– Ամեն բան, ամեն ինչ կարգին էր, – ասաց կակազելով Ներսես-ախպարը, որպեսզի մի կերպ վերջ տա այդ խոսակցությանը, բայց Նիկողոս-աղան անպատճառ ուզում էր, որ այն օրվա ժամավորները բոլորն էլ լսեին, թե ինքը մի տասը փարանոց թոք է ողորմացել իր դրացուն` Ներսես-ախպորը:
– Ողորմած հոգի մայրս, – ասաց խոսքը շարունակելով Նիկողոս-աղան, – խիստ լավ տժվժիկ էր եփում, այնպես պատվական, որ երբ դռնով տուն էիր մտնում, նրա տապկոցի անուշ հոտից կշտանում էիր: Այնպես համեղ էր լինում, որ նրա մահից հետո կարոտ եմ մնացել մի համեղ տժվժիկի: Ափսոս հները մեռան, իրենց հետ կարգն ու սարքը գերեզման տարան: Քանի-քանի անգամներ ախորժակս գրգռվել է, սիրտս ուզել է մի համեղ տժվժիկ, բայց ե՞րբ կարող են հիմիկվաններն այնպիսի քաղցրաբույր կերակուր եփել: Բայց քույրս նորերից չէ, նա կարծում եմ, որ լավ տնարար պիտի լինի և համոզված եմ, որ քեզ այսօր անփոխարինելի պատվական տժվժիկ կերցրած է. խո սխալված չե՞մ: Հը՞, լավն էր, չէ՞, – ասաց ժամի զավթում կանգնելով Նիկողոս-աղան, աչքերն ուղղելով Ներսես-ախպոր երեսին:
– Ի՞նչպես չէ, ի՞նչպես չէ, հրաշալի էր, – ասաց Ներսես-ախպարը և շտապեց եկեղեցի: Բայց եկեղեցում փոխանակ աղոթելու, փոխանակ փառաբանելու, սկսեց գանգատվել իր տիրոջից, թե բավական չէր, որ նրան այդ վիճակի մեջ էր գցել, բավական չէր, որ այդքան զրկանքների և անարգանքների էր մատնվել, այժմ էլ տանջվում էր Նիկողոսի` նման մի փառասերի ճանկում:
Հետևյալ առավոտ բազար էր գնացել Ներսես-ախպարը: Սիրտը մի ֆինջան սուրճ խմել ուզեց ու մտավ սրճարան: Կային այնպիսի բարի հոգիներ, որոնք նրա անցկացրած փառքի օրերից քաջ տեղյակ լինելով, առանց նկատելու, միայն մի ակնթարթով ղայֆաջուն իմացնում էին, որ մի ֆինջան սուրճ տա Ներսես-ախպորը: Այնպես որ, առանց մարդ իմանալու, առանց մեկի մյուսի գիտենալու, սա, նա մի-մի ֆինջան սուրճով պատվում էին տնանկին և նա, որպես իր գրպանից վճարելով, պատվավոր կերպով հեռանում էր սրճարանից: Սովորականի համաձայն, երբ սկսեց սուրճը խմել, Նիկողոս-աղան մտավ սրճարան և անմռունչ բարևելով նստավ Ներսես-ախպոր դիմաց: Ներսեսի սուրճը քթից եկավ: Նա զգաց, որ Նիկողոսը անպատճառ իր բարերարության խոսքը բանալու է, այն էլ հրապարակով: Եվ իսկապես, սուրճի ֆինջանը ձեռքին, չիբուխի ծխախոտը ծխելով՝ ասաց Նիկողոս-աղան.
– Հը, ինչպե՞ս ես, Ներսես-ախպար, երեկ լավ ախորժակով վայելեցի՞ք տժվժիկը, համո՛վ էր, հը՞: Մարդու քեֆը կգա, երբ սրտի ուզածին պես պատրաստեն կերակուրները:
– Ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ, – կմկմաց Ներսես-ախպարը, հուսալով, որ Նիկողոս-աղան իր պատվից կամաչե և չի պարզի թոքի պատմությունը, թեև սիրտը բորբոքումից արդեն սկսել էր արագ-արագ թրթռալ:
– Այդ ի՞նչ տժվժիկ է, – մեջ ընկավ սրճարանի հյուրերից մեկը:
– Ոչինչ, – ասաց Նիկողոս-աղան, ծանրացնելով խոսքը, – երեկ մեր մսագործի մոտ մի լավ թոքը տեսա. սիրտս ուզեց, առա, որ տուն ուղարկեմ, բայց ափսոսացի, որովհետև մեր տնեցին կարգին չի կարող ուզածս տժվժիկը եփել: Այդ մտմտուքի մեջ էի, որ պատահեց Ներսես-ախպարը, իսկույն տվի նրան: Ասի, մեկ չէ՞ մեր տուն ղրկած, ձեր տուն ղրկած: Փառք աստծու, մենք դրացիներ ենք, ջոկողություն երբեք դրել չենք իրար մեջ, «իմ ու քո» ե՞րբ է մտել մեր մեջ, ո՞վ է փնտրել: Մենակ քեֆս եկավ, ես հավատացած եմ, որ քույրս չէր փչացնի այն պատվական թոքր, կարգին բան կեփեր: Իմ ուզածն էլ այն է, որ բանը տեղն առնե ու լազաթ ունենա: Մեր տուն որ ղրկեի՝ զահրումար էր դառնալու, ո՞վ կարող էր թիքա ուտել: Լավ բանը սիրում եմ, գիտեմ, որ քույրս այնպես տապակած կլիներ, որ Ներսես-ախպարը համից, հոտից հարբած` մատներն էլ խածոտած կլիներ տժվժիկի պատառների հետ: Դեհ, այժմ շարունակությունը դու պատմե, Ներսես–ախպար, ես իմս պրծա:
– Էհ, ինչ պատմեմ, շնորհակալ եմ, եփեցինք, կերանք, պրծանք գնաց, – ասաց Ներսեսը կարմրելով:
– Անուշ լինի, խոսքս դրա մասին չէր: Ուզում էի իմանալ, թե կարգի՞ն էր տապակած տժվժիկը, Համո՞վ էր:
– Շատ համեղ, շատ ախորժելի, – ասաց սիրտը մորմոքելով Ներսես-ախպարը` ողջ անձով քրտնած, թրջված:
– Այդ հասկանում եմ, մարդ ուզածը գտնե, տեղովը, տեղակի:
Ներսես-ախպարը դուրս եկավ այլևս կիրքը չկարողանալով զսպել, բայց Նիկողոսին էլ հաճելի էր, որ ամեն տեղ տժվժիկի պատմությունը խոսվի, որտեղ որ պատահեր, ուր որ հանդիպեր, խոսքը տժվժիկի մասին պիտի բանար կամ այդ մասին պիտի տար:
– Ներսես-ախպար, հիշու՞մ ես թոքը, կամ թե` «ինչպե՞ս, համե՞ղ էր տժվժիկը»: Ողջ քաղաքը տժվժիկի ցավն ընկավ, Նիկողոսն ամեն տեղ պատմեց ու խոսեց:
Անցավ մի շաբաթ, մի ամիս, երեք ամիս, վեց ամիս, վերջապես տարի, բայց Նիկողոս-աղան, որտեղ պատահեր` պիտի հիշեցներ Ներսեսին թոքը և տժվժիկը՝ թե փողոցում, թե եկեղեցու գավթում, թե սրճարանում, թե բաղնիսում, թե հարսանիքում, թե, վերջապես, ժողովներում, այնպես որ հազար անգամ Ներսես-ախպոր քթից, պնչից դուրս եկավ Նիկողոս-աղայի գնած թոքի տժվժիկը: Էլ համբերությունը սպառած, մի օր նույն մսագործի խանութի դռան առաջ կանգնած, վերարկուի տակ մի բան թաքցրած` սպասում էր Ներսես-ախպարը: Դեպքն այնպես բերեց, որ Նիկողոս-աղան էլ այնտեղ եկավ իրենց ծառայի հետ միս առնելու և նկատելով Ներսես-ախպորը, ասաց.
– Ներսես-ախպար, ինչպե՞ս ես, լա՞վ ես: Հիշո՞ւմ ես այն թոքը, այն համեղ տժվժիկը…
– Ահա ա՜ռ քո թոքը և ձայնդ կտրե, – ասաց զայրացած Ներսես-ախպարը և աբբայի տակ թաքցրած թոքը դուրս հանելով, այնպես շրմփացրեց Նիկողոս–աղայի քթին, բերանին, որ վերջինս ապուշ դարձավ, տեղն ու տեղը մնաց` երեսը, գլխի թանկագին շալը, վիզը արյունով ներկված:
ԾՊՏՅԱԼ ՍՈԻԼԹԱՆԸ
Հարյուր ու քանի մը տարի սրանից առաջ, երբ ենիչերիների և կղերի ձեռքով գահ բարձրացավ սապատողն թուրքաց Սելիմ Գ. սուլթանը, նախորդների սովորության համաձայն իր վարժապետ խոջայի հետ ծպտած` դուրս եկավ Էսկիսարայ պալատից՝ մայրաքաղաքը շրջելու և հասարակության գանգատները կամ գոհունակությունները անձամբ լրտեսելու: Նա հագել էր Թեքքեի դերվիշի աղքատիկ հագուստ և գլխին ծածկել թաղիքի երկար նարնջագույն գդակ, այնպես որ ոչ ոք չէր կարող երբեք նրան հասարակ դերվիշից զանազանել: Սուլթանին առաջնորդող Խոջան էլ թեև մոլլայի կապույտ ջուպպե ուներ հագին և սպիտակ ապարոշ գլխին, բայց սա էլ իր տիրոջ սուլթանի նման շատ համեստ էր հագնված, և երկուսն էլ երկար համրիչները ձեռքներին՝ ծանր քայլերով և մեղմ խոսակցությամբ Գյուլ–Խանեի նավամատույցից նավակ նստան և, ծովի երեսին քիչ պտույտ անելուց հետո, որպես հասարակ քաղաքացիներ, դուրս եկան Պալըգ-Խանեի նավամատույցը:
Դեռ չէին մոտեցել ծպտյալները նավամատույցին, երբ հեռվից նկատեցին մի գեղեցիկ հագնված երիտասարդ, որ հսկա քայլերով նեղ փողոցից դուրս գալով՝ հասավ նավամատույց և մենակ մի նավակ վարձեց, որ նրան անցկացնե Ոսկեղջյուրի վրայով դիմացը՝ Ղալաթիա: Այնքան կոկլիկ էր այդ երիտասարդի սև սաթի նման փայլող ջուպպեն, Բուխարայի այնքան նուրբ մորթուց էր կարված ղալփաղը (գդակ), այնպես կուրծք ու մեջքին կիպ փաթաթված էր նրա սև քիշմիրե էնթարին և սև գոտին, որ ահագին բազմության մեջ նա նկատելի էր ոչ միայն իր մաքուր ու վայելուչ հագուստով, այլ մանավանդ բարձր հասակով, վայելուչ դեմքով, լայն ուսերով ու կրծքով և կտրիճի շարժմունքով: Հազիվ քսանմեկ կամ քսան տարվան լիներ երիտասարդը. կզակի նոսր մազերը հազիվ մեկ-երկու անգամ ածիլած լինեին, իսկ սև ու կարճ բեղերը դեռ մատ բռնելու չափ չէր երկարել:
Երիտասարդը երկար ժամանակ իր վրա հառել տվեց ծպտածների խոժոռ աչքերը, որոնք ուզում էին սլաքի նման թափանցել նրա սիրտը և ծակել, բայց բազմաչարչար հայի զավակը ոչ մի զանցառություն չէր արել. բոլոր հագուստը, կապուստը, կոշիկները, կապերն ու կոճակներն անգամ թուխ, սև գույն էին կրում և հայից անբաժան սուգն արտահայտում:
– Տեսեք, լավ դիտեցեք, մատաղդ լինիմ, – ասաց Խոջան սուլթանին, – տեսեք, թե որքան ընտիր-ընտիր կերպասներ և թանկագին կտորներով է զարդարվել քյաֆիրը (անհավատ): Սև են հագնում իբր թե օրինազանցություն չեն անում, բայց այդ քնքուշ գործվածքները միթե վայել է զիմմիին (գույքով, կյանքով պարտական), կարծես պեծեր է թափվում գլխից ու վրայից:
– Ուղիղ է ասածդ, – պատասխանեց սուլթանը, – Բայց բան չի կարելի ասել. ոտից մինչև գլուխ բոլորը սև-սև կտորներով է ծածկված: Օրինազանց չէ անօրենը:
– Այդ անհավատները կողոպտում են, կեղեքում են ժողովրդիդ և ահագին գանձեր են դիզում: Դրանց բոլորովին խնայելու չէ…
– Առանց դրանց էլ մենք բոլորովին կաղքատանանք, կթշվառանանք: Մեր հասարակական գանձարանը դրանք են լցնողը և ալլահը դրանց մեզ շնորհել է, որ մեր մարմնավոր վայելքների համար աշխատեն: Թող լցնեն մեր գանձարանը, թող բավարարություն տան իսլամին, ավելացած փշրանքով էլ իրենք ապրեն, – ասաց սուլթանը և դուրս եկավ նավակից: