Խանի ամբողջ դիվանը հրապարակի վրա սպասում էր նրան: Մի տեղ գետնի խոտերի վրա նստած էր ֆարրաշբաշին (ֆարբաշների կամ ժանդարմների գլխավորը), աչքերը արյունով և անգթությամբ լցված մի մարդ: Նրա շուրջը խմբող կանգնած էին անողորմ ֆարրաշները, ձեռները իրանց դաշույնի վրա դրած: Գանգատավորները, հավաքված այնտեղ, աղաղակում էին, խնդրում էին ֆարրաշբաշուն, որ իրանց դատը հայտնե խանին: Շատերը մոտենում էին, չոքում էին նրա առջև և ականջին փսփսալով, կաշառք էին խոստանում: Մի տեղ նստած էր խանի գլխավոր մունշի-բաշին, այսինքն` միրզաների կամ գրագիրների մեծավորը: Նա մի մաշված, ցամաք մարդ էր, և հաճախ աֆիոն ընդունելուց դեմքը դեղնել, դալկացել, մեռելի գույն էր ստացել: Նրա հաստ գոտիի մեջ, առջևից խրած թղթերի փաթոթները բովանդակում էին իրանց մեջ խանի ամբողջ արխիվը, որ նա իր գոտիումն էր ման ածում: Այնտեղ էին տուրքերի, հարկերի հաշիվները. այնտեղ էին պաշտոնական թղթերի օրինակները. այնտեղ էին դատերի, վճիռների արձանագրությունները, – բոլորը թղթերի կտորտանքի վրա գրած, և խառն, անկարգ կերպով, խողովակի ձևով, միմյանց վրա փաթաթած: Նուն գոտիի մեջ խրած էր նրա երկայն, նախշուն թանաքամանը իր բազմաթիվ եղեգնյա գրիչներով: Նույն գոտիից քարշ էր ընկած բազմաթիվ կնիքների մի փունջ, հագիկ կոչված քարի վրա փորված, և արծաթի կոթերով բռնված: Մունշի-բաշիի շուրջը հավաքված էին իր ստորադրյալ միրզաները (գրագիրները). նրանք էլ ունեին իրանց գոտիի մեջ թղթերի փաթոթներ և թանաքամաններ: Այստեղ նույնպես բազմությունը զանազան խնդիրքներով դիմում էր մունշի-բաշիին` խանի գլխավոր քարտուղարին, այս և այն թղթերն էր պահանջում: Այստեղ նույնպես շատերը մոտենում էին, չոքում էին նրա առջև և ականջին բաներ էին փսփսում…
– Այս մարդու թուղթը պատրաստ չէ՞, – դառնում էր նա գրագրներից մեկին:
– Պատրաստ է:
– Ինչու՞ չեք տալիս:
– Դեռ րուսումը չեմ ստացել:
Րուսումը այն ընծան էր, որ պիտի տար թղթի ստացողը գրագրին: Հետո սկսվում էր երկար սակարկություն այդ ընծայի քանակության մասին: Կաշառակերությունը կատարվում էր հրապարակավ, որովհետև դա ընդունված մի սովորություն էր:
Բազմության մեջ մի դղրդոց ընկավ և դեպի ամեն կողմ տարածվեցավ խուլ շշունջ` «խանը գալիս է»: Բոլորը ոտքի վրա կանգնեցան:
Կանանոցի կողմից հայտնվեցավ խանը: Նրա առջևից ընկած էին մի խումբ շաթրներ, իսկ ետևից գալիս էին մի խումբ ֆարրաշներ: Ինքը միայնակ, մեջտեղում, վառվում էր ոսկու, արծաթի և գոհառների մեջ:
Մինչև դիվանխանեն հասնիլը բավական տարածություն կար: Մի քանի տեղ կանգնեցրին նրան:
– Խան, քո ոտներին մատաղ լինենք, – խնդիր ունենք… – ձայն տվեցին մի քանի հոգի, որ ճանապարհի եզրում չոքած անդադար համբուրում էին գետինը:
Դրանք գյուղացիներ էին, որ կռիվ էին ունեցել ուրիշ գյուղացիների հետ, մի քանիսը վիրավորված էին, և վերքերի արյունը տեսնվում էր նրանց հագուստի և երեսների վրա:
– Ֆարրաշբաշի, – հրամայեց խանը իր ժանդարմների գլխավորին, – մարդիկ կուղարկես, բռնել կտաս այն չարագործներին, և քանի հոգի որ լինեն, յուրաքանչյուրից քսան թուման ջարիմա (տուգանք) առնել կտաս, լավ պատժելուց հետո:
Գանգատավորները գետինը համբուրելով, սկսեցին գոհություն հայտնել և օրհնել խանի կյանքը: Խանը անցավ:
– Ձեր ոտներին մատաղ լինեմ, – ասաց ֆարրաշբաշին հազիվ լսելի ձայնով. – մյուս գյուղացիների մեջ նույնպես վիրավորներ կան և երկու հոգի սպանված են…
– Այդ միևնույն է, – պատասխանեց խանը, – որովհետև դրանք առաջ գանգատվեցան, պետք է դրանց դատը վճռել. հետո կլսեք, թե մյուսները ինչ են ասում…
Պարսկական դատաստանի կետից շատ ճիշտ էր խանի վճիռը: Երկու գյուղի մարդիկ միմյանց հետ կռվել էին. մի կողմը շտապեց, գանգատվեցավ և բավականություն ստացավ: Երբ կհայտնվեր մյուս կողմը, նրան էլ «կլսեին», այն ժամանակ առաջինների պատիժը գուցե ավելի սաստիկ լիներ. և այսպիսով երկու կողմն էլ «ջարիմա» վճարած կլինեին, և այդ ավելի օգտավետ էր խանի գանձարանին:
– Խան, քո ոտներին մատաղ, խնդիր ունենք… – ձայն տվեցին մի քանի հոգի, որոնք նույնպես ճանապարհի եզրի վրա չոքած համբուրում էին գետինը:
Դրանք նույնպես գյուղացիներ էին, որոնց ոչխարները գողացել էին, բայց գողը հայտնի չէր. ոչխարների տերերը «կասկած» էին հայտնում գող Քերիմի վրա, ասում էին նրա գործն է: Խանը հրամայեց Քերիմին կալանավորել, ոչխարները առնել, իրանց տերերին հանձնել, և հիսուն թուման էլ «ջարիմա» առնել Քերիմից հօգուտ գանձարանի: Արդյոք Քերիմը հանցավոր էր այդ գողության մեջ, թե ոչ, – քննություն չեղավ: Քննությունը միշտ մնում էր վճռից հետո: Այսինքն, երբ Քերիմից ոչխարները կառնեին գյուղացիներին կհանձնեին, և հիսուն թուման էլ «ջարիմա» կառնեին հօգուտ գանձարանի, – այնուհետև երբ կհայտնվեր, որ Քերիմը մեղավոր չէ, այն ժամանակ կրկին ոչխարները գյուղացիներից կառնեին և կտային Քերիմին, և հիսուն թուման էլ նրանցից «ջարիմա» կառնեին, որովհետև սուտ ասեցին: Այսպիսով երկու կողմից էլ գանձարանը կշահվեր, բացի դրանից, ոչխարները անդադար մեկից առնելով և մյուսին տալով, ամեն անգամ «դահեք» (տասանորդ) կվերառնեին նույնպես հօգուտ գանձարանի:
Այսպես, խանը մինչև իր դիվանխանեն կամ դատարանը հասնելը, ճանապարհին, ոտքի վրա, մի քանի գանգատներ լսեց, մի քանի վճիռներ տվեց, բոլորը մի խոսքով, բոլորին րոպեական ուշադրություն դարձնելեն հետո: Դրսում, բաց օդի մեջ, ավելի հեշտ էր դատախազներին իրանց բողոքները նրա ականջին հասցնել. բայց երբ նա մտնում էր իր դիվանխանեն, այն ժամանակ բոլորովին անմատչելի էր դառնում: Գանգատավորը պետք էր ֆարրաշբաշուն դիմեր, մունշի-բաշուն դիմեր, և ով է իմանում, հարյուրավոր շունուգայլի պետք է դիմեր, մինչև նրան թույլ կտային մերձենալ խանին և իր գանգատը հայտնել: Բայց մինչև այդ թույլտվությունը ստանալը, նա ստիպված էր ամենին «փեշքեշներ» տալ…
Խանը արդեն մոտեցել էր դիվանխանեին: Ամբոխը ամեն կողմից հետ էր քաշվում և մինչև գետին գլուխ էր տալիս: Ֆարրաշները իրանց ձեռքի վարոցներով գանակոծում էին հանդիպողին, ով որ փոքր-ինչ ուշ էր շարժվում և ճանապարհ չէր բաց անում: Բրո՛… բրո՛… (հեռացի՜ր, հեռացի՜ր) գոչում էին շաթրները: Երկյուղը և սարսափը, տենգային ցնցումների նման, անցնում էին ամբողջ ամբոխի մեջ: Մի մեռելայն լռություն տիրել էր այդ ահագին բազմության վրա, միայն լսելի էին լինում ֆարրաշների ու շաթրների զգուշացուցիչ ձայները: Հանկարծ հեռվից մի աղաղակ բարձրացավ և ամբոխի ուշադրությունը դարձավ դեպի այն կողմը:
– Այրվեցա՛ն… այրվեցա՛ն… հայերը այրվեցա՛ն… – լսելի եղան խուլ ձայներ:
Կարծես, մի ահագին հրդեհ բոցավառվում էր խանի դիվանխանից փոքր-ինչ հեռու: Թանձր ծուխը, խառն հրեղեն ալիքների հետ, բարձրանում էին դեպի երկինքը: – Այդ ի՞նչ է այրվում, – հարցրեց խանը, կանգնելով դիվանխանեի առջև:
– Հայեր են… – պատասխանեց Ֆարրաշբաշին, այնպիսի մի սովորական եղանակով, կարծես թե այրվող նյութը փայտ, խոտ կամ հարդ լիներ:
Ֆարրաշները հրամայեցին ամբոխին ետ քաշվել, որ խանը տեսնե այդ տարօրինակ տեսարանը:
Բոցերի և թանձր ծխի միջից երևում էին մի քանի մարդիկ. մայրը գրկել էր իր երեխան, ծերունի հայրը ընկած էր որդու բազուկների վրա. մի քանիսը, անշարժ կանգնած, ձեռքները դեպի երկինք բարձրացրած, գոչում էին` «գթությու՛ն… գթությու՛ն»… մի քանիսը ընկած էին գետնի վրա, ձայն չէին հանում… Տեսարանը սոսկալի էր: Այրվում էին կենդանի մարդիկ: Այրվում էին ամբողջ մարմնով, յուղի մեջ թաթախված պատրույգների նման: Ոչ ոք չէր մոտենում այդ տարօրինակ հրդեհը շիջուցանելու համար: Նա պիղծ էր, նա կարող է ուղղափառ մահմեդականին պղծել: Բոցերը փոքր առ փոքր լափում էին նրանց և կանգնածները գլորվում էին ցած: Մի մարմին ընկնում էր ուրիշ մարմնի վրա և ձևացնում էր դիակների մի կույտ – մի մարդկային խարույկ, որ ավելի հեշտ կարող էր վառվել: Բոցերի միջից դեռ լսելի էին լինում խուլ հառաչանքներ, շարժվում էին ձեռքեր, որ բարձրանում էին դեպի սառնասիրտ երկինքը… Մեղմ քամին տարածում էր ճենճերային խանձահոտությունը դեպի ամեն կողմ: Դա մի կատարյալ մարդազոհ էր, որ նվիրվում է աստվածներից ամենաանգութին:
Այրվում էին կանայք, երեխաներ, այրվում էին ալևորներ և առույգ տղամարդիկ: Այդ սարսափելի ողջակեզը կարող էր ամեն մարդու վրա սոսկալի տպավորություն գործել, բայց խանի մեջ նա բարձրացրեց ծիծաղ և մի տեսակ գազանային զվարճություն: Նա առանց ժպտելու չէր կարողանում նայել այդ սիրտ կտրատող տեսարանի վրա, որպես Ներոնը նայում էր Հռոմի հրդեհին: Նա զարմանում էր այդ թշվառների սատանայական հնարագիտության վրա, թե ինչ խորամանկ միջոց էին ընտրել դարձնելու իրենց վրա խանի բարձր ուշադրությունը: Նրանք գանգատավորներ էին: Մի քանի ամբողջ ամիսներ դեգերվում էին խանի չադրների մերձակայքում, բայց ոչ ոք թույլ չէր տալիս նրանց մոտենալ և իրանց գանգատը հայտնել խանին: Հուսահատությունը ստիպեց դիմել այսպիսի սոսկալի ձեռնարկության: Նրանք օծեցին իրանց մարմինը և հագուստը նավթով, նրանք անցկացրին իրանց պարանոցը նույնպես նավթի մեջ թաթախված հասիրներ, և կրակ տվեցին… Այդ բոլորը խիստ ծաղրաշարժ էր թվում խանին: