Րաֆֆի - Դավիթ Բեկ стр 28.

Шрифт
Фон

Այդ խոսքերից և ոչ մեկը չարտասանեց պատանին: Միայն նրա սիրտը անգիտակցաբար լցված էր այդ զգացմունքներով: Հոր և մոր, ազգականների և բարեկամների հոգիները նույն գերեզմանի խորքից ներշնչում էին նրա մեջ այդ մտածությունները: Նա այնքան մանուկ չէր, որ զգացած չլիներ բռնակալ ձեռքի դառն հարվածները: Նրա մարմնի վերքերը դեռ ոչ բոլորովին բուժված էին, իսկ սիրտը լի էր վրեժխնդրության դառնությամբ:

Նա վերջին անգամ համբուրեց գերեզմանը և վեր բարձրացավ:

– Մնաս բարյավ, սիրելի մայր, – մնաս բարյավ, սիրելի հայր, – մնացեք բարյավ, սիրելի բարեկամներ, – ասաց նա և հեռացավ:

Ներքինապետի վրանում Սյուրին վաղուց սպասում էր պատանուն: Ծերունի Ահմեդը շատ անհանգիստ էր նրա բացակայության համար: Այնքան օրեր պատանին ապրում էր նրա վրանում, խիստ սակավ անգամ էր պատահել, որ նա մի ուրիշ տեղ գնացած լիներ: Այժմ ո՞ւր պիտի գնացած լիներ: Ոչ ոք չգիտեր: Ներքինապետի ծառաներից ոչ մեկը չէր տեսել նրան վրանից դուրս գալու ժամանակ:

Վրանի վարագույրները իջեցրած էին: Տիկինը միայնակ նստած էր այնտեղ, իսկ ծերունի ներքինապետը կանգնած էր նրա սպասում: Երկուսի մեջ ևս տիրում էր մի տեսակ լարված լռություն. երկուսն էր անհանգիստ էին այն մտքով, թե ի՞նչ եղավ պատանին: Հեռու, անտառի մեջ թե ձիաները, թե մարդիկը պատրաստ էին, որ նրան պիտի տանեին: Գիշերը անցնում էր. պետք էր շուտով ճանապարհ ընկնել, որ մինչև լուսանալը կարողանային բավական հեռացած լինել խանի կացած տեղի սահմաններից:

– Ի՞նչ եղավ, – հարցրեց տիկինը անհամբերությամբ. – ես կասկածում եմ, որ նրա հետ մի վտանգ պատահած լինի:

– Այստեղ ամեն բան կարող է պատահել, տիկին, – պատասխանեց ծերունին շվարած կերպով. – այստեղ ծիտն էլ իր բույնի մեջ ապահով չէ:

Լսելի եղավ շատ հաչելու ձայնը: Ծերունին դուրս գնաց: Մի քանի վայրկյանից հետո նա վերադարձավ ուրախ դեմքով, իր հետ բերելով պատանուն: Բայց վերջինիս գունաթափ դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն. խորին տխրությունը նկարված էր նրա խոշոր, սևորակ աչքերի մեջ: Տիկինը տեսնելով գեղեցիկ, վայելչահասակ պատանուն, բոլորովին զմայլեցավ. նրա քնքուշ, սիրող սիրտը լցվեցավ այն քաղցր զգացմունքով, որ տիրում է հարազատ քրոջ սրտին, երբ նա առաջին անգամ տեսնում է կարոտած եղբորը, երկար տարիների անջատումից հետո: – «Ո՛րքան սիրուն է, որքա՛ն մեծացել է իմ եղբայրը», – ասում է նա և փաթաթվում է նրա պարանոցին:

Զգացմունքի այդ տեսակ արտահայտություններ տեղի չունեցան: Պատանին տիկնոջ ոչ եղբայրն էր և ոչ ազգականը, այլ մի որդ, հայրն ու մայրը կորցրած տղա, որ ինքն էլ մի բախտով ազատված էր նույն կրակի բոցերից, որ այրեցին նրա ծնողներին: Պատանու այդ վիճակը ազդում էր տիկնոջ մեջ ցավակցություն, մաքուր սիրո հետ խառնված:

– Ինչպե՞ս է անունը, – հարցրեց նա, դառնալով դեպի ներքինապետը:

– Դավիթ, ձեր ծառա, – պատասխանեց ծերունին:

– Դավի’թ, – բացագանչեց տիկինը խորին տհաճությամբ, կարծես ափսոսելով, որ մի այդպիսի գեղեցիկ, անարատ պատանին կրում է իր չարագործ հոր անունը:

Բայց մանկահասակ Դավիթը մնացել էր բոլորովին զարմացած, ամոթխածությունից չգիտեր ինչ անել, երբ նկատում էր` մի նազելի, շքեղ կերպով հագնված կին նրա վրա ուշադրություն էր դարձնում: Այդ կինը, անտարակույս, խանի հարեմներից մեկը պետք է լիներ: Բայց մի՞թե պարսիկ կնոջ մեջ կարող էին լինել այն աստիճան քնքուշ զգացմունքներ դեպի մի անբախտ հայ պատանի: – Այդպես էր մտածում նա, երբ ծերունի ներքինապետը ասաց նրան, թե տիկինը քրիստոնյա է, և հայտնեց նրան ում աղջիկը լինելը:

Կարծես, մի սուր ցցեցին պատանու սրտի մեջ. նա լսեց այն մարդու անունը, որ իր հոր, իր մոր, իր ազգականների դահիճն էր, իսկ այդ նազելի կինը – նրա աղջիկը: Տիկնոջ բոլոր արժանավորությունները, որ այնքան հարգելի էին երևում նրա աչքում, իսկույն կորցրին իրանց նշանակությունը: Պատանին այժմ նայում էր նրա վրա, որպես մի թշնամու վրա, որին պատրաստ էր պատառոտել: Նա երեսը շուռ տվեց և կամենում էր դուրս գալ վրանից:

– Հասկանո՛ւմ եմ քո արդար վրդովմունքը, ազնիվ պատանի, – ասաց տիկինը, նրա ձեռքից բռնելով. – բայց անբախտ աղջիկը ինչո՞վ է հանցավոր, որ քավե չարագործ հոր մեղքը… Ես հավատում եմ աստուծո արդարությանը, և հույս ունեմ, որ այդ բոլոր չարիքներին հատուցում կլինի. նեղյալները կվայելեն ազատություն, իսկ նեղիչները սոսկալի դատապարտություն…

– Ո՞ր աշխարհում, – հարցրեց պատանին, դեռ ոչ բոլորովին հանգստացած լինելով իր վրդովմունքից:

– Այս աշխարհում, – պատասխանեց տիկինը մարգարեուհու եղանակով. – դառնության բաժակը մինչև բերանը լցված է… մի կաթիլ ևս, – ահա նա կթափվի…

– Հավատում եմ ձեր գուշակությանը, տիկին, – պատասխանեց պատանին ոգևորությամբ, և բռնելով նրա աջը, սեղմեց իր շրթունքի վրա: – Դուք կրկնում եք միևնույն խոսքերը, որ մի քանի րոպե առաջ ես լսեցի իմ անբախտ ծնողների գերեզմանից: Այնտեղից մի ձայն նույնպես ասում էր, թե «դառնության բաժակը լցված է»… Ես լսեցի կոչող ձայնը և ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ:

Եվ իրավ, պատանուն այնպես էր թվում, որ այդ խոսքերը նա առաջին անգամ չէր լսում. թե նա լսեց այն ժամանակ, երբ ինքը հոգեկան դառն խռովության մեջ, ընկած ծնողների հողադամբարանի վրա, տխուր և ցավալի կերպով արտասուք էր թափում: Այժմ նույնը լսում էր բարեսիրտ կնոջ բերանից:

Ծերունի ներքինապետը ակնարկեց, թե պատանին ուշանում է, թե ժամանակ է ուղևորվելու: Բայց տիկինը բոլորովին հափշտակված էր նրա խոսքերով. «Ես ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ…»: Ի՞նչն էր ներշնչել այդ վրեժխնդրական զգացմունքը նրա մանուկ սրտի մեջ, ծնողների ցավալի մա՞հը, թե ընդհանուր ժողովրդի անբախտ դրությո՞ւնը: Այդ միտքը սաստիկ հետաքրքրում էր վշտալի տիկնոջը: Նա ցանկանում էր խոսել, երկար խոսել վաղահաս ցավերով տանջված այդ պատանու հետ, ցանկանում էր շոշափել նրա կոտրած սրտի բոլոր թաքնված վերքերը, բայց ներքինապետը դարձյալ շտապեցրեց, թե ժամանակը անցնում է, թե պետք է շուտով ճանապարհ դնել նրան:

– Քո ուխտը` կռվել անարդարության դեմ, – ասաց տիկինը բռնելով պատանու ձեռքը, – պետք է լինի ամեն մի հայ մարդու ուխտը, որ մտածում է հայրենիքի փրկության համար: Դու, գուցե քո ծնողների ցավալի վախճանից դրդված, ուխտեցիր վրեժխնդիր լինել բռնության դեմ, – բայց մտածի՜ր, որ ամբողջ հայ ժողովուրդը այրվում է, խորովվում է, ոչնչանում է նույն բոցերի մեջ, որ լափեցին քո անբախտ ծնողներին, նույն բոցերի մեջ, որոնց միջից դու մի բարի բախտով դուրս պրծար: Նույն բոցերը թողեցին քո մարմնի վրա բռնության ձեռքի անջնջելի դրոշմը, ամեն անգամ, երբ կնայես նրա վրա, հիշի՜ր, որ դա քո ուխտադրության կնիքն է, հիշի՜ր, որ դու չարաչար կմեղանչես աստուծո և քո ծնողաց հոգիների առջև, եթե չկատարես այն սուրբ խոստմունքը, որ ուխտեցիր նրանց գերեզմանի վրա:

Պատանին լռությամբ լսում էր տիկնոջ խրատները, որպես մի ուխտավոր, որ խորին ջերմեռանդությամբ լսում էր քրմուհու պատգամները: Տիկինը հայտնեց, թե զանազան տխուր հանգամանքներ ստիպում են առժամանակ հեռացնել նրան հայրենի երկրից, և ծերունի ներքինապետի հետ խորհելով, վճռվեցավ նրան ուղարկել Վրաստան: Պատանին հանձնարարական նամակներ կտանե ի հետ և այնտեղ թե խնամակալություն և թե պաշտպանություն կգտնե մի հայազգի իշխանից, որը բարձր պաշտոն է վարում վրաց թագավորի մոտ: Տիկինը խոստովանում է միշտ և ամեն ժամանակ օգնել պատանուն, որը համարձակ կարող է դիմել իրան, եթե որևիցե բանի մեջ պետք կունենա:

– Առայժմ, – վերջացրեց նա իր խոսքը, – ես իմ օրհնության հետ կարող եմ տալ քեզ այս փոքրիկ քսակը, որը գուցե հարկավոր կլինի քեզ քո պանդխտության մեջ:

– Ինձ բավական է ձեր օրհնությունը միայն, – պատասխանեց պատանին, հրաժարվելով ընդունել քսակը. – իմ ծերունի հայրը հոգացել է բոլորը, ինչ որ պետք է իմ ճանապարհորդության համար:

Վերջին խոսքերով նա ակնարկում էր ծերունի ներքինապետի վրա, որին իր հայր էր կոչում, որի երախտիքը իր կյանքի պահպանության համար երբեք մոռանալ կարող չէր: Բայց տիկինը դարձյալ ստիպեց նրան ընդունել քսակը, որը չմերժեց նա, համբուրելով իր բարերարի աջը:

Վրանի մեջ զբաղված լինելով, թե տիկինը և թե ներքինապետը չէին նկատել, որ դրսում եղանակը բոլորովին փոխվել էր: Երկինքը պատած էր սև ամպերով և սաստիկ քամին, որ ալեկոծում էր անտառի ծառերը, սպառնում էր սոսկալի փոթորիկ: Անտառը որոտում էր ծառերի միմյանց զարկվելուց, լեռները թնդում էին, իսկ կայծակը երբեմն փայլատակում էր գիշերային մթության մեջ: Կարծես, աշխարհի վերջը հասել էր և տիեզերքը լցված էր ահռելի արհավիրքով: Անձրև դեռ չկար, միայն երբեմն խոշոր կաթիլներ, քամու սաստիկ հոսանքի հետ թռչելով, գնդակի նման զարկում էին մարդու երեսին: Տիկինը, նկատելով եղանակի խստությունը, խորհուրդ տվեց ներքինապետին հետաձգել պատանու փախուստը: Ծերունին համաձայնվեցավ նրա հետ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора