Րաֆֆի - Դավիթ Բեկ стр 25.

Шрифт
Фон

Մելիքը վերջացրեց. մի քանի վայրկյան վրանի մեջ տիրեց խորին լռություն, որը ընդհատվեցավ իմամի վարդապետական բացատրությունով.

– Այդ անապատը ներկայացնում է այն կայարանը, ուր պիտի տարվին «գավուրների» զավակները մահից հետո: Այդ դեռ «ջհաննամի» (գեհենի) նախագավիթն է, եթե դուք մի փոքր առաջ գնայիք, պիտի տեսնեիք «մազե կամուրջը» և նրա տակից հոսող հրեղեն գետը, որ թափվում է դժոխքի մեջ և այնտեղ ձևացնում է մի լայնատարած ծով: Հրեղեն ալիքների մեջ դուք կգտնեիք «գավուրների» ամբողջ հասարակությունը և գուցե կճանաչեիք ձեր ազգակիցներից շատերին, որոնք մարգարեի սուրբ հավատը թողնելով, հետևեցին մոլորությունների, և ժառանգեցին աստուծո բարկության հետ նրա հավիտենական տանջանքը: Բայց աստված չէ կամենում, որ դուք մոլորյալների ճանապարհով գնաք, և այդ երազը մի նշան է, որով նա հրավիրում է ձեզ դեպի ուղիղ ճանապարհը, որ տանում է դեպի արդարների հավիտենական երանությունը, որին արժանացաք աչքով տեսնել ձեր երազի սկզբում:

– Ես մի մեղավոր մարդ եմ… – պատասխանեց մելիքը ցավալի ձայնով, – ես զգում եմ իմ բոլոր մեղքերը…

– Մեր օրենքով, – ասաց իմամը լուրջ կերպով – եթե «գավուրներից» մեկը կընդունե մուսուլմանների կրոնը, ոչ թե նրանից, այլև նրա զավակներից մինչև յոթ սերունդ մեղք չի պահանջվի: Նրանք կվայելեն ամենապատվական տեղը Մուհամմեդի դրախտի մեջ:

Մելիքի դեմքի վրա վազեց ուրախության նման մի բան, և մոտենալով իմամին, ձեռքը մեկնեց, բռնեց նրա ձյունի նման սպիտակ հագուստի փեշից, և համբուրելով ասաց.

– Ձեզանից է կախված իմ փրկությունը, տեր, մի թողեք ողորմելույս կորչիլ:

– Ձեր փրկությունը խիստ դյուրին է, – պատասխանեց իմամը նույնպես ուրախանալով, – առայժմ բավական է միայն, որ դուք կարդաք «վկայության հանգանակը»‡‡‡‡‡ և ընդունեք իսլամը, իսկ վաղը մենք կկատարենք թլփատության խորհուրդը:

– Ես պատրաստ եմ:

Իմամը սկսեց նրան բառ առ բառ թելադրել «վկայության հանգանակի» արաբական խոսքերը և մելիքը դպրոցական աշակերտի նման կրկնում էր: Երբ վերջացավ, իմամը գրկեց նրան, և համբուրելով ասաց.

– Այժմ դուք իմ աչքի լույսը և իմ եղբայրն եք և կարող եք նստել իմ մոտ, իմ օթոցի վրա:

Պիղծ «գավուրը» մի քանի արաբական բառեր արտասանելով, դարձավ մաքուր, անարատ մուսուլման: Այժմ իմամը ոչ միայն տալիս էր նրան իր չիբուխից ծխել, այլ պահեց իր մոտ, միասին ընթրիք վայելեցին, և գիշերը մնաց իմամի վրանում, պառկելով նրա հանդերձարանից բերված մաքուր անկողնի մեջ, որին ոչ մի «գավուրի» ձեռք չէր դիպել: Այդ բոլոր գործողությունների ժամանակ դերվիշը լուռ էր և մի առանձին արհամարհանքով նայում էր հայ մելիքի վրա, դժվարանալով հավատալ նրա անկեղծությանը: Մելիքին ճանաչում էր նա. տեսել էր նրան Պարսկաստանի մի հեռավոր քաղաքում… և գիտեր նրա բոլոր գաղտնիքները…

ԺԳ

Առավոտյան Չալաբիանների ամբողջ ցեղի մեջ լուր տարածվեցավ, թե մելիք Ֆրանգյուլը ընդունել է մահմեդականություն. բոլորը հետաքրքրվում էին, բոլորը ուրախանում էին, որ հայերից մի այդպիսի նշանավոր մարդ մտավ իսլամի գիրկը, և հավատացած էին, որ շատերը կհետևեն նրա օրինակին: Այդ միջոցին Սյուրին դեռ նոր էր զարթնել, և փաթաթված մետաքսյա նուրբ սփածանելիքի մեջ, նստած էր իր վրանում, գորգի վրա: Նա պատահած անցքից տեղեկություն չուներ: Աղախինը բերել էր նրա մոտ փոքրիկ երեխային, որի հետ խաղում էր գթոտ մայրը: Ֆաթիման – այդպես էր երեխայի անունը – այս առավոտ սովորել էր մի նոր հանաք իր աղախնից. երբ աղլուխը շարժում էին նրա առջև, նա բավական ծաղրական երես շինելով, արտասանում էր. «Աո՛ւ.. աո՛ւ…»: Այդ բավական զվարճացնում էր դժբախտ մորը:

Այդ միջոցին տխուր, բազմահոգ դեմքով մտավ Սյուրիի վրանը ներքինապետ Ահմեդը: Նրա սովորությունները այն աստիճան ծանոթ էին տիկնոջը, որ տեսնելով նրան վատ տրամադրության մեջ, իսկույն հարցրեց:

– Ի՞նչ է պատահել:

– Շատ վատ բան, – պատասխանեց ծերունին և սկսեց պատմել բոլորը, ինչ որ լսել էր մելիքի մասին:

Ժողովրդի ֆանտազիան արդեն տվել էր անցքին բոլորովին գերբնական կերպարանք: Պատմում էին, թե մելիքը հրեշտակների թևքերի վրա տարվել էր մինչև հինգերորդ երկինքը. այնտեղ խոսակցություն էր ունեցել Մուհամմեդի և Ալիի հետ. հետո ցույց էին տվել նրան դրախտը ու դժոխքը, ասել էին` դրանցից որը կամենում ես ընտրի՜ր: Մելիքը ընտրել էր դրախտը: Ցած գալով երկնքից, նա անմիջապես գնացել էր իմամի մոտ: Իմամը նրա երեսի վրա լույսի ճաճանչներ էր տեսել, և նրա առջևը ընկնելով, երկրպագություն էր տվել: Հետո նրան նստացրել էր իր տեղը, և ինքը նստել էր նրանից ցած, ասելով, թե «ինձ պետք է քեզ սպասավորություն անել, դու ավելի սուրբ ես, քան թե ես»: Հետո իմամը հրամայել էր, որ ընթրիք տան, բայց ընթրիքը ուշացրել էին: Այդ ժամանակ մելիքը «սալավաթ»§§§§§ էր քաշել երեսին, և նույն վայրկյանում երկնքից ցած էր իջել մի սեղան լի ամեն տեսակ անուշահամ կերակուրներով և այլն:

– Այդ բոլորը հին հեքիաթներ են, – ծերունի ներքինապետի խոսքը կտրեց Սյուրին, – դու այն ասա՜, մելիքը այժմ որտե՞ղ է:

– Նա գտնվում է իմամի մոտ, – պատասխանեց ծերունին խռովյալ ձայնով. – այսօր պիտի կատարվի նրա թլփատության խորհուրդը, և խանը ինքը հանձն է առել քիրվայի (կնքահայրի) պաշտոնը:

– Կնշանակե, մելիքի մահմեդականություն ընդունելը շատ մոտ է խանի սրտին:

– Տարակույս չկա, այդ անհավատները ոչինչ բանով այնքան չեն ուրախանում, որքան ուրախանում են, երբ տեսնում են, որ մի մարդ ընդունում է իրանց կրոնը:

Տիկինն ընկավ դառն մտածությունների մեջ: Նրա քնքուշ, կրոնական ջերմեռանդությամբ լի սրտի վրա խիստ ծանր տպավորություն գործեց ներքինապետի պատմությունը: Նա աղլուխը տարավ աչքերին և խուլ կերպով սկսեց հեկեկալ: Աղլուխը տեսնելով, փոքրիկ Ֆաթիման կրկնեց իր սովորական երգը. «Աո՛ւ… աո՛ւ…»: Այս անգամ փոքրիկ աղջկա թոթովմունքը մի առանձին ուրախություն չպատճառեց մորը. նա հրամայեց աղախնին դուրս տանել երեխային:

