Ում հետ էլ որ խոսում էի, Էն էին թանխա տալիս, թե մեր ազգը ուսումնասեր չի՛, կարդալը նրա համար գին չունի, բայց ես տեսնում էի, որ մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնի պատմությունը, պղնձե քաղաքի հիմար գիրքը ձեռնեձեռ էր ման ածում: Էս էլ լավ գիտեի, որ ինչ երևելի ազգեր կան, բոլորն էլ երկու լեզու ունին՝ հին ու նոր: Ախր թե լուսավորյալ լեզուն լավ ա, ու քարերն էլ պետք է տրաքին ու հասկանան, էլ տոնլուղ, նշան, պատիվ ու՞ր են տալիս դիլբանդին: Էն լեզվագետ իմաստունը թո՛ղ գնա, կանգնի, գոռա, ջանը դուս գա, լսողը թո՛ղ ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՞, որ ցավ:
Միտք էի անում, որ գիժն էլ էս չի՛ անիլ: էլի Էսպես, մտքիս հետ ընկած՝ շատ անգամ որ ղոնաղ էի գնում յա քաղաքովն անց կենում, ուշ ու միտքս հավաքում էի, թե տեսնիմ` խալխը խոսալիս, քեֆ անելիս ի՞նչ բանից ա ավելի հազ անում: Շատ անգամ տեսնում էի, որ մեյդանում, փողոցում մեկ քոռ աշըղի է՛նպես են հայիլ-մայիլ մնացել ու կանգնել, անկաջ դնում, փող բաշխում նրան, որ բերնըների ջուրը գնում էր: Մեջլիս ու հարսանիք հո, առանց սազանդարի ե՞րբ հացը կուլ կերթար: Ասածները թուրքերեն էր, շատը մեկ բառ էլա չէ՛ր հասկանում, ամա լսողի, տեսնողի հոգին գնում էր դրախտը, ետ գալիս: Միտք արի, միտք արի, մեկ օր էլ ասեցի ինձ ու ինձ. արի՛, քո քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ծալի՛ր, ղրաղ դի՛ր ու մեկ աշըղ էլ դու դա՛ռ, ինչ կըլի, կըլի, խանչալիդ քարը հո վեր չի՞ ընկնիլ, զառ վարաղդ հո չի՞ գնալ: Մեկ օր էլ դու վեր կընկնիս, կմեռնիս, մեկ ողորմի ասող էլ չե՛ս ունենալ: Մեկ բարիկենդանի, աշակերտներս որ բաց թողի, սկսեցի, ինչ որ երեխաթյունիցս լսած կամ տեսած բան գիտեի, տակ ու գլուխ արի վերջը իմ Ջիվան Աղասին միտս ընկավ, նրա հետ հարիր քաջ հայի տղերք էլ իրանց գլուխը բարձրացրին, ու ամենն էլ ուզում էին, որ իրանց ոտը գնամ: Մյուսները մեծ-մեծ մարդիկ էին, շատն էլ դեռ հլա սաղ-սալամաթ, փառք աստուծո, Աղասին՝ աղքատ ու մեռած, նրա սո՛ւրբ գերեզմանին ղուրբան: Ասեցի` կեղծավորություն չանեմ, նրան ընտրեցի: Սիրտս Էկել էր, բերնիս հասել: Տեսնում էի, որ էլ հայի գիրք ձեռն առնող, էլ հայի լեզուն խոսող քիչ ա գտնվում: Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը, թե սրանց էլ կորցնենք վա՜յն էկել ա մեր օրին: Հայոց լեզուն առաջիս փախչում էր Կրեսոսի նման. Երեսուն տարվա փակ բերանս Աղասին բաց արեց: Մեկ երես բան դեո չէի գրել, որ իմ մանկական սիրելի բարեկամ ազնիվ հայազգի պարոն դոքտոր Աղաֆոն Սմբատյանը ներս մտավ: Ուզում էի թուղթս ծածկեմ, էլ չկարացի: Ինձ համար աստված էր նրան էն սհաթին ղրկել, նրա ջանին մեռնիմ: Զոռ արեց, որ կարդամ. Բարեկամիցը ի՞նչ պետք է թաքցրած: Սիրտս դողում էր կարդալիս, մտքումս ասում էի, թե հենց հմիկ, որդե որ ա, գլուխը կպտտի, ունքերը կկիտի մյուսների նման ու իմ ախմախության վրա մտքումն էլա հո կծիծաղի, որ երեսիս չասի: Բայց փիսը ես էի, որ նրա ազնվական հոգին դեռ լավ չէի ճանաչել: Վերջացնելիս, որ հենց էն ա, թուրն էկել էր, ոսկորին դեմ առել, որ չասեց՝ «Թե էդպես կշարունակեք, շատ հիանալի բան կդաոնա», – ուզում էի վրա թռչիմ, բերանը, է՛ն քաղցր բերանը համբուրեմ:
Նրա սուրբ բարեկամությանն եմ պարտական, որ մունջ լեզուս բաց արեց: Նա գնաց թե չէ, կրակը ջանս առավ: Սհաթի տասն էր աոավոտի: էլ հաց, կերակուր միտքս չէկան: Ճանճը առաջովս անց կենալիս ուզում էի սպանեմ, էնպես էի վառվել: Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնել, ինձ թև էր տալիս: Ծնող, տուն, երեխայություն, ասած, լսած բաներ` էնպես էին կենդանացել, որ էլ աշխարքը միտքս չէ՛ր գալիս: Ինչ խուլ, կորած, մոլորած մտքեր ունեի, բոլոր բացվել, ետ էին եկել: Նոր էի իմանում, որ գրաբառ ու ուրիշ լեզվներ մինչև էն սհաթը միտքս փակել, բխովել էին: Ինչ որ ասում էի կամ գրում մինչև էն հադաղը, գողացած կամ հնարած բաներ էին, էնդուր համար հենց մեկ երես բան գրում էի թե չէ, յա քունս էր տանում, յա ձեռս բեզարում: Գիշերվան մինչև սհաթի հինգը ո՛չ հացի մտիկ արի, ո՛չ չայի, չիբուխն էր իմ կերակուրը, գրիլը՝ իմ հացը: Տանցոնց խնդրելուն, նեղանալուն, խռովելուն էլ չէ՛ի մտիկ անում: Երեսուն թաբաղեն, էն ա. լցվելով էր, որ բնությունը իր պարտքը պահանջեց, աչքերս գնաց: Սաղ գիշերր ինձ էնպես էր երևում, թե նստած գրում եմ. երանի՜ կըլեր ինձ, թե էն մտքերը ցերեկն էին միտս ընկել:
Սիրելի կարդացող, չնեղանաս, որ բանն էսքան երկարացրի: էնդուր համար եմ էստոնք հիշում, որ իմանաս, թե ազգի սերը ի՜նչ լազաթ ունի, ի՞նչ զորություն: էն առավոտը իմ դուշմանի տանը ո՛չ ետ գա, ինչ որ ես տեսա: Աչքս բաց եմ անում՝ իմ խեղճ, ղարիբ գերմանացի կողակցի ձենն ա ընկնում անկաջս: Տեսնիմ, իմ միայնակ որդին դոշին առած՝ էն արտասունքն ա վեր ածում, որ քարեր կմղկտան, Ծառա ու ղարավաշ էլ մեկ պուճախում են փետացել, կանգնել ինձ ցավելով մտիկ անում: Ու՞մ սիրտը էս սհաթին չէ՛ր ճաքիր: Գժվածի պես վեր թռա, երեխիս եմ նայում. Փառք աստուծո, սաղ ա. կողակցիս եմ աղաչում, սիրտը չի՛ կարում ետ բերիլ: Ի՞նչ էր պատահել, չէի իմանում: Անաստված, ինձ սպանեցիր հո, էս ի՞նչ բան բերիր գլխիս, – վերջապես լսեցի: Ծառեքն էլ մեկ կողմից են ինձ ղնամիշ անում, վերջապես իմանամ, սր սաղ գիշերը անդադար դելն եմ տվել, գոռացել, ա՜խ քաշել, խոսացել, ու ինչ որ հարցրել են տանըցիք, միշտ էլ գերմաներեն ո՛չ, հայերեն պատասխան տվել ու հազար տեսակ վայրիվերո բան ասել, էլ ետ իմ կռիվն սկսել: Մինչև սհաթի ինը, էս հալումն ընկած՝ ես իմ քեֆն եմ արել, նրանք` իրանց սուգն, ու ինձանից ձեռք վերցրել: Էն առավոտը, սաղ շաբաթ ու ամիս, Էսօր էլ մուրազս հենց Էն ա էլել, որ գնամ, ընկնիմ մեկ իշխանի ոտք, ասեմ, ինձ մեկ կտոր հաց տա, ու ես՝ գիշեր-ցերեկ ընկնիմ գեղեգեղ ու մեր ազգի արած բաները հավաքեմ, գրեմ:
Թո՛ղ ինձ այսուհետև տգետ կանչեն. լեզուս բաց ա էլել, ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ: Թո՛ղ տրամաբանություն գիտեցողը իրան համքյարի համար գրի, ես՝ քո կորած, շվարած որդին, քեզ համար:
* * *
Ո՛վ թուր, ունի, առաջ ի՛մ գլխիս խփի, ի՛մ սիրտս խրի, ապա թե ո՛չ` քանի բերնումս լեզու կա, փորումս՝ սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ. – էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում: Թաք ըլի դու՛, դու՛, իմ պատվական ազգ, քո որդու արածը, քո որդու խակ լեզուն սիրես, ընդունիս, ինչպես հերը իր մանուկի կմկմալը, որ աշխարքի հետ չի՛ փոխիլ: Երբ որ կմեծանամ, խրթին լեզվով էլ կխոսանք, Աղասին քո փոքր որդին ա, սրանից դհա մեծ, դհա անվանիքը շատ ունիս. ինձ մի սիրտ տո՛ւր, արևիդ մատաղ գնամ, տե՛ս, թե ի՞նչ ձևով եմ գնում, նրանց բերում, առաջիդ կանգնացնում, որ դու էլ զարմանաս, թե էնպես որդիք ունեցողը աշխարքումն էլ ի՞նչ դարդ կանի: Ե՛րեսս ոտիդ տակը: Տու՛ր էդ սուրբ ձեռդ էլ մի համբուրեմ, որ ինձ ներես, ու գնանք մեր սիրուն Աղասու մոտ:
Գլուխ առաջին
Բարիկենդան էր: Ձինն էկել, դիզվել, սար ու ձոր բռնել էր: Պարզըկա գիշերը է՛նպես էր գետինը սառցրել, որ ամեն մեկ ոտը կոխելիս հազար տեղից տրաքտրաքում, ճռճռում, ճքճքում էր ու մարդի ջանը սրսռացնում, ձեն տալիս: Ամեն մեկ ծառի ճղքներից, ամեն մեկ տան բաշից հազար տեսակ սառցի լուլա, հազար տեսակ ձնի քուլա կախ էր էլել ու բիզ-բիզ իրար վրա սառել: Հենց գիտես` սար ու ձոր կամ նո՛ր էր ծաղկել, կամ նո՛ր ծերացել, մահվան դուռն ընկել շունչն էր մնացել, որ տա ու աշխարքիս բարով մնա ասի: Ղուշ, գազան, անասուն, սողուն` որը փետացել, էստեղ-էնտեղ վեր էր ընկել, որն էլ վաղուց, ամսով առաջ բունը մտել, ձենը կտրել, պաշարը վայելում, գարնան գալուն սպասում: Գետերի, առվըների երեսները սառիցը մեկ գազ էկել, հաստացել, իրար վրա դիզվել, էնպես էր ջրի, աղբրի բերնին հուպ տվել, որ մոտըներին կանգնողը միմիայն նրանց խուլ ձենն էր լսում, որ սառցի տակին տխուր, տրտում քլքլում էր ու էլ ետ էստեղ-էնտեղ կամաց-կամաց ձենը կտրում, պապանձվում, սառչում:
Արեգակը էս առավոտ որ գլուխը քնի տեղիցը ու աղոթարանիցը չի՛ բարձրացրեց ու աչքը աշխարքի վրա քցեց, շողքը սարերի գագաթին, դաշտերի գլխին է՛նպես էր պեծին տալիս, պսպղում, փայլում ու սառցի, ձնի հետ խաղում, ծիծաղում, կանաչ ու կարմրին տալիս, որ հենց իմանաս, թե ալմազ, զմռութ, յախութ ու հազար տեսակ-տեսակ անգին քարեր ըլեին դաշտերի, սարերի գլխին, երեսին, դոշին փռած: Սարերի սառը բուքը, ձորերի դառնաշունչ քամին է՛նպես էր մեյդան բաց արել, գոռում, փչում, հոսան անում, ձնի թեփը իրար գլխով տալիս, որ ճամփորդի քիթ ու պռունկը կպցնում, ճաքացնում, երեսը պատռում, գլխին, երեսին հազար անգամ խփում, աչք ու բերան լցնում, շատին կամ ձորերն էր քցում, խեղդում, կամ ձնումը թաղում, շունչը կտրում, կամ ոտ ու գլուխ փետացրած` ճամփից խռկում, սար ու չոլ քցում, խեղդում կամ քարեքար տալիս: էսպես մեկ խիստ ձմեռվան օրի լիսն ու մութը որ բաժանվեցավ, ու աղոթարանը բաց էլավ, քանաքռցիք քնից վեր կացան, տան երդիկները բաց արին, երեսները լվացին, մեկ-երկու խաչ հանեցին, բարի լիս ասացին իրար, երեխեքը ծածկեցին, ու ամեն մարդ սկսեց գնալ իր բանը: Մեծ մարդիկը միրքըները սանդրելով, պառավ կնանիքը չարսավը կռնատակների տակին` կամաց-կամաց տանիցը դուս էլան ու տերողորմյա քաշելով, Հայր մեր ասելով, հրաժարիմքը կամ հավատով խոստովանիմը քթըների տակին փնթփնթացնելով, իրար ողջույն տալով, շատը իր տակը քցելու շորը կամ մորթին ձեռին բռնած, քիթ-քթի տված` գնացին ժամ, դուոը պաչեցին, Էն վախտին վրա հասան, որ տերտերը դեռ չէ՛ր էկել, ժամկոչին ասեցին, որ զանգակը քաշի, ու իրանք մեկ-քանի ծունր դնելուցը հետո` մարդիկը սեղանի առաջին կամ տների տակին, կնանիքը ետի դասումը իրանց համար իրար մոտ շորը փռեցին, չոքեցին, գլուխ-գլխի դրին ու սկսեցին զրից անիլ, իրանց գեղի ու տների բանը պատմիլ իրար հալ հարցնիլ, մինչև տերտերն Էկավ, ճրագները, կանթեղները վառեցին, որտեղ ձեթ չկար, մղդսին ածեց, տերտերի փիլոնը քցեց, ու ընչանք մյուս ընկերն ու տիրացուքը կգային, նա էլ մեկ-քանի ծունր դրեց, չոքեց, սաղմոս ասաց, աղոթք արեց, էկողներին լավ վարավուրդ արեց, որի քեֆը հարցրեց, որի հետ էլ էնքան զրից արեց կամ աչքերը ճմբռեց, մինչև խալխը մի քիչ շատացավ, ընկերն էկավ, հրաժարիմքն ասեցին գդակը գլխներին, երեսները դեպի Արևմուտը դարձրին, ու հետո էլ ետ շուռ էկան, հավատամքն ու մեղեն սկսեցին, զանգակն մեկ անգամ էլ քաշեցին, որտեղ զանգակ չկար, ժամհարը գնաց, կտրների, աղբսների վրա ձեն տվեց, ու ժամն սկսեց կանգնիլ: Տերտեր, տիրացու ժամն էին ասում, ժողովուրդը ծունր դնում, խաչ հանում կամ չոքում, նստում, ու աշխատասեր, ժիր մղդսին յա ճրագի ծերը կտրում, յա կանթեղներին լիս տալիս, յա թե չէ՝ միրուքը քորելով, կոնդալ գլուխը տրորելով, արշտոտալով դուրս ու տուն էր անում, բուրվառ շինում, կամ էրեխեքանց գլխին խփում, որ հանդարտ կենան, ղալմաղալ չանեն, դես ու դեն չվազին: Բազի անգամ էլ բռնոթու ղութին ջիբիցը կամ ծոցիցը հանում, թափ տալիս, ինքը քաշում, փռշտում, երեսին խաչ հանում յա սատանին անիծում ու քեդխուդեքանցը թավազա անում, պատիվ տալիս ու էլ ետ ծանր-ծանր գալիս, իր տեղը կանգնում կամ տերտերի հրամանը կատարում: