Ճաշից հետո անմիջապես գնացինք ծովեզրը: Այնտեղ Ասլանը ցանկանում էր տեսնել, թե ինչպես են պատրաստում ծովային աղերը: Պատրաստելու եղանակը շատ պարզ էր. ափերի մոտ փորած էին փոքրիկ ածուներ, ջուրը ծովից բաց էին թողնում ածուների մեջ, այնչափով, որ բոլորովին լցվում էին, հետո թողնում էին նրանց այնքան ժամանակ, մինչև արևի ջերմության ներքո ջուրը բոլորովին գոլորշիանում էր, իսկ հատակի վրա մնում էին աղի փայլուն բյուրեղները: Այդ բոլորը տեսավ Ասլանը և իր հետ վեր առեց պատրաստած աղերից: Գյուղացիները, որ այդ գործով էին զբաղված, հետաքրքրությամբ հարցնում էին, թե ի՞նչ պետք է անե: Նա բացատրեց, թե այդ աղերը, որ դուք միայն օճառ պատրաստելու համար եք գործածում, ուրիշ շատ բաների մեջ կարող էին գործածվել և մեծ օգուտներ բերել: Նրանք զարմացան և ուրախացան: Ես իսկույն նկատեցի, թե ինչպես այդ բարի մարդիկը սկսեցին դրանից հետո մի առանձին հարգանքով վերաբերվել դեպի Ասլանը: Երբ գյղացուն մի բան ես սովորեցնում, որի մեջ տեսնում է իր շահը, նա այնուհետև դառնում է քո ամենալավ բարեկամը:
Հետո գնացինք նավահանգիստը: Ոչ մի առագաստավոր նավ չկար այնտեղ, բոլորը նավակներ էին, թե հին և թե նոր տեսակներից: Հները, որոնց թիվը ավելի շատ էր և որոնց տեղացիք կոչում էին լաստ կամ սանդալ, դեռ կրում էին այն նախնական ձևը, երբ մարդ առաջին անգամ սկսեց ճանապարհորդել ջրի վրա: Մի քանի գերաններ, հավասար երկարությամբ և հավասար հաստությամբ, կցել էին միմյանց հետ, այնպես որ բոլորը միասին քառակուսի ձև էին ստացել: Այդ քառակուսի մակերևույթը պատել էին տախտակամածով, իսկ եզերքը` մի կանգունաչափ վանդակապատով: Քառակուսիի տակից, չորս անկյուններում, կապած էին չորս եզան կամ գոմեշի տիկեր, փչած` օդով լիքը: Նայելով նրանց վրա, Ասլանը ժպտալով ասաց.
– Այդ սանդալները հիշեցնում են այն կաշուց կազմած հայկական նավակները, որ նկարագրում է Հերոդոտոսը իր պատմության մեջ, և որ գործ էին ածում հայերը մի քանի հազար տարի առաջ:
Հերոդոտոսի նկարագրած նավակները, ինչպես ասաց Ասլանը, բոլորակ ձև ունեին և զամբյուղի նման ամբողջապես հյուսած էին ուռենիի ճյուղերից: Ներսից այդ նավակները պատած էին մորթիներով, և ջուրը դժվարությամբ կարող էր անցնել նրանց մեջ: Նրանք այնքան թեթև էին և ընդարձակ, որ կարող էին տանել բավական ծանրություններ: Հայոց վաճառականները տեղավորում էին նրանց մեջ իրանց վաճառքները, նստում էին և վեր էին առնում իրանց հետ մի քանի ավանակներ կամ ջորիներ: Եփրատ գետի ընթացքով լողում էին նրանք մինչև Բաբելոն: Հասնելով այնտեղ, վաճառում էին տարած մթերքը, հետո նավակները քանդում էին, մորթիներն էին միայն վեր առնում, իսկ բոլոր հյուսվածքը մի կողմ էին ձգում: Երբ պատրաստվում էին վերադառնալ դեպի Հայաստան, մորթիները բեռնում էին ջորիների վրա և ցամաքով ճանապարհ էին ընկնում: Ամեն տեղ նրանք կարող էին պատրաստել նույնտեսակ նավակներ, որովհետև գլխավոր նյութը, մորթիները, իրանց հետ ունեին, իսկ ուռենի ճյուղեր բոլոր գետերի եզերքի մոտ կարելի էր գտնել:
– Ինչո՞ւ եք հեռու գնում մինչև Հերոդոտոսի ժամանակները, – մեջ մտավ Բերզեն-Օղլին, – այս տեսակ նավակներ գործ են ածում մինչև այսօր հայերը Եփրատի և Տիգրիսի ջրերի վրա, այն զանազանությամբ միայն, որ մորթիների փոխարեն իրանց զամբյուղաձև նավակները պատում են կաշիով, որովհետև հիմա սովորել են կաշու պատրաստությունը:
Նավահանգստում կային մի քանի նավակներ ևս նոր ձևով, որոնց մեջ իր գեղեցկությամբ և հարմարությամբ առաջին տեղը բռնում էր Բերզեն-Օղլու նավակը: Նա ցույց տվեց իր նավակը, ասելով.
– Այդ այն արհեստավորի գործն է, որ այժմ բանում է իմ տանը: Նա ընդունակ է մինչև անգամ թեթև առագաստավոր նավեր կառուցանելու: Այդ արհեստով նա երկար ժամանակ աշխատել է Կ. Պոլսի նավահանգիստներում: Սաստիկ դյուրաշարժ է այդ նավակը. նրան կարելի է կառավարել ինչպես մի լավ վարժված նժույգ ձի:
Բերզեն-Օղլին մնաց նավահանգստում, իսկ մենք վերադարձանք գյուղը: Ասլանը վարպետ Փանոսի հետ գնացին մի քանի հիվանդներ տեսնելու (գոնե այդպես ասացին ինձ), բայց ես գնացի մեր հյուրընկալի տունը:
Չգիտեի ինչպես անցկացնել ժամանակը: Նավաստիի տունը դարձյալ դատարկ էր, դարձյալ ոչ ոք չէր երևում: Բակում տիրում էր ընդհանուր լռություն. մի տերև անգամ չէր շարժվում ծառերի վրա: Օրվա տոթը անտանելի էր: Սագերը, գլուխները թևերի տակ թաքցրած, քնել էին ուռիների ստվերի ներքո: Նրանցից մեկը միայն, իմ ոտնաձայնը լսելով, գլուխը վեր բարձրացրեց և ծույլ կերպով մի քանի անգամ կչկչաց: Մյուսները զարթեցան: Բայց հյուսնի արհեստանոցում, ինչպես երևում էր, հանգստություն չկար. այնտեղից դեռ ուրագի ձայն էր լսվում: Պարապությունից հետաքրքրվեցա այնտեղ մտնել և սպասել մինչև Ասլանի վերադարձը: Ամբողջ արհեստանոցը լցված էր տախտակներով և զանազան ատաղձներով: Այնտեղ և կարկատում էին նավակները, և նորերն էին շինում: Ծերունի վարպետն աշխատում էր իր մի քանի աշակերտների և օգնականների հետ: Տեսնելով ինձ, բոլորը նայեցին իմ վրա և շարունակեցին իրանց գործը: Միայն վարպետը մի կողմ դրեց կարկինը, որով տախտակի վրա ինչ-որ չափումներ էր անում. գլուխը վեր բարձրացրեց և ակնոցները ուղղելով հարցրեց.
– Դուք երևի այն ֆրանկի հե՞տ եք եկել:
– Այո՛, նրա հետ եմ եկել:
– Նստեցեք, խնդրեմ:
Ես չգիտեի որտեղ նստել, նստելու տեղ չկար: Իսկ վարպետը այդ մասին չհոգաց. նա դարձյալ վեր առեց կարկինը, սկսեց իր չափումները աներ: Ես նստեցի դռան շեմքի վրա:
– Հովի առաջը կտրում ես, – նկատեց ինձ աշակերտներից մեկը, ճակատի քրտինքը սրբելով, – առանց դրան էլ շատ շոգ է:
Նրա նկատողությունը թեև բավական հանդուգն էր, բայց իրավացի էր: Ամբողջ գործարանը լույս և օդ էր ընկնում միայն դռնից, ուրիշ լուսամուտ չկար. առաստաղից թեև երդիկ էր բացված, բայց այնտեղից հով չէր փչում: Ես վերկացա և ոտքի վրա կանգնած մնացի: Լռությամբ նայում էի: Գործիքների ձայնը մի այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ անկարելի էր մի բան խոսել: Մի կողմում սղոցում էին, մյուս կողմում տաշում էին, մեկը ռանդա էր տալիս, մյուսը շաղափով ծակում էր, մի խոսքով ոչ ոք անգործ չէր: Անգործը միայն ես էի: Իմ դրությունը շատ հիմար էր: Նայեցի, նայեցի և վերջապես ձանձրացա և դուրս եկա:
Գալով սրահը, որտեղ ճաշեցինք մենք, ոչ ոքի չգտա: Ասլանը և վարպետ Փանոսը դեռ չէին վերադարձել: Միայն հատակի սփռոցները, առաջվա կարգով, դեռ իրանց տեղումն էին: Ես մոտեցա, պառկեցի նույն մինդարի վրա, ուր ճաշի ժամանակ նստած էր Ասլանը:
Սրահի միջով ես նայում էի դեպի ընդարձակ պարտեզը: Նա բաժանված էր սրահից փայտյա ցած վանդակապատով միայն: Ծառերը այն աստիճան սերտ կերպով գրկված էին միմյանց հետ, որ ես շատ հեռու չէի տեսնում: Ավելի քան տերևները, նրանց ճյուղերը ծանրաբեռնված էին հասունացած պտուղներով: Արեգակը կրակ էր թափում: Նրա ջերմությունից ամեն մի ծառ, ամեն մի թուփ, ամեն մի պտուղ, ամեն մի խոտ և ծաղիկ լցրել էր օդը ախորժելի անուշահոտությամբ: Ես սիրում էի այդ մեղմ, քնաբեր անուշահոտությունը, որ բուրում է ծառաստանը, ոգևորված միջօրեի ջերմությունից: Բայց իմ քունը չէր տանում: Ճնճղուկները, թաքնված տերևների խտության մեջ, լուռ մրափում էին: Ծիծեռնակը, որ սրահի ձեղունի գերաններից մեկի կողքին կպցրել էր իր բաժակաձև բույնը, նա էլ, իր ճտերի մոտ թառած, քաղցր թմրության մեջ նիրհում էր: Իսկ ես քնել չէի կարողանում:
Ինձ տանջում էին զանազան մտատանջություններ: Մինչև այն օր տեսած, լսած, հասկացած, չհասկացած առարկաների կատարյալ խառնաշփոթությունը ամբարված էր իմ գլխում: Այդ մռայլ քաոսից ոչինչ ելք գտնել չէի կարողանում: Ո՞րտեղից էի գալիս, ո՞ւր էի գնում, ի՞նչ նպատակների էի ձգտում, ո՞ւր կտանեին ինձ այդ թափառումները, ինձ բացատրել չէի կարողանում: Ես խարխափում էի անստուգության և անգիտակցության խավարի մեջ: «Լավ է, մտածում էի ես, ամենևին չհավատալ, քան թե կիսով չափ հավատալ»… Բայց մի զգացմունք միայն ինձ հաշտեցնում էր իմ անորոշ վիճակի հետ. դա էր այն ջերմ սերը, որ ես ունեի դեպի Ասլանը: Այդ սերը լրացնում էր իմ թերահավատությունը: Սիրում էի այդ եռանդոտ երիտասարդին: Նրա մեջ կար մի բան, որ շատ սիրելի էր: Բայց թե ի՞նչ էր այդ բանը, ես ոչինչ կերպով ըմբռնել չէի կարողանում…
Ամեն տեղ, ուր և գնում էինք, ես հանդիպում էի նորանոր պատրանքների, նորանոր կեղծիքների: Կարծես իմ աչքերը պատած լինեին թանձր մշուշով, հեռուն չտեսնելու համար: Եվ ինչո՞ւ համար տեսնեի: Գուցե նա ա՛յնքան սարսափելի էր, որ հենց այդ պատճառով Ասլանը չէր կամենում խլել իմ աչքերից կախարդական քողը և իմ առջև բաց անել ապագայի սոսկալի պատկերը: Գուցե նա չէր կամենում միանգամից վախեցնել ինձ: Գուցե նա այնքան հրապուրիչ և այնքան գեղեցիկ էր, որ և՛ չէր կամենում ինձ միանգամից հափշտակությունների մեջ ձգել: Եվ մի՛թե ես ունեի այնքան պատրաստականություն ամեն ինչ հասկանալու համար: Ես ինքս ուզում էի իմ դատարկությունը, իմ մտավոր աղքատությունը: Եվ նա շատ անգամ նկատում էր ինձ, թե «քեզ պետք է դեռ շատ բան սովորել» …