Մինչ Հուրի Խան-Դայան այդօրինակ խորհրդածությանց մեջ էր, նրա մտածմանց ամբոխմունքը ցրվեց փոքրիկ Պողոսի լացի ձայնը, նա հրամայեց Նազլուին, որ յուր մոտ դնե յուր թոռան օրորոցը և յուր թույլ ձեռքով սկսեց օրորել նրան: Յուր ամուսնի հիշատակը, յուր տան վաղեմի օրերի անմեղ, կրոնական կյանքն, որ նույն րոպեում վառել էին նրա երևակայությունը, առիթ եղան բորբոքելու նրա սառը սրտի մեջ բանաստեղծական շիջած կայծերը և նա ջերմ ոգևորությամբ սկսեց երգել, հանդարտ շարժելով յուր թոռան օրորոցը…
Ը
ՄԻ ԾԱՂԻԿ, ԽԵՂԴՈՂ ՓՈՒՇԵՐԻ ՄԵՋ
Մի օր մի անծանոթ հյուր հայտնվեցավ տեր-Առաքելենց տանը, մի տղամարդ, երեսունհինգ տարեկան, վայելուչ հասակով և եվրոպական հագուստով: Նրա անունն էր Արամ Աշխարունի, բնիկ պարսկաստանցի, որը բարեբախտություն էր ունեցել իր տասնևչորս տարեկան հասակում հանդիպելու մի ամերիկացի ճանապարհորդի և նրա հովանավորությամբ տարվում է Նոր աշխարհը և յուր բարերարի շնորհիվ ընդունվում է որպես աշակերտ Նյու-Յորքի մի աստվածաբանական ճեմարանի մեջ:
Յուր ուսումն ավարտելով՝ պարոն Աշխարունին ստանում է աստվածաբանության վարդապետի տիտղոս. դուրս գալով ճեմարանից` մտնում է միսիոներական կարգը և որպես առաքյալ Ավետարանի քարոզության՝ ուղարկվում է Հնդկաստան: Այնտեղ հինգ տարի շարունակ աստծո խոսքը բարբարոսներին քարոզելով և միանգամայն լեռնաբնակներից սաստիկ վերքեր ստանալով, պարոն Աշխարունին հիվանդ տարվում է Ամերիկա: Բայց առողջանալուց հետո յուր կյանքի մնացյալ օրերը յուր ազգին պիտանի կացուցանելու մտոք, նորահաս քարոզիչը, աշխարհի երեսին երկար թափառելուց հետո դադար է գտնում Պարսկաստան:
Տեսնելով յուր ազգակիցների ցավալի վիճակը` «խեղճը եկավ նրանց վրա, որ աշխատած և ցրված էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեին»: Ընդունվելով տեր-Առաքելենց տանը՝ պարոն Աշխարունին մի քանի օրից հետո հայտնեց մահտեսի Ավետիսին, թե ինքը պատրաստ էր բոլորովին ձրիաբար ծառայել նրա զավակների ուսման և կրթության: Մահտեսի Ավետիսը սիրով հոժարվեցավ այդ առաջարկության: Եվ շուտով պարոն Աշխարունին աշակերտներ ունեցավ հանձին պատանի Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի: Բայց տարվա ընթացքում նա ունեցավ և այլ աշակերտներ և աշակերտուհիներ, որոնց ծնողները աղքատ մարդիկ լինելով և օգուտ քաղելով ձրի դասավանդությունից, իրանց երեխաները դուրս բերելով տերտերների և տիրացուների տնից` հանձնում էին պարոն Աշխարունուն:
Պարոն Աշխարունին տեսնելով յուր գործի հաջողակ ընդունելությունը և այն, որ օրեցօր բավական ավելանում էր նրա աշակերտների թիվը, մտածեց ավելի կազմակերպել յուր վարժարանը: Տեր-Առաքելենց վրա ծանրաբեռնություն չլինելու համար նա վարձեց մի այլ տուն, ուր հաստատեց երկու սեռի մանկանց համար երկու առանձին դպրատներ:
Բայց նրա գործին ավելի շատ ուժ և զորություն տվող մեկենասը մահտեսի Ավետիսն էր: Իսկ երբ պարոն Աշխարունու հեռավոր բարեկամները հասկացան նրա հաջողակ գործունեությունը Պարսկաստանում, խոստացան նյութապես օգնել նրան, որով ժրաջան վարժապետը միտք ուներ առավել բարեկարգել յուր վարժարաններին դրությունը: Բայց հանկարծ մի փոթորիկ բարձրացավ խառնիճաղանջ տգետների կողմից և «նրա սերմերը փուշերի մեջ բուսան, և փուշերը խեղդեցին նրանց»:
Խավարասեր տերտերները, որկրամոլ տիրացուները՝ զրկվելով արաղի (օղի) և գինու սրվակներից, քուֆտայի և տոլմայի ամաններից, և այն բոլոր պատիվներից, որ նրանք ստանում էին իրանց աշակերտների ծնողներից, որպես երկրորդական վարձք, սկսեցին չարաչար նախանձիլ, և հրեական աղմուկներ բարձրացնելով ասել, թե «դա մոլորություն է ուսուցանում»: Օգնական գտնելով իրանց վիճակային առաջնորդ տեր Սուրմակյան արքեպիսկոպոսին և Ծաղկավանի աղա Մելիք Պիղատոս Ավազակյանցին և մի քանի վասակներին և մեհրուժաններին, իրանց բոլոր կատաղությամբ մոլեգնած ամբոխը, մի բան կաշառք տալով խանին, փակեցին պարոն Աշխարունու վարժարանի դռները` արգիլելով ժողովրդին իրանց որդիքը նրա մոտ ուսանելու ուղարկելուց:
Պարոն Աշխարունին մնաց դարձյալ առանց աշակերտի, տրտում և հուսահատ, յուր պարապմունքը նվիրելով միայն տեր-Առաքելենց Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի կրթության և մի քանի այլ աշակերտների, որոնք գաղտնապես ուղարկվում էին նրա մոտ:
Պետք է չմոռանալ մահտեսի Ավետիսի ազգասիրական զոհաբերությունները, որ չնայելով թե այն տարին նրա այգին շատ վնաս էր բերել, նա միշտ պաշտպան կանգնեց գիտնական վարժապետին, ամենևին չթուլացնելով յուր մեջ ուսումնասիրության եռանդն ու փափագը:
Բայց օրիորդ Սալլաթինը աննկատելի կերպով աճում և հասունանում էր, նրա մտավոր և բարոյական կրթության հետ` օրեցօր նրա գեղեցկության վարդերը ծաղկում, փթթում և անուշահոտվում էին: Բայց պարոն Աշխարունին չգիտեր և նրա գլխով չէր անցել այն միտքը, որ մահտեսի Ավետիսը և նրա կին տիկին Սկուհին վաղուց իրանց մտքում դրել էին, որ պարոն Արամին իրանց փեսա դարձնեն: Երբ հայտնեցին նրան այդ մասին, նա համարեց մեծ սրբապղծություն՝ ամուսնանալ յուր աշակերտուհու հետ, որի վրա մինչև այն օր նայել էր եղբոր աչքով, որպես յուր հարազատ քրոջը:
Երկար ստիպմունքներից, երկար թախանձանքներից հետո, պարոն Աշխարունին, յուր նպատակները իրագործելու հեռատեսությամբ թե վատ չէր լինի այդ երկրի մեջ հաստատվել, վերջապես, անհնարին տհաճությամբ՝ ընդունեց օրիորդ Սալլաթինի ձեռքը:
Տիկին Սալլաթինը, ուսած լինելով ոչ միայն հայերեն լեզուն, այլև բավական անգղիերեն և ֆրանսերեն և մասնավորապես ուսումնասիրած լինելով մի քանի արհեստներ և առավելապես կրթված լինելով Աստվածաշնչի գիտությամբ, կարճ ժամանակվա մեջ հավաքեց մի քանի աղջիկներ յուր բարեկամներից և նրանց կրթության հոգսը յուր վրա առավ:
Այդ մի քանի աշակերտուհիները, որ տիկին Աշխարունին պահում էր յուր մոտ կար ու ձև սովորեցնելու անվամբ, խավարասերների կողմից հարուցին ոչ սակավ հալածանք դեպ նրանց ծնողները. շատ կարելի էր մյուս անգամ ցրվեին տիկին Սալլաթինի աշակերտուհիների փոքրիկ ժողովը, եթե նրանց չօգներ պարոն Խոսրով Մելիքզադեն, մի հարուստ տղամարդ յուր խելքով, ուսմամբ և արծաթով:
Յուր նոր մեկենասի՝ պարոն Մելիքզադեի շնորհիվ, տիկին Աշխարունին բավական հաստատելով յուր վարժարանի դրությունը, յուր ուշադրությունը դարձրեց դեպ օրիորդ Սալբին` յուր քրոջ` տիկին Սկուհու որդի Ռուստամի նշանածը, մտածելով, թե մեծ անհարմարություն էր մի շատ ու քիչ ուսյալ տղամարդին ունենալ մի անկիրթ կին: Այդ պատճառով նա շատ աշխատություն թափեց, մինչև կարողացավ նրա մոլեռանդ մորը՝ տիկին Թարլանին համոզել, որ նա յուր աղջիկը դո՜ւրս բերեր հնամոլ և սնահավատ Մարթայի տնից և իրան հանձներ ճշմարիտ ուսում ստանալու:
Տիկին Թարլանը, ոչ միայն աղջիկներին կրթություն և ուսում տալը համարում էր մի ավելորդ բան, այլ ավելի վնասակար, որովհետև, նրա կարծիքով, աղջիկները կարդալ ուսանելով մի ավել բան չէին ավելացնելու, այլ կլինեին խորագետ դևիկներ, կորցնելով իրենց մաքուր և առաքինի վարքն ու բարքը: Բացի դրանից, նա չէր հոժարում յուր աղջիկը մոտեցնել այն տանը, ուր ուսանում էր և նրա հանդերձյալ (ապագա) ամուսնացուն:
Օրիորդ Սալբիի բնական ընդունակությունը, տիկին Սալլաթինի անդադար ջանքը պատճառ եղան, որ նա կարճ միջոցում սովորեց ոչ միայն հայոց հին ու նոր լեզուները, այլ բավականաչափ գաղիերեն և անգղիերեն:
Պարոն Աշխարունուն չմնաց և ոչ մի աշակերտ բացի Ռուստամից, բայց, դժբախտաբար, Ռուստամը զուրկ էր այն ընդունակություններից, որ կարողանար ըմբռնել յուր վարժապետի սերմանած ազատ գաղափարները, ազատ և լուսավոր մտքերը կրոնքի մասին: Նաև թույլ էր նա արհեստներ և լեզու սովորելու մեջ. նա ուսավ միայն հայոց հին լեզվի քերականությունը, որով կարողանում էր հասկանալ յուր կարդացածը ու գիտեր մասամբ գաղիերեն: Մյուս առարկաների մեջ նա առավելապես սիրում էր բանաստեզծությունը և հին ու նոր ազգերի պատմությունը, մանավանդ հունաց և հռոմայեցվոց: Նա խիստ ատում էր մաթեմատիկան, և թվաբանությունից` առաջին չորս գործողություններից ավելի բան չգիտեր: Նա ավելի ախորժանոք կարդում էր դյուցազնական բանաստեղծությունը.Հոմերոսի աշխատությունները նրա ամենասիրելի գրքերն էին: Ինքը նույնպես վատ չէր գրում և ոտանավորներ ու երգեր շարադրելու տաղանդ ուներ:
Ճշմարիտ կրոնագիտությունը, որ նա սովորեց Ավետարանի լուսով, չենք կարող ասել, թե բոլորովին մեղմեց և թուլացրեց նրա մեջ ընդաբույս վայրենի բնավորությունը, այլ նրա փոխարեն ներշնչեց նրա մեջ քաջազնական կոչված առաքինոլթյունը: Նա չէր մեղադրում Մովսեսին՝ յուր ազգակիցը չարչարող եգիպտացին սպանելու համար, գովում էր մանուկ Դավթի քաջագործությունը, Գողիաթին սատակելու համար: Նա երբեմն հակառակում էր փրկչի այն խոսքերին, թե մի երեսին զարկելու ժամանակ՝ մյուսը պետք է դեմ տալ. առավել հավանություն էր տալիս մովսիսական փոխարինությանը. «ակն ընդ ական» – «ատամն ընդ ատաման»: