– Մտի՛ր քեռիներիդ արհեստանոցը, զենք շինել սովորի՛ր, – պատասխանեց նա:
– Մի՞թե ուսումը վատ է:
– Այդ ուսում չէ, որ դու սովորում ես:
Հետո նա սկսում էր երկար ու երկար բացատրել ինձ, թե ի՛նչ բան է ճշմարիտ ուսումը, բայց ես այն ժամանակ չէի հասկանում, միայն զարմանում էի, թե ի՛նչպես այդ կոշտ, կոպիտ մարդը, որ անդադար գազանների հետ պատերազմելով, գազանի բնավորություն էր ստացել, – այնքան լավ, այնքան հիմնավոր կերպով խոսում էր ուսման վրա…
Որսորդը շատ մոտ բարեկամ էր իմ քեռիներից մեկի հետ, որին կոչում էին Մինաս. դա բոլորովին ձրի շինում էր, նորոգում էր որսորդի զենքերը, երբ նրանց որևիցե մասը խանգարված էր լինում: Այդ Մինասի հետ խոսել էր որսորդը, համոզել էր նրան, որ ինձ վեր առնեն իրանց արհեստանոցը որպես աշակերտ: Ես սիրում էի այդ արհեստը, իմ սիրտը դողդողում էր ուրախությունից, երբ քեռիներիս արհեստանոցն էի մտնում, և ամբողջ ժամեր նստած այնտեղ, խորին հոգեզմայլությամբ նայում էի գեղեցիկ, փայլուն զենքերին, որ դուրս էին գալիս քեռիներիս ճարտար ձեռքից: Բայց մայրս սատանայի նման հակառակ եղավ և չթողեց, որ ես այդ արհեստը սովորեի: Նա ատելով քեռիներիս, ատում էր և նրանց արհեստը: Նա կրկնում էր միևնույն խոսքերը, որ ես շատ անգամ լսել էի վարժապետիցս, թե բոլոր զինագործները մեղավոր մարդիկ են, բոլորն էլ դժոխքը կգնան:
– Ի՞նչու, – մի անգամ հարցրի ես:
– Նրա համար որ, թուր, սուր, հրացաններ են պատրաստում, և այդ զենքերով մարդիկ միմյանց կոտորում են, – պատասխանեց նա:
Թե այսպես, թե այնպես, քեռիներիս արհեստանոցը մտնելը ինձ չհաջողվեցավ. ես դարձյալ մնացի այն «դժոխքի» մեջ, որպես կոչում էր նրան որսորդը:
Բայց նույն «դժոխքի» մեջ ես ունեի մի մխիթարիչ հրեշտակ, որ թեթևացնում էր իմ կրած վշտերի դառնությունը: Դա Սոնան էր-վարժապետիս աղջիկը: Թե ի՞նչ զգացմունք էր այն, որ կապել էր իմ սիրտը այդ նազելի արարածի հետ, – ճշմարիտ, ես էլ չգիտեի և մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ:
Սոնան ինձ շատ էր օգնում, առավել այն աշխատությունների մեջ, որ ես պետք է կատարեի վարժապետիս տնտեսության մեջ: Երբ միասին գնում էինք այգին կովերի համար խոտ քաղելու, նա ասում էր ինձ.
– Ֆարհատ, դու նստիր, դասդ սերտիր, ես կքաղեմ խոտը:
– Դու մենակ չես կարող բոլորը քաղել, դու կհոգնես, – ասում էի նրան:
Նա ժպտում էր և իր հրեշտակային անմեղ բարեսրտությամբ ասում էր ինձ.
– Չէ, կարող եմ, ես չեմ հոգնի: Դու սովորիր, որ հայրս չծեծե քեզ:
Թեև Սոնան շատ էր ցանկանում միշտ օգնել ինձ, որ ես ժամանակ գտնեի դասերս պատրաստելու, բայց չէր կարողանում, որովհետև վերջին օրերում նրան արգելեցին մոտենալ ինձ, և ես այնուհետև միայնակ էի գնում այգուց խոտ քաղելու, և միշտ տխուր էի լինում, երբ նա ինձ հետ չէր:
Այսպես անցուցի ես յոթն բոլորակ տարիներ. – մի խորհրդավոր թիվ, որի մեջ թաքնված են իմ մանկության սկզբնական տանջանքները… Այս յոթն տարվա ընթացքում, ես անցա գիտության բոլոր աստիճանները, այսինքն, սովորեցա այնքան, որքան կարող էր սովորել այն ժամանակ մի բարձր ուսում ստացող աշակերտ: Ես կարդացել էի բոլոր գրքերը, որ հայտնի էին մեր երկրում, – Սաղմոս, Ժամագիրք, Ավետարան, Հին կտակարան, Նարեկ և մինչև անգամ այն ահագին գիրքը, որ ես փոքր հասակումս դժվարությամբ կարողանում էի վեր առնել: Ես կարողանում էի գրել և գրածս կարդալ, ես գիտեի և մի քանի կանոններ հայոց հին լեզվի քերականությունից: Բայց մի բան, որ չկարողացա ձեռք բերել ես – դա էր վարդապետիս խորին գիտությունը ոգիների և կախարդությունների մասին. այդ գիտությունը վարժապետս պահում էր իր մոտ որպես մի գաղտնիք, որին մասնակից լինելու համար պետք էր տասն-քսան տարի ծառայել նրան:
Նրա դպրոցում աշակերտները երկար տարիներով անշարժ մնում և ծերանում էին: Մորուքավոր, անմորուք, չափահաս, անչափահաս, երեխա և երիտասարդ, բոլորը խառնված էին միմյանց: Տասն տարեկան էի ես, երբ մտա այդ դպրոցը. այն օրից անցել էր ավելի քան տասն և երկու տարի դա փոքր ժամանակ չէ. այժմ ես բոլորովին հասուն պատանի էի: Բայց, չնայելով իմ հասակին, վարժապետս վարվում էր ինձ հետ, որպես մի երեխայի հետ – դարձյալ նույն ֆալախկան, դարձյալ նույն «խրատի» հարվածները ափերիս մեջ, դարձյալ նույն մերկ ոտներով չոքելը աղյուսի կտորտանքի վրա… մի խոսքով, պատիժների թվից ոչինչ չէր պակասել: Բայց զարմանալին այն էր, որ ես այն աստիճան սովորած էի այդ պատիժներին, այն աստիճան մեռած էր իմ մեջ պատվի, հպարտության և անձնասիրության զգացմունքը, որ ես անտրտունջ կերպով համբերում էի բոլորին, որպես էշը, եզը, ձին համբերում են իրանց տիրոջ անգութ հարվածներին: Բայց մի անգամ ընդհակառակը պատահեց:
Մեծ զատկի տոնն էր. աշակերտներից ոչ մեկը չկարողացավ պատրաստել «Դանիելի գիրքը» եկեղեցում կարդալու համար: Այդ գիրքը կարդում էին սովորաբար հարուստների որդիքը և նրանց ծնողները մի նշանակյալ նվեր էին տալիս եկեղեցուն: Իսկ այն տոնին վարժապետը իր աշակերտների հառաջադիմությունը ժողովրդին ցույց տալու համար, պահանջում էր, որ այդ գիրքը կարդային անգիր: Բայց հարուստների որդիների մեջ ո՞րտեղից էր այնքան ընդունակություն, որ կարողանային ամբողջ «Դանիելին» անգիր պատրաստել: Մեծ պասի սկզբից նրանք ամեն օր սերտում էին ու սերտում, բայց հենց որ մոտեցավ զատիկը, վարժապետը որից որ հարցրեց, չկարողացավ կարդալ: Էլ ուրիշ ճար չկար. վարժապետը ստիպված, ինձ հանձնեց պատրաստել «Դանիելին»: Այն օրը մեծ պասի վերջին ավագ ուրբաթ օրն էր – Հիսուս Քրիստոսի խաչելության և չարչարանքի օրը… մի այնքան չարչարանք պետք էր` մի օրվա մեջ «Դանիելին» պատրաստելու համար: Ավագ շաբթի կեսօրին վարժապետը հարցրեց, ես կարողացա կարդալ երեք քառորդ մասը միայն: Գուցե մինչև երեկոյան պատարագի սկսվելը ես կարող կլինեի մնացածն էլ սերտել, բայց նա համբերել չկարողացավ, սաստիկ բարկացավ և նախատեց ինձ ամենակեղտոտ հայհոյանքներով: Ես էլ համբերել չկարողացա, պատասխանեցի նրան մի քանի կոպտություններով: – «Սատանայի լակոտ, ես քո հերը կանիծեմ»… գոռաց նա կատաղելով, և որովհետև ավելի ժամանակ չուներ, բանտարկեց ինձ ախոռատան մեջ և հրամայեց այնտեղ փակված պահել, մինչև ինքը ճրագալույցի երեկոյան պատարագը կվերջացներ և եկեղեցուց վերադառնալով, իմ հոգին կառներ…
Ոչինչ ինձ այնքան չէր տանջում, որքան այն զգացմունքը, որ ամբողջ քառասուն օր ծոմ ու պաս էի պահել, առավոտյան, կեսօրին և երեկոյան ժամ էի գնացել, աղոթք էի արել, իսկ այս գիշեր, որ զատկի ճրագալույցի գիշերն էր, նույնպես պիտի եկեղեցի գնայի, պատարագ տեսնեի և «Սուրբ-սուրբը» երգելու ժամանակ` պետք է մորս տված կարմիր ձուն տաճարին ցույց տայի ու այնուհետև պասս բաց անեի. – այս բոլոր ջերմեռանդ ցանկություններս անկատար մնացին, բոլորից զրկվեցա… Կրոնական զգացմունքը վառ էր իմ մեջ, իմ հոգին լի էր ջերմ հավատքով: Եկեղեցու ամեն մի ծեսը, ամեն մի արարողությունը, ամեն մի պաշտամունքը ինձ համար սրբազան նշանակություն ուներ, և այս պատճառով մեծ ցավ էի զգում, որ այն օր զուրկ մնացի եկեղեցուց: Մյուս կողմից, ինձ տանջում էր մի սարսափելի նախանձ. ես մեր դպրոցի առաջին աշակերտն էի, իսկ ինձանից հարյուր անգամ ստոր ընկերներս այն գիշեր պետք է եկեղեցում «փոխ» ասեին, «գիրք» կարդային, շարականներ երգեին և իրանց ծնողներին ուրախացնեին, – իսկ իմ խեղճ մայրը պետք է իր որդու ձայնը չլսեր… Այս բոլոր մտածություններն այն աստիճան պաշարել էին ինձ, որ ես բոլորովին մոռացել էի վարժապետիս սպառնալի պատիժը, որ սպասում էր ինձ մի քանի ժամից հետո: Զարմանալի՜ հակասություն: Նա պիտի պատժեր ինձ, նա պիտի բարբարոսի նման նահատակեր ինձ, այն խոսքերից հետո, որ այսօր աստծո սուրբ սեղանից, իբրև քահանա, պիտի ավետեր աշխարհին – «Քրիստոս յար եաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց»:
Իսկ իմ բա՞նտը… ես իմ անձնամոռացության մեջ դեռ նրան ուշադրության չէի առել: Չնայելով, որ ապրիլ ամիսն էր, բայց շոգերը սկսվել էին արդեն: Գոմը, ուր բանտարկված էի ես, լիքն էր զանազան միջատներով, որոնք իրանց սուր խայթոցները խրում ու խրում էին մարմնիս մեջ: Մի կողմից անասունների հոտած աղբի արտաշնչությունը խեղդում էր ինձ, մյուս կողմից սիրտս թուլանում էր քաղցածությունից: Ողորմա՜ծ աստված, ի՞նչ անեի, փախչել չէի կարող. դուռը ամուր կերպով փակած էր. իսկ համբերել այն տարտարոսի մեջ, – մահվան չափ սպանիչ էր…
Արևը վաղուց արդեն մտել էր. խավարը ավելի և ավելի թանձրանում էր գոմի մեջ: Ես բոլորովին կատաղեցա, ինձ տիրեց մի տեսակ խելագարություն: Երկաթե վանդակի մեջ նոր բռնված գազանի նման, ես այս կողմ և այն կողմ էի թռչում, աշխատում էի մատներով քանդել պատերը, խորտակել սյուները, ծակել առաստաղը, կոտրել դուռը, լայնացնել նեղ լուսամուտները, որ մի հնար գտնեմ ազատվելու: Այդ կռիվը տևեց մի քանի ժամ, մինչև ես բոլորվին հոգնեցա, թուլացա և վեր ընկա հատակի վրա: Այդ միջոցին ինձ տիրեց երևակայության բորբոքումը և հրեշավոր ցնորքների խառնափնթորությունը: Տատիս հեքիաթների մեջ լսած յոթնգլխանի վիշապները, եղջյուրավոր դևերը, պոչավոր սատանաները, ահագին խումբերով գալիս ու գնում էին աչքիս առջև: Մտածում էի ահա խավարը բոլորովին կպատե, և դրանք կխեղդեն ինձ…