– Դեռ հույս կա… – ասաց Դավիթը խորհրդավոր կերպով. – այսօր Թորոս իշխանը պիտի գա գերիները գնելու. մենք ամեն հնար պետք է գործ դնենք, որ նա չկարողանա գնել:
– Ի՞նչ հնարք, – հարցրեց մելիք Ֆրանգյուլը, դարձյալ հուսահատ մարդու եղանակով:
– Մենք պետք է աշխատենք համոզել խանին, որ նա նշանակե գերիների համար մի այնպիսի մեծ փրկանք, որ Թորոս իշխանը չկարողանա վճարել:
– Դրանով ի՞նչ կշահենք:
– Դրանով կշահենք մի քանի օրեր, գուցե մի քանի շաբաթներ, և այդ ժամանակի ընթացքում շատ բան կարելի է անել…
«Ուրացողի» խորհուրդը բոլորովին նպատակահարմար էր գտնում մելիք Ֆրանգյուլը: Նա այնքան ուրախացավ, որ քիչ էր մնում պիտի գրկեր և համբուրեր խորամանկին, բայց իր հպարտությունը թույլ չտվեց այդ աստիճան թեթև լինել: Նա հարցրեց.
– Դուք հաստատ գիտե՞ք, որ Թորոսը այսօր գալու է:
Նա Թորոս իշխանին, Չավնդուրի ամբողջ գավառի տիրոջը, լոկ անունով միայն Թորոս էր կոչում, կարծես «իշխան» տիտղոսը այրում էր նրա լեզուն: Հայերից իշխան, բացի իրանից, ուրիշ ոչ ոք չպիտի լիներ, – այդ էր այդ փառասերի ուխտը:
– Գիտեմ, – պատասխանեց Դավիթը, ինքն էլ հետևելով մելիքի եղանակին, – հաստատ գիտեմ, որ Թորոսը այսօր գալու է: Նրան հյուրասիրելու համար խանի խոհանոցում մեծ պատրաստություններ էին տեսնում:
Վերջին խոսքերը ավելի զայրացրին մելիք Ֆրանգյուլին. պատրաստություններ էին տեսնվում պատվելու այն մարդուն, որին ատում էր ինքը, որ թշնամին էր, որը այսօր պիտի գար գնելու մի գերի, որի մահն էր ցանկանում ինքը…
– Ուրեմն պետք է շտապել խանի մոտ, – ասաց նա, աշխատելով սառնասիրտ երևալ. – քանի դեռ այդ անպիտանը չի եկել, պետք է խանի հետ խոսել ինչ որ հարկավոր է:
– Նա ճաշից առաջ չի գա, – պատասխանեց Դավիթը. մենք մի քանի ժամ ունենք մինչև ճաշ, այսուամենայնիվ, պետք է շտապել…
Երկու մելիքները հագան իրենց թանկագին վերարկուները, որոնց եզերքը զարդարված էին ոսկե թելերով. կապեցին իրանց արծաթապատ թրերը և սկսեցին դիմել դեպի խանի վրանը, խափանելու հարյուրավոտ հայ գերիների փրկությունը, որ ընկած էին մահմեդական բռնապետի ձեռքը… Մելիք Ֆրանգյուլը, իբրև ավագ, գնում էր առաջ, իսկ մելիք Դավիթը, որպես նրանից աստիճանով կրտսեր, գնում էր նրա ետևից: Նրանց հետևում էին մի խումբ ծառաներ, որոնց պարսկական սովորությամբ իրանց հետ ման էին ածում: Ծառաները բոլորն էլ մի-մի սուր ունեին կապած, իսկ իրանց մնացած զենքերը թողել էին իջևանում, որ հատկացրած էր երկու մելիքների ծառաների համար: Հանդիսավոր «սալամը» առաջ էր ընթանում և ճանապարհին ով որ հանդիպում էր, նրանց գլուխ էր տալիս: Մելիք Դավիթը երբեք իր կյանքում այսպիսի եռանդոտ ոգևորությամբ չէր դիմել դեպի մի ձեռնարկություն, որպես այսօր: Նա պիտի աշխատեր խափանել հարյուրավոր հայ գերիների ազատությունը, նա պիտի ամեն ջանք գործ դներ մաշել, ոչնչացնել նրանց խանի բանտերի մեջ: Մելիք Ֆրանգյուլը միևնույն չար դիտավորությունն ուներ, վրեժխնդրության միևնույն ախորժ տրամադրության մեջ էր գտնվում նա: Դրանք այն տեսակ մարդիկներից էին, որոնց մեծ հաճություն է պատճառում գազանային եղեռնագործությունը, մանավանդ երբ գործի մեջ խառն էին շահի, փառքի և տիրական նպատակներ…
Է
Կանանոցի չադրներից փոքր-ինչ հեռու կազմված էին երկու վրաններ, նրանցից մեկը փառավոր, ընդարձակ և գեղեցիկ էր, իսկ մյուսը փոքր և հասարակ: Առաջինի բարձր, նիզականման սյուները զարդարված էին ոսկեզօծ և գույնզգույն նկարներով. ներսը ուներ մի քանի բաժանմունքներ, որ ձևացնում էին մի փոքրիկ պալատ իր բոլոր հարմարություններով: Այնտեղ կար հյուրանոց, առանձնարան, քնարան, դիվանատուն, գանձարան և այլն: Բաժանմունքների վայելչության համեմատ, վրանի աստառը պատած էր Քիշմիրի թանկագին շալերով, Սպահանի ոսկեհուռ ղարբաֆներով կամ Հնդկաստանի մետաքսյա նուրբ գորվածքներով: Հատակը պատած էր Ֆերահանի նախշուն գորգերով: Թագավորական փառքի վայելչություն ունեցող այդ վրանը դրսից ֆերուզայի միակերպ գույն ուներ և կարված էր Քաշանի ամուր, անթափանցիկ ղադաքից: Նրա միջնասյունի գլխին ծածանվում էր մի կարմիր դրոշակ, որի վրա նկարված էր մի աջ. դա Աբութալեբի որդի Ալիի զորավոր ձեռքն էր, որ առաջնորդում էր խանին նրա բոլոր հաղթությունների մեջ: Վրանի առջև ցցված էին մի քանի երկաթյա թառիկներ, որոնց վրա հանդարտ, խոհական կերպարանքով նստած էին որսորդական բազեների ամենաընտիր տեսակները:
Գեղեցիկ թառլանը հպարտ վեհանձնությամբ նայում էր իր շուրջը, կարծես, կամենալով ցույց տալ իր պարանոցի թանկագին մանյակը, որ զարդարած էր խոշոր ալմաստներով: Բոլոր բազեները ունեին այսպիսի մանյակներ և յուրաքանչյուրի արժանավորության համեմատ, զարդարած էին գույնզույն գոհարներով: Նրանց ոտներին կապած էին ոսկյա փոքրիկ բոժոժներ, որոնք ամեն մի շարժման ժամանակ ճընկճընկում էին, մելոդիական մեղմ ձայներ էին արձակում: Մի ծիտ, մի աղավնի օդի միջով անցնելու ժամանակ, նրանք իսկույն բաց էին անում իրանց լայն թեքերը և նետի նման սլանում էին դեպի վեր, որ բռնեն, որ գիշատեն նրան: Բայց մետաքսյա ոտնակապը կրկին ցած էր քաշում նրանց և նստեցնում էր երկաթյա թառիկների վրա: Այս շատակեր թռչուններին շատ չէին կերակրում, և միշտ անհագ էին պահում, որ որսորդության ժամանակ ավելի սաստիկ ախորժակ ունենան բռնելու և գիշատելու: Այսպես պահում էր խանը և իր ծառաներին, այսպես պահում էր և իր որսորդական շներին: Այս վերջինները` թե՜ շները և թե՜ ծառանեքը, թիվ չունեին: Այնտեղ կարելի էր տեսնել արագավազ բարակներ, թանկագին վզնոցներով, որոնց նուրբ կազմվածք բաղկացած էր միայն ամուր ոսկրներից, զորեղ մկնակներից և կարճ մեզերով պատած կաշուց. կարծես, մսի մի փոքրիկ քանակությունն անգամ դրանց մարմնի մեջ կարող էր արգելել այդ թեթևաշարժ անասունների սրընթացությունը: Այնտեղ կարելի էր տեսնել փոքրիկ, կատվի չափ, խորամանկ, չարաճճի թուլաներ, որոնք սատանայի նման ամեն ծակ կարող էին մտնել, որոնք հոտոտալով, կարող էին գտնել թաքնված երեի հետքը: Այնտեղ կարելի էր տեսնել լայնականջյաի եվրոպացի շներ, որոնք թե՜ ցեղով և թե՜ սովորությամբ ասիականացել էին և ավելի գազանային բնավորություն էին ստացել: Այնտեղ կային թանձր մազերով, ահագին, գայլանման գամփռներ, որ մի հարվածքով կարող էին ջարդել ամենազորեղ եղջերվի մեջքը, և իրանց ճանկերի մեջ կարող էին խեղդել ամեհի վարազին: Ծառաները, թե՜ իրանց հոգեկան և թե՜ բարոյական հատկություններով ամենևին չէին զանազանվում շներից: Զանազանությունը միայն նրա մեջ էր, որ շները որսում էին իրանց նման անասուններ, իսկ ծառաները որսում էին իրանց նման մարդիկ: Ամենի մեջ տիրում էր միևնույն անգթությունը, միևնույն գազանային անհագությունը արյուն լափելու…
Բոլոր ծառաները հագած ունեին սև ղադաքից արխալուղ, իսկ նրա վրա տեղային կոշտ մահուղից կարված, մուղ-մոխրագույն գեյմա. մեջքները պնդած էին կաշյա գոտիով զարդարած արծաթյա կապանքներով, որից քարշ էր ընկած լեզգու դաշույնը: Գլխներին դրած ունեին գառան մորթից կարած ահագին փափախներ, իսկ ոտներին հագած ունեին տրեխներ կաշյա զանկապաններով: Կեղտոտությունը, անմաքրությունը տիրում էր նրանց վրա: Ինչպես վայրենի խափշիկները որևիցե յուղալի բան ուտելու ժամանակ իրանց յուղոտ ձեռքերը քսում էին մերկ մարմնի վրա, որ օծեն նրան, այնպես էլ այդ կիսավայրենիները իրանց յուղոտ ձեռքերը այնքան քսել էին արխալուղների վրա, որ նրանց նյութը կոկվել, փայլում էր մուշամբայի նման:
Խանի վրանի առջև տարածված էր ընդարձակ, կանաչազարդ հրապարակ, որի վրա ամբոխված էր, վըժվըժում էր բազմությունը: Ամենքը անհամբերությամբ սպասում էին խանի դուրս գալուն: Ոմանք գործով էին եկած, ոմանք վեճ ունեին, նրանից դատավճիռ էին սպասում, ոմանք հետաքրքիր նայողներ էին, իսկ մի մասը նրա ծառաներն էին, որ սպասում էին խանը նրանց մի ծառայություն հանձնե, որից կարողանան շահվել:
– Ջաբբար, – ասաց ծառաներից մեկը խանի բազեակրներից մեկին, – այսօր խանը շատ ուշացավ, չէ դուրս գալիս:
– Իրա քեֆը չէ՞, երբ կուզե, այն ժամանակ կդուրս գա, ո՞վ է նրան ստիպողը, – պատասխանեց Ջարբարը, և սկսեց փայփայել բազեի փետուրները, որ նստած էր նրա, մինչև արմունկը կաշյա ձեռնոցով պատած, բազուկի վրա:
Ծառան նկատելով, որ իր հարցմունքը վատ տպավորություն գործեց բազեակրի վրա, խոսքը փոխեց, հարցնելով.
– Ե՞րբ պիտի բաց անեք այդ բազեի աչքերը:
Եվ իրավ, բազեի աչքերը կապած էին մի տեսակ կաշյա անթափանցիկ ակնոցներով, որոնց նմանը կրում են մարդիկ քամու ժամանակ, աչքերը փոշուց պահպանելու համար: Բազեն դեռ անվարժ էր, այդ դրության մեջ նրան պահում են մի քանի ամիս լույս և աշխարհ չէ տեսնում, մոռանում է իր վայրենի անցյալը, հետո աչքերը բաց են անում, փոքր առ փոքր ընտելացնում են նոր կյանքի, վարժեցնում են որսորդության: