Հուսահատության թախիծը տիրեց տկնոջ սրտին: Նա ոտնակոխ արեց իր հոր փառասիրությունը Գենվազի և Բարգյուշատի իշխանությունը ձեռք բերելու մեջ, գլխավորապես այն մտքով, որ այդ երկու գավառները մնային իր սիրելի Ստեփաննոսին, որ նրանց օրինավոր տերն էր: Նա ցանկանում էր տեսնել այդ պատանի իշխանազնին կրկին տիրացած Շահումյանների թողած ժառանգությանը, որ նույնիսկ հայերի դավաճանությամբ հափշտակվեցավ բռնակալի ձեռքով: Նա ցանկանում էր, որ բարի, ազնվամիտ Ստեփաննոսի հովանավորության տակ պատսպարվեին հազարավոր թշվառներ, որ մաշվում, այրվում, խորովվում էին տիրող անգթությունից: Բայց այդ բոլոր ցանկությունները ոչնչացան: Այժմ ավելի, քան թե առաջ, դժվար էր իրագործել նրանց: Տիկնոջ կարծիքով, ավելի հեշտ էր մահմեդական բռնապետի ձեռքից կորզել այդ երկրները, քան թե մի ուրացող հայից, որ մահմեդականի ձեռքում գործիք դառնալով, պիտի աշխատեր ամեն տեսակ ցած, անազնիվ և նենգավոր հնարներ գործ դնել մահմեդականի իշխանությունը հայ երկրների վրա պահպանելու համար: Այդ հանգամանքները ի նկատի առնելով, տիկինը մելիք Ֆրանգյուլի ուրացությունը ավելի վտանգավոր էր համարում, քան թե իր հորը, մանավանդ որ նա խոստացել էր իր աղջիկը իմամին կնության տալ:
– Այդ առաջին անգամը չէ, տիկին, որ նա ընդունում է մահմեդականությունը, – ասաց ներքինապետը ընդհատելով Սյուրիի լուռ մտածությունները. – մելիք Ֆրանգյուլը իր մանկության հասակում գերի ընկավ և տարվեցավ Պարսկաստանի Սպահան քաղաքը: Այնտեղ Սպահանի արքայազուններից մեկը որդեգրեց նրան, և մի իմաստուն մոլլայի հանձնելով, կրթեց արաբական և պարսկական լեզուների դպրության մեջ: Հետո իր աղջիկը նրան կնության տալով, նշանակեց նրան Սպահանի հայոց թաղի (Նոր Ջուղայի) բեգլեր – բեյի: Այնուհետև նա Սպահանի նահանգում հայոց Քազազ և Քամարա գավառների կառավարիչը դարձավ: Այդ բոլոր պաշտոնների մեջ տանջելով, կողոպտելով ժողովրդին, մեծ հարստություն դիզեց: Սպահանի հայերը այն ժամանակ առևտրական ընդարձակ հարաբերություններ ունենալով Հնդկաստանի հետ, իրանց կաշառքներով առատ վարձատրում էին նրան: Բայց չարագործը հանգիստ չմնաց: Նա դավաճանեց մինչև անգամ այն պետությանը, որի շնորհիվ այնքան բարձր աստիճանի էր հասել: Գաղտնի կերպով միանալով Լոռի և Բախտիարի կոչված վայրենի ցեղերի գլխավորների հետ, նա պատրաստեց մի սարսափելի ապստամբություն պարսից կառավարության դեմ: Նրա նպատակն էր հիշյալ վայրենիների աջակցությամբ Սպահանի նահանգի հայաբնակ գավառները անկախ դարձնել պարսից պետությունից, որ ինքը կարողանա ժառանգաբար իշխել: Բայց ապստամբությունը զսպվեցավ և նա փախավ, գնաց Հնդկաստան: Երկար ժամանակ անհայտության մեջ մնալով, վերջապես վերադարձավ իր հայրենիքը և կրկին ընդունեց քրիստոնեությունը: Այստեղ, իհարկե, ոչ ոք չէր կարող գիտենալ, թե ինչ էր կատարել նա հեռավոր արևելքում, և ընդունեցին նրան որպես մի մարդ, որին բախտը հաջողացրել էր վերադառնալ գերությունից: Եվ նա ինքը իր անցյալի մասին պահում էր խորին ծածկամտություն:
– Իսկ դու ո՞րտեղից գիտես այդ բոլորը, – հարցրեց տիկինը զարմանալով հետաքրքիր պատմության վրա:
– Ինձ հաղորդեց մի դերվիշ, որ բնակվում է իմամի մոտ, նա ինքը սպահանցի է, և ականատես է եղել բոլոր անցքերին: Նա շատ լավ մարդ է, և ինչպես երևում է, մելիքի այժմյան վարմունքը նրան ևս տհաճություն է պատճառել:
– Ես նրա մասին լսել եմ, ասում են` լավ բժիշկ է:
– Նա ամեն բան գիտե, ինչ ասես, որ նա չգիտենա:
– Բայց մի փոքր խաբեբա է:
– Ես էլ առաջ այդ կարծիքն ունեի նրա մասին, տիկին, մանավանդ երբ տեսնում էի, որ անդադար գոհարներ է պահանջում իմամից նրա համար «մաջուն» շինելու, և մտածում էի, որ այդ թանկագին իրեղենները առավելապես իր գրպանի համար է: Բայց նա պարզ խոստովանեցավ ինձ, թե «բժշկությունը պարսիկների մեջ պետք է ծածկված լինի գերբնական քողով, և այդ ավելի ներգործում է նրանց երևակայության վրա: Հասարակ բանին նրանք նշանակություն չեն տալիս: Եթե ես ասեի իմամին, թե քո դարմանները պիտի պատրաստեմ այս և այն խոտից կամ արմատից, նա ոչնչի տեղ կընդուներ, բայց ալմաստը, մարգարիտը, յաղութը և այլն, կարող են ազդելի իմամի սնահավատության վրա: – Առհասարակ, ավելացրեց ներքինապետը, – ես այդ մարդու մեջ գտնում եմ մի խորհրդավոր գաղտնիք, որը նա ամենայն զգուշությամբ թաքցնում է:
– Դերվիշները միշտ այդպես են լինում, – պատասխանեց տիկինը անուշադիր կերպով և կրկին ընկավ մտածությունների մեջ:
– Իսկ ես դերվիշի պատմությունից կամենում եմ մի օգուտ քաղել, դուք ի՞նչ խորհուրդ կտաք, տիկին:
– Ի՞նչ օգուտ կարելի է քաղել:
– Ես կամենում եմ գնալ խանի և իմամի մոտ, հայտնել նրանց մելիքի անցյալը, – հայտնել, թե ինչ էր արել նա Սպահանի կողմերում, հայտնել նրա դավաճանությունները պարսից կառավարության դեմ, հայտնել, որ նա մի վատ խաբեբա է, թե նա այդ երկրորդ անգամն է, որ ընդունում է մահմեդականություն, դարձյալ խաբելու մտքով: Երբ խանը և իմամը կգիտենան այդ բոլորը, նրան ոչ թե Գենվազի ու Բարգյուշատի գավառները կհանձնեն, այլ գուցե խեղդել կտան:
– Բոլորովին հարկավոր չէ այդ անել, – պատասխանեց տիկինը հրամայական եղանակով, – դու կամենում ես մատնություններին մատնություններով պատասխանել: Ես մելիքի Սպահանի վարմունքի մեջ մի վատ բան չեմ տեսնում: Մանուկ հասակում, գերի ընկնելով պարսիկների ձեռքը, նրան ընդունել են տվել մահմեդականությունը, նա ինչո՞վ է մեղավոր: Իսկ թե նա, միանալով լոռիների և բախտիարների հետ, կամեցել է այնտեղ հայկական ազատ գավառներ ստեղծել, և այդ մտքով ապստամբություն է հարուցել պարսիկների դեմ, – այդ նպատակը ամեն համակրության արժանի է: Ո՞վ է իմանում, գուցե նրա այժմյան վարմունքի մեջ ևս մի այսպիսի նպատակ թաքնված լինի: Ես, իրավն ասեմ քեզ, Ահմեդ, սկզբում սաստիկ վրդովվեցա, երբ լսեցի մելիքի մահմեդականությունը ընդունելը. բայց դերվիշի պատմությունը այժմ փոքր-ինչ հանգստացնում է ինձ: Ես չեմ կարծում, որ այս տեսակ մարդիկ, որոնք երբեմն մտածել և գործել են հայ ժողովրդի ազատության համար, կարող են չար մարդիկ լինել: Նրանք չար են երևում նրա համար միայն, որ նպատակին հասնելու մտքով գործ դրված միջոցների մեջ ընտրություն չեն կատարում: Ամեն միջոց նրանց համար սուրբ է, երբ հասցնում է նպատակին:
– Այսուամենայնիվ, – պատասխանեց ծերունին, – եթե մելիքի դիտավորությունները բոլորովին արդար ևս համարելու լինենք (որի մեջ ես կասկածում եմ), դարձյալ Ստեփաննոսը կզրկվի Գենվազից: Մելիքը ինքը տեր կդառնա, իսկ նա ոչինչ չի ստանա, բոլորը կկորցնե:
– Այժմ դժվար է նախագուշակել, թե վերջը ինչ կլինի…
– Ես այդ դեպքում կարող եմ ինձ կատարյալ մարգարե համարել, – պատասխանեց պարզ ծերունին բարկացած ձայնով. – դուք, տիկին, չափազանց բարեմտությամբ եք դատում, ուր հարկավոր էր փոքր-ինչ կասկածանքով վերաբերվել դեպի կատարվող իրողությունը: Ես մասամբ համաձայն կլինեի ձեզ հետ, եթե մելիքը իր փառասիրությունը գոհացնելու համար իր ութ տարեկան աղջիկը խոստացած չլիներ փտած իմամին կնության տալ: Մի մարդ, որ ծախում է իր աղջիկը, նա կծախե և իր հայրենիքը և իր ազգը: Ուրիշ օրինակներ որոնել պետք չէ, բավական է, որ դուք հիշեք ձեր հոր վարմունքը:
Տիկնոջ և ներքինապետի խոսակցությունը ընդհատեց մի խառնաձայն աղմուկ, որ լսելի եղավ հեռվից: Հարեմխանայի բոլոր կնիկները, աղախինները դուրս թափվեցան իրանց չադրներից, մոտեցան սարայ-փերդային, և գլուխները բարձրացնելով, սկսեցին նայել:
– Այդ ի՞նչ աղմուկ է, – հարցրեց տիկինը անհանգիստ կերպով:
– Երևի անցնում է թափորը, – պատասխանեց ծերունին ներքին խռովությամբ. – դուք չե՞ք կամենա նայել նրա վրա:
– Ես այդ զզվելի հանդեսը տեսնել չեմ ուզում… – ասաց տիկինը և երեսը շուռ տվեց:
Ծերունին, նկատելով նրա արտասուքը, հեռացավ, և թողեց նրան միայնակ հաշտվելու իր սրտի ցավերի հետ:
Հեռվից տեսնվում էր ահագին բազմություն, որ իմամի չադրների կողմից դիմում էր դեպի խանի չադրները: Ամբոխը ոտքով էր գնում, միայն մի մարդ փառավոր կերպով նստած էր գեղեցիկ զարդարած նժույգի վրա, և բազմության առաջ ընկած, ամեն կողմից երևում էր: Նա հագած ուներ թանկագին, ծիրանագույն վերարկու, նախշած ոսկե թելերով, որ փողփողում էր արեգակի ճառագայթների տակ: Դա նոր մահմեդականություն ընդունած մելիք Ֆրանգյուլն էր, որ այժմ կոչվում էր Ալի բեկ: Նա աջ ձեռքով բռնած ուներ մի մերկացրած սուր, որ դրել էր ուսի վրա: Նոր կրոնի հետ նա ժառանգել էր նոր իրավունք` սուր կրելու, որի գործածությունը Մուհամմեդը միացրել է իր ավանդած սրբազան պաշտամունքների հետ: Նրա առջևից գնում էին մի խումբ չավուշներ, որ երգում էին կրոնական երգեր: Նրանցից մեկը տանում էր մի կանաչ դրոշակ, որի վրա նկարված էր շիաների խալիֆայի աջը: Թափորը դանդաղ էր ընթանում: Ամեն քայլում ամբոխը կանգնեցնում էր նոր ուղղափառին, ոմանք համբուրում էին նրա ձեռքը, ոմանք նրա հագուստի փեշերը: Կնիկները իրանց հիվանդ երեխաներին դնում էին այն ճանապարհի վրա, որ կողմից պիտի անցներ նա: Շատերը անց էին կենում նրա ձիու փորի տակով: