Ատրպետ - Ժառանգներ стр 3.

Шрифт
Фон

– Զահլա մի՜ տանիլ, դու ի՞նչ գիտես իմ միտքս, ես իմ կարողության թշնամին խո չե՞մ, որ ցրիվ տամ ունեցածս:

– Ա՛յ մարդ, էդ սառած օձը մի տաքացնիլ կրծքիդ վրա, դա զորանալու պես ամենից առաջ քեզ կխայթե, ամենից առաջ քու սիրտը կծակե… Դրա գալուց հետո քունս ու դադարումս կտրվել է, աչքերը աչքերիս հառելիս ողջ մարմնով սոսկում եմ, գիշեր չի լինում, որ գեշ-գեշ երազները քունս չխռովեն…

– Դեռ շա՛տ ես զահլա տանելու, շնթռկի՜ր, թո՜ղ քնեմ, հերիք լեզվիդ տաս:

– Ա՛խ, էս ի՞նչ սև օրը մնացինք, մարդ էլ ձեռքով յուր ոչխարի հոտը գայլին պահ տա…

– Ձայնդ կտրե, թե չէ հիմի քեզ ոտքիս տակը կգցեմ, խաշիլ կշինեմ… Ձա՜յնդ, ձա՜յնդ, թող քիչ հանգստանամ…

– Օ՛ֆ, համբերությունս կտրվեց, սիրտս տրաքվում է, գլուխս խոստուկից բժժել է, ես էս համառ, ամբարտավան մարդու ձեռքում քանի՞ մեկ պիտի տանջվիմ: Անխի՜ղճ, անհոգի՜, մի՞թե կարելի է Մատոյի տղի՝ Մինասի, հախից գալու համար ամբողջ գեղը-գավառը կրակին դնել ու խորովել, հինգ-տասը մարդու պատժելու համար հազար տան ծուխը կտրել: Թեմրանցիներին խոնարհեցնելու համար ողջ գավառը սգացնել: Ինչի՞դ էր պետք քեհյայությունը:

– Աղջի՜, ձայնդ կտրի՜ր, կնի՜կ, ինձ մի կատաղեցնիլ, ես գիտեմ, քու սատկելիքդ մոտեցել է, մի ինձ ստիպիլ քեզ վրա ձեռք բարձրացնելու…

– Քեզ պես անխիղճ մարդու հետ ապրելուց, չապրելը հազար անգամ ավելի բարի է:

– Լռի՜ր, սատկի՜ր, դո՜ւրս կորիր, ձայնդ էլ ականջիս չհասնի, – ասելով բարձրացավ պառկած տեղից Քյալաշը և մի քանի հարվածներ տալով, հրելով դուրս արավ սենյակից Անթառամին: Բայց ինքն էլ գիշերը հանգիստ քուն չունեցավ:

Անթառամը նույն գիշերը գնաց աղջկա՝ Աննմանի կողքին ընկավ, քնեցավ մինչև, արևագալը:

Առավոտ վաղ Մամո բեգը յուր նախաճաշը կատարելուց և ղայֆան խմելուց հետո Անթառամին կանչել տվեց յուր մոտ: Քյալաշը նստած էր բեգի դիմաց, բազմոցի գլխին, օջախի ձախ կողմը:

– Անթառա՜մ խաթուն, – ասաց Մամոն հրամայական ձայնով, – մեր սարայը վերջանալու մոտ է, մեկ-երկու ամսից կգնանք այնտեղ և քեզ էլ նեղությունից կազատենք: Բայց մինչև սենյակների պատրաստելը, ես քեզ վրա մի պարտք եմ ուզում դնել, նախ խոստացիր, որ կկատարես:

Անթառամը գլխով նշան արավ, իբր թե լսում էր բեգի հրամանները:

– Ջահել տղերքը խոստացան սարայիս ընդունարանի համար մի մեծ թաղիք թափելու, դու էլ գեղի հարս-աղջիկները հավաքիր և մի այնպիսի խալի պատրաստիր, որ ամբողջ սենյակի հատակը ծածկե: Շատ մեծ չէ, երկայնությունը տասներեք արշին, լայնությունը յոթ արշին: Բայց այնպես գեղեցիկ բան պիտի լինի, որ վալիի սարայում էլ նմանը չգտնվի: Ուշացնելու չէ, պիտի այս շաբաթ սկսես, որ ժամանակին հասնի:

Անթառամը չգիտեր ի՞նչ պատասխան տալ անօրենին: Նա յուր որդու` Արտաշի, ականջում ասաց, որ բեգին հայտնի, թէ շուտով գյուղացիք յայլա էին գնալու, այդ բանը հետաձգելու էր մինչև ձմեռ: Իսկ Քյալաշը որդու խոսքը ընդմիջեց և կնոջ կողմից խոստացավ բեգին, որ հրամանը անպատճառ ժամանակին կկատարվի: Անթառամը, Քյալաշի սպառնալիքներից ստիպված, հավաքեց յուր շուրջը հարս-աղջիկ և ամառանոցում կաթնային գործերը կատարելուց հետո, մնացյալ ժամանակը զբաղվում էին թելեր մանելով, ներկելով, հինելով և գործելով: Թշվառ կանայք այնքան զբաղված էին, որ մայիսի մեջ երկնքի առատապես շնորհած պարգևը հավաքելու ժամանակ չէին գտնում, որով գոնե կարողանային ձմեռը, մեծ պասին կերակրել իրենց կաթնակերներին:

Սարայը պատրաստ էր, մնում էր միջի զարդարանքը: Աղքատ գյուղացու պատռած ու կեղտոտ փալասներով չէր կարելի զարդարել, թանկագին գորգեր, կերպասներ, բեհեզներ և ոսկեթել դիպակներ էին հարկավոր, այնպիսի կտորներ, որոնց մասին գաղափար անգամ չուներ կոպիտ մշակը: Ջինգյանայի ծակ քսակից երբեք արծաթ, ոսկի չի դուրս գալ մետաքս ու դիպակ գնելու, բայց նա յուր թափառական կյանքում, մեծատան և իշխանական դռներում յուր ապրուստը մուրալիս դրանց մասին կարողանում է գաղափար կազմել: Ո՞ր ջինգյանան չէ հաճոյացել յուր երգերով առատաձեռն աղային կամ նրա տիկնոջը և չէ արժանացել յուր կյանքում հինգ-տասը կիսամաշ կամ մնացած զգեստներով կուրծքն ու ազդրը զարդարելու: Մամոն, որ այնչափ բաց բերաններից չէր, տիրոջ աչքով քննել էր արևելյան իշխանականների ճոխ ապարանքները: Նա ուզում էր նմանիլ Բաղդադի, Շամի, Կահիրեի փարթամ կալվածատերերին:

– Քյալա՜շ քեհյա, ահա ուստա Սեթոն պրծավ գաջի ծեփվածքը, ապակիներն էլ խո՜ ժամկոչի տղան ղալամը ձեռքին գիշեր-ցերեկ նախշում է, բայց ինչպե՞ս անենք միջի սարքը:

– Պետք է երթալ Արզրում և հարկավոր եղած կահ-կարասիները գնել և բերել: Այնտեղ ինչ որ պետք է կգտնես:

– «Կգտնե՜ս», բայց գտնելու համար փող է պետք, առանց փողի ո՞վ ինձ ապրանք բաց կթողնե, այն էլ թանկագին ապրանքներ` մետաքսի, բրդի կտորներ, արծաթյա, ապակյա անոթներ, դրանք նիսիա չեն ծախում:

– Ուղիղ է, դրանց համար կանխիկ և շատ փող է պետք: Տիրեց խորհրդավոր լռություն, երկուսն էլ զբաղված էին փող ճարելու մտքով: Ո՜չ հեշտ էր այնքան փող ճարելը և ո՜չ էլ ձեռքները կշարժվեր այդքան փողը քսակից հանելով, վաճառականին վճարել: Քիչ մտածելուց հետո մի խորհրդավոր ժպիտ երևեցավ Մամոյի ճակատի վրա, և նա ուրախ-ուրախ կանչեց.

– Սուլո՛, Սուլո՛, ձիերը թամքի՜ր, Մատոլին էլ ասա պատրաստվի:

– Ո՞ւր ես մտադիր գնալու, – ասաց Քյալաշը:

– Արզրում կամ Խարբերդ, ձիս ո՜ր ճանապարհը որ բռնե: Հա՜, լավ կլինի, քո քյոհլանը տուր, մի փառավոր կերպով մտնեմ քաղաք, էլի կվերադարձնեմ…

– Քեզ փեշքյաշ, Սուլո՜, գնա՜ թամբիր, – թեև երեսանց, ասաց Քյալաշը, բայց բարկությունից քիչ մնաց սիրտը տրաքեր: Նա յուր սեփական ձին, որին աչքի լսի հետ չէր փոխիլ, որի վրա որդին անգամ չէր բարձրացել, թույլ տար, որ մի մուրացկան, ջինգյանա նստի՞ … բայց արդեն ուշ էր, նժույգի համար չէր կարելի նրա սիրտը կոտրել: Երբ մի ժամ հետո Սամոն յուր ձիավորների հետ սլացավ գնաց, Քյալաշը նրանց ետևից երկար ժամ տնակ դիտելուց հետո ասաց քթի տակ.

– Անոթի գա՜յլ, հերիք չէր որ փորդ կշտացրի, թիկունքիդ և ազդրիդ մերկությունը ծածկեցի, բոբլիկ ոտքերդ տաքացրի, հիմի էլ աչքդ տնկեցիր իմ քյոհլանիս վրա՞:

Հայտնի բան է, այս խոսքերը ոչ միայն չէր լսում Մամոն, այլ մտքովն անգամ չէր անցնում, որ յուր ընթացքով վրդովում էր Քյալաշին: Քուրդը, որ հազիվ նպատակին հասել ու ձեռք էր բերել նժույգը, անընդհատ սանձարձակ մղում էր, մինչև բոլորովին հեռացան Թեմրանի սահմաններից:

– Կոռո՜, Սուլո՜, – ասաց ճանապարհին Մամոն, – երեկվա Եկավեկացվենց քարավանը ո՞ր կողմը գնաց:

– Բալու:

– Հիմա նրանք որտե՞ղ կլինեն:

– Բալվա սահմանը դեռ անցած չեն լինիլ:

– Քշենք, նրանց հասնենք:

Ամեհի երիվարները անդադար արշավելով անցնում էին դաշտեր, սարեր ու ձորեր: Քրդական օբաներում երբեմն-երբեմն իջնելով, թե՜ իրենց և թե՜ անասուններին կերակրում, կշտացնում և, առանց հանգստանալու, դիմում էին իրենց նպատակին:

Ութ օր հետո Մամոն յուր ձիավորներով Մշում յուր ծանոթներին այցելելուց հետո դիմեց Արզրում: Մի ամիս Արզրում մնաց, մինչև որ ոսկերիչներն ապսպրած զանազան անոթները պատրաստեցին և այդ ժամանակամիջոցում Սուլոն և ընկերները քաղաքից Թեմրան էին կրում բեգի գնած զանազան հախճապակյա ամանները, էպինոսի զարդերը, հայելիները, Ղարսից բերել տված նիկելի հեշտաեռները՝ իրենց պարագաներով: Արդուզարդի բոլոր պարագաները գնելուց հետո նա Արզրումից վեր առավ հայտնի հալաջ (драпироещик) ստամբուլցի Յուսուֆ ուստային, դիմեց Թեմրան: Մի ամիս չանցած հալաջը Լիոնի, Դամասկոսի և Լահորի թանկագին կերպասներով և դիպակներով զարդարեց Մամո բեգի դահլիճների և սենյակների բազմոցները, գահավորակները, բազկաթոռները, աթոռները, դռների ու լուսամուտների վարագույրները, և Անթառամի գործած ծաղկուն գորգը սրահի հատակի վրա փռելուց հետո մեծ վարձատրությամբ վերադարձավ իր տունը:

Ամեն բան պատրաստ էր, Մամոն էլ տեղափոխվել էր յուր սարայը, միայն պակասում էր տան դշխուհին. մի տիկին էր պետք, որ կառավարեր այդ ապարանքը: Կեղտոտ, մրոտ Ֆաթիին չարժեր բերել բազմեցնել այդ դղյակում, նա յուր գարշահոտությամբ վաղուց զզվացրել էր բեգին: Իսկ այնպես արժանավոր մեկն էլ չկար, նամանավանդ որ Մամոյի իշխանության տակ գտնված բոլոր գյուղերում հայեր էին բնակվում, իսկ ոչ մի հայ աղջիկ յուր կամքով երբեք չէր զիջանիլ ոչ թե բեգի, այլ սուլթանի հարեմն էլ հարճ գնալ: Լեռնական քրդերի աղջիկներն էլ իրենց ազատությունը չէին փոխի հարեմի ճոխ, բայց ստրկական կյանքի հետ, նրանք հովիվ երիտասարդի աղքատիկ, բայց սիրալիր վրանը, յուր սակավաթիվ խաշներով, հազար անգամ նախապատիվ էին դասում Մամոյի ոսկեզեղուն բանտից:

Մամոն ցանկանում էր մի գեղանի, խելացի և բարձրադիրք տիկին ունենալ, որը կարողանար կառավարել յուր տունը, յուր ներքին ելումուտը, իսկ այնպիսի մի կնոջ մասին խնամություն չէր հանդգնում առաջարկել յուր նախանձորդ, գոռոզ հարևան բեգերին, որոնք իրեն ջինգյանությանը, մուրացկանությանը ականատես էին եղել: Նա պարտավորված էր այս գործի թնջուկն էլ Քյալաշ քեհյային առաջարկել լուծելու, բայց շինգյանայի սրտում մի այնպիսի գաղտնիք կար, որ անկարելի էր պարզել: Դեռ Քյալաշ քեհյայի տանը ապրելիս, մի ինչ-որ միտք ժամերով ջինգյանային զբաղեցնում էր: Ամեն անգամ դռները բացվելիս նրա աչքերը իսկույն ուղղվում էին անցող-դարձողների վրա և միշտ նրա սրտի խորքերից մի ծանր հառաչ էր բարձրանում, որը թեև խորամանկ քուրդը խեղդում էր բերանի մեջ ատամները և շրթունքները սեղմելով, բայց չէր կարողանում բոլորովին ծածկել իրեն շրջապատողներից: Հուսախաբ հայացքը իսկույն մատնում էր նրան և մտածմունքի նյութ դառնում իրեն շրջապատողներին: Իսկ նորաշեն սարայը տեղափոխվելուց հետո նա օրվա մեծ մասը անցկացնում էր պատշգամբում և հայացքը ուղղած դիտում գյուղի անցուդարձը:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора