Առակիս մեջ իմաստություն կա, նախ պետք է սեփական կարողությունը ճանաչել և ապա տեղը կամ գործը փոխել։
ՈՉԽԱՐՆԵՐՆ ՈԻ ԱՅԾԵՐԸ
Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց, ասելով.
– Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։
Առակս ուղղված է ընդդեմ նախանձոտների, տեսնելով ուրիշների արժանիքը, բամբասում են, իսկ իրենց, որ զուրկ են դրանից, համարում են պարկեշտ։
ԱՌՅՈԻԾԸ, ԱՐՋԸ ԵՎ ԳԱՅԼԸ
Առյուծը, արջը և գայլը ընկերանալով, ասում են.
– Ինչո՞ւ լինենք հումակեր, բռնենք մի մարդ, որ իրենց սովորության համաձայն որսից մեզ համար կերակուր պատրաստի։
Եվ բռնելով մեկին, դարձրին իրենց խոհարար։
Մարդը սրտնեղելով, մտածեց ազատվելու մասին։ Ճեղքելով մի մեծ փայտ, յուրաքանչյուր կողմում դրեց սեպեր, և առյուծին ու մյուսներին ասաց.
– Օգնեցեք ինձ կիսելու փայտը, դրեք ձեր ձեռքերը ճեղքի մեջ և ձգեցեք:
Եվ երբ դրեցին, դուրս քաշեց սեպերը, ու գազանները մնացին բռնված։ Ապա վերցնելով կացինը, սկսեց ջարդել նրանց, ասելով.
– Սկսենք առյուծից։
ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ
Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.
– Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։
Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.
– Այլևս մի հալածեք նրան։
Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։
Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։
ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ԵՐԱԶԸ
Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։ Նա հրաման արձակեց.
– Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է.
– Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:
Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում։ Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.
– Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ:
Նա պատասխանում է.
– Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ։
Ասում է.
– Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման։
Եվ մարդը գնալով, թագավորին ասաց։ Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի։ Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները։ Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ։
Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում։ Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնի երազը։ Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև ապերախտ ամաչում է գնալ վիշապի մատ։ Եվ այնուամենայնիվ գնալով, պաղատագին ասաց.
– Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս։
Վիշապը առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց.
– Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն։
Եվ գնալով, մարդը մեկնեց երազը։ Այս մեկնությունը ևս հավանելով, թագավորը դարձյալ տվեց նրան հազար դահեկան։ Վերցնելով դրամը, մարդը տարավ, հանձնեց վիշապին։
Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում։ Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի։ Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով.
– Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ։
Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազար դահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է, խփեմ վիշապին ու սատկեցնեմ»։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝ վիշապը խույս տվեց նրանից։ Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի, մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ»։
Տեսնելով, որ մարդը փոշմանել է, վիշապն ասաց նրան.
– Ո՜վ մարդ, դու մի տրտմիր, քանզի անձիդ թելադրանքով ոչինչ չես արել, այլ արել ես ժամանակի բեբումով։ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդ ու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ։
ՓՂԻ ՈՐԴԻՆ՝ ԻՄԱՄՏԱՍԻՐՈԻԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏ
Փիղն իր որդուն հանձնեց Պլատոնին՝ իմաստասիրումթյուն ուսանելու: Եվ ուսուցիչը հանձնարարեց աշակերտին չոքել լսարանում, իսկ նա չկարողացավ: Պատվիրեց նաև որ գլուխը խոնարհի գետնին, այդ ևս չկարողացավ: Պլատոնը ետ վերադարձրեց նրան հորը և ասաց.
– Վայել է, որ քո որդին թագավորի պալատում լինի՝ միշտ ոտքի կանգնած, և ոչ իմ լսարանում, քանի որ ո՛չ նստել կարող է և ո՛չ գլուխ խոնարհել:
ՈՒՂՏՆ ՈԻ ՆՐԱ ԽՆԱՄՈՂԸ
Ուղտը հարված ստացավ իր խնամողից և բարկանալով ասաց.
– Տե՛ս, երբ տրտում եմ լինում, ինձ մի խփիր, թե չէ՝ կմեռնես իմ ձեռքով:
Խնամողը հարցրեց.
– Ի՞նչ նշանով է արտահայտվում քո տրտմությունը, իմանամ, որ չխփեմ։
– Երբ տեսնես ներքին շրթունքս կախված, – ասում է ուղտը, – և քայլելուս ժամանակ չլսես ոտքերիս ձայնը, ուրեմն տրտում եմ։
– Դու միշտ այդ ես, – պատասխանեց խնամողը, – էլ ինչպե՞ս իմանամ:
Չարաբարոների մասին է առակս, որոնք միշտ բարկացած են և երբեմն պատրվակում են, թե այդպիսին են տրտմության պատճառով:
ԱՆՀՆԱԶԱՆԴ ՁԻՆ
Հոխորտալով` ձին չուզեց հնազանդվել հեծյալին։ Եվ դաշտերում՝ շրջելիս հանդիպեց առյուծի, փախչելով նրանից, հանդիպեց արջի, պրծնելով նրանից՝ գայլի ու սրանց նմանների։ Եվ հնազանդվելով խոնարհաբար վերադառնում է` ոչ թե դարմանի համար, այլ չար մահից ազատվելու նպատակով։
ԳՈՄԵՇԸ՝ ԵՐԿՐԱՉԱՓ
Գոմեշը կամեցավ երկրաչափություն սովորել։ Եվ ձանձրացավ դաշտերը չափելուց, գնալով ընկավ մի ճահճի մեջ: Իբրև անընդունակ նա մեղադրվեց ուսուցչից, որին ասաց.
– Մի՞թե միայն երկիր չափել է հարկավոր, կլինեմ ես ջրաչափ:
ԳՈՄԵՇՆ ՈԻ ԻՐ ԽՆԱՄՈՂԸ
Գոմեշը կամեցավ հարվածել իր խնամողին, բայց չկարողացավ, ուստի և տրտնջաց աստծու դեմ, թե.
– Իմ եղջյուրները ուղիղ չես ստեղծել, այլ կորաձև:
Եվ խնամողը պատասխանելով ասաց.
– Աստված գիտեր քո չար կամքը և դրա համար որոշեց, որ քեզ այդպիսի եղջյուրներ բուսնեն:
ԳԱՅԼԸ, ԱՅԾՅԱՄՆ ՈԻ ԱՌՅՈԻԾԸ
Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի ինքը բռնի նրան։ Կռահելով նրա մտադրությունը, այծյամը չքնեց շատ օրեր, բայց հոգնելով նիրհեց գայլը:
Եվ դալով առյուծը՝ սպանեց գայլին:
ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ
Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:
Ջայլամն ասաց.
– Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։
Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։
Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։
ԲՈԻՆ ԵՎ ԱՐԾԻՎԸ
Բուն միջնորդ ուղարկեց արծվի մոտ և հարս խնդրեց նրա դստերը, ասելով.
– Դա ցերեկվա քաջամարտիկ ես, իսկ ես` գիշերվա, արժանի ենք խնամիության։
Բազում խնդրանքներից հետո արծիվը համաձայնեց տալ դստերը։
Հարսանիքն սկսեցին ցերեկով։ Ոչինչ չէր կարողանում տեսնել փեսան, և հարսանքավորները ծաղրում էին նրան։ Երբ գիշեր եղավ, ոչինչ չտեսավ հարսը։ Ծաղրուծանակն ավելացավ։ Եվ այս պատճառով՝ հարսանիքն իսկույն խափանվեց:
ՃԱՅԸ ԵՎ ՍԱԳԸ
Ճայը գնացել սագի մոտ, աղաչում էր, ասելով.
– Լինելով սևադեմ, ես վատաբանվում եմ բոլորից, դու այդքան սպիտակ ու պայծառ ես, խնդրում եմ սովորեցնես ինձ սպիտականալ քեզ նման։
Կարեկցելով նրան, սագն ասաց.
– Ինձ նման միշտ լվացվիր ջրով։
Բայց լվացվելիս ընկնում էր ճայի սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը: Ու ճայը նորից աղաչեց, որ սովորեցնի։ Սագն ասաց.
– Լվացվելուդ հետ մեկտեղ, պիտի սովորես իմ լեզուն, որ կարողանաս ինձ նման լինել։
Բայց ճայը հանձն չառավ մոռանալ սեփական լեզուն և մնաց նույնօրինակ սևադեմը։
ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ
Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։
Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։