կմտնի, – ասաց մի մոլլա, – եթե մեր կաշառակեր յուլեմներին (կղեր) ու ղադիներին (կրոնական դատավոր) կարողանան զսպել:
– Ի՞նչ անեն յուլեմներն ու ղադիները, երբ ընդհանրապես այնպիսի շռայլություն ու փարթամություն է տիրում մեր ավագանիի ապարանքներում: Երկիրը կողոպտում են, ժողովուրդը կեղեքում, կաշիներն են պոկում, որբին ու այրուն տանջում, զրկում, որ ինչ է, իրենց հարեմները հարճով, ընդունարանները մանկլավիկներով լցնեն: Ամեն մի աչքի ընկնող պաշտոնականի տունը եթե օրական հիսուն-ութսուն ոչխար է մտնում, էլ մեզ նման աղքատն ու տնանկը որտեղից մի կտոր լեշ գտնի, որ մանր ու խոշորին կերակրե:
Ամեն կողմից վարչության դեմ տրտունջներն ու գանգատներն անպակաս էին, այնպես որ մինչև սուրճ խմելն ու հանգստանալը սրճատան հաճախորդները ապրուստի ամեն մի նյութի մասին իրենց նեղ վիճակն արտահայտեցին, նախատելով վաշխառու դատավորներին և անարժան պաշտոնակալներին: Երբ ծպտյալները պատրաստվում էին հեռանալու, նարդի խաղացողներից մեկը, խաղն ավարտելով, վեր կացավ ու հարցրեց հանդիսականներին.
– Նոր բան իմացե՞լ եք:
– Ի՞նչ, – ասացին ամեն կողմից և հայացքներն ուղղեցին:
– Բախալները իրենց դատը տարել են և դարձյալ թթու ծախելու արտոնություն են ձեռք բերել:
– Ինչպե՞ս, – կրկնեցին նորից հանդիսականները՝ ուշադրությամբ նորությունը լսելով:
– Չէ՞ որ Իսթամբուլի ղադին երեք հազար ղուռուշ առնելով թթու ծախողներից, վճիռ էր տվել, որ այլևս բախալները թթու չծախեն:
– Այդ հայտնի է, երեք-չորս ամսվա պատմություն է, նորն ասա: Հետո՞:
– Բախալները հավաքվում են և հինգ հազար ղուռուշ գումարելով, դիմում են նույն ղադուն, որ իրենց կրկին թույլ տա թթու ծախելու: Այդ գումարներով ղադին գրավվում է և բախալների առաջնորդին սովորեցնում, որ գնա մի քանի հղի կանայք ուղարկե իրեն՝ ղադիի մոտ գանգատվելու: Բախալները հինգ-տասը հղի կանանց սորվեցնում են, որ գնան ղադիի մոտ գանգատվեն, թե իրենք պատճառավոր են և հաճախ գիշերվա մեջ սրտերը այլևայլ թթու է ուզում: Թթուծախ ամեն թաղում չլինելով, եղածներն էլ սաստիկ հեռու լինելով, նըրանք վնասվում են, ուշքներն անցնում է և կարող են ավելի մեծ վտանգի ենթարկվել, եթե ղադին իր ապօրինի կարգագրությունը չվերցնե և թույլտվություն չտա, որ բախալներն էլ թթու ծախեն: Ղադին այդ գանգատավոր կանանց խնդիրքի համաձայն նորից վճիռ է արձակում, որ բախալներն էլ թթու են ծախելու, քանի որ բնակարաններին մոտ թթու չլինելու պատճառով կարող են վնասվել հղի կանայք ու նրանց մանուկները: