Դուռը բաց արեց Ստեփանը։ Տեսնելով Ելենային, նա սկզբում զարմացավ, հետո ժպտաց գոհունակությամբ։
–Բարի երեկո, Ստեփան,– ժպտաց Ելենան։
–Ելենա՞… Սա անձնազոհություն է քո կողմից։
–Հեգնանքը քո տարերքը չէ, Ստեփան։ Դա թող վճռական խառնվածքի տղամարդկանց։
–Իսկ ես, ինչ է, վճռակա՞ն տղամարդ չեմ։
–Դո՞ւ,– ներս մտնելով ասաց Նարինեն։– Գոնե մի ծիծաղեցրու։
–Սխալվում ես, ես վճռական տղամարդ եմ, և, իմիջիայլոց, չափազանց վճռական։ Մի րոպե մտածիր ու տես, թե ինչ ասել է օրը ցերեկով մարդ սպանել, և այն էլ գերժամանակակից սարքերի օգնությամբ։ Կատա՞կ ես կարծում։ Այդպիսի բան այնքան էլ հաճախակի չի պատահում։ Բոլորը փախչելու են ինձնից… Այսուհետև յուրաքանչյուր ոք հավանորեն պիտի վախենա, որ հեղինակակից կվերցնեմ իրեն՝ հերթական գյուտի համար, իսկ հետո կսպանեմ փորձարկման ժամանակ։ Զարմանում եմ, թե դու ինչպես ես համարձակվել գալ ինձ մոտ։
–Որովհետև ես չեմ վախենում, թե դու ինձ հեղինակակից կվերցնես,– նստելով պատահած աթոռին ու ուշադիր նայելով շուրջը ծիծաղելով ասաց Ելենան։ Ամենուր՝ դարակներին, աթոռներին, լուսամուտագոգերին, նույնիսկ հատակին՝ այս ու այնտեղ, անփութորեն թափված տեղեկագրքեր էին, տեխնիկական զանազան ամսագրեր ու խողովակաձև ոլորած գծագրեր։-Իսկ բնակարանդ ոնց որ խոզանոց լինի,– ի վերջո ասաց նա։
–Ի՞նչ…– զարմացավ Ստեփանը,– ինչո՞ւ խոզանոց, սովորական բնակարան է,-նա ևս նայեց շուրջը։– Գուցե որոշել ես կա՞րգի բերել այն։
–Այո,– պատասխանեց Ելենան ելնելով տեղից։– Ստիպված եմ։
–Լսիր, վերջ տուր։ Մի տես ժամը քանիսն է։
–Մարդ պետք է սովորի ենթարկվել իրեն և հնազանդվել իր վճիռներին։ Ավելի լավ է հավաքեմ սենյակդ, քան սրամտության մեջ սկսեմ մրցել քեզ հետ։
–Լենա, դու, իհարկե, նրա համար չես եկել, որպեսզի կարգի բերես սենյակս, ճի՞շտ է։
–Իսկ ինչի՞ համար եմ եկել,– շինծու տարակուսանքով հարցրեց Ելենան ՝ թոթվելով ուսերը։
–Դե, երևի, ինձ ինչ-որ եռանդ ու թափ հաղորդելու, նմանապես և՝ սիրտ տալու նպատակով։ Դու ավելի լավ է դրանից սկսիր։
–Ստեփան։
–Ի՞նչ է։
–Վերջ տուր ծեքծեքվելուդ։
–Ի-ի՞նչ։
–Ախ, դու նույնիսկ չես նկատում դա։ Ոնց էլ մտել է դերի մեջ։ Այ քեզ արտիստ։
–Չգիտեմ, Լենա, չգիտեմ,– հանկարծակի լրջանալով ասաց Ստեփանը։-Ես հասկանում եմ, որ կողմնակի հանցանշաններն իմ դեմ են, և ես, ըստ էության, այդ հանցանշաններին հակառակադրելու ոչինչ չունեմ։ Երբեմն ինձ թվում է նույնիսկ, որ ես կարող էի փրկել Անտոնյանին, սակայն, ենթարկվելով ինչ-որ ներքին մղումի, գիտակցաբար չհրեցի նրան մի կողմ… Իսկ գուցե դա այդպես էլ եղել է, հը՞… Բայց ինչի՞ մասին էի ես խոսում… Չէ, բանը բոլորովին այն չէ… Ես ասում եմ, որ շատ բան կա իմ դեմ, և ես չեմ զարմանում, երբ իմ ամեն մի խոսքը երկար կշռադատում են՝ նախքան կընդունեն կամ կմերժեն այն։ Բայց երբ դա անում է մի մարդ, որը դպրոցական նստարանից է ճանաչում ինձ…
–Ռաֆայելը հավատում է քեզ,– հանգիստ ասաց Ելենան։
–Հավատում է… Իսկ հանուն ինչի՞ էր սարքել այդ հարցաքննությունը։ Դա հո քեզ մոտ էր։
–Նա ուզում էր գործի հետ կապված որոշ հանգամանքներ ճշգրտել։
–Ճշգրտել կարող էին և ուրիշները, իսկ ես այս երեկո նրանից, այո, հատկապես նրանից, ուսանողական ու դպրոցական իմ ընկերոջից միանգամայն այլ բան էի ուզում լսել։
–Նա քո պետն է, և պարտավոր էր անել դա։ Բացի այդ, ավելի վատ կլիներ, եթե ուրիշները սկսեին ճշտել. նրանք, ովքեր այնքան էլ բարեհաճ չեն քո նկատմամբ…
–Այո. գիտեմ,-գլխով արեց Ստեփանը, – նրանցից մեկն այն օրը եռանդագին պահանջում էր դատի տալ ինձ։
–Այ, տեսնո՞ւմ ես…
–Ոչ, չեմ տեսնում։ Եվ չեմ էլ ուզում տեսնել։ Ես թքած ունեմ այդ մեկի վրա։ Բայց հասկացիր, վերջապես, ես կարող եմ արհամարհել այդ մեկին բայց ոչ Ռաֆայելին։ Թե չէ կարող է ստացվել այնպես, որ արհամարանքով ենք վերաբերվում շատ բաների՝ հավատարմությանը, բարեկամությանը, վստահությանը, ընկերական կապերին, մի խոսքով, այն ամեն լավին, որ գոյություն ունի մարդկային փոխհարաբերություններում։ Դու տեսնո՞ւմ ես, ես վախենում եմ ոչ թե տեղի ունեցածի պատասխանատվությունից. վերջ ի վերջո այդ գործը կպարզաբանեն նրանք, ովքեր պարտավոր են պարզաբանել ըստ հաստիքի։ Սատանան նրանց հետ, թող ինձ իդեալիստ կոչեն, պլատոնական, երազող, թող ասեն այս աշխարհից չէ, բայց ես հավատում եմ մարդկային բարի հարաբերությունների սրբությանը և պատրաստ եմ այս ձեռքերով խեղդելու նրան, ով կհամարձակվի ոտնաձգություն անել այդ սրբության դեմ։
–Ուրեմն սկսիր ինքդ քեզնից։
–Ինչպե՞ս թե,– չհասկացավ Ստեփանը։
–Որքան ինձ հայտնի է, դու դադարել ես պատասխանել նույնիսկ Ամալյայի ողջույնին։ Նա ի՞նչ մեղք ունի։
–Հասկանո՞ւմ ես, ես ինքս էլ չգիտեմ, թե ինչպես պատահեց դա… Հիմարություն էր ուղղակի… Ներողություն խնդրիր նրան իմ անունից։
–Հրաշալի է,– քրթմնջաց Ելենան։-Ինչ-որ մեկը պիտի վիրավորի, իսկ ես պիտի ներողություն խնդրեմ։
– Լենա, ի սեր աստծո…
–Դու հիմա այնպես գեղեցիկ էիր խոսում սրբության մասին, որ քիչ մնաց լաց լինեի։ Հենց ինքդ էլ ներողություն կխնդրես։ – Ելենան ինչ-որ բան հիշելով, ժպտաց և, նայելով Ստեփանին, ասաց- Այսօր հանդիպեցի մեր շրջկոմի քարտուղարին, մենք սովորելու ժամանակ՝ նա ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղարն էր, հիշո՞ւմ ես, նա, հետաքրքրվեց տղաներով, և ես նրան պատմեցի, թե ինպես է Ռաֆայելը վերջերս ցանկացել հատակի մեխերով վերանորոգել զգեստապահարանի դուռը։
–Եվ հետո՞։
–Ոչինչ, ծիծաղեեց ասաց, որ կպատմի ընկերներին։ Ախր, դա այնպես բնորոշում է Ռաֆայելին։
–Այ, հենց դա է զարմանալին։
–Ի՞նչն է զարմանալին։
–Այդ մարդու մեջ արտասավոր կերպով միահյուսված են երկու ասես մեկը մյուսին հակասող բաներ։ Ռաֆայելն, ինչ խոսք, տաղանդավոր ինժեներ է։ Բայց դա նրա համար կարծես ոչ մի նշանակություն չունի։ Նրա համար կարևորն այն է, որպեսզի մարդիկ կարողանան մտածել, իրենց զգան ստեղծագործական պրոցեսում, նա ասես մի տեսակ ձուլվել է մարդկանց կոլեկտիվին։ Եվ այդ ամբողջ անհավատալի անշահախնդրության ու ինքնայրման հետ մեկտեղ՝ նման կասկածամտություն։ Որտեղի՞ց է դա՝ չեմ հասկանում։
–Դու չպետք է չափից դուրս խստապահանջ լինես նրա նկատմամբ,– ասաց Ելենան։-Նրա վրա ահագին պատասխանատվություն է դրված՝ անթիվ-անհամար զանգեր, պլանների ժամանակին կատարում, դեպուտատական պարտականություններ, արտադրական հազար ու մի հոգսեր ու այլ և նման բաներ։ Նա պարտավոր է պահանջկոտ լինել մարդկանց նկատմամբ։
–Արդարացնելու հարկ չկա, Լենա։ Ես Ռաֆայելին քեզնից պակաս չեմ սիրում, դու դա գիտես, բայց այնուամենայնիվ շատ դեպքում մարդկանց վատ հարաբերությունները նրանց լավ հատկությունների շարունակությունն են։ Բայց չէ՞ որ ուրիշները դրանից թեթևություն չեն զգում։ Ոչ, Լենա, այդպիսի բաների հանդեպ աչք փակելը պակաս հանցագործություն չէ, քան անտարբերությունը։
–Այո, թերևս դու ճիշտ ես, – ասաց Ելենան։ – Նա ժպտուն աչքերով նայեց Ստեփանին և անսպասելի ասաց- Գիտե՞ս, դու շատ ես նման Հեմենգուեին։
–Գիտեմ, Ռաֆայելն ասել է։
–Ճի՞շտ։ Եթե Ռաֆայելն էլ է ասում, ուրեմն իրոք նման ես։ Իսկ հիմա վերցրու աղոթագրքերդ և անցիր մյուս սենյակ, ես պետք է կարգի գցեմ այստեղ։
–Ախր, Լենա…
–Եռանդ ու թափ հաղորդելու, ինչպես նաև սիրտ տալու մասին ճառերն այսօր հետաձգվում են։ Եղա՞վ։
–Բայց, լսիր, միայն սատանան գիտի, թե ինչ է սա… Հազարից մի անգամ եկել ես ինձ մոտ…
–Ես հազարից մի անգամ չեմ եկել, Ստեփան, դու սխալվում ես։ Ես մշտապես քեզ մոտ եմ գալիս, միայն թե երբեք տեղ չեմ հասնում։ Շարունակ մնում եմ կես ճանապարհին։ Մի՞թե դու չգիտես որ ամբողջ կյանքում կարելի է անցնել ամենակարճ տարածությունը և, այնուամենայնիվ երբեք չհասնել նպատակին…Ստեփան,– շարունակեց Ելենան հանկարծակի այլայլվելով,– եթե քեզ մի բան պատահի, ապա, իմացիր, որ կգամ քո ետևից, ինչպես դեկաբրիստների կանայք էին գնում տաժանակրության իրենց ամուսինների ետևից։
Ստեփանը վճռական քայլերով մոտեցավ Ելենային ու կանգնեց երկու քայլի վրա։
– Լենա, – շշնջաց նա։– Այն, որ դու հատկապես այսօր ես եկել ինձ մոտ… Ինձ համար այսպիսի մի պահի…
–Սպասիր, չհամարձակվես մոտենալ, – մի տեսակ ասես վախեցած արտաբերեց Ելենան, նստելով բազկաթոռում ու ձեռքերով ծածկելով դեմքը։– Չմոտենաս։
–Քեզ ի՞նչ պատահեց, Լեն, – շփոթված հարցրեց Ստեփանը՝ չհամարձակվելով տեղից շարժվել։
–Ես… Ոչինչ չեմ ուզում,-գլուխն օրորելով, արցունքների միջից արձագանքեց Ելենան, – Ինձ պետք չէ, լսո՞ւմ ես, ինձ պետք չէ քո երեխտապարտությունը…
*******
Եղանակը մեղմ էր, տրամադրող։ Դուրս գալով ռեստորանից, Ռաֆայելը թևանցուկ արեց կնոջը, և նրանք, զգուշանալով մեքենաների անվերջանալի հոսքից, անցան պողոտան, որից այն կողմ ընկած էր ծովափնյա երկայն զբոսայգին, և քայլեցին ափամերձ ծառուղիով։ Այս ու այնտեղ զույգ-զույգ, խմբերով կամ պարզապես մենակ, դանդաղ զբոսնում էին մարդիկ, ծառերի տակ, կիսամթան մեջ դրված նստարաններին, ասես արտաքին աշխարհից մեկուսացած, տաքուկ քչփչում էին միայնակության սիրահարները։