– Ի՞նչ ես կարծում, Ահմեդ, – հարցրեց նա, երբ փոքր-ինչ հանգստացավ իր վրդովմունքից, – այդ ո՞ր սատանան մոլորեցրեց մելիքին, ի՞նչ նպատակ կարող էր ունենալ նա իր վարմունքի մեջ:

– Նպատակը շատ պարզ է, տիկին, – պատասխանեց ծերունին հանդարտությամբ. – մելիքը դիմել էր խանին և խնդրել նրանից Գենվազի ու Բարգյուշատի կառավարությունը: Խանը մերժել էր: Այժմ պետք էր մելիքին մի լավ միջնորդ, որ խանի վրա ազդե և իր նպատակը կատարել տա: Նա գտավ իմամին: Բայց այդ մոլեռանդ կրոնավորին գրավելու համար պետք էր նրան մի բանով կաշառել. և ոչինչ կաշառք այնքան թանկագին չէր կարող լինել նրա համար, որպես մահմեդականություն ընդունելը: – Բայց ես լսել եմ մի ուրիշ բան ևս:

– Ի՞նչ բան, – հարցրեց անհամբերությամբ տիկինը:

– Ասում են` մելիքը խոստացել է իմամին կնության տալ իր աղջիկը:

– Նա նույնն է անում, ինչ որ արեց իմ ուրացող հայրը… – խոսեց տիկինը դառնությամբ. – ախար նրա աղջիկը շատ փոքր է, դեռ ութ տարեկան է:

– Քի՞չ է պատահում, որ դրանից ավելի փոքր հասակով աղջիկները առնվում են մահմեդականների հարեմխանաներում: Ձեզ հայտնի է, տիկին, որ այդ անհավատները մի առանձին բարեպաշտություն են համարում իրանց տունը լցնել բազմաթիվ կնիկներով: Զարմանալին այն չէ, որ աղջիկը փոքր է, զարմանալին այն է, որ նրա հայրը տալիս է մի փտած, մաշված ծերուկի, որ իր բոլոր հույսը դրել է մի խաբեբա դերվիշի «մաջունների» վրա, որ նրանով վերադարձնե իր մանկությունը:

Տիկինը դարձյալ ընկավ մտածությունների մեջ: Հանգամանքները շատ վատ փոփոխություն ստացան: Եթե գործը կախված լիներ խանից միայն, գուցե նա կարող կլիներ ամեն կերպ դարձնել: Բայց այժմ գործի մեջ խառնվեցավ մի հզոր անձն – իմամը, որին ամբողջ ցեղը պաշտում էր, որից ինքը խանը դողում էր: Ի՞նչ կարելի էր անել նրա հետ: Նա ինչ որ խնդրելու լիներ խանից, վերջինս չէր կարող չկատարել. հակառակ դեպքում, մի խոսքով ամբողջ ցեղը կապստամբացներ նրա դեմ: Մահմեդականները ավելի կաշկանդված էին կրոնի և նախապաշարմունքների կապանքներով, քան մարմնավոր բռնապետի շղթաներով: Այս պատճառով կրոնի ներկայացուցչի խոսքը համեմատաբար ավելի մեծ ազդեցություն ուներ նրանց վրա: Դրա համար խանը ստիպված էր միշտ բարեկամություն պահպանել իմամի հետ և կատարել նրա ամենափոքր քմահաճություններն անգամ:

– Դու հաստատ գիտե՞ս, – հարցրեց տիկինը, – որ խանը խոստացել է Գենվազի և Բարգյուշատի կառավարությունը մելիքին հանձնել:

– Գիտեմ, – պատասխանեց ներքինապետը, – շատ էլ ցանկանար չէր կարող չհանձնել, քանի որ մեջտեղում կա իմամի նման մի միջնորդ: Ասում են, այսօր մելիքի թլփատության խորհուրդը կատարվելուց հետո, խանը կհագցնե նրան իր նոր պաշտոնի խալաթը:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора