ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ
Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս:
Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով.
– Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։
Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։
ՄԱՐԴԸ ԵՎ ԳԱԼԻԱՆՈՍԸ
Մի անգամ Գալիանոսը բանախոսություն էր կարդում մարմնի առողջության մասին, ասելով.
– Եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, մեր բժշկության կարիքը չի զգա։
Այս լսելով, մի մարդ ո՛չ ուտում է և ո՛չ խմում։ Դրանից նա ծանր հիվանդանում է և թշնամանում Գալիանոսին: Իմանալով այդ, Գալիանոսն ասաց.
– Ո՜վ անմիտ մա՛րդ, չգիտե՞ս դու, որ մենք բնության արարիչը չենք, այլ օգնականը։ Ինչո՞ւ չհասկացար խոսքիս իմաստը, որ ճիշտ վարվեիր։
Այս օրինակից սովորում ենք, որ ուշագրությամբ պետք է լսել իմաստունների ու բժիշկների խոսքը և խուսափել ծայրահեղություններից՝ և՛ առավելից, և՛ նվազից, որովհետև երկու դեպքում էլ չարիք կա։
ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՎԱԶԱԿԸ
Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։
Ավազակը աղաչում էր ու ասում.
– Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդ ամենեսյան» և սրա նման այլ բաներ։
– Ո՜վ չարագործ, – պատասխանում է քահանան, – հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ:
Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)
ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ
Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քուռակը մոր հետ գնում էր և ետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար, կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա։
Եվ քուռակն ասաց մորը.
– Ւնչո՞ւ այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք,՝ օրը մի անգամ են գարի տալիս։
Մայրն ասաց.
– Լսի՛ր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես։
Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին։ Եվ խրտնեց քուռակը և ետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց.
– Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են պահանջում:
Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու։ Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.
– Ո՜վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ չուզեն, ինչպես խոզից։
ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ՈՐԴԻՆ
Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի։ Եվ ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ էր տալիս հարևաններին:
Եվ որդին մորն ասաց.
– Ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին։
Մայրն ասաց.
– Որդի, մեր կաթը քիչ է, դրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի։
Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը։ Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը։ Մայրն ասաց.
– Որդի, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար։
Որդին ասաց.
– Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը։
ՄԻԱՅՆԱԿՅԱՑԸ ԵՎ ԳԱՄՓՌ ՇՈԻՆԸ
Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում Էր։ Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր:
Մի գիշեր միայնակյացը եկավ, որ շնանա այն կնոջ հետ, և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց։ Եվ միայնակյացը լալով ու արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց.
– Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել։
ԱՅԾԵՐԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԸ
Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչո՞ւ մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն:
Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ։ Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի, և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:
Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին.
– Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից:
Եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով։ Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջուր և ուրախանում էին և վազվզում էին, փառք տալով, որ հասան բարի ժամանակի։
Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս–դաս ընկան այծերի վրա և կերան։
ԵՐԿՈԻ ՆԿԱՐԻՉ
Մի թագավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց։
Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց։ Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ։
Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ.
– Դու ի՞նչ ես արել:
Նա ասաց.
– Ես ցույց կտամ իմ գործը։
Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և, երբ լույսը ծագեց, և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա։
Եվ թագավորն ասաց.
– Սա մյուսից գեղեցիկ է։
ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
– Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։
ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԸ
Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց.
– Կարծում ես, թե քո երեք որդիները քեզնի՞ց են։ Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են։
Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը և կինը չասաց։ Եվ երբ հայրը մեռնում էր, ասաց.
– Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն։ Եվ եղբայրները կռվում էին իրար հետ, մեկն ասում էր, ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ։ Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ։ Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա։ Ով հորը խփեր նետով, և նետը հակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին։
Եվ երկու որդիները խփեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:
Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվեցին հայրենի կայքը։
ԱՌՅՈԻԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Առյուծը, գայլը և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին՝ բաժանիր մեր մեջ այդ որսը։
Եվ գայլն ասաց,
– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։
Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։
Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, բաժանիր ոչխարները մեր մեջ։
Եվ աղվեսն ասաց.
– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին։
Եվ առյուծն ասաց.
– Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։
Եվ աղվեսն ասաց.
– Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։