Միևնույն տարում, երբ Փանոսը թողեց դպրոցը, նրա վարժապետի հետ պատահեց մի դժբախտություն: Նա սովորություն ուներ ամառը աշակերտներին տանել ծովեզրը լողանալու: Այդ միջոցին աշակերտներից մեկը խեղդվեցավ: Նրա ծնողները թեև բոլորովին ներողամտությամբ վերաբերվեցան դեպի անզգույշ վարժապետը, բայց կորուստը այնքան ծանր էր վարդապետի զգայուն սրտի համար, որ նա ոչնչով չէր կարողանում մխիթարել իրան: Իր ցավերը մոռացության տալու համար նա մտածեց ընտրել մի նոր և ամենադժվարին պարապմունք, որի մեջ կյանքը ենթակա լիներ անընդհատ վտանգների, և որը ավելի բախտավորություն կպատճառեր նրան, եթե կվերջանար մահվամբ: Այդ նպատակով նա ցրեց իր աշակերտներին և անհայտացավ: Նրա մասին շատ բաներ էին պատմում. ասում էին, որ քուրդ վայրենիների մեջ հայոց տառեր և քրիստոնեություն է տարածում, հրաշքներ է գործում, լուսավորչական եկեղեցի է հիմնում և բավական հետևողներ ունի: Բայց թե ո՞րտեղ էր այդ նոր առաքյալը և ո՞ր երկրում, ոչ ոք չգիտեր, միայն խոսվում էր, թե դեռ կենդանի է:
Գ
ԱՍԼԱՆԸ ՈՐՊԵՍ ԸԺԻՇԿ
Եվրոպական բժշկի հայտնվելը շուտով տարածվեցավ ամբողջ քաղաքում և մինչև նահանգապետ-փաշայի ականջը հասավ: Փաշան ցանկացել էր տեսնել բժշկին: Բացի նրանից, ամեն նշանավոր և աննշան անձինքներից հրավիրվում էր նա, իսկ շատերը նրա մոտ էին գալիս: Ասլանը հանգստություն չուներ. ես նրան խիստ հազիվ անգամ էի տեսնում. պատահում էր, որ ամբողջ օրով տուն չէր վերադառնում: Վերադառնում էր գիշերը միայն, այն ժամանակ ևս, վարպետ Փանոսի հետ առանձնացած, երկար ու երկար խոսում էին: Այդ խորհրդակցությունները խլում էին նրանից գիշերային հանգստի մեծ մասը: Երբեմն նկատում էի` նրա մոտ գալիս էին անծանոթ անձինք, տարօրինակ հագուստներով, ինչ-որ լեզուներով խոսում էին և ստվերի նման անհետանում: Ասլանը ինձ մոտ ոչինչ չէր խոսում, նրա այդ ծածկամտությունը վրդովեցնում էր ինձ. երևի նա դեռևս իմ վրա հավատ չուներ:
Վարպետ Փանոսի տունը շատ նպաստավոր էր Ասլանի համար ամեն տեսակ անձանց հետ տեսնվելու. այնտեղ ով ասեք` չէր մտնում. նրա գործարանի առիթով, ամեն օր, շրջակայքից բազմաթիվ մարդիկ էին գալիս ու գնում: Իսկ նրա բժշկությունը ամեն կասկած փարատում էր. բժիշկը ամեն տեսակ անձինք իր մոտ ընդունելու իրավունք ունի: Նրա մոտ գալիս էին հիվանդներ, կամ ձևացած որպես հիվանդներ, խոսում էին իրանց հիվանդությունների մասին: Ա՜խ, ո՛րքան բազմատեսակ էին այդ հիվանդությունները, բարոյական հիվանդություն… մտավորական հիվանդություն… հոգեկան հիվանդություն… երկրի անկարգությունից առաջացած տնտեսական հիվանդություն… բողո՜ք և բողո՜ք ամեն կողմից: Ամեն ոք դեղ ու դարման էր պահանջում: Բայց կարո՞ղ էր Ասլանը և այդ հիվանդությունների բժիշկը լինել: Նրա բժշկարանի մեջ կա՞ր արդյոք մի որևիցե դարման երկրի հասարակական փտությունը և անդամալուծությունը բուժելու համար: Այդ հարցերը վճռելու համար ես այն ժամանակ ոչ բավական գիտություն ունեի և ոչ բավական զարգացում: Բայց իբրև իսկական բժիշկ, Ասլանը, իրավ որ, անգնահատելի էր:
Ասլանի դրությունը ես համեմատում էի մի շրջական կլայեկագործի հետ, որ, սովորաբար, մեծ զատիկը մոտենալու ժամանակ, թափառում է գյուղից գյուղ, ժանգոտած, փախրոտած պղնձեղենները մաքրելու և կլայեկով պատելու համար: Գյուղացիները իրանց բոլոր պղնձե ամանները թափում են նրա մոտ, որովհետև գիտեն, որ մի ամբողջ տարի նրա երեսը այլևս տեսնելու չեն: Այսպես թափում էին բժշկի մոտ քաղաքացիները իրանց հիվանդներին, մտածելով, որ նա երկար չպիտի մնա իրանց մոտ, և շտապում էին նրա ներկայությունից օգուտ քաղել: Ասլանը, որպես գործից անվաստակելի մարդ, չէր խնայամ ամենին իր օգնությունը:
Կոկորդիս ցավը բոլորովին անցել էր, մի քանի օրից հետո ինձ այնքան առողջ էի զգում, որ կարող էի տնից դուրս գալ: Բայց դրսում և մանավանդ քաղաքում երևնալու համար պատշաճավոր հագուստ չունեի: Իմ հագուստը դեռ նույնն էր, ինչ որ Մարոն, սուրբ աստվածածնի ուխտագնացության ժամանակ, մի կերպով կարկատեց ինձ համար: Բայց ո՛րքան մեծ եղավ իմ ուրախությանը, երբ իմացա, որ Ասլանը վաղօրոք հոգացել էր այդ մասին, գնելով շուկայից ինձ համար ամենապատվական հագուստներ: Ես իսկույն հագնվեցա, երբ Ասլանը հայտնեց, թե դիտավորություն ունի ինձ իր հետ տանելու: Թեթև նախաճաշիկից հետո Ասլանը վեր առեց իր հետ զանազան տեսակ բժշկական դեղեր ու գործիքներ, մի մասն էլ ինձ տվեց, և մենք դուրս եկանք տնից: Նա ասաց, որ մի քանի հիվանդների այցելություն պիտի գործե: Քաղաքում դեղատուն չլինելու համար, նա ումն որ բժշկում էր, դեղերն էլ ինքն էր տալիս, աղքատներին` ձրի, իսկ հարուստներից փող էր ստանում:
– Դու գիտե՞ս քո դերը, Ֆարհատ, – ասաց նա, երբ դուրս եկանք փողոցը:
– Ի՞նչ դեր, – հարցրի ես, բոլորովին մոռացած լինելով այն պատվերները, որ, Վան քաղաքը մտնելուց առաջ, ճանապարհին տվել էր ինձ:
– Դու եվրոպացի բժշկի ճանապարհորդության առաջնորդն ես: Հասկացա՞ր:
– Հասկացա, – մեքենայաբար պատասխանեցի ես:
Ի՞նչ առաջնորդ կարող էի լինել ես, երբ ոչ երկրի հետ ծանոթ էի և ոչ լեզուներ գիտեի: Ես, իսկապես, նրա խուլ ստվերն էի, որ անգիտակցաբար գնում էի նրա ետևից:
Ասլանը սիրում էր ոտքով ման գալ, որքան և հեռու լիներ ճանապարհը: Նա հագած ուներ մինչև ծնկները երկայն կոշիկներ, գլխին դրել էր մոխրագույն, լայնեզր, փափուկ գլխարկ, իսկ աչքերը զինված էին մուգ-ծխագույն ակնոցներով, որոնք բոլորովին անտեսանելի էին կացուցանում նրա թափանցիկ, խորախորհուրդ աչքերը, որոնք ակնոցների ամենևին պետք չունեին: Թևքի տակ կրում էր իր դեղորայքի պայուսակը, ձեռքին բռնած ուներ մի հաստ փայտ, որ ավելի մահակ էր, քան թե գավազան:
Արևը դեռ նոր էր բարձրացել: Ամառնային առավոտը մի առանձին զովություն էր ստացել Այգեստանի լայն փողոցների մեջ, որոնք աջ և ձախ կողմից զարդարված էին ահագին ուռենիների և բարդենիների շարքերով: Այդ դարևոր ծառերով հովանավորված էին փոքրիկ առվակները, որոնք հոսում էին փողոցների երկու կողմերից ևս և ջուր էին մատակարարում թե այգիներին և թե բնակիչների տները շրջապատող պարտեզներին: Նայելով այդ ծառազարդ բնակարաններին, անծանոթ մարդու գլխում իսկույն ծագում է այդ միտքը, թե ո՛րքան ուրախ և խաղաղ ապրում է այստեղ քաղաքացին:
– Հայը ապրել գիտե, – ասում էր Ասլանը, – ստրկության լծի տակ անգամ նա պահպանում է մի տեսակ բարեկեցություն, և դրա մեջն է նրա կենդանականությունը, որ դարերի ընթացքում թեև տրորվում է ճնշման ներքո, բայց դարձյալ չէ մեռնում:
Առաջին անգամն էր, որ ես դուրս էի գալիս փողոցը, այդ պատճառով երեխայի նման ամեն մի հանդիպած առարկան հետաքրքրում էր ինձ: Ես նայում էի, թե ինչպես նորահարսները, երեսները ծածկած, կամ հասած աղջիկները, բաց երեսներով, վաղ-առավոտյան ավելում էին, մաքրում էին իրանց տան առջևը: Նրանք ճարպիկ մատներով նախ գետինը ցողում էին առվակից անցնող ջրով, որ փոշի չբարձրացնեն: Ես տեսնում էի, թե ինչպես հայ վաճառականները, ավանակների վրա հեծած, մի առանձին հոգածությամբ շտապում էին դեպի քաղաքը, իրանց խանութները բաց անելու: Ես տեսնում էի, թե ինչպես նրանք աջ ու ձախ կողմերից ողջույններ էին ընդունում և, միևնույն ժամանակ, ավանակի վրա նստած, շարունակում էին իրանց չավարտած առավոտյան աղոթքը, որպեսզի բարեհաջող առևտուր ունենան:
– Այստեղ մի հիվանդի պետք է նայել, – ասաց Ասլանը, և մենք մտանք մի տուն:
Տունը, որպես երևում էր, ժամանակով գեղեցիկ շինվածք էր ունեցել, բայց երկար տարիներ մնալով անխնամ և առանց նորոգության, համարյա ավերակ էր դարձել: Մի սենյակ միայն մնացել էր ամբողջ, ուր մենք ներս մտանք: Ես առաջին անգամ տեսնում էի աղքատությունը իր վերին աստիճանի սոսկալի պատկերի մեջ: Խոնավ, առանց սփռոցի գետնի վրա պառկած էր մի մանկահասակ կին. հնոտի, քրքրված վերմակը հազիվ ծածկում էր նրան. բարձի փոխարեն դրած էր գլխի տակին հիվանդի նույնպես քրքրված հագուստը: Նրա մոտ, ձեռքերը հուսահատական կերպով փակած ծնկների վրա, նստած էր պառավ սկեսուրը: Մի կիսամերկ երեխա սողում էր հիվանդի անկողնի մոտ և խուլ մրմնջում էր:
Պառավը, տեսնելով մեզ, կանգնեց և լռությամբ գլուխ տվեց: Բժիշկը մոտեցավ հիվանդին:
– Այժմ լավ է, – ասաց նա, – վտանգը անցած պետք է համարել: Դեղերի այլևս պետք չկա. հարկավոր է միայն այստեղ մաքուր պահել, թարմ օդ և լույս ներս թող տալ, և ամենագլխավորը` հիվանդին պետք է լավ սնունդ:
– Սնո՜ւնդ… – կրկնեց պառավը, հոգվոց հանելով, – ո՞րտեղից գտնել: Կար ժամանակ, որ այս տունը լի էր աստծո ամեն բարիքներով. հարյուրավոր աղքատներ ապրում էին մեր հացով, իսկ ա՜յժմ… ձեր բարի աչքով տեսնում եք… ի՞նչ է մնացել… բոլորը ոչնչացավ… բոլորը կորավ…