ԱԴՅԱՆ ԼԵՎՈՆ - ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ стр 18.

Шрифт
Фон

–Բարև, Ստեփան,– ասաց Ռաֆայելը, մտնելով ներս, ուր զգացվում էր էթիլային սպիրտի, եթերի ու ամոնյակի սուր հոտը։– Դու ինչ է, մենա՞կ ես։ Իսկ ո՞ւր են մնացածները։

–Ընդմիջման գնացին։

–Իսկ դու ինչո՞ւ չես գնացել։

–Ես եկել եմ այն համոզման, որ կյանքի երկարացման գաղտնիքը այն չկարճացնելու մեջ է, իսկ դրան հասնել կարելի է միայն ժամանակ առ ժամանակ թերասնվել։

–Կեցցես, մեծ մարդիկ ուտելու հարցում միշտ էլ եղել են չափավոր։

Ստեփանը նստեց գծագրական սեղանի մոտ, իսկ Ռաֆայելը սկսեց քայլել առաջ ու ետ, մերդընդմերթ Ստեփանի ուսի վրայով նայելով գծագրերին։

–Ես ոչ թե եկել եմ քեզ խանգարեմ՝ ինչպես դու ես հակված մտածելու,– ասաց Ռաֆայելը, կանգ առնելով Ստեփանի դիմաց,– այլ եկել եմ որոշ մտքեր փոխանակելու։

Ստեփանը զարմանքով նայեց Ռ աֆայելին, քմծիծաղեց.

–Դու ինչ է, հեռավորության վրա կարդո՞ւմ ես մտքերս։

–Ոչ, պարզապես դրանք գրված են քո դեմքին… Ինչ-որ մեկն ասել է, որ մենակությունը լավ բան է։ Զիլ է, չէ՞, ասված։ Դու այդ ինչ է, էլի՞ ես գծագրում։ Ես էլ կարծում էի, թե ինքնասպանություն ես գործելու։

–Գուցե խոստովանությո՞ւն անեմ։

–Անշուշտ, թե չէ փակ են քո առջև դրախտի դռները։

–Վերջին ժամանակներս ինքս էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Խոսում եմ մարդկանց հետ ու շարունակ մտածում՝ իսկ եթե հանկարծ չի հավատում ու հենց այնպես է գլխով անում, հանուն քաղաքավարության։ Այսօր կոպտեցի տեղակալիդ։ Առանց որևէ պատճառի վիրավորեցի մարդուն։

–Խոստովանիր, խոստովանիր զանցանքներդ,– ծիծաղեց Ռաֆայելը։– Այդ մասին ինձ հաղորդել են։

–Արդե՞ն… Պետք է ասել, որ ինֆորմացիոն դրվածքը գերազանց է ինստիտուտում։

–Կատակի, կատակի, իսկ եթե այդ տեղակալի տեղ ես լինեի, մի դիմում կգրեի կուսկազմակերպության քարտուղարի անունով ու պատիվ կպահանջեի։

–Բախտս բերել է, որ ոչ թե քեզ, այլ քո տեղակալին եմ վիրավորել։ Նա ավելի նրբազգաց գտնվեց, և դրա համար ես երախտապարտ եմ նրան։ Բարի մարդկանցով լիքն է աշխարհը, բայց, դժբախտաբար, մենք հազվադեպ ենք հանդիպում նրանց։– Ստեփանը ուղիղ նայեց Ռաֆայելին, ապա ասաց.– Ասա, բայց միայն ճիշտը, քեզ ի՞նչն է բերել ինձ մոտ։

–Բարձր նրբանկատությամբ օժտված մարդկանց հետ հանդիպելու ծարավը։ Նման մարդկանց ևս, դժբախտաբար, հազվադեպ ենք հանդիպում։

–Ի սեր աստծո, միայն թե առանց առեղծվածների,– խնդրեց Ստեփանը։

–Գիտե՞ս ինչ կա,– ասաց Ռաֆայելը,– ընկնելով նույնպիսի փորձանքի մեջ, մարդիկ, սովորաբար, սկսում են սեր ու հավատարմություն բացատրել ինձ։ Դու ընդհակառակն ես անում։ Դա արդեն ինչ-որ բան նշանակում է։

–Մեր մեջ ասած, դու, ինչպես երևում է, մարդկանց մասին այնքան էլ նպաստավոր կարծիքի չես։ Դու ներիր ինձ, իհարկե, բայց ակնարկներով խոսել չեմ կարողանում։

–Իսկ քեզ չի՞ թվում, որ դրանով դու կարող ես վիրավորել։

–Գուցե,– պատասխանեց Ստեփանը։-Համենայն դեպս, քո խոսքից ես այդ տպավորությունը ստացա։

–Դու չափն անցնում ես, Ստեփան,– ասաց Ռաֆայելն առանց չարության և մոտեցավ լուսամուտին։

–Ներիր,– արձագանքեց Ստեփանն անտրամադիր։– Տեխնիկայում այսպիսի մի արտահայտություն կա՝ բարոյական մաշում։ Դա այն է, երբ սարքավորումը դեռևս աշխատում է, բայց արդեն դեն նետել է պետք։

–Ստեփան։

–Ասա, լսում եմ։

–Ամեն մարդ իր տեսակետն ունի այս կամ այն երևույթի նկատմամբ, և դա նրան իրավունք է տալիս…

–Հանգիստ թողնենք ամեն մի մարդու, խոսքը հիմա վերաբերում է ինձ ու քեզ։ Ինչպիսի՞ն է անձամբ քո տեսակետը։ Իմ սիրտը մի բան է հուշում միայն,– նա հայացքով ցույց տվեց բարձր առաստաղը,– մի օղակ գցել ու կախվել այնտեղից։

–Առանց մելոդրամական ժեստերի էլ կարելի է ապրել,– ասաց Ռաֆայելը։– Դա մեր տարիքին չի սազում։ Թե համաձա՞ն չես։

–Համաձայն եմ,– պատասխանեց Ստեփանը և, ելնելով տեղից, ասաց.– գիտե՞ս, Ռաֆայել, ես հիմա մտածեցի այն մասին, որ, եթե գործը հասնի դատարան, ապա դու…

–Գործը դատարան չի հասնի,– կտրուկ ընդհատեց Ռաֆայելը։

–Ինչո՞ւ։

–Եթե նույնիսկ ընդունենք, որ դու մեղավոր ես,– հանգիստ պարզաբանեց Ռաֆայելը,– քո մեղավորությունը անհնարին է իրավաբանորեն ապացուցել։

–Իսկ ենթադրել, որ ես մեղավոր եմ՝ հնարավո՞ր է, իսկ կասկածել՝ հնարավո՞ր է։ Դե ինչ, շնորհակալություն գոնե այն բանի համար, որ կասկածի տակ ես դնում իմ մեղավորությունը։ Չէ՞ որ դա այդպես է,– ընդհուպ մոտենալով Ռաֆայելին հարցրեց Ստեփանը։– Չէ՞ որ, իրոք, կասկածի տակ ես դնում։ Ասա, խնդրում եմ, ասա, որ ես սխալվում եմ։

–Ոչ,– պատասխանեց Ռաֆայելը։

–Ես քեզ չեմ հասկանում,– կրկին նստելով տեղը, շփոթված ասաց Ստեփանը։– Չեմ կարողանում հասկանալ։

–Ի՞նչ կա այստեղ չհասկանալու,– մտահոգ ասաց Ռաֆայելը։– Ախր, դու ինքդ էլ չես հավատում, որ արել ես ամեն մի հնարավոր բան ու կանեիր, անշուշտ՝ փրկելու Անտոնյանի կյանքը։ Չէ՞ որ դա այդպես է։

–Չէ, մեզնից մեկը խելագարվել է,– գլուխն օրորեց Ստեփանը։– Կամ էլ երկուսս ենք խելագարվել։

–Հավատալի է,– ժպտաց Ստեփանը

–Ինչպե՞ս թե՝ հավատալի է։ Դա այդպես էլ կա… Լսիր, ապարատն ուղարկված է փորձաքննության, դու ինչպես՞ կարող ես նման բան մտածել՝ առանց իմանալու փորձաքննության եզրակացությունը։

–Փորձաքննությունը շատ բան կպարզի, բայց ոչ բոլորը,– ասաց Ռաֆայելը։– Ասա ինձ, դու ինչպե՞ս վերաբերվեցիր այն աղմուկին, որը, ըստ էության, կարող էր որպես նախազգուշացում ծառայել ձեզ համար։

–Գրողը տանի, քանի՞ անգամ կարելի է կրկնել,– ասաց Ստեփանը վրդովմունքով։– Ախր, ասում եմ քեզ , այդ աղմուկը ժամեր չի տևել, այլ տասը վայրկյանից ոչ ավել։ Հասկանո՞ւմ ես, տասը վայրկյան, ընդամենը տասը… Դու չես կարող պատկերացնել, թե դա ինչ է նշանակում։ Մի ակնթարթ։

–Եթե, իհարկե, համեմատելու լինենք հավիտենականության հետ։ Մի ակնթարթում մեռնում են մարդիկ, բայց ակնթարթը կարող է և մի կյանք փրկել… Մարդկային կյանքը ևս մի ակնթարթ է և կարևորը ոչ թե այն է, թե ինչ տևողություն ունեցավ այդ աստղային ակնթարթը, այլ թե ինչպես անցավ այն, ինչպիսի հետք թողեց… -Ռաֆայելը հևասպառ լռեց, այդպես լուռ մնաց որոշ ժամանակ, հետո սիգարետի ծուխը օղակ-օղակ բաց թողնելով, արդեն հանգիստ ձայնով շարունակեց.– Եվ այսպես, այդ աղմուկը տևեց տասը վայրկյանից ոչ ավել։ Ահա քո վայրկյանները,– նա նայեց ժամացույցին՝ հետևելով վայրկյանաչափի սլաքին, և մատների վրա սկսեց հաշվել՝ մեկ-մեկ ծալելով դրանք, մեկ… երկու… երեք… չորս… հինգ… վեց… յոթ… ութ… ինը… տասը,– գլուխը անսպասելի ետ գցելով՝ Ռաֆայելը նայեց Ստեփանին, որը, ձեռքերով ականջները փակած, սարսափով նայում էր իրեն։– Եվ այս ամբողջ ժամանակ ապարատն աղմկում էր՝ սպառնալով պայթել։

–Բավական է, – ասաց Ստեփանը ծանր շնչելով։– Լսո՞ւմ ես, բավական է, դա սարսափելի է։

–Ինչո՞ւ։

–Նրա համար, որ այդ րոպեին ես ուրիշ բանի մասին էի մտածում…– Ստեփանը խորը շունչ քաշեց։– Ճնշումը հանկարծակի սկսել էր բարձրանալ, և ես այդ ժամանակ ձգտում էի, որպեսզի մթնոլորտային ճնշումը չանցնի հարյուր տասից։ Ես ճնշաչափի սանդղակին էի հետևում…

–Հանցագործությունների ութանասուն տոկոսը կատարվում են այն պատճառով, որ մարդիկ, ովքեր պարտավոր են ժամանակին կանխել այն, չեն կանխում։

–Ահա, ի վերջո դու արտասանեցիր այդ բառը՝ հանցագործություն, և ամեն ինչ ընկավ իր տեղը,– ասաց Ստեփանը չարախինդ ծիծաղով։– Շնորհակալություն, Ռաֆայել… Իսկ հիմա ես պետք է քեզ խոստովանեմ՝ այո, ես եմ սպանել Անտոնյանին… Գիտեմ, դու հիմա չես հավատա ինձ, բայց դա այդպես է։ Ես տեսա, որ նա եկավ շատ վատ տրամադրությամբ։ Այդպիսի վիճակում, ինչպիսին Անտոնյանն էր, մարդիկ մահ են փնտրում։ Եվ ես օգտվեցի դրանից։ Ես չխանգարեցի նրան մեռնել, որովհետև ուզում էի ետ վերադարձնել Եվային։ Վերջ։ Իսկ հիմա խոսենք եղանակից։ Դասական անվնաս թեմա է։

–Հուսանք, որ այն, ինչ ասացիր հիմա, անմիտ բարբաջանքնե էին և որ փորձագետները ինչ-որ անսպասելի բան կգտնեն քո ապարատում։ Դեհ, իսկ հիմա սկսիր եղանակի մասին։ Սպասիր։– Ինչ-որ բան մտաբերելով, Ռաֆայելն արագ նայեց ժամացույցին և ասաց.– Չէ, ներիր, ավելի լավ է, ես գնամ, շտապ պետք է զանգեմ մինիստրություն։ Իսկ քեզ մոտ եկա՝ ասելու, որ վաղը երեկոյան գաս մեզ մոտ, Ամալյայի դիպլոմը պետք է նշենք։

–Շնորհակալություն,– ակամա ասաց Ստեփանը։


*******


Օրվա վերջին լաբորատորիա եկավ դիրեկտորի քարտուղարուհին և ասաց, որ Ռաֆայել Աղասիևիչը Ստեփանին շտապ կանչում է իր մոտ։ ''Տեսնես հիմա՞ ինչ է եղել'',– մտածում էր Ստեփանը, սանդուխքներով բարձրանալով երկրորդ հարկ։ Դիրեկտորի ընդունարանում սպասողներ կային, սակայն քարտուղարուհին հայացքով հասկացրեց նրան, որ ներս մտնի։

Ռաֆայելը խոսում էր հեռախոսով։ Նա ելավ տեղից՝ շարունակելով խոսել ու աշխատելով ինչքան հնարավոր է խոսակցությունը կարճ կապել։ Վերջապես նա ցած դրեց ընկալուչը, սևեռուն նայելով Ստեփանին, ժպտաց բեղի տակ, և դանդաղ մոտեցավ նրան։

–Ի՞նչ ես այդպես նայում,– չհամբերեց Ստեփանը։– Առաջին անգա՞մ ես տեսնում։

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3