Всего за 0.9 руб. Купить полную версию
Հաբուդը լսում էր ուշադիր, զգում մի անզուսպ ցանկություն՝ տեսնել այդ ամենը: Բայց հենց որ տուն էր գալիս, հանգչում էր կրակը բորբոք, հաշտվում էր գյուղում արհեստ սովորելու մտքին:
Մի օր էլ հոր հետ միասին դուրգար Դավիթի մոտ գնացին՝ խերով – բարով Հաբուդին նրա մոտ թողնելու համար: Ուստան մի քիչ չեմ ու չում արավ, վերջը խոստացավ երկու տարում արհեստին վարժեցնել:
Իրիկունն ուստան եկավ Վանդունց տուն, կերան, խմեցին, դարդ դարդի տվին և այդ օրից դարձան սերտ բարեկամ:
… Կես գիշերից անց էր. չէր քնել ոչ Բադին, ոչ Հաթամի աղջիկը: Միտք էին անում էգուցվա մասին գոհ ու բախտավոր: Նրանց կողքին մուշ-մուշ քնել էր Հաբուդը՝ նեղ օրերի ապավենը միակ:
* * *
Մի առավոտ էլ գյուղում անսովոր իրարանցում ընկավ: Գզիրը կտուրից կտուր կանչում էր զիլ ձայնով:
– Ա՛ խալխը, հե՜յ, թագավորի հրաման ա, ով որ սալդաթ ա էլել, պիտի հավաքվի քաղաքում, կռիվ ա Գերմանու հետ…
Քաղաքից եկողները պատմում էին, որ ամեն տեղ մեծ թղթեր կա պատերին փակցրած, փողոցներում մարդիկ իրար տեսնելիս կռվի մասին են խոսում, շատ զինվոր պիտի հավաքեն, կռիվը շատ տերությունների մեջ է, աշխարհս խառնվելու է իրար:
Գյուղացիք խմբերով հավաքվում էին դուքանի առաջ. գրագետ մեկը սկսում էր լրագիր կարդալ, լսում էր գյուղը անծանոթ անուններ ու վայրեր, քաղաքներ ու տերություններ և բնազդով զգում, որ թանկություն պիտի լինի, մեծ կոտորոծ ու զրկանք:
Իսանանց տանուտեր ախպերն ասում էր, որ կռիվը օգուտ է ժողովրդին, որ ռուսի թագավորի թախտը հաստատ է, ժողովուրդը շատ, և որ շուտով Գերմանի թագավորը հաղթվելու է:
– Սրան Ռուսեթ են ասում, մի տուտը հեն ա Սիբիր, մեկէլը Հնդստան. բա իսկի իսան կարա դիմանա՞ …
Ալևորներից ոմանք պատմում էին, որ «Եփրեմերդին» այդպես է ասում, գրված է, որ յոթ տերություն իրար պիտի խառնվեն, հացը պիտի թանկանա, թագավորի խարջը շատանա:
Ամենից շատ պիսիրն էր ուրախ: Նրա շուրջն ստեղծվում էր գյուղի զոռբաների տղերքից դեզերտիրների մի խմբակ: Նրանք կաշառում էին, չափաբերականը կեղծում, իրենց տեղ ուրիշին ուղարկում, որ իրենք գյուղում մնան, ինչ ուզեն անեն: Մանր հաշիվների ու հին վրեժների հատուցման լայն ասպարեզ էր բացվել գյուղում:
Քաղաքի պատերից կպցրած թղթերը հուզել էին ճահիճն այն խաղաղ, ուր ամեն ինչ առաջ մերվել էր, և կարծես թե գայլի հետ գառն էր ապրում:
* * *
Հաբուդն արդեն նկատում էր գյուղում եղած փափոխությունը: Իսանանց դուքանում ներկերը թանկացել էին, ճոթ ու կտորը պակաս էր երևում, իսկ շաքարը կրակի գին ուներ:
Իսանանց տղերքը ճոթը պահում էին իրենց տանը, որ հետո ծախեն:
– Ճամփեքը փակվել ա. էս ներկերը Գերմանու ապրանք ա, էլ ե՞րբ կճարես դու էսպես ապրանք:
Հաբուդի աչքի գրողը գյուղի պիսիրն էր: Մի անգամ պիսիրը Խաչումենց հարսին, որ գնացել էր ամուսնուն նամակ գրել տալու, փիս խոսք էր ասել, ձեռ տվել, հարսն էլ լացակումած հեռացել էր նրա մոտից:
Գյուղում այդ լուրն իսկույն տարածվեց: Մի քանի հոգի ուզում էին պիսիրի հախից գալ, բայց տանուտերը սպառնաց.
– Սիբիր կքշեմ նրան, ով կհամարձակվի գեղում խառնակչություն անել: Դուք գիտե՞ք, թե ինչ տարի ա էս տարին:
Պիսիրը Հաբուդի աչքում է՛լ ավելի ընկավ, դարձավ գեղի վատ մարդը, գեղի արյուն խմողը: Իսկ Իսանանց դուքանը նա էլ չէր գնում, տանն էլ շաքարով թեյ չէին խմում:
Իսանանց մեծ ախպերն ասել էր, թե գյուղից տավարածի տղան էլ որ սալդաթ գնա, ամեն ինչ լավ կլինի:
Վանդունց Բադին հանդից էր խոսում, թե վանքի ձորում խոտը թազնել է, ագին ծաղիկ կովը պիտի ծնի, վերի հանդի կամուրջը փլվել է: Երբեմն էլ պատերազմի մասին Հաբուդից էր հարցնում.
– Հաբուդ, բա էդ գերմանը խաչապաշտ չի՞:
– Խաչապաշտ ա:
– Բա ո՞նց ա միացել թուրքի հետ: Աստուած դա ընդունել չի:
Հաբուդը ժպտում էր հոր միամտության վրա, մտաբերում Իսանանց տղոցը, պիսիրին և նրանց, որոնք հեռավոր դիրքերում կռվում են, ոտ ու ձեռից զրկվում, ցրտից սառչում, թագավորից խաչ ստանում:
Ինչո՞ւ համար այդպես եղավ: Ինչո՞ւ Իսանանց տնից մի զինվոր չկա, իսկ Խաչումենց Բախշու երեք տղան էլ կռվում են: Ինչո՞ւ է թանկանում շաքարը, էն ինչո՞ւ քաղաքում ժողովներ են անում, փող հավաքում, էն ո՞նց եղավ, որ վարժապետ Մինասը խումբ կազմեց, գնաց Վան, իսկ գաղթական ժողովուրդը կոտորվում էր սովից, ցրտից:
Մտածում էր Հաբուդը, և նրա անտաշ միտքը մեծ ցավով ճգնում էր պատասխան տալ, հաղթել արգելքներին, պահված գաղտնիքների դռները բանալ:
* * *
Մի օր էլ գզիր Զաքին եկավ Վանդունց Բադու տունը` Աթանանց մեծ ընկուզենու տակ…
– Բարի օր, Հաթամի աղջիկ…
– Հը՛, Զաքի, խե՜ր ըլնի:
Խեր ա, բա խեր չի՞, տղադ որ գա, ասի էգուց քաղաք գնա, սալդաթ են կանչում:
Ասես մի մեծ քարով խփեցին Հաթամի աղջկա գլխին. ծնկները դողացին, աչքերը շաշվեցին, ու հենց դռան շեմքին վեր ընկավ:
Իրիկունը տավարածի տունը սգատան էր նման, ոչ հաց, ոչ սովորական զրույց: Բադին օջախի մոտ նստել, թրջած տրեխներն էր չորացնում ու միտք անում:
– Բա ո՞նց ա լինելու…
Բադին ամեն ինչ կարող էր սպասել, բայց այդ բանին` երբեք: Հաթամի աղջիկը ցնորվածի պես էր: Նստել էր Հաբուդի մոտ, նայում էր նրան, նայում անկշտում, անլեզու անասունի պես ու միտք անում: Հաբուդը պառկել էր խսրի վրա, մտածում էր, թե ինչպես պիտի ապրեն ալևոր հայրն ու մայրը, եթե ինքը հեռանա:
Այդ իրիկուն ամբողջ գեղի ցավն ասես թառել էր Վանդունց տան գլխին: Մտքերը – ծա՜նր, անպատասխան, որ որոճում էին երեքն էլ խրճիթի խավարի մեջ, տապլտկում տեղաշորի մեջ, մեկը` տնքում, մյուսը` հառաչում ու լալիս, մե՜ղմ, զսպված հեծկլտանքով:
* * *
Մյուս օրը Հաբուդը առավոտ կանուխ քաղաք գնաց: Հաթամի աղջիկը այդ օրը մոռացավ Բդու թաշկինակի մեջ հաց կապել: Բադին էլ չէր նայում, թե տավարը ուր է գնում, կուշտ է, թե սոված: Նա միայն որդու մասին էր մտածում:
– Յարաբ չափսում պիտի գա՜, թե ոչ…
Կար մի րոպե, որ Բադին ցանկացավ Հաբուդին կաղ կամ կռնատ տեսնել, որ տանը մնար: Բայց հետո ինքն էլ սոսկաց այդ մտքից և հուսահատ աչքերը երկինք ուղղեց:
– Աստված, քո ստեղծած խեղճն եմ, դու մի ճար արա:
Վանդունց Բադին մատաղ խաստացավ, եթե որդին զորակոչից ազատվեր: Բայց այդպես չեղավ: Հաբուդը չափսում եկավ, ու նրան էլ գրեցին նորակոչների ցանկում:
Ընկերների հետ տուն եկավ Հաբուդը, որ մյուս օրը նորից քաղաք վերադառնա, իսկ այնտեղից էլ` ուր ուղարկեն: Հաբուդն ուրախ էր, որ քաղաքներ պիտի տեսնի, լեզու սովորի: Բայց հենց որ աչքի առաջ կանգնում էին պառավ ծնողները, ուրախությունն իսկույն չքանում էր, որպես թեթև շամանդաղ:
Չափսի ժամանակ Իսանանց մեծ ախպերն ու պիսիրն իրար հետ փսփսում էին: Չլինի՞ թե նրանք մի բան խաղացին նրա գլխին: Եվ դառն ատելությունը ալիքի պես բարձրացավ նրա հոգում դեպի պիսիրը, որ Օհանի հարսին ձեռք էր տվել, որ նամակ գրելու համար հավ ու ճուտ էր ուզում, դեպի Իսանանք ու նրանց պես համփա մարդիկ:
Չար լուրը շուտ էր տուն հասել: Հաթամի աղջիկը շիվար, ձեռքը ծոցին` որդուց չէր հեռանում, ձեռքը մի բանի չէր կարողանում տալ, դատարկ էր թվում չորս կողմը, ասես հեղեղը քշել, տարել էր ամեն ինչ…
Հապա Հաբուդի հարսա՞նիքը:
– Հաբո՛ւդ, կռիվը հեռու ա՞ մեր մահալից, – հազիվ զորեց հարցնել մայրը:
Որդին ժպտաց. ի՞նչ ասեր: Ի՞նչ գիտեր մայրը, և ինչպե՞ս հասկանար նա, որ աշխարհը խառնվել է իրար, ու որդին հազար վերստից ավել պիտի գնա, անցնի քաղաքներ ու հասնի այնտեղ, ուր թոփի ձենից մարդու ականջ է խլանում:
Իրիկունը Բադին տուն եկավ: Նա իսկույն հասկացավ ու միայն կարողացավ ասել.
– Հաբուդ, քե մատաղ, բա մենք…
Կեսգիշերից անց էր, ոչ ոք չէր քնել: Հաթամի աղջիկը որդու կապոցն էր պատրաստում` գուլպա ու թաշկինակ, միրգ ու գաթա: Ամեն մի իր ձեռք առնելիս չգիտեր, թե ուր դնի. արցունք էր, վարար ջրի պես հոսում էր:
Բադին ինքն իրեն սիրտ էր տալիս.
– Թագավորի ծառայություն ա, հնար չկա: Թագավորի հողից ո՞ւր պիտի փախչես:
– Հաբուդ, քեզ լավ պահի, շատ ջահելություն չանես: Օտար երկիր ա, կռիվ ա, ո՞վ ա գիտում ինչ կարող ա պատահի: Ուշքդ տանը պահի, նամակ ուղարկի. հալբաթ մի տեղով մեզ մի լուս կհասնի:
Ու ինքն իրեն, քթի տակ խոսում էր Բադին` օջախի մոտ, գլուխը կախ, թաց տրեխները ձեռքին: Հազար ու մի միտք գալիս-անցնում էր նրա գլխով, սրտի խորքից թառանչ էր ելնում, և անարցունք աչքերը ճպճպում էին, որպես մարմրուն ճրագներ:
Մյուս օրը Հաբուդը գնաց:
Տարան, ճամփա դրին մինչև գյուղի վերջը, ասացին, լաց եղան, համբուրեցին հազար անգամ ու մենակ վերադարձան իրենց խարխուլ խրճիթը` Աթանանց մեծ ընկուզենու մոտ:
Գյուղի տավարն այդ օրն առաջին անգամ ուշ գնաց հանդ: Տավարն էլ էր մոլորվել, ցաք ու ցրիվ բառաչում էր Վանդունց տան մոտերքում:
* * *
Անցան ամիսներ:
Հաբուդից նամակ էր գալիս: Նրան ճակատ էին ուղարկել, մի անգամ վիրավորվել էր ոտից, պառկել էր լազարեթում, լավացել, ու նորից դիրքերն էին ճամփել: