Թոթովենց Վահան - Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա стр 8.

Шрифт
Фон

– Գիտես քի ամպի վրայեն կթռի, – ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, ոմանք նշանված էին, ոմանք էլ արդեն վաղուց խայտառակված ապօրինի կենակցությունների համար, մի քանիսը բռնվեցին Մարիցայի տանը, բայց Հակոբը սիրում էր Մարանին և նրանով լցնում իր հոգու ամբողջ պարապը։

Նրա համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան, անկողին և եփել֊թափելու անհրաժեշտ պիտույքներ ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան և անցկացնում ժամանակը։

– Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, – հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

– Շուտով տուն տ՚երթանք, – ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

– Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

– Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, – հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։ Հակոբը սկսում էր․

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

1

Տղաս, կապուտաչյա տղաս

2

քայլքի տեսակ

3

խեղճ, անօգնական, որբ

4

թախտ

5

երեխա

6

ամուսնությունից առաջ հղիանալ

7

ներքնահարկ

8

բուռնոթի, քթախոտ

9

Դուխու շիշը, մեջը մանուշակ, ես Մարանին սիրում եմ, սրտիս անկյունը։

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3