Ասլանը ժպտաց թուրք հնագետի միամտության վրա: Նրա ցույց տված հորը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն հին, ստորերկրյա անցքերից մեկը, որ մի ժամանակ ծառայել է կամ որպես փախուստի ճանապարհ, կամ հաղորդակցություն է ունեցել ուրիշ ամրությունների հետ, որոնք շատ հեռու չեն բերդից: Այս տեսակ հորեր շատ էին երևում: Կարծես քարափի մթին խորքերում մի հսկայական մրջնանոց լիներ իր բազմաթիվ խորշերով և իր բազմաթիվ խոռոչներով, ուր մարդիկ երբեմն գործել են: Բայց իմ ուշադրությունը գրավեցին երեսանից ավելի մեծ և փոքր այրեր ու ընդարձակ քարանձավներ, որոնք նույնպես փորված էին քարափի մեջ, որոնց մի քանիսի մեջ մենք կարողացանք ներս մտնել: Նրանց վրա երևում էր ժամանակի արհեստն ու ճարտարությունը, և շատերը նրանցից զարդարած էին սեպաձև արձանագրություններով:
– Ավանդությունը, – ասաց Ասլանը, – այս բերդը և այս այրերը Շամիրամին են ընծայում, որպես թե նինվեացի թագուհու գանձատունը, մթերանոցները, պահեստի տեղերը և բաղանիքները լինեին: Իսկ այդ բոլորը ավելի հին է, քան թե Շամիրամը, թեև մեր ծերունի Խորենացին հնագիտական միամտությամբ նույնպես նրան է ընծայում:
– Ի՞նչ է ասում Խորենացին, – հարցրի ես խորին հետաքրքրությամբ:
Կարծես Ասլանը Խորենացու գիրքը այնպես սերտած լիներ, որպես ես Սաղմոսը. նա անգիր կարդաց պատմությունից այն տեղը, որ այդ բերդին էր վերաբերում, հետո աշխարհաբար թարգմանեց ինձ.
– «Իսկ անձավի արևահայաց կողմը, այնպիսի նյութի կարծրության մեջ, ուր մեկը այժմ և ոչ մի գիծ երկաթով փորել կարող է (Շամիրամը), պես-պես տաճարներ, օթևանների սենյակներ, գանձերի տներ և երկար այրեր հրաշակերտեց, հայտնի չէ ի՛նչ բաների պատրաստության համար: Բայց քարի ամբողջ երեսի վրա, որպես գրիչով մոմը հարթելով, շատ գրեր արձանագրեց, որոնց վրա նայելն միայն զարմանք է բերում»:
Ո՛րքան ուղիղ էր Խորենացու կարծիքը, ես այդ դատել չէի կարող, միայն տեսնում էի, որ նրա ասածները բոլորը կային: Բայց Ասլանը ասում էր, թե այս ամենը այն ամենահին ժամանակներից են մնացել, երբ մարդիկ տուներ չէին շինում, երբ նրանք այրերի մեջ էին բնակվում: Այդ իմ խելքին նստում էր, որովհետև տեսնում էի, այրերից շատերը այնքան ահագին մեծություն ունեին, որ կարող էին ամբողջ ընտանիքների բնակությանը հարմարվել:
Բերդի շրջակայքը ման գալուց հետո, մենք մտանք բուն բերդի մեջ: Այդ անմատչելի ամրոցը, որպես ասեցի, նստած է ժայռոտ քարափի գլխին, որը ուղղաձիգ բարձրությամբ քաշված է դեպի երկինք, և այնտեղից ահռելի կերպով հսկում է ամբողջ քաղաքի վրա: Դեպի ամեն կողմ, ուր և հայացք ես ձգում, դարձյալ երևում են արձանագրություններ, որոնք լուռ և անբարբառ նայում են մարդու երեսին, կարծես ասել են ուզում. «Մենք միշտ կմնանք անվերծանելի և երբեք չի պիտի երևան հանենք հնության գաղտնիքը»…
Ասլանը պտտելով բերդի մեջ, որպես նկատում էի ես, արձանագրությունների և այլ հնությունների վրա միայն հարևանցի նայելով էր անցնում, ավելի ցույց տալու համար, թե նրանցով հետաքրքրվում է: Իսկ մեր երիտասարդ առաջնորդը ոգևորված էր առասպելական պատմություններով, ամենևին չէր նկատում, թե իր պատմությունները որքան նշանակություն ունեին նրա համար: Նա անընդհատ խոսում էր: Բայց իմ նկատողությունից չէր կարող վրիպել այն խորին ուշադրությունը, որով Ասլանը քննում էր ամրոցի մթերանոցը, պահեստի տեղերը, որ լցված էին վառոդով և զանազան զենքերով, զինվորների օթևանները, և այն վաղեմի, ժանգոտած թնդանոթները, որոնք, իրանց բերանները դարձրած դեպի քաղաքը, պահպանում էին նրան մշտական երկյուղի ներքո: Այդ թնդանոթներով մի ժամանակ ենիչարիները ռմբակոծում էին քաղաքը:
Ես նկատում էի, Ասլանը մի առանձին ուշադրությամբ հետազոտում էր այն ծակերը, այն գաղտնի անցքերը, որոնք քարափի վերևից իջնում էին դեպի նրա խորքերը և ստորերկրյա ճանապարհներով կորչում էին, սատանան գիտե, թե դեպի ո՛ր կողմը: Նա արծվի հայացքով զննում էր նրանց ուղղությունը, տարածությունը, և որպեսզի կասկածանքի առիթ չտա մեր առաջնորդին, ժպտելով հարցրեց նրանից.
– Ի՞նչպես եք կարծում, պարոն քարտուղար, այդ անցքը նույնպես չէ՞ տանում դեպի մի բյուրեղյա ապարանք, ուր հյուրիներն և փերիները պառկած են մարջանի ծառերի ներքո և սքանչանում են «հազարան բլբուլի» հազար ու մեկ եղանակներով:
– Դուք ծաղրում եք ինձ, պարոն բժշկապետ, – պատասխանեց երիտասարդը նույնպես ժպտելով, – բայց ես կասեմ ձեզ, որ այդ անցքը դեպի բյուրեղյա ապարանքը չէ տանում, որովհետև դեպի ծովը չէ գնում: Մարջանի ծառերը ծովի հատակի վրա են բուսնում և բյուրեղյա ապարանքն էլ ջրերի խորքումն է լինում: Իսկ այդ անցքը, քարափը կտրելով, իջնում է դեպի ցած, հետո գետնի տակով գնում է դեպի այն ձորը, որի մի մասը երևում է բլուրների հետևից: Նա ձեռքը մեկնեց դեպի այն կողմը:
– Ներեցեք, խնդրեմ, իմ նկատողությունը դուք, իհարկե, կատակի տեղ կընդունեք: Իսկ ձեր այժմյան պատմածը դարձյալ շատ հետաքրքիր է: Ես շատ բերդեր եմ տեսել, բայց մի այսպիսի անցք առաջին անգամն եմ տեսնում իմ կյանքում, երևի դրա ծայրը, այսինքն այն տեղը, որ դուրս է գալիս ձորի մեջ, անպատճառ ծածկված կլինի:
– Անտարակույս, մանավանդ մի դեպքից հետո, որ պատահեց մի տարի առաջ. պահապան զինվորներից մեկը սովորություն էր ունեցել վառոդ գողանալ և այդ անցքով դուրս տանել, վաճառել հայ խանութպաններին: Զինվորին և խանութպաններին սաստիկ պատժեցին, և անցքի մուտքը այն ժամանակից գոցվեցավ:
– Ո՜րքան զարգացած է եղել հին ժամանակներում արհեստը այդ երկրում, – ասաց Ասլանը, արտահայտելով իր խորին հիացմունքը: – Այդ անցքերը հազարավոր տարիներ գոյություն ունեն, բայց այնքան ճարտարությամբ շինված են, որ մինչև այսօր չեն խանգարվել, պահպանում են իրանց նշանակությունը:
– Դուք ավելի կզարմանաք, պարոն բժշկապետ, երբ կտեսնեք Թոփրակ-Կալեի և Չարխի-Ֆալակի գաղտնի անցքերը, – պատասխանեց առաջնորդը մի առանձին պարծենկոտությամբ, երբ լսեց Ասլանի գովասանքները (կարծես այդ հրաշալիքները նրա պապերն էին ստեղծագործել): – Երբ այստեղ կվերջացնենք, ես կտանեմ ձեզ դեպի հիշյալ հնությունները, որոնք բավական հեռավորության վրա են գտնվում այստեղից: Դուք կտեսնեք այնտեղ ավելի զարմանալի ստորերկրյա անցքեր, որոնք այնքան երկար են տարածվում գետնի տակով, որ շատերը հաղորդակցություն ունեն հենց այդ բերդի հետ:
Ասլանը շնորհակալություն հայտնեց առաջնորդին և, հանելով ծոցից իր ոսկյա ժամացույցը, առաջարկեց նրան՝ ասելով.
– Դուք այնքան բարի եք, որ ես կցանկանայի թողնել ձեզ մոտ այդ փոքրիկ հիշատակը:
Երիտասարդը հրաժարվեցավ կամ ձևացրեց թե հրաժարվում է, պատասխանելով.
– Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, ես երբեք չէի կամենա զրկել մի ճանապարհորդի իր ժամացույցից, որը նրան շատ հարկավոր կլինի:
– Այդ իրավ է, բայց համաձայնվեցեք, որ ճանապարհորդի ոսկյա ժամացույցը շատ հրապուրիչ բան է գողերի համար, ես կցանկանայի ազատվել դրանից: Ընդունեցե՛ք, խնդրեմ, ես ունեմ և մի արծաթյա ժամացույց, այն էլ բավական կլինի ինձ համար:
Առաջնորդը շնորհակալությամբ ընդունեց: Նրան անսովոր չէր` իր մատուցած ծառայությունների համար այս տեսակ «փեշքեշներ» ընդունել: Եթե չտայինք, նա մինչև անգամ պահանջելու անամոթություն կունենար: Մանավանդ փաշայի պատվի համար, որ մեզ հետ դրել էր իր ամենամոտ մարդիկներից մեկին, պետք էր նրան որևէ ընծա տալ: Բայց այդ տեսակ ընծաները տալիս են այն ժամանակ, երբ ծառայությունները վերջացրած են լինում: Չգիտեմ` ինչո՞ւ շտապեց Ասլանը: Երևի նրա համար, որ թուրք պաշտոնատարը չմտածեր, թե իր ընծան աննշան բան կլինի, այլ սկզբից ստանալով, ավելի եռանդով կկատարեր իր հանձն առած ծառայությունը: Երիտասարդը հենց նույն րոպեում սկսեց տեղավորել իր բաճկոնի վրա ստացած ընծան. շղթան երբեմն դեպի կուրծքի աջ կողմն էր տանում, երբեմն դեպի ձախ կողմն էր տանում և մեծ մտածության մեջ էր, թե ո՞ր կողմում ավելի գեղեցիկ կերևա: Նա դիմեց իմ խորհրդին, ես հայտնեցի իմ կարծիքը:
Ասլանը այդ միջոցին բարձրացել էր աշտարակներից մեկի գագաթի վրա և այն ահեղ բարձրությունից երկար լուռ և տխուր կերպով նայում էր դեպի իր շրջակայքը: Նրա դեմքը նույն րոպեում գունաթափ էր, աչքերի մեջ վառվում էր խորին տենդային կրակ, շրթունքները դողդողում էին, երևի սիրտը սոսկալի խռովության մեջ էր: Ես բոլորովին ապշած կերպով նայում էի նրա վրա…
Մենք ցած իջանք բերդից միևնույն քարե սանդուղքներով, որոնց մասին Ասլանը ասում էր, թե մի ժամանակ Գագիկ Արծրունին է տաշել տվել, բայց այժմ համարյա թե իսպառ մաշված էին: Բերդի ստորոտում, մեր ձիաները բռնած, սպասում էին մեր երկու ղավազները: Մենք հեծանք, սկսեցինք դիմել դեպի Թոփրակ-Կալե և մյուս հնությունները: