ԱԴՅԱՆ ԼԵՎՈՆ - Թ Ու Խ Ճ Ա Յ Ը стр 12.

Шрифт
Фон

Կարճատև է այն, ավաղ, փութկոտ անցնում է  օրը, օրը դառնում է տարի, փոփոխվում է ամեն ինչ՝  ինչ որ թանկ էր մեզ համար ոչ հեռավոր անցյալում, դառնում է սին ու չնչին… Եվ վաղանցիկ  այդ կյանքում՝ վատ օրերը անհատնում, լավ օրերը՝ աննշմար, ու անցնում է կյանքը մեր՝ մեր իղձերին խոտորնակ,  մեկն ապրում է հրճվալից, աջ ու ահյակ  կտտելով, մյուսը՝ բախտին հնազանդ, աղի արցունք կուլ   տալով:

Արդարություն անձկացի ողջ իմ կյանքում՝ ապարդյուն, որտեղ բարին՝ չարն այնտեղ, ու հաղթյողը նա է միշտ: Հազար ափսոս արդարին՝ այս անարդար աշխարհում: Աստված վատին ստեղծեց՝ լավերի տեղն իմանանք,  ոչ  արդար գործ, ոչ էլ խոսք, մի սպասիր դու տմարդից,  մարդու լեղին, իմացիր, չի հասնիև ոչ մի թույն: Մահն է արդարը միակ՝ ոչ հարուստ է ճանաչում, ոչ զազրելի պաշտոնյա, ոչ էլ անգետ ու գիտուն. անխտրական տանում է հեռու  անհայտ  մի աշխարհ:

Կյանքը սիրուն խաբկանք   է, գալիք օրվան հույս չկա՝ թռչունն մրջյուն է ուտում, վաղը մրջյունը՝ թռչուն:

Կյանքը երկար է թվում, սակայն կարճ է հիրավի, դանդաղասահ ցատկ է մի՝ ծնված օրից մինչև մահ…


ՍԱՆԴՈՒՂՔՆ Ի ՎԵՐ…

Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։ Երեկ՝ հարուստ, հարգ ու պատիվ՝ խնկարկում էր ազգուտակ, այսօր՝ աղքատ, ուղեկիցդ՝ մտքերըդ են տվայտալի, իսկ ընկերդ՝ անհուսալի հույսը վաղվա փուչ  օրվան։

Հրապուրված  սին ու   շողոմ,  սուտ  խոսքերով,  տունս  արած  քարվանսարա,  ոտի  կոխան ամենքի՝ չհասկացա մի  անողորմ ու ցավագին իրողություն. մարդիկ, եղու՜կ, հիշում են քեզ, երբ որ իրենց պետք ես միայն:

Այդպես էլ կար, Տերը վկա, այդպես էլ կար` դժվար օրիս մեկը չկար:

Ինչ    կորցրել՝  չեմ որոնում,  միևնույն  է, էլ չեմ գտնի:Կյանք ասածը դա է,որ կա՝    մեկը ողբում  կորուստը իր, մյուսն` հրճվում իր   գտածով:

Անցածն անցավ, անդարձ անցավ, ինչ որ  պիտի  վաղը     լինի՝ թող որ լինի, ո՞վ  կասի,  թե  վաղվա օրն  ինչ կլինի, ունեցածով    մխիթարվենք ու  չընկճվենք  որպես մի զոհ. չունևորի մորմոքումով՝ ունևորը  հրճվում  է գոհ:

Օրը  մթնում,  անց է կենում,  մութ գիշերվան՝ վաղվա  լույսն  է   հաջորդելու,  բախտդ   թե  սև՝    մի  վհատվիր, սևից  հետո  ճերմակ կգա։ Ամենացուրտ  ձմռանն  անգամ գարնան օրն է դիմավորում,  ո՞վ  է  տեսել, որ ձմեռը  հարատևի…

Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր …


ՈՒՇ Է…

Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու շեր, շենշող հուշե՜ր, հին հուշերի մշուշներում նվաղ հնչյուն՝ ու՜շ է, ու՜շ է…

Կարծես երկար կյանք էր տրված՝ վայելելու իմ դիցանույշ գեղեցկուհու սերը վսեմ՝ բայց կյանքն ասես մի ակնթարթ՝ թռավ-անցավ, չհասկացա՝ ինչպե՞ս եկավ, ինչպե՞ս անցավ…

  Հուշե՜ր, հուշե՜ր, ու  հուշերի մշուշներում լուսաշղարշ մի լույս պատկեր կանչում է ինձ սև աչքերի մեղմ դյութանքով, որպեսզի ես  նորից հառնեմ  մոռացումից, գգվեմ նրան ինքնամոռաց,  բույրը առնեմ  ես կաթնահունց  պարանոցի, հրափափուկ շուրթիկների   համը զգամ  ու վերստին տաք շշունջը լսեմ նրա՝ հավերժական սիրո մասին…

Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու տիվ հուշեր անթիվ, անծայր հուշեր, նվաղուն ձայն   երկնի ծերից՝ արդեն  ու՜շ է, ու՜շ է…

ԱՆՑԱՎ

Անցա՜վ, անցա՜վ, կյանքն իմ ացավ՝ ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, ու ես ոչինչ չհասկացա, ասես կողքից եկավ անցավ։

Տրտմած է հոգիս հիմա , որ կյանքը իմ եղավ ունայն, սուտ ու կեղծին հավատընծա՝ ապրեցի ես հեզ ու խաբված։

Մեռնելու չափ տրտմած է, ախ, սիրտը իմ. ի՜նչ շահեցի աշխարհ գալով՝ ոչի՜նչ – ոչինչ, միայն ցավեր, միայն դավեր, խինդը սակավ, շառն՝ անսպառ։

Գթա ինձ, Տեր, գթա ինձ, Տեր, ու ողորմիր, կյանքն իմ անցավ ինչպես երազ, ինչպես կարճ օր, ու ես, իրոք, չհասկացա, ա՜խ, ես ոչինչ չհասկացա՝ ինչպես եկավ, ինչպես անցավ։

Գթա, Տեր իմ, քանզի բազում արհավիրքներ կրեցի ես ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, կյանքն իմ, իրավ, այդպես անցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։


ԿՌՈՒՆԿՆԵՐ


Կռունկներ իմ, կռունկնե՛ր, անկյունաշար չվերթով ու՞ր եք այդպես թևածում անծայրածիր երկնքով…

Կուռլու-կուռլու… թախծագորով կանչերով գնում եք տաք երկրներ: Ես էլ հավք եմ թևահատ՝ ետ մնացած երամից, ինձ էլ տարեք, ախ, ձեզ հետ, չմնամ այս ցրտերում:

Սիրտս երկիրն է ուզում մեր, ուր մեղմ հով կա շնկշնկան, կակաչազարդ հանդ ու սար, ջինջ գետակներ քչքչան, անտառները թավախիտ իրենց բույրն են ամբրոսում, լորն է կանչում քաղցրալուր դեղնագունած արտերում…

Կուռլու-կուռլու, կռունկներ, սիրուն հավքեր երկնային, իմ տարաբախտ սիրտն առած՝ հեռանում է ձայնը ձեր, իմ կարոտը գեթ տարեք, թե որ ձեր չուն մեղմ տաղով՝ Ղարաբաղով անց կենա …


ՆԶՈՎՔ

 Աստված ստեղծեց երկինք ու երկիր, անծայրածիր էր երկիրն, ամայի, և սև խավարն էր պատած ամենուր, և Աստծու ոգին լուռ թափառում էր ջրերի վրա:

    Եվ Աստված ասաց՝ թող որ լույս լինի, և լույսը եղավ, և նա գտավ, որ լույսը բարի է ու տարանջատեց լույսը խավարից, լույսը ցերեկն էր, խավարը՝ գիշեր: Եղավ երեկո, եղավ առավոտ, օրն էր առաջին:

Աստված ջրերը հավաքեց մի տեղ ու ծով կոչեց այն, ցամաքը՝ երկիր, հետո նա ծառ ու ծաղկունք արարեց, արև ու լուսին, հորդուն անձրևներ, գետեր վարարուն, հավքեր բազմաբյուր՝ մեղրածոր երգով, ձուկ ու կենդանի արարեց հետո, որ չէին եղել, աշխարհը համակ լցվեց հմայքով, խոտի շրշյունով, աղբյուրների մեղմ, քնքուշ կարկաչով, և այդ ամենը հաճո էր  ունկին ու աչքին Տիրոջ, նա ասաց՝ լավ է:

 Եվ Աստված հետո, վեցերորդ օրը, մի բուռ հող առավ, արարեց մարդուն այդ մի բուռ հողից ու կնոջը նրա՝ իր իսկ ամուսնու սեփական կողից:

Եվ հետո, հետո…տեսավ  տիրադավ բնույթը մարդու՝ ընչաքաղց անդուլ, գծուծ ու դաժան, նենգ ու դրուժան, ագահությունը տեսավ նա նրա, որ հագուրդ չունի, և նրա նախանձն ու տարփանքը զազիր, շուրջը պղծելու, իր մերձավորին  կառափնատելու բնազդը  ատեց ու շատ ափսոսաց, որ ստեղծեց մարդուն  երկրի վրա ու հավիտյանս նզովեց նրան …


Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ…


Ո՞վ կմտածեր,որ կգա մի օր`անկամորդ, շվայտ վերնախավերի անողոք կամոք կյանքը մեզ համար շուռ կգա հանկարծ, ու մենք կհայտնվենք կյանքի հատակին:

Որ կգա մի օր` երեկվա թերուս գողն ու խաբեբան կդառնան հարգի, ամենուր նրանց ծունր կդնեն, լրբերը` սրբեր , կդառնան մի օր, իսկ ազնիվ մարդը կարժեքազրկվեր… Ով, տեր իմ Աստված, որտեղի՞ց եկել, այս ու՞ր ենք հասել. գողը փողկապով պատգամավոր է, նա և օրենսդիր, և դատավոր է. փողը իրենցը, երկիրն իրենցը, կամքը իրենցը, կուզեն կայպանեն, կուզեն կըսպանեն…

Ու՞մ մտքով կանցներ, որ մարդը այսպես կարժեքազրկվեր, որ նա ամեն ինչ թողած թուրքերին, իր մարող հույսը` անտես Աստծուն, փախստականի անդուր պիտակով մունջ կդեգերի քաղաքից-քաղաք` հլու-հնազանդ օրավուր աճող արհավիրքներին:

Ո՞վ կմտածեր, որ սև աչքերով իմ նուրբ գեղուհուն բախտը կնետի մի ուրիշ երկիր, ու ես այլևս չեմ տեսնի նրան: Որ ես ամեն օր կհիշեմ նրան ու կերազեմ, նա այցի կգա ինձ երազներում` առաջվա նման գեղեցկատեսիլ ու միշտ ցանկալի` առաջվա նման, հետո կարթնանամ, հոգին իմ կայրվի կարոտից նրա:

Ո՞վ կհավատար, որ կգա մի օր, ու ես` հուսաբեկ, անպաշտպան, անտուն, ինչպես չոր տերև` քամու բերանին, տեղ չեմ ունենա  այս մեծ աշխարհում: Ու տաժանելի մտքերից խոցված, կարող եմ ընկնել տամուկ փողոցում և մարդկանց հոսքից մեկը չի լինի` թեքվի ինձ վրա, որ գոնե նրան, հանգչող շշունջով մրմնջամ նրան, որ խռով եմ ես այս դժխեմ կյանքից. ողջ աշխարհն իմ մեջ ես տեղավորում ` ես այս աշխարհում չեմ տեղավորվում:

Ո՞վ կմտածեր, որ կգա մի օր` կյանքը մեզ համար շուռ կգա հանկարծ… Ու՞մ մտքով կանցներ… Ո՞վ կհավատար…


ԵՐԱՆԻ ԹԵ


          Ղարաբաղն իմ սիրտն է հեռավոր,  եզերքն իմ` այլևս անհաս,  և հոգին իմ` վհատ ու նկուն,  երբ իջնում է գիշերը լուսնկա,  թափառում է քնած հանդերում ու մանկութ կածաններով նրա։

          Դեղձան արտերն այնտեղ ծփուն օրորվում,  ալիքվում են քամուց,   շրջան կազմած`  ծտերի երամն է անցնում հին կալերի վրայով,  ծիրանագույն արևի մեջ տատրակն  օդում կախվում,  քարանում է անշարժ, լորի  գեղգեղանքն է ծորում ծաղկանախշ դաշտերում։

        Երկինքն`    աստղազարդ,  մուգ կապույտ է այնտեղ,   սարերը վսեմ`  աստղերը շաղ եկած սարերի վրա,  ջրերը  կարկաչում են երգեցիկ,     անտառները խշշում   օրնիբուն,   և դյութիչ  բույրերից տամուկ սիրտն իմ ճաքում է ըղձանքից։

Ախ,  հայրենիք իմ հեռու,    մայրական   գերեզման անտեր,   երանի ես էլ հանգեի այնտեղ   և ավերված երազներից իմ սին`     ծաղկեին    հրագույն կակաչներ   `սրտները,    ավաղ,   սևասև։

          Ղարաբաղն իմ հոգին է հեռավոր`  ինձ համար անհաս այլևս…


 Ի Ր Ի Կ Ն Ա Յ Ի Ն Ն Վ Ա Գ

Երկինք լուսաջինջ, ծովը կապուտակ՝ տաք արևի տակ, ու սերը մեր ջինջ…Ախ, ինչ բարեբախտ, երջանիկ էինք այն երանելի հեռու եդեմում: Չարի կամոք էր, սև դևի   կամոք ՝ թողած տուն ու տեղ, լքյալ, վշտաբեկ, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ՝ բախտը մեզ աշնան տերևի նման նետեց այլ ափեր, ու մենք մնացինք իրարից հեռու ու իրար համար լուռ տվայտելիս:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3