– Այդ դու չգիտես, բայց վերջը ինձնից շատ գոհ կմնաս:
– Ես քու գործին խառնվել չեմ սիրում, բայց ուզում էի հասկանալ պատճառները:
– Այս սենյակները հատկացնելու եմ բանտի, սրա լուսամուտների հաստ երկաթե ճաղերը պատվիրել եմ վարպետ Չլոյին. իրիկվան կբերի, կտեսնես:
– Ախա՜ր, ես գիտեմ, որ դու հազար անգամ չփորձած, չձևած, խամ գործ չես բռնիլ: Լավ էլ մտածել ես, լուսամուտները բակի կողմն ես գցել, բայց մի անհարմարություն ունի, որ հարեմիս լուսամուտները սրա դեմուդեմ պիտի նային:
– Դրա մասին էլ մտածված է: Այստեղից մի բարձր պատ կքաշեմ և խանումներդ միայն իրենց բակում աճած վարդն ու ծաղիկները կտեսնեն, իսկ բանտարկյալներն էլ նրանց գլխին հանգչող սոխակի և տատրակի դայլայլիկները միայն կլսեն: Պետք է լսեն, որպեսզի է՜լ դառնանա իրենց տաժանելի կյանքը:
– Դու, Քյալաշ քեհյա… քեզ պետք էր վեզիր շինել, քեզ պետք էր փոխարքա նշանակել, ափսո՛ս, ափսո՛ս, որ ես թագավոր չեմ:
Դ
Քյալաշը, աշխարհ մոռացած, ուշքը-միտքը հավաքել էր սարայի շինության վրա, որտեղ ապագայում ինքը պիտի փառավորվեր և վրեժը լուծեր յուր համագյուղացիներից, որոնք իր ձեռքից ետ էին առել վարչական ղեկը: Նա մտածում էր այնպիսի մի հարված տալ հակառակորդներին, որ դարերով չանհետանար նրա հիշատակը: Բայց միանգամայն խորամանկությամբ աշխատում էր գործին մի այնպիսի ընթացք տալ, որ դարձյալ գյուղի վարչությունը մնար յուր ձեռքում, և թեմրանցիները սերնդաբար ծառայեին Ամիրխան քեհյայի հաջորդներին:
Քյալաշը գյուղական վարչական գործերում բոլորովին ներկա չէր լինում, ինչ որ ուզում էր անել, Մամոյին խոսում էր և մի կողմ քաշվում, ինքը՝ տիկ, Մամոն՝ բերան: Մշակների թիվը օրեցօր աճեցնում էր և պահանջները բարդում: Տասնութը գյուղացիք ոչ միայն շինության հարկավոր առարկաները ձրիաբար կրում էին, այլ շինության վրա բանող քառասուն վարպետներին գառի մսով, հավով, բադով, որսով և եղոտ բրնձի ու հաճարի փլավով կերակրում էին: Եթե մի օր փլավի հետ մածուն էին տալիս, երկրորդ օրը թթու չիր պիտի տային, երրորդին՝ տառեխ, այնպես որ վարպետները թեև վարձատրություն չէին ստանում, գոնե կուշտ փորով էին բան անում: Բայց երեք ամիս անընդհատ բոլոր պահանջները լրացնելով, գյուղացոց բնաղունի բղուղներն ու կարասները, ամբարներն ու հորերը դատարկվեցան, և շատերը իրենց օրական ուտելիքից անգամ զրկվեցան: Դրա վրա պետք է ավելացնել և այն հանգամանքը, որ շատերը իրենց գարնան ցանքը չկարողացան կատարել, շատերն էլ չկարողացան աշնան ցանքը ժամանակին ջրել, այնպես որ հանդերի ջրելը մնաց երկնքի կամքին: Երկինքն էլ խռովել էր, երաշտ էր տարին և ջերմեռանդ ժողովրդի կատարել տված թափորներն ու խնդրվածները ազդեցություն չունեցան:
– Երանի՛ թե, եղբա՜յր, ես էլ քարտաշ կամ հյուսն լինեի և իմ ձեռքով քեզ համար բերած կերակրով փորս կշտացնեի: Այս ի՛նչ սև օրը մնացինք, ահա երեք ամիս է բեգյար բան ենք անում, տներս դատարկելուց հետո, վրաներս էլ թափվեցավ, ո՜չ կռնակիս շապիկ կա, ո՜չ ոտքիս տրեխ:
– Է՛հ, դուք գիտե՜ք, թե մենք մեծ կերուխումի մե՞ջ ենք… Արի ու մի հարցրու, ամեն մի պատառը ուտելիս կարծում եք բկներիս չի՞ կանգնում, չե՞նք տեսնում, որ դուք ձեր մատղաշների, ձեր կաթնակերների բերանից կտրում ու մեզ եք բերում… Ամեն պատառի հետ աղու-թույն ենք կուլ տալիս, բայց ճարներս ի՞նչ, առավոտից մինչև իրիկուն մտրակը ձեռքերը, հրամայում են. բանեցե՜ք, շինեցե՜ք, շարեցե՜ք… Դե՜հ, հոգնածությունից հետո մի ուտիլ, մի բանիլ… Մեկ մտածեցե՜ք, թե մեր տներն ի՞նչ օրումն են, այս տարի ցանքեր արե՞լ են, հաց ունե՞ն, հարկն ու խարջը տվե՞լ են… Մեզ բերելիս փող խոստացան, օրական խոստացան. մի փոր հացից ջոկ, ո՞վ է սև փողի երես տեսել: Մի՜ խոսացնեք, եղբա՜յր, ցավերս, կսկիծներս մի՜ նորոգեք: Ես ի՞նչ ասեմ մեր տղոցը, որ վարպետ Խնկոյի խոսքին համոզվեցին, Ղարսի ճամփից ետ դարձան, Քղի եկան:
Ե
– Մինաս քեհյա, – ասաց կատակի ձևով մի օր Մամոն Թեմրանի տանտիրոջը, որի երեսից ծաղրն ու ծիծաղը հեռացել էր ինքնակոչ բեգի գյուղ մտնելուց հետո, – այս սար ու ձոր, աշխարհը հերկեցիք, սևացրիք, ինչի՞ չմտածեցիք ինձ համար էլ մի թիզ հող հերկել: Ձեզանից հարկ չեմ ուզում, խարջ չեմ առնում, թոշակ չեմ ստանում, մանր ու խոշոր քաղցած խո չե՞ն կոտորվելու: Ինձ էլ ձեր հովիվներից, ձեր ղարաուլչիներից մեկի տեղը համարեիք ու գեղվորի մի արտ էլ իմ անունովս հերկեիք, գուցե այդ ձեր առատասրտությունը տեսնելով, աստված գոհարով ու մարգարտով կլեցներ նրա մեջ աճելիք ցորենի հասկերը: Է՛հ, փուչ աշխա՜րհ, ապերախտ մարդի՜կ, ես ձեզ համար հոգվով աշխատեմ, չթողնեմ, որ մինչև անգամ ձեր մի ոչխարի քիթն արյունի, իսկ դուք մտածում էլ չեք, որ մի կտոր հաց գոնե տաք Մամոյի երեխաներին…
– Իրավունք ունիս, բե՜գ, շատ արդար է ձեր պահանջը, մենք հանցավոր ենք… Բայց դուք, որպես մեր մեծը, պետք է ներեք ձեր ստորադրյալների հանցանքը, պիտի ցույց տաք մեր պարտականությունը և հրամայեք, որ կատարենք ինչ որ հարկն է:
– Երկարաբանություն պետք չէ, – ասաց քուրդը կտրելով շողոքորթ և ստորաքարշ քեհյայի խոսքը: – Գնացեք, գեղովի ժողով արե՜ք, եթե տուն-գլուխ ինձ մի օրավար հող տաք, ես էլ կլինեմ ձեզ մի դրացի, ես էլ կունենամ ինձ ապրուստ: Ես ձեզանից, էլի չասի, խարջ ու խալաթ չեմ ուզում, աստծու տված հողից ինձ էլ բաժին տվեք, թե պաշտոնս ուրիշ տեղ փոխվի, էլի ամեն մարդ յուր հողին տիրություն կանե:
– Շատ լավ եք ասում, բե՜գ, բայց բանը նրանումն է, որ մեր գեղի սահմանը որքան որ բարեբեր է, այնքան էլ փոքր է, ամեն մարդ յուր տանը բավականացնելու չափ հող հազիվ ունի: Այս փոքր սահմանի մեջ հարյուր քսան տուն է կառավարվում և ամեն տուն չորս-հինգ օրավարից ավելի հող չունի, ես ո՞ր մեկի հողից կտրեմ ու ձեզ տամ… Ի՞նչ իրավունք ունիմ ուրիշի սեփականության վրա, ամեն մարդ թագավորական քոչաններով (купчий) տիրում է յուր հողին, մի՞թե ինձ կլսե…
– Այդպե՛ս ես լսում դու մեծավորիդ, այդպե՞ս ես կատարում դու իմ հրամանները: Ես չեմ ասում քոչանը ինձ վրա դարձնեն, ես չե՜մ ասում ինձ բաշխեն, ես ասում եմ ժամանակավոր ինձ կառավարելու համար տան, ես գնալիս խո հետս չե՜մ տանելու, էլի՜, իրենց: Ես խո չե՞մ ցանելու, չե՞մ վարելու, չե՞մ քաղելու, էլի իրենք պիտի ցանեն, իրենք պիտի քաղեն, իրենք պիտի կալսեն ինձ համար:
– Ի՞նչ եք մուրացկանի նման ողորմություն խնդրում դրանից, ես իմ հողերից քեզ տասն օրավար կտամ, – ասաց խոսակցության մեջ մտնելով Քյալաշ քեհլան:
– Գյուղի էն լավ հողերը ձեր ձեռքն են, Քյալաշ քեհյա, – ասաց Մինասը, – դուք հիսուն-վաթսուն օրավար միայն ջրարդի հող ունեք, դուք կարող եք տալ, բայց հինգ-տասը օրավար ունեցողն ի՞նչ տեղից տա:
– Ինչի՞, քեզ ի՞նչ է եղել:
– Գզիր Մատոյի որդու ձեռք բերածը Ամիրխան քեհյայի թողածներին չի հավասարվիլ, ես իմ տասը-տասնևհինգ օրավար հողով ձեր առաջ չեմ կարող փքվել: Բեգը գիտե, որ ես յոթ եղբայրներիս հետ երեսունհինգ շունչ ընտանիք եմ կերակրում, առանց այդ հողերի քաղցած կջարդվենք. թե կընդունե մեկ-երկու օրավար հող, էն էլ մի տարով, ի՜նչ պիտի ասեմ, աչքիս վրա, նրա համար ցանեմ, քաղեմ, կալսեմ ու հանձնեմ: Բայց աղքատի ու անճարի բերանից պատառը քաշելը, որբի ձեռքերը ծոցը թողնելը ես հույս ունիմ, որ հաճելի չի լինի մեր բեգին:
– Դու քու դարդը լաց, որբի ու անճարի տերը ես եմ: Դու խո տալիս ես երկու օրավար: Ես, ես կուզեմ, ունեցողները խո կտա՞ն, չունեցողների հետ էլ մի կերպ յոլա կերթանք:
– Բայց…
– Բայց-մայց պետք չէ՜, դու գնա, գզիրը ուղարկի՜ր, համբաներին կանչի՜ր քեզ մոտ, խոսի՜ր, ես էլ կգամ, գործը կարգի կդնենք:
Մինասը գլուխը քարշ գցած, դիմեց դեպի յուր տառապյալ դրացիները: Շա՛տ խոսեցին, շա՛տ վիճեցին, շատ բորբոքվեցին, բայց վերջը-վերջը հետևեցին իրենց տանտիրոջ և Քյալաշ քեհյայի օրինակին, մարդագլուխ որը մի օրավար, որը երկու օրավար, աղքատն ու տնանկն էլ կես-կես օրավար հող բաժին հանեցին ինքնակոչ բեգին և հանձն առան հերկել, պարարտացնել, պատրաստել և աշնանը իրենց սերմերով էլ ցանել:
Զ
– Ա՛յ մարդ, էս ի՞նչ է քու արածը, էս ի՞նչ ճանապարհ ես բռնել, գիտե՞ս ուր ես դիմում, – ասում էր վշտալի սրտով մի գիշեր անկողնում Անթառամը յուր ամուսին Քյալաշին:
– Դու ձայնդ կտրիր, այդ քու գործը չէ, տղամարդու գործին խառնվելը երկար մազ ունեցողներին չէ մնացել:
– Ախար դու էդ գայլին ինչի՞ բերի՜ր տունդ կոխեցիր, քանի մեկ նա իր ավազակներով ուտե, խմե, կոտրե, թափե էս տան մեջ: Հորս կտակը ոտքի տակ գցեցիր. ժամ և ուսումնարան շինելու համար չտվի՜ր էն հողը, որտեղ այժմ ավազակը իրեն համար սարայ է շինում: Էդ էլ հերիք չէ, էսօր վեր ես առել և տասը օրավար հող էլ ես բաշխում… Ո՞ւմ հողը ո՞ւմն ես տալիս… Գյուղերը քանդեց, դատարկեց, մարզիկը կոտորեց յուր շինելիք մի բրիշակ դառնալու սարայի համար, այժմ էլ թշվառի բերանից պատառն է խլում: Քանի՞ մեկ անեծք ու նզովք պիտի կարդա քու գլխին գյուղ ու գավառը, քանի մեկ քու պատճառով գերեզմանի մեջ անգամ հորս խաղաղությունը պիտի վրդովվի, էս ի՛նչ սև օրի թողիր դու ինձ, ո՜չ տանից դուրս կարող եմ գալ, ո՜չ մի դրկիցի տուն մտնել, ո՜չ էլ երկնավոր թագավորին մի խնդրվածք անելու համար աղոթարանի դուռը գնալ: