Րաֆֆի - Կայծեր Մաս 2 стр 24.

Шрифт
Фон

Ինձանից շատ հեռու չէր խնձորենին, որի տերևների սոսափյունը ընդհատեց իմ մտածություները: Ես նայեցի դեպի այն կողմը: Ծառերի վրա նկատեցի նույն աղջկան, որ ճաշի ժամանակ մեզ համար սեղան էր պատրաստում: Դա Ծովիկն էր, նավավարի աղջիկը: Ահա մի էակ ևս, որ ինձ նման արթուն էր, որի վրա օրվա ջերմությունը չէր ազդում: Բայց ի՞նչ էր շինում այդ մանկահասակ արարածը այն ծառի վրա: Կապիկը միայն կարող էր այնպես համարձակ մի ոստից մյուսը թռչել: Պտուղներ չէր քաղում նա. խնձորները դեռ ոչ բոլորովին հասած էին: Նա ընտրում էր նրանցից խոշորները, իրանց ձևով կանոնավորները և ինչ-որ կպցնում էր նրանց վրա: Ես իսկույն հասկացա այդ գործողության նպատակը: Խնձորներն այն տեսակից էին, որ հասունացած Ժամանակ ստանում էին սաստիկ մուգ-կարմիր գույն, իսկ այժմ դեռ բաց-կապտագույն էին: Նա կպցնում էր նրանց վրա զանազան ձևով մանր և գեղեցիկ տերևներ: Խնձորները հասունացած ժամանակ, շատ հասկանալի է, որ նրանց մակերևույթի բաց մնացած տեղերը արևից կստանան կարմիր գույն, իսկ տերևներով ծածկված տեղերը կմնան սպիտակ գույնով, և այսպիսով նրանց վրա կձևանան զանազան նկարներ: Այդ տեսակ նախշուն, հոտավետ խնձորները կոչվում են «սիրականի խնձոր»: Առհասարակ խնձորը հայոց մեջ սիրո նշան է: Հարսանիքների ժամանակ, ումը որ կամենամ են հրավիրել, մի հատ կարմիր խնձոր են ուղարկում նրան: Իսկ այդ տեսակ նախշուն խնձորները մեծ աղջիկները ծածուկ ուղարկում են սիրած պատանիներին: Բայց ո՞ւմ համար էր պատրաստում այդ փոքրիկ աղջիկը իր խնձորները: Նա, անտարակույս, դեռ չգիտեր, թե ի՞նչ էր սերը: Երևի նա տեսել էր, թե ինչ են անում մեծ աղջիկները, ինքն էլ հետևում էր նրանց օրինակին, առանց հասկանալու իր պատրաստության նշանակությունը: «Ահա մի անգիտակցություն ևս, մտածեցի ես, նա դեռ չսիրած, սիրո համար նվերներ է պատրաստում»… Մի՞թե ես էլ նույնը չէի անում… մի՞թե ես էլ սիրո համար զոհեր չէի պատրաստում, առանց իմ սիրո առարկայի հետ ծանոթ լինելու… Բայց Ծովիկը ինձանից խելացի էր. նա գոնե ընտրում էր խնձորներից այն միայն, որը ավելի գեղեցիկ էր, որը փտած կամ որդնակեր չէր: Իսկ ես այդ ընտրությունը չունեի, ես չգիտեի, թե իմ զոհաբերություները որ աստիճան նպատակահարմար են… Ես հետևում էի միայն ինձանից մեծերի օրինակին, որպես Ծովիկը հետևում էր իրանից մեծերի օրինակին…

Հանկարծ սրահի մեջ բացվող դռնից դուրս վազեց մի փոքրիկ երեխա: Դա երևի մեր հյուրընկալի արու զավակն էր, որովհետև սաստիկ նման էր հորը: Նա այնպիսի մի ուժգին թափով սենյակից դուրս նետվեցավ, որ, գնդակի նման իմ մոտից անցնելով, ինձ չտեսավ: Նա նույն արագությամբ վազեց մինչև պարտեզի դուռը, մի քանի անգամ շարժեց, երբ տեսավ, որ փակ է, բարկացավ և կրկին նետվեցավ դեպի սրահը: Այժմ միայն տեսավ ինձ և, որպես վաղեմի ծանոթ, մոտեցավ, գրկեց իմ պարանոցը:

– Եթե գնայի պարտեզը, քեզ համար ծիրան կբերեի, – ասաց ինձ:

– Ինչո՞ւ չգնացիր, – հարցրի ես, փայփայելով նրա սիրուն գլուխը:

Նա իր խոշոր, խաժ աչքերով դարձրեց դեպի ինձ և գանգատվելու եղանակով պատասխանեց.

– Դուռը փակ էր: Դու չես իմանում ինչ սատանա է այդ Ծովիկը, երբ որ նա պարտեզն է գնում, դուռը միշտ փակում է, որ ես չմտնեմ: Ասում է, դու ծաղիկները փչացնում ես: Դու խո գիտես, որ ես չեմ փչացնում:

Փոքրիկի գանգատը իր քրոջ մասին էր: Բայց ի՞նչ առիթով այդ չարաճճիի գլխին փչեց` ինձ վկա բռնել, որ նա չէ փչացնում:

– Ի՞նչպես է քո անունը, – հարցրի ես:

– Քոթոթ, – պատասխանեց նա, ինքն էլ ծիծաղելով իր օտարոտի անվան վրա:

– Քոթո՞թ, ի՞նչ լավ անուն է:

– Ես էլ լավ տղա եմ, – ասաց նա մի առանձին պարծանքով: – Հայրիկը ինձ ասում է` դու քոթոթ ես, արջի քոթոթ, դու խո տեսնում ես, որ ես քոթոթ չեմ:

– Դու քոթոթ տեսե՞լ ես:

– Տեսել եմ, մի անգամ մեր բակում պար էին ածում: Ո՜ւհ, ինչպես մազոտ թաթիկներ ուներ: Մտիկ տո՛ւր իմ ձեռքերին, իմ ձեռքերը խո այնպես մազոտ չեն:

Նա իր սիրուն ձեռքերը դրեց իմ ափի մեջ:

– Քո ձեռքերը այնպես չեն:

– Էլ ինչո՞ւ են ասում ինձ քոթոթ:

– Ես կասեմ հայրիկին, որ էլ չասե:

Նա, փոխանակ շնորհակալության, դարձյալ գրկեց իմ պարանոցը և ջերմ կերպով համբուրեց ինձ:

– Ասա՛ հայրիկին, որ Ծովիկը սուտ է ասում. դու խո իմանո՞ւմ ես, որ ես ծաղիկները չեմ փչացնում:

– Իմանում եմ: Բայց ի՞նչ է անում հայրիկը, երբ Ծովիկը այդպիսի սուտեր է հնարում:

– Բարկանում է, պատվիրում է, որ ինձ պարտեզը չթողնեն, որ միրգ ուտեմ:

– Հայրիկին կասեմ, որ չբարկանա. դու խելացի տղա ես, կասեմ, որ պարտեզի դուռը քո առջև չփակեն:

Նա իմ խոստմունքներից բավական գոհ մնալուց հետո մի այլ խնդիրք ևս առաջարկեց:

– Ասա, որ մայրիկն էլ խելացի է, նրա առջև էլ դուռը չփակեն:

– Ո՞ր դուռը:

– Սենյակի դուռը: Հիմա այնտեղ է, դուռը փակած է: Ես այսօր ուզեցի, որ գնամ տեսնեմ, չկարողացա…

Վերջին խոսքերը այնպիսի զգացմունքով արտասանեց փոքրիկ երեխան, որ ինձ վրա խիստ տխուր ազդեցություն գործեցին:

– Ինչո՞ւ են կողպում մայրիկին սենյակի մեջ:

– Չեմ իմանում: Մայրիկը այնտեղ աղաղակում է, լաց է լինում… ես էլ լաց եմ լինում, երբ մայրիկը լաց է լինում…

Երեխայի աչքերում արտասուք երևաց:

– Հիմա այնտե՞ղ է մայրիկը:

– Այնտեղ է, ներսում, շատ ներսում… Հայրիկը չէ թողնում, որ դուրս գա:

Այդ միջոցին երկու աղավնիներ իջան, նստեցին սրահի վանդակապատի վրա: Տեսնելով նրանց, փոքրիկը իսկույն մոռացավ այն ցավը, որ զգում էր իր սիրելի մոր մասին: Նա խորամանկ կերպով նայեց իմ երեսին, աչքերը ծռմռեց և նշաններով հասկացրեց ինձ, որ սուս կենամ: Իսկ ինքը կուզեկուզ սկսեց մոտենալ թռչուններին: Նրանք ավելի զգույշ գտնվեցան և, նկատելով փոքրիկ դարանակալին, թռան, բայց շատ հեռու չգնացին, նստեցին բակի մեջ, մի կտրած ծառի բունի վրա: Մանուկը շարունակեց հետամուտ լինել, և մի քանի րոպեից հետո թե աղավնիները և թե նա այլևս չերևացին: Ես խիստ սակավ անգամ տեսել էի մի այնպիսի աշխույժ և կայտառ երեխա:

«Տան գաղտնիքը երեխայից հարցրու», ասում է հայտնի առածը: Հիմա ես աղոտ կերպով հասկանում էի, թե ինչու չէր երևում մեր տանտիկինը: Անտարակույս մի պատճառ պետք է լիներ, որ նրան թաքստի մեջ էին պահում:

Երևում էր, որ Ծովիկը խնձորի ծառից տեսել էր ինձ: Վերադառնալով պարտիզից, մի զամբյուղի մեջ բերեց ինձ համար մրգերի ամենաընտիր տեսակներից և, ամբողջ զամբյուղը դնելով իմ մոտ, ասաց.

– Որից որ սիրում ես, նրանից կե՛ր:

– Բոլորը լավ է, քո քաղածը վատ չի լինի, – պատասխանեցի ես, նայելով ուղիղ նրա արևի ջերմությունից շառագունած երեսին:

Նա ժպտաց և հեռացավ, երբ նկատեց, որ Ասլանը վերադարձավ իր հոր հետ:

Տեսնելով իմ մոտ դրած զամբյուղը, նրա հայրը ասաց ինձ.

– Դուք, փոքրիկներդ, ավելի բախտավոր եք մեզանից, որ աշխարհի դարդերը չեք հասկանում…

Հետո նա դարձավ դեպի Ասլանը:

– Տեսնո՞ւմ եք, ինչպես ջահելները միմյանց հարգել իմանում են. այդ պտուղները անպատճառ Ծովիկի քաղածը պետք է լինի:

Նրանք մտան սրահի մեջ բացվող դռնից և երկար ժամանակ մնացին ներսի սենյակներում: Երբ Ասլանը դուրս եկավ, նրանից հարցրի:

– Ի՞նչ կար այնտեղ:

– Մի հիվանդ կար… – պատասխանեց նա, էլ չխոսեց:

Թ

ԳԻՇԵՐԸ ԱՎԱՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ

Երեկոյան դարձյալ բոլորը հավաքվեցան սրահի մեջ: Ասլանը նստած էր իր մինդարի վրա, վարպետ Փանոսը նրա մոտ, ես իմ տեղում, իսկ տան տերը երբեմն նստում էր, երբեմն կանգնում էր, երբեմն գնում էր իր մարդիկներին զանազան պատվերներ տալու:

Փայտյա բարձր աշտանակի վրա դրած էր մի խեցեղեն ճրագ, որը աղավնու նմանություն ուներ. նրա միջում կտավատի ձեթ էր լցրած, իսկ կտուցից դուրս ընկած պատրույգը հանդարտ վառվելով տարածում էր աղոտ, կանաչագույն լույս իր շրջակայքում: Ձեթից և մրից բոլորովին սև գույն էր ստացել այդ աղավնին:

Խոսակցությունը գլխավորապես ծովակի մասին էր: Խոսում էին նրա թևավորության վրա, արդյոք նա խաղա՞ղ է, թե անհանգիստ, տարվա ո՞ր ամիսներում սովորաբար պատահում են ալեկոծություններ. խոսում էին նավահանգիստների մասին, թե ո՞ր կողմերի կամ ո՞ր եզերքի մոտ են գտնվում, կամ ի՞նչ տեղերի հետ հաղորդակցություն ունեն. խոսում էին նավակների թվի և նրանց փոխադրած ծանրությունների քանակության մասին, թե տարվա ընթացքում ո՛րքան մթերքներ կարող են փոխադրել, այդ բոլորի մասին, իհարկե, հաշիվ ու համար տալիս էր գլխավորապես Բերզեն-Օղլին: Նա այնպես լավ ուսումնասիրել էր ծովակը և նրա շրջակայքը, որպես մի լավ վարժապետ ուսումնասիրում է իր դասագիրքը: Նրան ծանոթ էին ծովակի բոլոր խորշերը, բոլոր եզերքը և այն բոլոր դիրքերը, որտեղից կարելի էր ցամաքի հետ հարաբերություն ունենալ: Ասլանը իր լսածներից այն եզրակացությունն էր դուրս բեռում, թե երկու առագաստավոր նավեր բավական կլինեն կատարելու այն գործը, ինչ որ կատարում են բազմաթիվ նավակներն ու սանդալները:

Նրանք խոսում էին, դատում էին, վիճում էին, իսկ ես համարյա չէի լսում: Ես չէի կարողանում մոռանալ Քոթոթի տված տեղեկությունները իր մոր մասին, և նրա վրա էի մտածում: Ասլանը այն օրը տան ներսի սենյակներից դուրս գալու ժամանակ ինձ ասաց, թե այնտեղ մի հիվանդ կա, դա, անտարակույս, նավավարի կինը պետք է լիներ, բայց Քոթոթի տված տեղեկությունները այդ հիվանդի դրության մասին` բավական կասկածավոր էին դարձնում նրան: Այնտեղ անպատճառ մի բան պետք է լինի, մտածում էի ես:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3