Խաչատուր Աբովյան
Վերք Հայաստանի
ՀԱՌԱՋԱԲԱՆ
Կրեսոս թագավորն Լիդացվոց, երբ Կյուրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առավ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զորապետ՝ նրան թողեց, ու էն անգին մարգարտ»ի ու ջավահրե ամարաթներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտավոր աշխարքի երեսին էլ մարդ չէ՛ր համարում, ընկած մեկ պարսիկ զորականի առաջ, շունչը բերնին հասած` փախչում էր, որ իր գլուխն էլա պրծացնի, պարսիկը ետևիցը հասավ: Սուրը գլխին պսպղաց, աչքերը սևացավ, դեռ գլուխը չտված՝ հենց իմացավ, թե մահն, Էն ա, հոգին առավ: Հենց ուզում էր, որ ի՛ր թուրը իր սիրտը կոխի, որ թշնամին իրան չսպանի, զորականը որ թուրը չի՛ բարձրացրեց, թագավորի միամոր որդին, որ հոր մահը չտեսավ առաջին, քսան տարվա փակ լեզուն իսկույն կապը կտրեց, բաց էլավ, ու քսան տարվա լուռ սիրտը իր առաջին ձենը տվեց.
– Անօրե՛ն, էդ ու՞մ ես սպանում, քաշի՛ր թուրդ ետ, չե՛ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տե՞րն ա:
Զորականի ձեռները թուլացան. թագավորն իր գլուխն ազատեց, քսան տարեկան լալ (մունջ) որդին իր հորը պրծացրեց:
Էսքան տարի ողորմելի թագավորազն իր կյանքն անց էր կացրել, ո՛չ ծնողաց էնքան սերը, էնքան գութն ու փափագը, որ նրա ձենը մի լսեն, մի սիրտըները հովանա, ոչ Էն փառքն ու մեծությունը, ո՛չ էն պատիվն ու իշխանությունը, ո՛չ էն գանձն ու հարստությունը, ո՛չ աշխարքիս սերն ու վայելչությունը, ո՛չ էնքան սիրելյաց ու բարեկամաց սերն ու քաղցր զրիցը, ո՛չ ամպի ձենը, ո՛չ գետի ու թռչնոց էն անուշ եղանակը էնքան վախտ նրա սրտին է՛ն ներգործությունը չէին տվել, որ մեկ ծպտա էլա, ու իր հոր, իր ազիզ հոր մահը որ առաջին տեսավ, սիրտն էլ իր խուփը ետ քցեց, պապանձած լեզուն էլ իր կապը կտրեց, փակ բերանը իր կսկիծը հայտնեց, կարոտ, վերջին թելն ընկած հերը իր որդու ձենը լսեց, որ լսողի սիրտն էսօր էլ ա կրակ ընկնում, երբ մտածում ա, թե որդիական սէրն էր, որ բնության գրած զնջիլը էսպես ջարդեց ու փշրեց:
Ո՛չ քսան, երեսուն տարուց ավելի ա, իմ ազիզ հե՛ր, իմ սիրելի ա՛զգ, որ սիրտս կրակ ա ընկել, էրվում, փոթոթվում ա. գիշեր-ցերեկ լացն ու սուգ իմ աչքիցս, ա՜խն ու ո՜խը իմ բերնիցս չի՛ պակսում, ա՜յ իմ արյունակից բարեկամք, որ մեկ միտքս ու մուրազս ձեզ պատմեի ու հետո հողը մտնեի: Ամեն օր գերեզմանս առաջիս տեսնում էի, ամեն սհաթ մահվան հրեղեն սարը գլխիս պտտում էր, ամեն րոպեի ձեր սիրտն ու դարդը հոգիս էրում, մաշում էր. լսում էի ձեր քաղցր ձենը, տեսնում էի ձեր սիրուն երեսը, իմանում էի ձեր ազնիվ միտքն ու կամքը, վայելում էի ձեր ազիզ սերն ու բարեկամությունը, մտածում էի ձեր կորցրած փառքն ու մեծությունը, մեր առաջին, է՛ն հիանալի թագավորաց, իշխանաց գործքն ու կյանքը, մեր Հայրենյաց, մեր սուրբ աշխարքի առաջվան սքանչելիքն ու հրաշքը, մեր ընտիր ազզի աննման բնությունը ու արած քաջությունները: Մասիս առաջիս էր կանգնած միշտ, որ մատով ցույց էր տալիս, թե ի՞նչ աշխարքի ծնունդ եմ ես. Դրախտը մտքումս էր կենդանի, որ ինձ, երազում թե լուրջ, միշտ մեր երկրի անունն ու պատվականությունը իմ առաջս էր բերում. Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ` քնած տեղս էլ ինձ ասում էին, որ ես իրա՛նց որդին եմ. Եվրոպա թե Ասիա՝ ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի` բնակիչը. դաշտում թե ժամում, չոլում թե տան՝ էն քարերն էլ ուզում էին, որ սիրտս պոկեն, հանեն, ուրտեղ որ իմ ազզի ոտը կոխել ա ու էսօր էլ կոխում ա. շատ անգամ, մեկ հայ տեսնելիս, ուզում էի էլած շունչս էլ հանեմ, նրան տամ, – բայց, ա՜խ, լեզուս փա՛կ էր, աչքս՝ բա՛ց, բերանս բռնա՛ծ, սիրտս՝ խո՛ր, ձեռս՝ պակա՛ս, լեզուս՝ կա՛րճ. գանձ չունեի, որ գործով ցույց տայի ուզածս, անունս մեծ չէր, որ ասածս տեղ հասնի, մեր գրքերն էլ՝ գրաբառ , մեր նոր լեզուն էլ՝ անպատիվ, որ սրտիս հասրաթը խոսքով հայտնեի, հրամայել չէ՛ի կարող, խնդրեի, աղաչեի էլ լեզուս մարդ չէ՛ր իմանալ, չունքի ես էլ էի ուզում, որ ինձ վրա չծիծաղին, չասեն՝ կոպիտ ա, հիմար ա, որ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն չգիտի, ես էլ էի ազում, որ ասեն. «Օ՜հ, էնպես խորը, խրթին շարադրել գիտի, որ սատանեն էլ միջիցը մեկ բառ չի՛ կարող իմանալ, հասկանալ» Ես էլ էի ուզում, որ իմ գլուխս ցույց տամ, որ ինձ վրա զարմանան ու ինձ գովեն, թե հայերեն շատ խոր տեղակ եմ: Ով մեկ լեզու գիտի, ես մեկ քանիսը գիտեմ, ի՞նչ գիրք ասես, որ չեմ սկսել թարգմանիլ ու կիսատ թողալ, ոտանավոր, շարադրություն հո՛, Էնքան եմ գրաբառ գլխիցս դուս տվել, որ մեկ մեծ գիրք էլ է՛ն կդառնա:
Էս միջոցումը աստված ինձ մեկ քանի երեխեք էլ հասցրեց, որ պետք է կարդացնեի: Սիրտս ուզում էր պատռի, որ էս էրեխեքանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում: Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի, լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպես բաները դիր գալիս: Ուզում էի, շատ անգամ, մազերս պոկեմ, որ էս օտար լեզուքը ավելի էին սիրում, քանց մերը: Բայց պատճառը շատ բնական էր. էն լեզվըներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին է՛ն բաները, որ մարդի սիրտ կարող է գրավել, չունքի սրտի բաներ էին, ո՞վ չի՛ սիրիլ: Ո՞վ չի՛ ուզիլ լսիլ, թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը ի՞նչ զատ են, բայց մեր լեզվումը թե էսպես բաներ ըլին, թո՛ղ աչքս հանեն: էլ ընչո՞վ էրեխին քո լեզուն սիրիլ տաս, գեղըցու վրա ջավահիր ծախիր, հա՛, շատ լավ բան ա, ամա որ կարողություն չունի, մեկ կտոր ճաթի հետ էլ չի՛ փոխիլ քո տված անգին քարը: է՛ս հո էս. Եվրոպիումն էլ որ չէի կարդում բազի, գրքերում, թե հայ ազգը պետք է որ սիրտ չի՛ ունեցած ըլի, որ էնքան բաները գլխովն անց են կացել, մեկ մարդ էլա չի՛ դուս էկել, որ մեկ սրտի բան գրի, ինչ կա՝ եկեղեցու, վրա ա, աստծու ու սրբերի, բայց հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի, Սոֆոկլեսի գրքերը էրեխեքն էլ գլխատակներին ունեին, չունքի բոլոր աշխարհի բաներ են: Թե ասեի՝ բոլոր եվրոպացիք են անխելք անհավատ, որ աստծու բանը թողած էսպես ծռտի-մռտի բաների հետ էին ընկել, հիմարություն կըլեր: Թե չէ, մեր Նարեկը թողած՝ ախր ինչպե՛ս էին նրանք էն գրքերին հավանում, լավ գիտում էի, որ մեր ազգը էնպես չէ՛ր, ինչպես նրանք ասում էին, ամա ի՞նչ անես. անաղուն շաղացի քարն էլ չի՛ պտիտ գալիս, ո՞ւմ ասես:
Միտք էի անում, որ թե կտրիճ մարդ ասես, մեր միջումը հազարավորն են էլել ու էսօր էլ կան. Թե խելոք խոսք ասես, մեր պառավներն էլ հազարը գիտեն: Թե աղ ու հաց ասես, սեր, բարեկամություն, քաջություն, երևելի անձինք ասես, մեր գեղըցոնց սիրտն էլ ա լիքը էսպես մտքերով: Առակ, մասալա, սուր-սուր խոսքեր որ ուզենաս, հո էն հետին ռամիկ մարդը մեկի տեղակ հազարը կասի: Ախր ի՞նչ պետք էր արած, որ մեր սիրտն էլ ուրիշ ազգեր իմանային. մեզ էլ գովեին, մեր լեզուն էլ սիրեին, մնացել էի տարակուսած: Լավ գիտեի, որ թե օսմանցվի, թե ղզլբաշի երկրումը ինչքան էնպես երևելի, խելոք, հունարով մարդ են էլել, ինչքան խանի, շահի, սուլթանի դռներին սիրեկան աշըղ, լավ խաղ ասող, ոտանավոր շինող մարդ են էլել, շատը հայ ա էլել: Մենակ Քեշիշ օղլին, Քյոռ օղլին բավական են, որ ասածս սուտ չի՛ դուս գա: Թո՛ղ էսօր էլ մեկ մարդ Գրիգոր Թաբխանովի հետ խոսա, նրա ասած խոսքերն, նրա էն ճարտար լեզուն, նրա էն հիանալի բոյն ու պատկերը, նրա հենց մեկ հունարը տեսնի, որ հարիր տեսակ զանազան մարդի ու ազգի լեզուն, շարժմունքը, նստիլ վեր կենալը Էնպես ցույց կտա, որ քոռանամ, թե Եվրոպիո Էն ընտիր թեատրներումն էլ տեսած ըլիմ, ու վարժատան երես հո իր օրումը, կարելի ա, Էն ժամանակն ըլի տեսած, որ այբբենը մեր միջումը գաբով էին բռնում, գյուլլով վեր քցում, էն ժամանակը կիմանա, թե հայոց միջումը ի՜նչ հունար կա:
Էսպես բաները մտածելով՝ օրս ու ումբրս մաշվել էր: Շատ անգամ ուզում էի իմ գլուխս մահու տամ: Չէի իմանում, թե սրա չարեն ի՞նչ կըլի: Թո՛ղ լսողը չհավատա, ամա էս ցավն էնպես էր սիրտս առել, որ շատ անգամ գժվածի պես ընկնում էի սար ու ձոր, ման գալիս, մտածում, էլ ետ սիրտս լիքը տուն գալիս: Հենց է՛ս էր պատճառը, որ մեկ օր էլ, ամառվան գաստուրի ժամանակին, աշակերտներս որ առավոտը թողի, ճաշիցը ետ ընկա էլի սարեսար: Ճարս կտրվեց, գնացի նեմեցի Կոլոնիեն, մեկ նեմեց բարեկամի մոտ. նրանք էլ ինձ վրա ցավելով` իրեք օր չթողին գամ քաղաքը: Բայց քաղաքումն իմ սիրելի աշակերտները ու ծանոթ-բարեկամք իմ սուգս վաղուց էին արել: Հենց իմացել էին, թե Քուռն եմ ընկել, չունքի ամեն առավոտ, րիգուն գնում էի, լողանում: էլի իմ, ի՛մ ազիզ, ի՛մ սիրելի աշակերտներն էին ընկել ետևիցս, որ բալքի մեկ բան էլա իմանան: Մեկ առավոտ փանջարումը նստած՝ էլի մտքիս հետ էի ընկել, որ նրանք առաջովս անց կացան: Օր չտեսա նրանց, հոգիս տեղըհան էլավ: Իմ ու նրանց էն օրվան իրար տեսնիլը ո՞վ կարա պատմիլ. ով սիրտ ունի, ինքը կիմանա: Բալքի թե գերեզմանումը էս ձեր սերը մտքիցս գնա, ա՜յ իմ սիրելի՛, իմ ազի՛զ բարեկամք, թե չէ, որքան էս կապուտ երկինքը գլխիս ա, շունչս բերանումս, ձե՛զ, ձե՛զ սուրբ պետք է համարեմ ինձ համար, ձեր արևի՛ն մեռնիմ: Բայց ա՜խ, ե՞րբ ա երկինքը մեկ կերպի մնացել, որ մարդի սիրտը մնա: Հենց մի փոքր մտքիս արևը երևաց թե չէ, էլի սև-սև ամպերը գլխնե՛ րը բարձրացրին, էլի կայծակ ու որոտումն սրտումս մեյդան բաց արին: Ջուրն ընկնիլ էլ չէի կարող, չունքի աստուծո ահը մտքումս, անմեղ քոռփիս ձենը անկայումս էր, սերն ու ծնողական գութը՝ ջիգյարումս. ես դինջանայի, էթըմին ո՞վ պահեր: Բանը հենց էս էր, որ ասում էի մտքումս, թե նստիմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց արած քաջությունները պատմեմ, էլի մտածում էի, թե ու՞մ համար գրեմ, որ ազգը լեզուս չի հասկանալ: Թեկուզ ռսերեն, նեմեցերեն յա ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրաբառ, տասը՝ կըլի որ հասկանային, բայց Հարիր հազարի համար` թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց: Ախր որ ազգը Էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ օսկի վեր ածի՛ր, ու՞մ պետք է ասես: Ամեն մարդ իր սրտի խարջ բան կուզի: Քո ղաբլու փլավն ինձ ի՞նչ օգուտ, որ ես չե՛մ սիրում: