– Ինչո՞ւ, – հարցնում էին նրանից:
– Որովհետև, – պատասխանում էր նա, – քանի մարդիկ պատրաստված չեն Ավետարանի սրբազան գաղափարները ընդունելու, քանի նրանց խղճմտանքը մեռած է, քանի նրանց սրտի մեջ չարություն կա, անկարելի է այդ կերպով վարվել նրանց հետ, որովհետև, երբ նա զարկում է իմ ձախ երեսին, և ես դարձնում եմ և աջ երեսս, նա՝ իմ հնազանդությունը խոնարհության տեղ դնելով՝ չէր դադարելու չարությունից, այլ կասեր. «դե՜, գլուխդ էլ…»: Բայց մենք մարդիկ ենք, աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ մենք, անասուններին հավասարվելով ընդունենք այդ անարգությունը, մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով:
Նրան ասում են թե Քրիստոս հրամայել է, ով որ շապիկդ ուզե, ապադ (վերարկու) էլ տուր:
– Տո՜, անխելք տնաքանդ, – ասում է նա, – դու կարծո՞ւմ ես, թե վերարկուս տալով գո՞հ էր լինելու նա, ոչ, ամենևին ոչ. դուք չգիտեք թե մարդիկ ո՜րքան անհագ և չկշտացող էակներ են…: Եթե վերարկուս տամ, կասե՝ «փոխանդ էլ տուր»: Այդ ևս տվի…: Դու կարծում ես ձե՞ռք կվեր առնի, մինչև բոլորովին չմերկացնե և կաշիս էլ չառնե: Բայց «ինչո՞ւ ես փրթեմ, ուրիշը քերթե». – «Ջաֆեն ես քաշեմ, ձվաձեղը Գասպարն ուտե»: Այս աշխարհում ամեն ինչ պարտք է, ո՜չ ոք չէ ցանում յուր սերմը՝ ուր հույս չունի հնձելու. ոչ ոք չէ տալիս, երբ հույս չունի առնելու. միով բանիվ, այս աշխարհում ո՜չինչ բան ձրի չէ, ո՜չ միայն մարդկանց ընկերակցության մեջ, այլև աստծո մեջ: «Շնորհ և զորություն չունեցող սրբին մատաղ չեն կտրում»: Ես երբեք աստծուն երկրպագություն չէի տալու, երբ գիտենայի, թե նա արքայություն և դժոխք չունի, կամ իմ ապրուստի խնամքը նրա ձեռքում չէ…:
Այդ խոսքերը ոչ թե բխում էին նրա սրտի ներքին զգացմունքներից, այլ նայելով մարդկանց չարությանը՝ ամենքը կամենում են իրանցից տկարները միանգամայն գերի, ստրուկ և ավանակ շինեն՝ իրանց հանգստության և վայելչության համար. – այդ պատճառով մեր ոգելից հերոսը տեսնելով մարդկանց մեջ եղած եսական անիրավությունը, տխուր հուսահատությամբ կրկնում էր, թե քրիստոնեությունը տակավին աշխարհի վրա չէ եկել. մարդիկ ապրում են բարբարոսության մեջ:
Ռուստամը կրոնքի և աստծո պաշտոնի մասին յուր հասկացողությունների մեջ նույնպես նախանձոտ և հանդուգն եղավ, որպես յուր նախկին վայրենության մեջ: Նա նայում էր յուր դրացիների սնապաշտության և մոլեռանդության վրա ինկվիզիտորի աչքով, նախատական կերպով արհամարհում էր նրանց սնահավատությունը, վիճելով ո՜չ միայն հասարակ ժողովրդականների՝ այլև եկեղեցականների հետ: Ռուստամի մի այդպիսի համարձակությունը վշտացնելով շատերի սիրտը՝ հարույց նրա դեմ հասարակաց ատելությունը, և այսպիսով նա ունեցավ բազմաթիվ թշնամիներ:
Մահտեսի Ավետիսը նույնպես չմնաց յուր նախկին գռեհկության մեջ: Պարոն Աշխարունին բազում ստիպմամբ համոզեց նրան՝ ուսանել յուր մայրենի լեզվի գրագիտությունը և նա մի կարճ ժամանակում ոչ միայն ազատ կարդում էր Աստվածաշունչը, այլև բացատրում էր նրա բազմախորհուրդ մեկնությունները: Բայց տիկին Սկուհին մնաց յուր նախկին հասկացողության մեջ, նա տակավին հետևում էր փտած հնությանը, և միշտ ենթակա լինելով յուր մոլեռանդ սկեսուրի ազդեցությանը, նրա երկյուղից, նրա նախատինքների տակ խեղճ կինը ոչինչ չկարողացավ սովորել և ըստ հայկական առածի «Աղբյուրի մոտ ծարավ մնաց»:
Հուրի Խան-Դայան տեր-Առաքելենց գերդաստանի մեջ մի սև անձն էր, որ չէր կարողանում տանել պարոն Աշխարունիի և նրա ամուսնու ներկայությունը, նրանց, ըստ նրա ասության, մոլար վարդապետությունը, որ ավանդում էին իրենց «Ջհուդի Քնիշտայի» մեջ, այդ պատճառով նա անհնարին տհաճությամբ հալածում էր նրանց: Նա չէր կարողանում սառն աչքով նայել օրիորդ Սալբիի վրա, երբ նա շատ անգամ արձակ համարձակ անցնում էր նրա առջևից առանց ամաչելու, առանց պատիվ դնելու նրա ծերության: Նա չէր կարողանում համբերել յուր թոռան, որպես կոչում էր «լրբություններին», երբ նա յուր աչքի առջև խոսում էր յուր նշանածի հետ, առանց յուր պառավ տատիցը պատկառելու: Հուրի Խան-Դայան մահու չափ վշտացել էր, տեսնելով յուր տան մեջ յուր պապերի հին սովորությունները խախտված և ոտնակոխ եղած, երբ նրա ընտանիքը այլևս ուշադիր չէր պաս ու ծոմ պահելու, երբ նրանք այլևս հարգանք չէին մատուցանում սրբերին և նրանց պատկերներին. այդ պատճառով նա ավելի հոժար էր մեռնել, քան կենդանի աչքով տեսնել յուր տան մեջ այդպիսի սրբապղծություն:
Մի գիշեր, երբ տեր-Առաքելենք բոլորը հավաքվել էին միասին, և Հուրի Խան-Դայայի դեմքը մի գոհունակ հանդարտություն էր ցույց տալիս, մահտեսի Ավետիսը ժամանակը հարմար գտնելով, ուզեց հասկանալ նրա կարծիքը յուր որդու հարսանիքի մասին:
– Մայր իմ, – ասաց նա, – ահա Ջրօրհնյաց (ծննդյան) զատիկն անցավ, սուրբ Սարգիսն էլ նրա հետ. մի քանի օրից հետո կգա բարեկենդանը. և նրա հետևից կգա երկար ու ձիգ մեծ պասը: Այն ժամանակ՝ մեր հայրապետադիր կանոնների համեմատ, այլևս պսակ չէ լինում: Էլ ե՞րբ պետք է կատարենք Ռուստամի հարսանիքը:
– Հարսանի՛ք… – կրկնեց խորհրդական ձայնով պառավը, գլուխը շարժելով. այդ բառը պատկերացնում է իմ գլխի մեջ անցած գնացած ժամանակների քնքուշ հիշատակները… և համեմատելով այդ՝ այս նոր և չար ժամանակի հետ, ես ակամա ստիպված եմ իմ թոռան հարսանիքի մասին բոլորովին լուռ մնալ…: Որդի, ես «իմ ձեռքերը լվացել եմ» այդ գործից և բոլորը հանձնում եմ ձեր կամքին:
Մահտեսի Ավետիսը գիտեր յուր պառավ մոր հնամոլությունը. նրան հայտնի էր, թե նա ինչպիսի աչքով էր նայում յուր տան մեջ կատարված մասնավոր վերանորոգությունների վրա. համենայն դեպս նա պատվելով նրա ծերությունը ո՜չ միայն նրա կամքի դեմ չէր գործում, այլև միշտ պատվիրում էր յուր զավակներին, հնազանդ լինել յուր մորը և շահել նրա սիրտը: Նա ավելի փաղաքշաբար առաջ տարավ.
– Իմ լուսահոգի հորս մահից հետո ես միշտ հետևել եմ ձեր կամքին, այս մեծակշիռ ընտանեկան հարցի մեջ ևս պետք է որոնել ձեր հաճությունը և ձեր ընտրողությունը:
– Ես չեմ կամենում խոսել մի հարցի մասին, որի մեջ մինչև այսօր չէ՜ եղել իմ կամքը, – սառնությամբ պատասխանեց պառավը:
– Բա՜յց, մտածեցե՜ք, որ Ռուստամի և Սալբիի նշանադրության խորհուրդը որևիցե մարդկային կամքով չէ եղել, – նրա խոսքը կտրեց Մահտեսին, – այլ, որպես ձեզ հայտնի է՝ մի հրաշալի տեսիլքով: Սուրբ Կարապետի վանքում և մի սուրբ ուխտադրության դաշնով, որ կնքվել է նույն սրբի գերեզմանի վրա:
– Այդ իրա՜վ է… միայն Ռուստամը և Սալբին պղծեցին սուրբ ուխտը:
– Ինչո՞ւ:
– Նրա համար, որ նրանք դուրս եկան այն ճանապարհից, որով գնացել էին նրանց արժանահիշատակ հարքը. նրա համար, որ նրանք իրենց անպարկեշտ և անվայել բարք ու վարքով, իրենց համարձակ և անամոթ վարվեցողությամբ` ավերեցին, փչացրին այն մաքուր, վսեմ և պատկառելի օրենքը, որ կար մանուկ տղամարդերի և նորահաս աղջիկների մեջ:
Մահտեսի Ավետիսը լուռ լսում էր, յուր մտքի մեջ ծիծաղելով յուր մոր հնոտի նեղսրտության վրա, որի համար սրբազան մի բան, էր յուր պապերի անասնական կյանքը:
– Ես անցրել եմ ավելի շատ օրեր, քան թե դուք, – առաջ տարավ պառավը. – և ես տեսնում եմ արևի լույսը ավելի հին տարիներից… մեր պապերի բարք ու վարքը այսպես չէ՜ր. մեր օրերում կույս աղջիկները և ազապ տղամարդիկը չգիտեին թե ինչ է սերը. երբ նրանք լսում էին հարսանիքի, պսակվելու անունը, ամոթխածությամբ կարմրում էին և նրանց աչքերը լցվում էին արտասուքով: Բայց ա՜յժմ… – վա՛յ մեր մեղավոր հոգիներին – աղջիկը, զուգած-զարդարած յուր մարմինը հազար ու մի պչրանքներով, հալվում, մաշվում է հաճոյամոլությամբ զինքը սիրել տալու համար: Իսկ տղամարդը այրվում և վառվում է յուր սիրուհու կրակով…: Ի՞նչ ասել է այդ – չէ՞ որ դա ազգային կյանքի մեջ մի ժանտախտ է, որ ապականում, փտեցնում է առաքինությունը, որ մահացնում է պարկեշտությունը և ողջախոհությունը…:
– Մայր իմ, – խոսեց մահտեսի Ավետիսը, – ինչո՞ւ եք դուք այդպես ծուռն աչքով նայում ձեր թոռան և նրա հարսնացուի միմյանց հետ համարձակ վարվողության վրա. չէ՞ որ աստված ինքը դրեց այդ սուրբ սերը նրանց սրտերի մեջ` երբ դեռ նրանք իրանց մայրերի արգանդումն էին: Մի՜թե մեղավոր պիտի համարվին նրանք, որ հակառակ մի կեղտոտ և տարապայման ասիական սովորության՝ համարձակվում են հայտնի կացուցանել իրանց սիրահարությունը:
– Ի՞նչ ասել է սիրահարություն, այդ ի՞նչ օտարոտի բառ է, – կոչեց պառավը բարկացած, – ի՞նչ է նշանակում մի սեր այր և կին մարդերի մեջ, որ չեն կապված որևիցե աստուծո օրենքով, եթե ո՜չ – լկտի ցանկություն, լրբություն և հեշտախոսություն:
– Ուրեմն ձեր կարծիքով աշխարհում չկա՞ և չպիտի՞ լինի սուրբ սեր, – հարցրուց մահտեսի Ավետիսը: